ԿՈՆՎԵՆՑԻԱ
i
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ
ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(14 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1970 Թ.)
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը, հրավիրված 1970 թ. հոկտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 14-ը` Փարիզում, իր տասնվեցերորդ նստաշրջանում`
հիշելով Գլխավոր խորհրդաժողովի կողմից իր տասնչորսերորդ նստաշրջանում ընդունած Միջազգային մշակութային համագործակցության սկզբունքների հռչակագրի դրույթների կարևորությունը,
համարելով, որ կրթության, գիտության և մշակույթի նպատակների համար ազգերի միջև մշակութային արժեքների փոխանակումն ընդլայնում է մարդկային քաղաքակրթության մասին գիտելիքը, հարստացնում է բոլոր ժողովուրդների մշակութային կյանքը և ազգերի միջև հիմք դնում փոխադարձ հարգանքի և ըմբռնման,
համարելով, որ մշակութային արժեքները քաղաքակրթության ու ազգային մշակույթի հիմնական տարրերից են և որ դրանց իրական արժեքը կարող է գնահատվել միայն այն դեպքում, երբ ստույգ հայտնի են դրանց ծագումը, պատմությունը և ավանդական միջավայրը,
համարելով, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է իր տարածքում գտնվող մշակութային արժեքները պաշտպանել գողության, գաղտնի պեղումների և ապօրինի արտահանման վտանգներից,
համարելով, որ այդ վտանգների կանխարգելման համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր պետություն է՛լ ավելի գիտակցի ինչպես իր, այնպես էլ բոլոր ժողովուրդների մշակութային ժառանգության նկատմամբ բարոյական պարտավորությունները,
համարելով, որ մշակութային հաստատությունները` թանգարանները, գրադարաններն ու արխիվները, պետք է երաշխավորեն, որ իրենց հավաքածուները համալրվեն համընդհանուր ճանաչում գտած բարոյական սկզբունքներին համապատասխան,
համարելով, որ մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը խոչընդոտում է ազգերի միջև փոխըմբռնմանը, ինչին Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը պարտավոր է նպաստել, մասնավորապես, շահագրգիռ պետություններին ներկայացնելով համապատասխան միջազգային կոնվենցիաների միանալու առաջարկություններ,
համարելով, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել, եթե այն կազմակերպվում է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով, պետությունների միջև սերտ համագործակցությամբ,
հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը 1964 թ. ընդունել է այդ հարցի վերաբերյալ հանձնարարական,
ստանալով մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելող ու կանխարգելող միջոցների վերաբերյալ նոր առաջարկներ (նստաշրջանի օրակարգի 19-րդ կետ),
որոշելով իր տասնհինգերորդ նստաշրջանում, որ տվյալ հարցը միջազգային կոնվենցիայի առարկա է,
ընդունում է սույն Կոնվենցիան 1970 թ. նոյեմբերի 14-ին:
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար մշակութային արժեքներ են համարվում կրոնական կամ աշխարհիկ բնույթի այն արժեքները, որոնք յուրաքանչյուր պետության կողմից դիտվում են որպես հնագիտության, նախապատմական ժամանակաշրջանի, պատմության, գրականության, արվեստի և գիտության համար նշանակություն ունեցող արժեքներ, և որոնք պատկանում են ներքոհիշյալ խմբերին`
ա) բուսական և կենդանական աշխարհի, հանքաբանության, անատոմիայի հազվագյուտ հավաքածուներ ու նմուշներ, հնէաբանության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ,
բ) պատմությանը վերաբերող, ներառյալ` գիտության և տեխնիկայի պատմությունը, ռազմական և սոցիալական պատմությունը, ինչպես նաև ազգային գործիչների, մտածողների, գիտնականների ու արվեստագետների կյանքի և ազգային կարևորության իրադարձությունների հետ կապված գույքը,
գ) հնագիտական պեղումների (կանոնավոր ու ծածուկ) և հնագիտական հայտնագործությունների առարկաներ,
դ) գեղարվեստական ու պատմական մասնատված հուշարձանների և հնագիտական վայրերի բաղկացուցիչ մասեր,
ե) ավելի քան հարյուրամյա հնության առարկաներ, ինչպիսին են արձանագրությունները, մետաղադրամները և փորագրված կնիքները,
զ) ազգաբանական նշանակության նյութեր,
է) գեղարվեստական նշանակության գույք, ինչպիսին են.
