i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
i
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-2343(ՎԴ)
քաղաքացիական գործերով 2006թ.
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 06-2481
Նախագահող դատավոր` Տ.Սահակյան
Դատավորներ` Ա.Խառատյան
Ա.Թումանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2006թ. նոյեմբերի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ֆելիքս, Նուբար, Ռոմիկ և Արթուր Թորոսյանների կողմից բերված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի թիվ 06-2481 քաղաքացիական գործով 08.08.2006 թվականին կայացրած վճռի դեմ` ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ` նաև Քաղաքապետարան) ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի` զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցվորը` դիմելով դատարան` պահանջել է պատասխանողից իր ընտանիքի անդամների հետ միասին վտարել Գյումրի քաղաքի Տ.Մեծի 8, թիվ 16 բնակարանից:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 19.05.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.08.2006 թվականի վճռով հայցն բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել պատասխանող Ֆելիքս Թորոսյանը և նրա ընտանիքի անդամները` Նուբար, Ռոմիկ և Արթուր Թորոսյանները:
Բողոք բերած անձինք պահանջել են բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.08.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ բողոքներին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1/ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի պահանջը:
Բողոք բերած անձինք բողոքի սույն հիմքը պատճառաբանել են հետևյալ փաստարկով:
Դատարանը վճիռ է կայացրել Ֆելիքս Թորոսյանին և նրա ընտանիքի անդամներին վտարելու վիճելի բնակարանից` գործի քննությանը մասնակից չդարձնելով ընտանիքի անդամներին` Նուբար, Ռոմիկ և Արթուր Թորոսյաններին: Դատարանը վերը նշված հոդվածի համաձայն պարտավոր էր ընտանիքի անդամներին ներգրավել դատաքննությանը, լսել նրանց առարկություններն ու փաստարկները, քանի որ վճիռն ուղղակի շոշափում է նրանց իրավունքները և շահերը, քանի որ նրանք որպես ընտանիքի անդամներ` պատասխանող Ֆելիքս Թորոսյանի հետ համատեղ բնակվում են վիճելի բնակարանում, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն` կայացված վճիռը ենթակա է բեկանման:
2/ Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 674-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձինք իրենց պնդումները հիմնավորել են հետևյալ փաստարկներով:
Դատարանը չի հետազոտել և չի գնահատել պատասխանողի այն փաստարկները, որ 1987 թվականից առայսօր ընտանիքով բնակվում է վիճելի բնակարանում, օրդերավորվել է այլ հասցեում բնակվելու նպատակով, սակայն չի բնակվել այդ բնակարանում, իսկ հաշվառումը այդ հասցեի վրա կրում է ձևական բնույթ, քանի որ իրենք փաստացի չեն բնակվել նոր հասցեում, քանի որ Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 1 միկրոշրջան, 5-րդ շենք, 7-րդ բնակարան հասցեում օրդերով հատկացված շենքը պիտանի չի եղել և պիտանի չէ բնակության համար: Պատասխանող կողմի այս փաստարկը դատարանում ընդունել է նաև Հայցվորը, սակայն դատարանը այն որպես ապացույց չի գնահատել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 674-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` բնակելի տարածության վարձակալության պայմանագրում վարձակալը, վարձատուի համաձայնությամբ, կարող է փոխարինվել վարձակալի հետ մշտապես բնակվող չափահաս քաղաքացիներից որևէ մեկով: Վարձակալի մահվան դեպքում պայմանագիրը շարունակում է գործել նույն պայմաններով, իսկ վարձակալ դառնում է նախկին վարձակալի հետ մշտապես բնակվող քաղաքացիներից մեկը` մյուսների ընդհանուր գրավոր համաձայնությամբ: Եթե նման համաձայնություն չի կայացվել, բնակելի տարածությունում մշտապես բնակվող բոլոր քաղաքացիները դառնում են համավարձակալներ: Հետևաբար, պատասխանողը դարձել է վիճելի բնակարանի վարձակալ, քանի որ բնակվել է իր ծնողին հատկացված բնակարանում, իսկ վերջինիս մահից հետո նույնպես շարունակել է բնակվել այնտեղ:
ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն` վարձակալի ընտանիքի անդամների թվին են պատկանում վարձակալի ամուսինը, նրանց երեխաները և ծնողները: Այլ անձինք կարող են վարձակալի ընտանիքի անդամներ ճանաչվել, եթե նրանք բնակվում են վարձակալի հետ համատեղ և նրա հետ վարում են ընդհանուր տնտեսություն: Եթե նշված հոդվածի առաջին մասում նշված քաղաքացիները դադարել են վարձակալի ընտանիքի անդամներ լինելուց, բայց շարունակում են բնակվել զբաղեցրած տարածությունում, ապա նրանք նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ ունեն, ինչպիսին վարձակալն ու նրա ընտանիքի անդամները:
Հետևաբար, բողոք բերած անձանց կարծիքով իրենք վիճելի բնակարանը տիրապետում և օգտագործում են օրինական կարգով:
3/ Դատարանը կիրառել է ՀՀ վարչապետի` «ՀՀ-ում որպես բնակելի ֆոնդ վերափոխման ենթակա շենքերի և շինությունների հետագա օգտագործման միջոցառումների մասին» 1997թ. թիվ 481 որոշումը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձինք բողոքի սույն հիմքը պատճառաբանել են հետևյալ փաստարկով:
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 1997 թվականի թիվ 481 որոշումը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Գյումրի քաղաքի Լենինի պողոտայի թիվ 8 շենքը որպես բնակելի ֆոնդ վերափոխելու և հետագայում տնօրինելու համար հանձնվել է Գյումրու քաղաքապետարանին: Մինչդեռ հիշատակված որոշման մեջ խոսք չկա հատկապես Լենինի պողոտայի թիվ 8 շենքը Գյումրու քաղաքապետարանին հանձնված լինելու վերաբերյալ, հետևաբար Գյումրու քաղաքապետարանը սույն գործով ի սկզբանե պատշաճ հայցվոր չի եղել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Նուբար, Ռոմիկ և Արթուր Թորոսյանները հանդիսանում են պատասխանող Ֆելիքս Թորոսյանի ընտանիքի անդամները և համատեղ բնակվում են Գյումրի քաղաքի, Տիգրան Մեծի պողոտայի (նախկին Լենինի պողոտա) թիվ 8 շենքի 16-րդ բնակարանում:
2) Բողոքարկվող վճիռը կայացվել է պատասխանողի և ընտանիքի անդամներին տարածքից վտարելու վերաբերյալ, սակայն ընտանիքի անդամներ հանդիսացող Նուբար, Ռոմիկ և Արթուր Թորոսյանները գործի քննությանը մասնակից չեն դարձվել:
3) Պատասխանողն իր ընտանիքի անդամների հետ միասին հաշվառված է Գյումրի քաղաքի, Վարդ-Բաղ 1 միկրոշրջան, 5-րդ շենք, 7-րդ բնակարան հասցեում, որը վերջիններիս 1989 թվականին հատկացվել է համապատասխան օրդերով, սակայն այդ հասցեում չեն բնակվել և չեն բնակվում` հատկացված բնակարանը բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառաբանությամբ:
4) Վիճելի տարածքի օրինական վարձակալ է հանդիսացել պատասխանողի հայրը` Մ.Թորոսյանը, որի հետ պատասխանողն իր ընտանիքի անդամների հետ միասին մինչև վերջինիս մահը բնակվել է և մինչև օրս բնակվում է վիճելի հասցեում:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Սույն գործով Գյումրու քաղաքապետարանը հայց է ներկայացրել Ֆելիքս Թորոսյանի դեմ` պահանջելով վերջինիս վտարել զբաղեցրած տարածքից: Այնինչ դատարանը, բավարարելով հայցը վճիռ է կայացրել պատասխանողին և նրա ընտանիքի անդամներին տարածքից վտարելու վերաբերյալ: Փաստորեն պատասխանողի ընտանիքի անդամները` Նուբար, Ռոմիկ և Արթուր Թորոսյանները սույն գործի քննությանը մասնակից չեն դարձվել: Արդյունքում խախտվել է անձանց` Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Հետևաբար, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքում նշված դատավարական իրավունքի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի ուժով վճռաբեկ բողոքը մասնակի բավարարելու և Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը Նուբար, Ռոմիկ, Արթուր Թորոսյանների մասով բեկանելու հիմք է:
2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ բնակարանային օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության օրդերը հատկացված բնակելի տարածությունն զբաղեցնելու միակ հիմքն է:
«ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրության» համաձայն` քաղաքացիների հաշվառումն ըստ բնակության վայրի ձևակերպվում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով բնակելի տարածությունը նրանց կողմից զբաղեցնելու իրավունք տվող փաստաթղթի հիման վրա:
Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 1 միկրոշրջան, 5-րդ շենք, 7-րդ բնակարան հասցեի բնակարանը պատասխանողին հատկացվել է 17.03.1989 թվականի թիվ 7 օրդերով: Տրված օրդերի հիման վրա` պատասխանողը 23.03.1989 թվականին հաշվառվել է վերը նշված հասցեում` որպես մշտական բնակության վայրում: «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության» համաձայն` մշտական բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բնակվում է մշտապես կամ առավելապես:
Հետևաբար, վճռաբեկ բողոքում պատասխանողի կողմից առաջ քաշված այն պնդումը, թե օրդերը ստանալուց հետո ինքը չի զբաղեցրել հատկացված բնակարանը և չի բնակվել այնտեղ, իսկ հաշվառումը կրում է ձևական բնույթ, անհիմն է, քանի որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի ըստ էության քննության ընթացքում այդ հանգամանքը հաստատող որևէ ապացույց դատարանին չի ներկայացվել, ինչը պատասխանողի դատավարական պարտականությունն է հանդիսացել, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Պատասխանողը դատաքննության ընթացքում չի ապացուցել այն հանգամանքը, որ ինքը իր ընտանիքի անդամների հետ միասին 1987 թվականից մինչև օրս բնակվել է իր հայր` Մ.Թորոսյանի բնակարանում:
Հետևաբար, քանի դեռ պատասխանողը, որպես մշտական բնակության վայրի, վերոհիշյալ հասցեում հաշվառված է, նա իրավաբանորեն համարվում է տվյալ հասցեում մշտապես բնակվող, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:
Վերոգրյալ պատճառաբանությունների հիման վրա, օրդերով հատկացված Գյումրի քաղաքի, Վարդ-Բաղ 1 միկրոշրջան, 5-րդ շենք, 7-րդ բնակարանում պատասխանողի հաշվառված լինելու պարագայում, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 674-րդ հոդվածի 2-րդ կետը և ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը, քանի որ վերը նշված հոդվածները վերաբերում են վարձակալի ընտանիքի այն անդամներին կամ ընտանիքի անդամներ ճանաչված անձանց և այն քաղաքացիներին, որոնք մշտապես բնակվում են վարձակալի հետ, հետևաբար դրանք սույն գործով կիրառելի չեն:
3) Բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի թիվ 481 որոշմամբ`
1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը հանձնարարվել է քննարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում որպես բնակելի ֆոնդ վերափոխման ենթակա շենքերի և շինությունների հաշվառում կազմակերպելու մասին» թիվ 245 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած որպես բնակելի ֆոնդ վերափոխման ենթակա շենքերի և շինությունների ցանկերը և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված ցանկերում ընդգրկված շենքերը և շինությունները սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկերից սահմանված կարգով հանելու վերաբերյալ:
2. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին հանձնարարվել է սահմանված կարգով եռամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ այդ ցանկերում ընդգրկված շենքերի և շինությունների` որպես բնակելի ֆոնդ վերափոխման և դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:
ՀՀ վարչապետի վերոհիշյալ որոշումը Գյումրի քաղաքի Տ.Մեծի պողոտայի թիվ 8 շենքը Գյումրու քաղաքապետարանի սեփականություն հանձնելու վերաբերյալ դրույթ չի պարունակում:
Սակայն վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի սույն հիմքի առկայությունը բողոքարկվող վճիռը բեկանելու համար բավարար հիմք չէ, քանի որ պատասխանողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի տրամաբանությամբ չի ապացուցել շենքը Գյումրու համայնքին չպատկանելու մասին իր փաստարկը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.08.2006թ. վճիռը` Ֆելիքս Թորոսյանի ընտանիքի անդամներին Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 8 շենքի թիվ 18 բնակարանից վտարելու մասով բեկանել և գործն այդ մասով ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Ֆելիքս Թորոսյանի վտարման մասով վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