(i) ցանկացած հիմքի վրա և ցանկացած նյութերով կատարված ամբողջովին ձեռքի աշխատանք հանդիսացող կտավները, նկարները և գծանկարները (բացառությամբ արդյունաբերական նմուշների և ձեռքի աշխատանքով զարդարված արդյունաբերական արտադրանքի),
(ii) ցանկացած նյութից ստեղծված յուրօրինակ արձանները և քանդակները,
(iii) յուրօրինակ փորագրությունները, էստամպներն ու վիմագրությունները,
(iv) ցանկացած նյութից գեղարվեստական յուրօրինակ համադրումները և մոնտաժները,
ը) հատուկ հետաքրքրություն (պատմական, գեղարվեստական, գիտական, գրական և այլն) ներկայացնող հազվագյուտ ձեռագրեր և սկզբնագիր գրքեր, հնագույն գրքեր, փաստաթղթեր և հրատարակություններ` առանձին կամ հավաքածուներով,
թ) փոստային նամականիշեր, հարկային և համանման նամականիշեր` առանձին կամ հավաքածուներով,
ժ) արխիվներ, ներառյալ` ձայնագրությունների, լուսանկարների արխիվները և կինոարխիվները,
ժա) ավելի քան հարյուրամյա հնության կահույք և երաժշտական հնագույն գործիքներ:
ՀՈԴՎԱԾ 2
1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն ընդունում են, որ մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այդ արժեքների ծագման պետությունների մշակութային ժառանգության աղքատացման գլխավոր պատճառներից են, և որ միջազգային համագործակցությունն առավել գործուն միջոցներից մեկն է` ապահովելու յուրաքանչյուր երկրի մշակութային արժեքների պաշտպանությունը նման վտանգներից:
2. Այդ նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են իրենց տրամադրության տակ եղած միջոցներով հակազդել նման պրակտիկային, մասնավորապես, վերացնելով դրա պատճառները, վերջ դնելով գոյություն ունեցող պրակտիկային և օգնելով կատարելու անհրաժեշտ փոխհատուցումներ:
ՀՈԴՎԱԾ 3
Մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված դրույթներին հակառակ կատարվող մշակութային արժեքների ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն ապօրինի է:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն ընդունում են, որ սույն Կոնվենցիայի նպատակների համար յուրաքանչյուր պետության մշակութային ժառանգությունը ներառում է ներքոհիշյալ խմբերին պատկանող արժեքները`
ա) տվյալ պետության քաղաքացիների կողմից անհատապես կամ կոլեկտիվ ստեղծված մշակութային արժեքները և տվյալ պետության համար կարևոր նշանակություն ունեցող այն մշակութային արժեքները, որոնք ստեղծվել են այդ պետության տարածքում` այդտեղ բնակվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից,
բ) ազգային տարածքում հայտնաբերված մշակութային արժեքներ,
գ) հնագիտական, ազգագրական և բնագիտական արշավախմբերի` մշակութային արժեքների ծագման երկրի իրավասու իշխանությունների համաձայնությամբ ձեռք բերած արժեքներ,
դ) կամավոր փոխանակումների արդյունքում ձեռք բերված մշակութային արժեքներ,
ե) որպես նվիրատվություն ստացված կամ արժեքների ծագման երկրի իրավասու իշխանությունների համաձայնությամբ օրինական կարգով գնված մշակութային արժեքներ:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն իրենց մշակութային արժեքների պաշտպանությունն ապօրինի ներմուծումից, արտահանումից և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումից ապահովելու նպատակով պարտավորվում են իրենց տարածքում, յուրաքանչյուր երկրի պայմանները հաշվի առնելով, ստեղծել մշակութային ժառանգության պաշտպանության մեկ կամ մի քանի ազգային ծառայություններ, եթե նման ծառայություններ դեռևս ստեղծված չեն` ապահովված որակյալ անձնակազմի այնպիսի թվաքանակով, որն անհրաժեշտ է ներքոհիշյալ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար.
ա) նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովող և, մասնավորապես, կարևոր մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումն ու դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը,
բ) պաշտպանվող արժեքների ազգային գրանցամատյանի հիման վրա կազմել և նորացնել պետական և մասնավոր կարևոր մշակութային արժեքների ցուցակը, որոնց արտահանումը կնշանակեր ազգային մշակութային ժառանգության զգալի աղքատացում,
գ) նպաստել մշակութային արժեքները պահպանելու և հանրամատչելի դարձնելու համար անհրաժեշտ գիտական ու տեխնիկական հաստատությունների (թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, արվեստանոցներ և այլն) զարգացմանը և ստեղծմանը,
դ) կազմակերպել վերահսկողություն հնագիտական պեղումների նկատմամբ, ապահովել որոշակի մշակութային արժեքների «in situ» (իրենց տեղում) պահպանումը և պաշտպանել հնագիտական հետագա պեղումների համար նախատեսված որոշ շրջաններ,
ե) շահագրգիռ անձանց (թանգարանապահների, հավաքողների, անտիկվարիատի վաճառականների և այլոց) համար սահմանել սույն Կոնվենցիայում ձևակերպված էթիկայի սկզբունքներին համապատասխանող կանոններ և քայլեր ձեռնարկել դրանց կատարումն ապահովելու համար,
զ) ձեռնարկել կրթական միջոցառումներ բոլոր պետությունների մշակութային ժառանգության նկատմամբ հարգանք ձևավորելու ու ամրապնդելու և սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ գիտելիք տարածելու նպատակով,
է) հետևել, որպեսզի մշակութային արժեքի անհետացման յուրաքանչյուր դեպք ստանա համապատասխան հրապարակայնություն:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են`
ա) սահմանել համապատասխան հավաստագիր, որով արտահանող պետությունը հավաստում է, որ տվյալ մշակութային արժեքի արտահանումը թույլատրված է: Այդ վկայականը պետք է կցվի կանոններին համապատասխան արտահանվող բոլոր մշակութային արժեքներին,
բ) արգելել սեփական տարածքից մշակութային այն արժեքների արտահանումը, որոնց կցված չէ վերոհիշյալ հավաստագիրը,
գ) սույն արգելքի մասին համապատասխան կարգով տեղեկացնել հասարակությանը և, մասնավորապես, այն անձանց, որոնք կարող են արտահանել կամ ներմուծել մշակութային արժեքներ:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են`
ա) ազգային օրենսդրությանը համապատասխան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ուղղված իրենց տարածքում գտնվող թանգարանների և նման ուրիշ հաստատությունների կողմից Կոնվենցիայի մասնակից այլ պետությունից ծագող այն մշակութային արժեքների ձեռքբերումը կանխելուն, որոնք ապօրինաբար արտահանվել են սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո: Ամեն անգամ, երբ դա հնարավոր է, մշակութային արժեքի ծագման` սույն Կոնվենցիայի մասնակից պետությանը տեղեկացնել երկու պետություններում Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո այդ պետությունից ապօրինաբար արտահանված մշակութային արժեքը վերադարձնելու առաջարկության մասին,
բ) (i) արգելել սույն Կոնվենցիայի մասնակից այլ պետության թանգարանից կամ կրոնական և աշխարհիկ հանրային հուշարձանից, կամ նման հաստատությունից շահագրգիռ պետություններում սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո հափշտակված մշակութային արժեքների ներմուծումը, պայմանով, որ այդ արժեքն առկա է տվյալ հաստատությանը պատկանող առարկաների ցուցակում,
(ii) մասնակից պետության պահանջով համապատասխան քայլեր ձեռնարկել երկու շահագրգիռ պետություններում սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո ներմուծված ցանկացած նման մշակութային արժեքի հայտնաբերման և վերադարձման համար, պայմանով, որ խնդրանք ներկայացրած պետությունը բարեխիղճ գնորդին կամ անձին, որն այդ արժեքի նկատմամբ ունի օրինական իրավունք, վճարի արդար փոխհատուցում: Հետախուզման և վերադարձման խնդրանքներն ուղարկվում են դիվանագիտական ուղիներով: Խնդրանք ներկայացրած կողմն իր հաշվին ներկայացնում է փաստաթղթեր և այլ ապացույցներ, որոնք անհրաժեշտ են հետախուզման և վերադարձնելու պահանջի իրավունքի հաստատման համար: Կողմերը սույն հոդվածին համապատասխան վերադարձվող մշակութային արժեքներից մաքսատուրքեր կամ այլ տուրքեր չեն գանձում: Մշակութային արժեքի վերադարձման և փոխանցման հետ կապված բոլոր ծախսերը կրում է խնդրանք ներկայացնող կողմը:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատասխանատու են 6 (բ) և 7 (բ) հոդվածներում նախատեսված արգելքների խախտման համար:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն, որի մշակութային ժառանգությունը ենթարկվում է հնագիտական կամ ազգաբանական նյութերի հափշտակման վտանգի, կարող է դիմել մյուս մասնակից պետություններին, որոնց դա առնչվում է: Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները նման դեպքերում պարտավորվում են մասնակցել շահագրգիռ միջազգային ջանքերին` ուղղված անհրաժեշտ կոնկրետ միջոցառումների սահմանմանն ու իրականացմանը, ներառյալ համապատասխան կոնկրետ մշակութային արժեքների արտահանման, ներմուծման և միջազգային առևտրի նկատմամբ հսկողությունը: Յուրաքանչյուր շահագրգիռ պետություն, նախքան համաձայնությունը, հնարավոր սահմաններում նախնական միջոցներ է ձեռնարկում խնդրանք ներկայացրած պետության մշակութային ժառանգությանն անուղղելի վնասի պատճառումը կանխելու համար:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են`
ա) կրթության, տեղեկատվության և զգոնության միջոցով սահմանափակել, սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետությունից ապօրինաբար արտահանված մշակութային արժեքների տեղափոխումը և, յուրաքանչյուր երկրի պայմաններին համապատասխան, անտիկվարիատի վաճառականներին պարտավորեցնել քրեական պատժամիջոցների սպառնալիքի ներքո վարելու գրանցամատյան` այնտեղ նշելով մշակութային արժեքի ծագումը, մատակարարի ազգանունն ու հասցեն, վաճառված ամեն մի առարկայի նկարագրությունն ու արժեքը, ինչպես նաև` մշակութային արժեքների գնորդներին տեղեկացնել այդ արժեքների վրա արտահանման արգելքի տարածման հնարավորության մասին,
բ) ձգտել կրթական միջոցների օգնությամբ հասարակության գիտակցության մեջ ձևավորել ու զարգացնել մշակութային արժեքների նշանակության և մշակութային ժառանգությանը գողությամբ, գաղտնի պեղումներով և ապօրինի արտահանմամբ սպառնացող վտանգի գիտակցում:
ՀՈԴՎԱԾ 11
Ապօրինի են համարվում մշակութային արժեքների այնպիսի հարկադիր արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը, որոնք ուղղակի կամ անուղղակի բխում են օտարերկրյա ուժերի կողմից պետության օկուպացումից:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պետք է հարգեն այն տարածքների մշակութային ժառանգությունը, որոնց արտաքին հարաբերությունների համար նրանք պատասխանատու են, և համապատասխան միջոցներ պետք է կիրառեն այդ տարածքներում ապօրինի ներմուծումը, արտահանումը և սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու համար:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են նաև յուրաքանչյուր պետության օրենսդրությանը համապատասխան`
ա) բոլոր պատշաճ միջոցներով կանխարգելել մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը, որը նպաստում է այդ արժեքների ապօրինի ներմուծմանը կամ արտահանմանը,
բ) ձեռնարկել միջոցներ, որպեսզի իրենց իրավասու ծառայությունները համագործակցեն ապօրինի արտահանված մշակութային արժեքներն օրինական սեփականատերերին հնարավորինս արագ վերադարձնելու նպատակով,
գ) թույլատրել օրինական սեփականատիրոջ կողմից կամ անունից հայցի հարուցում` կորսված կամ գողացված մշակութային արժեքների վերադարձման համար,
դ) ճանաչել սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետության անկապտելի իրավունքը` որոշ մշակութային արժեքներ որակելու և հայտարարելու անօտարելի, որոնք, դրանից ելնելով, չպետք է ipso facto արտահանվեն, և նպաստել շահագրգիռ պետություններին վերադարձնելու այդպիսի մշակութային արժեքները, եթե դրանք արտահանվել են ավելի վաղ:
ՀՈԴՎԱԾ 14
Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն, որպեսզի կանխի ապօրինի արտահանումը և կատարի սույն Կոնվենցիայի կատարման հետ կապված պարտավորությունները, իր հնարավորությունների սահմաններում մշակութային ժառանգության պաշտպանության ազգային ծառայություններին պետք է տրամադրի բավարար միջոցներ և անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծել հիմնադրամներ` այդ նպատակով:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Կոնվենցիան ոչ մի կերպ չի խոչընդոտում մասնակից պետություններին միմյանց միջև կնքելու հատուկ համաձայնագրեր կամ շարունակելու կիրառել արդեն կնքված համաձայնագրերը` նախքան շահագրգիռ պետություններում սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելն իրենց ծագման պետության տարածքից որևէ պատճառով արտահանված մշակութային արժեքների վերադարձման առնչությամբ:
ՀՈԴՎԱԾ 16
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովին, նրա սահմանած ժամկետում և կարգով ներկայացվող պարբերական զեկույցներով, կհաղորդեն սույն Կոնվենցիայի կատարման նպատակով ընդունված օրենսդրական ու վարչական դրույթների և ձեռնարկված այլ միջոցառումների մասին, ինչպես նաև կտեղեկացնեն այդ բնագավառում իրենց կուտակած փորձի մասին:
ՀՈԴՎԱԾ 17
1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները կարող են դիմել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը տեխնիկական աջակցության համար, մասնավորապես, հետևյալի կապակցությամբ`
ա) տեղեկատվության և կրթության,
բ) խորհրդատվության և փորձագետների ծառայությունների,
գ) համակարգման և բարի ծառայությունների:
2. Միավորված ազգերի` կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը կարող է իր նախաձեռնությամբ կատարել հետազոտություններ և հրապարակել ուսումնասիրություններ մշակութային արժեքների ապօրինի տեղափոխման վերաբերյալ:
3. Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունն այդ նպատակով կարող է նաև համագործակցել ոչ կառավարական ցանկացած իրավասու կազմակերպության հետ:
4. Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը կարող է իր նախաձեռնությամբ մասնակից պետություններին անել առաջարկություններ` ուղղված սույն Կոնվենցիայի կատարմանը:
5. Կոնվենցիայի առնվազն երկու մասնակից պետությունների խնդրանքով, որոնց միջև Կոնվենցիայի կատարման վերաբերյալ տարաձայնություններ են ծագել, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է առաջարկել իր բարի ծառայությունները` նրանց միջև համաձայնություն հաստատելու համար:
ՀՈԴՎԱԾ 18
Սույն Կոնվենցիան կնքվել է անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և ֆրանսերեն, բոլոր չորս տեքստերն էլ հավասարազոր են:
ՀՈԴՎԱԾ 19
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման կամ ընդունման Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության անդամ պետությունների կողմից` իրենց սահմանադրություններով նախատեսված կարգով:
2. Վավերագրերը կամ ընդունման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին:
ՀՈԴՎԱԾ 20
1. Սույն Կոնվենցիային կարող է միանալ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած պետություն, որը Կազմակերպության Գործադիր խորհրդի կողմից կստանա միանալու մասին հրավեր:
2. Միանալը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ի պահ հանձնելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 21
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրը կամ ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս անց, բայց միայն այն պետությունների համար, որոնք վավերացման, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնել նշված օրը կամ ավելի վաղ: Ցանկացած այլ պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս անց:
ՀՈԴՎԱԾ 22
Սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն ընդունում են, որ նրա գործողությունը տարածվում է ոչ միայն իրենց մետրոպոլիայի տարածքների, այլև այն տարածքների վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար պատասխանատու են. նրանք պարտավորվում են, եթե անհրաժեշտ է, վավերացման, ընդունման կամ միանալու պահին, կամ ավելի վաղ խորհրդակցել նշված տարածքների կառավարությունների կամ իրավասու իշխանությունների հետ, որպեսզի ապահովեն այդ տարածքներում Կոնվենցիայի կատարումը, ինչպես նաև Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ծանուցել այն տարածքների մասին, որտեղ Կոնվենցիան պետք է կատարվի: Այդ ծանուցագիրն ուժի մեջ է մտնում ստացվելուց երեք ամիս անց:
ՀՈԴՎԱԾ 23
1. Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն կարող է այն չեղյալ հայտարարել իր անունից կամ ցանկացած տարածքի անունից, որի արտաքին հարաբերությունների համար նա պատասխանատու է:
2. Չեղյալ հայտարարելը ծանուցվում է գրավոր փաստաթղթով, որը հանձնվում է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին:
3. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին փաստաթուղթն ստանալուց տասներկու ամիս անց:
ՀՈԴՎԱԾ 24
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը Կազմակերպության անդամ պետություններին և 20-րդ հոդվածում հիշատակված անդամ չհանդիսացող պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը հայտնում է 19 և 20-րդ հոդվածներում հիշատակված վավերացման, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու, ինչպես նաև 22-րդ և 23-րդ հոդվածներում նշված ծանուցման և չեղյալ հայտարարման մասին:
ՀՈԴՎԱԾ 25
1. Սույն Կոնվենցիան կարող է վերանայվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից: Սակայն վերանայված տեքստը կպարտավորեցնի միայն այն պետություններին, որոնք կդառնան վերանայված կոնվենցիայի կողմեր:
2. Այն դեպքում, եթե Գլխավոր խորհրդաժողովը սույն Կոնվենցիայի լրիվ կամ մասնակի վերանայման արդյունքում ընդունի նոր կոնվենցիա, և եթե նոր կոնվենցիան չպարունակի այլ կարգ, ապա սույն Կոնվենցիան վավերացման, ընդունման կամ միանալու համար փակ կլինի նոր վերանայված կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀՈԴՎԱԾ 26
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն, սույն Կոնվենցիան Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի խնդրանքով կգրանցվի Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 5-ից: