Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԶՈՀԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅ ...

 

 

ոչ պաշտոնական թարգմանություն

 

i

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԺՆԵՎԻ 1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ ԿԻՑ ԺՆԵՎԻ 1977 ԹՎԱԿԱՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1)

 

Ընդունվել է Զինված ընդհարումների ժամանակ կիրառվող միջազգային
մարդասիրական իրավունքի ամրապնդման և զարգացման հարցերով դիվանագիտական
կոնֆերանսի կողմից` 1977 թվականի հունիսի 8-ին

 

Ուժի մեջ է մտել 1978 թվականի դեկտեմբերի 7-ին` համաձայն 95 հոդվածի

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ

 

Բարձր Պայմանավորվող կողմերը,

հայտարարելով իրենց անկեղծ ցանկությունը ժողովուրդները տեսնել խաղաղության մեջ ապրելիս,

հիշեցնելով, որ ամեն մի պետություն պարտավոր է Միավորված Կազմակերպության Ազգերի Կանոնադրությանը համապատասխան միջազգային հարաբերություններում ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից, ինչպես և որևէ այլ կերպ, որոնք անհամատեղելի են Միավորված Ազգերի Կազմակերպության նպատակների հետ, ընդդեմ ցանկացած պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության,

համարելով, սակայն, անհրաժեշտ հաստատելու և զարգացնելու զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանությունը նախատեսող դրույթները, և լրացնելու դրանց կիրառման առավել արդյունավետ ապահովմանն ուղղված միջոցները,

արտահայտելով իրենց համոզմունքն այն մասին, որ սույն Արձանագրության մեջ կամ 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես օրինականացնող կամ հավանություն տվող ագրեսիայի ցանկացած ակտին կամ Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության հետ անհամատեղելի ուժի ցանկացած այլ կիրառմանը,

հաստատելով, այնուհետև, որ 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների և սույն Արձանագրության դրույթները պետք է բոլոր հանգամանքներում կիրառվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են այդ փաստաթղթերի պաշտպանության տակ, առանց որևէ աննպաստ տարբերակման, որ հենված լիներ զինված կոնֆլիկտի բնույթի կամ ծագման կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի կողմից առաջ քաշված, կամ դրանց վերագրվող պատճառների վրա,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՄԱՍ 1-ԻՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Ընդհանուր դրույթները և կիրառման ոլորտը

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են կատարել սույն Արձանագրությունը և ապահովել դրա կատարումը ցանկացած հանգամանքներում:

2. Սույն Արձանագրությամբ կամ միջազգային այլ համաձայնագրերով չնախատեսված դեպքերում քաղաքացիական անձինք և կոմբատանտները մնում են միջազգային իրավունքի այն սկզբունքների պաշտպանության և գործողության տակ, որոնք բխում են սահմանված սովորույթներից, մարդասիրության սկզբունքներից և հանրային գիտակցության պահանջներից:

3. Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաները լրացնող սույն Արձանագրությունը կիրառվում է այդ Կոնվենցիաների համար ընդհանուր` 2 հոդվածում հիշատակված իրադրությունների ժամանակ:

4. Նախորդ կետում հիշատակված իրադրությունները ներառում են այն զինված կոնֆլիկտները, որոնցում ժողովուրդները պայքար են մղում ընդդեմ գաղութային տիրապետության և օտարերկրյա օկուպացման և ընդդեմ ռասիստական ռեժիմների` ի իրականացումն ինքնորոշման իրենց իրավունքի, որն ամրագրված է Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող` միջազգային իրավունքի սկզբունքների մասին Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության և Հռչակագրի մեջ:

 

Հոդված 2. Սահմանումները

 

Սույն Արձանագրության նպատակների համար.

a/ «Առաջին կոնվենցիա», «երկրորդ կոնվենցիա», «երրորդ կոնվենցիա» և «Չորրորդ կոնվենցիա» նշանակում են համապատասխանաբար` Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիան. Ծովում զինված ուժերի կազմից վիրավորների, հիվանդների և նավաբեկման ենթարկված անձանց վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիան. Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիան. Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիան: Կոնվենցիաներ նշանակում են պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի չորս կոնվենցիաները.

b/ «Զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող միջազգային իրավունքի նորմաներ» արտահայտությունը նշանակում են այն նորմաները, որոնք կիրառվում են զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում, գործողության մեջ են դրվել զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում, գործողության մեջ են դրվել այն միջազգային համաձայնագրերում, որոնց մասնակիցներ են հանդիսանում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, ինչպես նաև միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակ կիրառվող ընդհանուր ճանաչում գտած սկզբունքներն ու նորմաները.

c/ «Հովանավոր տերություն» նշանակում է չեզոք պետություն կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմ չհանդիսացող այլ պետություն, որը նշանակված է կոնֆլիկտի մեջ գտնվող պետության կողմից և ճանաչված է հակառակորդ կողմից, և որը համաձայնել է իրականացնել Կոնվենցիաներին և սույն Արձանագրությանը համապատասխան Հովանավոր տերության վրա դրվող ֆունկցիաները.

d/ «Փոխարինորդ» նշանակում է այն կազմակերպությունը, որը հանդես է գալիս Հովանավոր տերության փոխարեն` 5 հոդվածի համաձայն:

 

Հոդված 3. Կիրառման սկիզբը և դադարեցումը

 

Առանց վնասելու այն դրույթներին, որոնք կիրառվում են ցանկացած ժամանակ.

a/ Կոնվենցիաները և սույն Արձանագրությունը կիրառվում են սույն Արձանագրության 1 հոդվածում հիշատակված ցանկացած իրադրության հենց սկզբից.

b/ Կոնվենցիաների և սույն Արձանագրության կիրառումը կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի տարածքում դադարեցվում է ռազմական գործողությունների ընդհանուր դադարեցման հետ մեկտեղ, իսկ օկուպացված տարածքում` օկուպացումը դադարեցնելիս: Երկու դեպքում էլ բացառություն են կազմում այն անձինք, որոնց վերջնական ազատումը, հայրենադարձումը կամ տեղավորումը կկատարվեն ավելի ուշ: Այդ անձինք շարունակում են օգտվել Կոնվենցիաների և սույն Արձանագրության համապատասխան դրույթների հովանավորությունից մինչև նրանց վերջնական ազատման, հայրենադարձման կամ տեղավորման պահը:

 

Հոդված 4. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի իրավական

կարգավիճակը

 

Կոնվենցիաների և սույն Արձանագրության կիրառումը, ինչպես նաև այդ փաստաթղթերով նախատեսված համաձայնագրերի կնքումը, չեն շոշափում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի իրավական կարգավիճակը: Ոչ որևէ տարածքի օկուպացումը, ոչ Կոնվենցիաների և սույն Արձանագրության կիրառումը չեն շոշափում այդ տարածքի իրավական կարգավիճակը:

 

Հոդված 5. Հովանավոր տերությունների և դրանց փոխարինորդի

նշանակումը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի պարտականությունն այն է, որպեսզի այդպիսի կոնֆլիկտի հենց սկզբից ապահովվեն Կոնվենցիաների և սույն Արձանագրության կատարումը և կիրառումը Հովանավոր տերությունների համակարգի կիրառման միջոցով, ներառյալ, մասնավորապես, դրանց նշանակումը և դրանց ճանաչումը` ներքոհիշյալ կետերին համապատասխան: Հովանավոր տերությունների վրա դրվում է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի շահերի պահպանության պարտականությունը:

2. 1 հոդվածում նշված իրադրության առաջացման պահից սկսած կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ առանց հապաղելու նշանակում է Հովանավոր տերություն և այդ նույն նպատակով թույլատրում է հակառակորդ կողմից նշանակվելուց հետո, իր կողմից որպես այդպիսին ճանաչված Հովանավոր տերության գործունեությունը:

3. Եթե 1 հոդվածում հիշատակված իրադրության առաջացման պահից սկսած Հովանավոր տերություն նշանակված կամ ճանաչված չէ, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն, չշոշափելով այդ նույն ձևով վարվելու ցանկացած այլ անկողմնակալ մարդասիրական կազմակերպության իրավունքները, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի համաձայնությամբ, առանց հապաղելու, Հովանավոր տերություն նշանակելու նպատակով կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին առաջարկում է իր բարի ծառայությունները: Այդ նպատակով նա կարող է, մասնավորապես, խնդրանքով դիմել յուրաքանչյուր կողմի` իրեն ներկայացնելու առնվազն հինգ այնպիսի պետությունների ցուցակ, որոնք այդ կողմն ընդունելի կհամարի, որպեսզի հակառակորդ կողմի վերաբերմամբ որպես Հովանավոր տերություն գործեն իր անունից և դիմել յուրաքանչյուր հակառակ կողմի` խնդրելով ներկայացնել առնվազն հինգ այնպիսի պետությունների ցուցակ, որոնք այդ կողմն ընդունելի կհամարի որպես մյուս կողմի Հովանավոր պետություն. այդպիսի ցուցակները պետք է այդ Կոմիտեին ուղարկվեն նման խնդրանք ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում: Կոմիտեն դրանք համադրում է և խնդրում երկու ցուցակներում հիշատակված առաջարկվող ցանկացած պետության համաձայնությունը:

4. Եթե, չնայած վերը շարադրվածին, Հովանավոր տերություն կամ չի նշանակված, կամ չի գործում, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, առանց հապաղելու ընդունում են այն առաջարկությունը, որը կարող է տրվել Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ անկողմնակալության և արդյունավետության բոլոր երաշխիքները ներկայացնող ցանկացած այլ կազմակերպության կողմից` վերոհիշյալ կողմերի հետ համապատասխան կոնսուլտացիաներից հետո, և այդ կոնսուլտացիաների արդյունքների հաշվառմամբ գործելու որպես փոխարինորդ: Այդպիսի փոխարինորդների գործունեությունը պայմանավորվում է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի համաձայնությամբ. կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը գործադրում են բոլոր ջանքերը նպաստելու փոխարինորդի գործունեությանը` Կոնվենցիաների և սույն Արձանագրությանը համապատասխան նրա խնդիրները կատարելիս:

5. 4 հոդվածին համապատասխան Կոնվենցիաների և սույն Արձանագրության կիրառման նպատակով Հովանավոր տերությունների նշանակումը և ճանաչումը չեն շոշափում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի, կամ ցանկացած տարածքի, ներառյալ օկուպացվող տարածքի, իրավական կարգավիճակը:

6. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների պահպանումը, կամ կողմերից մեկի շահերի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության հանձնարարումը երրորդ պետությանը միջազգային իրավունքի` դիվանագիտական հարաբերություններին վերաբերող նորմաներին համապատասխան, խոչընդոտ չեն հանդիսանում Կոնվենցիաների և սույն Արձանագրության կիրառման նպատակով Հովանավոր տերություններ նշանակելու համար:

7. Ամեն անգամ, երբ սույն Արձանագրության մեջ հիշատակվում է Հովանավոր տերություն, այդ հիշատակումը վերաբերում է փոխարինորդին:

 

Հոդված 6. Հատուկ նախապատրաստված անձնակազմը

 

1. Դեռևս խաղաղ ժամանակ Բարձր Պայմանավորվող Կողմերը Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) ազգային ընկերությունների օգնությամբ ջանքեր են գործադրում Կոնվենցիաների և սույն Արձանագրության կիրառմանը և, մասնավորապես, Հովանավոր տերությունների գործունեությանը նպաստելու նպատակով հատուկ անձնակազմ պատրաստելու համար:

2. Այդպիսի անձնակազմի ընտրությունը և պատրաստումը վերաբերում են պետությունների իրավասություններին:

3. Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն Բարձր Պայմանավորվող Կողմերին ներկայացնելու համար կպահի այդ ձևով պատրաստված անձանց ցուցակները, որոնք Բարձր Պայմանավորվող Կողմերը կկարողանային կազմել և Միջազգային կոմիտե ուղարկել այդ նպատակով:

4. Ազգային տարածքի սահմաններից դուրս այդ անձանց օգտագործման պայմանները յուրաքանչյուր դեպքում շահագրգիռ կողմերի միջև հանդիսանում են հատուկ համաձայնագրերի առարկա:

 

Հոդված 7. Խորհրդակցությունները

 

Սույն Արձանագրության ավանդապահը մեկ կամ մի քանի Բարձր Պայմանավորվող Կողմերի խնդրանքով և Բարձր Պայմանավորվող Կողմերի մեծամասնության համաձայնությամբ հրավիրում է բոլոր նշված Կողմերի խորհրդակցություն` Կոնվենցիաների և սույն Արձանագրության կիրառմանը վերաբերող ընդհանուր պրոբլեմները քննության առնելու նպատակով:

 

ՄԱՍ 2

ՎԻՐԱՎՈՐՆԵՐԸ, ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԵՎ ՆԱՎԱԲԵԿՈՒԹՅԱՆ

ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 8. Տերմինաբանությունը

 

Սույն Արձանագրության նպատակների համար.

a) «Վիրավորներ» և «հիվանդներ» նշանակում են այն զինծառայող, ինչպես և քաղաքացիական անձինք, ովքեր վնասվածքի, հիվանդության կամ ֆիզիկական կամ հոգեկան խանգարման կամ հաշմության հետևանքով բժշկական օգնության կամ խնամքի կարիք են զգում, և որոնք ձեռնպահ են մնում ցանկացած թշնամական գործողություններից: Այդ բառերը վերաբերում են նաև ծննդաբեր կանանց, նորածին երեխաներին և այլ անձանց, որոնք տվյալ ժամանակ կզգան բժշկական օգնության կամ խնամքի կարիք, օրինակ` հղի կանայք և տկարները, և որոնք ձեռնպահ են մնում ցանկացած թշնամական գործողություններից.

b) «Նավաբեկության ենթարկված անձինք» նշանակում են ինչպես զինծառայող, այնպես էլ քաղաքացիական այն անձինք, որոնք վտանգի են ենթարկվում ծովում կամ այլ ջրերում կամ նրանց հետ կատարված, կամ նրանց փոխադրող նավի կամ թռչող ապարատի հետ տեղի ունեցած պատահարի հետևանքով, և որոնք ձեռնպահ են մնում ցանկացած թշնամական գործողություններից: Այդ անձինք, նրանց փրկության ժամանակ շարունակում են համարվել նավաբեկության ենթարկվածներ մինչև այն պահը, քանի դեռ նրանք Կոնվենցիաներին և սույն Արձանագրությանը համապատասխան չեն ստացել այլ կարգավիճակ, պայմանով, որ նրանք շարունակում են ձեռնպահ մնալ ցանկացած թշնամական գործողություններից.

c) «Բժշկական անձնակազմ» նշանակում են այն անձինք, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող պետության կողմից նշանակված են բացառապես e կետում թվարկված բժշկական նպատակների համար, բժշկական կազմավորումների վարչա-տնտեսական ապահովման համար կամ սանիտարա-տրանսպորտային միջոցների վրա աշխատելու համար և դրանց վարչա-տեխնիկական ապահովման համար: Այդպիսի նշանակումները կարող են լինել կամ մշտական, կամ ժամանակավոր: Այդ տերմինը ներառում է

C 1) կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բժշկական անձնակազմը, ներառյալ Առաջին և Երկրորդ Կոնվենցիաներում նշված անձնակազմը, և այն անձնակազմը, որը կցված է քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին.

C 2) Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) ազգային ընկերությունների և օգնության ազգային մյուս կամավոր այն ընկերությունների բժշկական անձնակազմը, որոնք պատշաճ ձևով ճանաչվել և լիազորվել են կոնֆլիկտի մեջ գտնվող պետության կողմից.

C 3) 9 հոդվածի 2 կետում նշված բժշկական կազմավորումների և սանիտարա-տրանսպորտային միջոցների բժշկական անձնակազմը.

դ) «հոգևոր անձնակազմ» նշանակում են ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական այն անձինք, ինչպես, օրինակ, հոգևորականները, որոնք զբաղված են բացառապես իրենց հոգևոր ֆունկցիաները կատարելով և կցված են`

դ 1) կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերին.

դ 2) կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի բժշկական կազմավորումներին և սանիտարա-տրանսպորտային միջոցներին.

դ 3) այն բժշկական կազմավորումներին և սանիտարա-տրանսպորտային միջոցներին, որոնք նշված են 9 հոդվածի 2 կետում,

դ 4) կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին.

Հոգևոր անձնակազմը կարող է կցվել մշտապես կամ ժամանակավորապես, և դրա վրա տարածվում են ի/ կետի համապատասխան դրույթները,

ե/ «Բժշկական կազմավորումներ» նշանակում են այն հիմնարկները և մյուս կազմավորումները` ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական, որոնք ստեղծվել են բժշկական նպատակների համար, այսինքն` վիրավորներին, հիվանդներին և նավաբեկության ենթարկված անձանց որոնման, առանձնացման, փոխադրման, ախտորոշման և բուժման համար, ներառյալ առաջին օգնություն ցույց տալը, ինչպես նաև հիվանդացումների կանխարգելման համար: Այդ տերմինը վերաբերում է, օրինակ, հոսպիտալներին և մյուս բժշկական կենտրոններին և ինստիտուտներին, այդպիսի կազմավորումների բժշկական գույքի պահեստներին և բժշկադեղագործական պահեստներին: Բժշկական կազմավորումները կարող են լինել տեղակայված կամ շարժական, մշտական կամ ժամանակավոր:

է) «Սանիտարական փոխադրում» նշանակում է Կոնվենցիաների և սույն Արձանագրության պաշտպանության տակ գտնվող վիրավորների, հիվանդների և նավաբեկության ենթարկված անձանց, ինչպես նաև բժշկական և հոգևոր անձնակազմի, բժշկական սարքավորման և պահուստի փոխադրումը ցամաքով, ջրով և օդով:

ը) «սանիտարա-տրանսպորտային միջոցներ» նշանակում են փոխադրման ցանկացած միջոցները` ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական, մշտական կամ ժամանակավոր, որոնք նախատեսված են բացառապես սանիտարական փոխադրման համար և գտնվում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի իշխանության իրավասու մարմնի վերահսկողության տակ.

թ) «ցամաքային սանիտարա-տրանսպորտային միջոցներ» նշանակում են ցամաքով սանիտարական փոխադրման ցանկացած միջոցները.

ժ) «սանիտարական նավեր և լողամիջոցներ» նշանակում են ջրով սանիտարական փոխադրման ցանկացած միջոցները.

ի) «սանիտարական թռչող ապարատներ» նշանակում են օդով սանիտարական փոխադրման ցանկացած միջոցները.

լ) «մշտական» են հանդիսանում այն բժշկական կազմավորումները, բժշկական անձնակազմը և սանիտարա-տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսվում են բացառապես բժշկական նպատակների համար` անորոշ ժամանակաշրջանում: «Ժամանակավոր» են հանդիսանում այն բժշկական կազմավորումները, բժշկական անձնակազմը և սանիտարա-տրանսպորտային միջոցները, որոնք ներգրավվում են բացառապես բժշկական նպատակների համար` սահմանափակ ժամանակաշրջանում այդպիսի ժամանակաշրջանների ամբողջ ժամկետի ընթացքում: Այլ հատուկ սահմանման բացակայության դեպքում «բժշկական կազմավորումներ», «բժշկական անձնակազմ» և «սանիտարա-տրանսպորտային միջոցներ» տերմինները վերաբերում են ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր կատեգորիաներին.

խ) «տարբերիչ խորհրդանշան» նշանակում է Կարմիր խաչի, Կարմիր կիսալուսնի կամ Կարմիր առյուծի և Արևի տարբերիչ խորհրդանշանը սպիտակ ֆոնի վրա, երբ այն օգտագործվում է բժշկական կազմավորումների և սանիտարա-տրանսպորտային միջոցների, բժշկական և հոգևոր անձնակազմի և սարքավորման կամ պահուստի պաշտպանության համար.

ծ) «տարբերիչ ազդանշան» նշանակում է ցանկացած ազդանշանը կամ հաղորդումը, որոնք սահմանված են բացառապես բժշկական կազմավորումները կամ սանիտարա-տրանսպորտային միջոցները ճանաչելու համար` սույն Արձանագրությանն առընթեր 1 Հավելվածի 3-րդ գլխին համապատասխան:

 

Հոդված 9. Կիրառման ոլորտը

 

1. Սույն մասը, որի դրույթներն ուղղված են վիրավորների, հիվանդների և նավաբեկության ենթարկված անձանց վիճակի բարելավմանը, կիրառվում է այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք առնչվում են 1 հոդվածում հիշատակված իրադրությանը, առանց որևէ տարբերակման ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ հավատի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ծննդյան կամ այլ կարգավիճակի, կամ էլ ցանկացած համանման այլ չափանիշների պատճառներով:

2. Առաջին Կոնվենցիայի 27 և 32 հոդվածներին համապատասխան դրույթները կիրառվում են մշտական բժշկական կազմավորումների և սանիտարա-տրանսպորտային միջոցների (բացի հոսպիտալային նավերից, որոնց նկատմամբ կիրառվում են Երկրորդ կոնվենցիայի 25 հոդվածի դրույթները) և դրանց անձնակազմի նկատմամբ, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող տերությանն են տրամադրված մարդասիրական նպատակներով:

ա) չեզոք պետության կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմ չհանդիսացող այլ պետության կողմից.

բ) այդպիսի պետության օգնության ճանաչված և լիազորված ընկերության կողմից.

գ) անկողմնակալ միջազգային մարդասիրական կազմակերպության կողմից:

 

Հոդված 10. Պաշտպանությունը և խնամքը

 

1. Բոլոր վիրավորները, հիվանդները և նավաբեկության ենթարկված անձինք, անկախ այն բանից, թե նրանք որ կողմին են պատկանում, օգտվում են հարգանքից և պաշտպանությունից:

2. Բոլոր հանգամանքներում նրանց հետ վարվում են մարդասիրաբար և առավելագույն չափով ու ամենակարճագույն ժամկետում նրանց տրամադրում են բժշկական օգնություն և խնամք, որ պահանջում է նրանց վիճակը: Նրանց միջև ոչ մի տարբերակում չի կատարվում ոչ մի նկատառումներով, բացի բժշկական նկատառումներից:

 

Հոդված 11. Առանձին մարդկանց պաշտպանությունը

 

1. Հակառակորդ կողմի իշխանության տակ գտնվող անձանց կամ ներկալվածների, կալանվածների կամ 1 հոդվածում հիշատակված իրադրության հետևանքով ինչ-որ կերպ ազատությունից զրկվածների առողջության ֆիզիկական կամ հոգեկան վիճակին չպետք է վնաս հասցվի որևէ չարդարացված կամ անուշադրության միջոցով: Համապատասխանաբար արգելվում է սույն հոդվածում հիշատակված անձանց ենթարկել որևէ բժշկական գործողության, որը նշված անձի առողջական վիճակը չի պահանջում և չի համապատասխանում համընդհանուր ընդունված բժշկական այն նորմաներին, որոնք բժշկական տեսակետից համանման հանգամանքներում կիրառվում են այդ գործողությունը կատարող կողմի քաղաքացիների նկատմամբ, որոնք ոչ մի ձևով զրկված չեն ազատությունից:

2. Մասնավորապես, արգելվում է այդպիսի անձանց, անգամ նրանց համաձայնությամբ, ենթարկել.

ա) ֆիզիկական խեղումների.

բ) բժշկական կամ գիտական փորձարարության.

գ) հյուսվածքների կամ օրգանների հեռացման` փոխպատվաստման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի գործողությունները հանդիսանում են արդարացված 1 կետում նախատեսված պայմաններին համապատասխան:

3. 2 գ կետում բովանդակված արգելքից բացառություններ կարող են լինել միայն փոխներարկման համար արյուն կամ փոխպատվաստման համար կաշի հանձնելու դեպքում, պայմանով, որ դա արվում է կամավոր և առանց որևէ պարտադրանքի կամ ստիպողականության և ընդսմին միայն թերապևտիկ նպատակներով, այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են համընդհանուր ընդունված բժշկական նորմերին և այնպիսի վերահսկողության ներքո, որն ուղղված է ինչպես դոնորի, այնպես էլ ընդունողի բարօրությանը:

4. Ցանկացած միտումնավոր գործողություն կամ միտումնավոր բացթողում, որը լրջորեն սպառնում է հակառակորդ կողմի իշխանության տակ գտնվող ցանկացած այն անձի ֆիզիկական կամ հոգեկան վիճակին կամ անձեռնմխելիությանը, որն այդ կողմին չի պատկանում, և որը կամ խախտում է 1 և 2 կետերում պարունակված արգելքներից ցանկացած արգելքը, կամ չի կատարում 3 կետի պահանջները, հանդիսանում է սույն Արձանագրության լուրջ խախտում:

5. 1 կետում հիշատակված անձինք իրավունք ունեն հրաժարվել ցանկացած վիրահատական օպերացիայից: Հրաժարման դեպքում բժշկական անձնակազմը պետք է ձգտի ստանալ համապատասխան գրավոր հայտարարություն` ստորագրված կամ հաստատված բուժվող հիվանդի կողմից:

6. Կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պետք է վարի բժշկական գրառում փոխներարկման համար արյուն կամ փոխպատվաստման համար կաշի հանձնելու ամեն մի դեպքի մասին, որոնք հիշատակված են 1 կետում, եթե այդպիսի հանձնումը կատարվում է այդպիսի կողմի պատասխանատվությամբ: Դրանից բացի, կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ ձգտում է վարել բոլոր բժշկական այն գործողությունների գրառումը, որոնք ձեռնարկում են ցանկացած անձի, ներկալվածի, կալանվածի կամ ինչ-որ այլ կերպ 1 հոդվածում հիշատակված իրադրության հետևանքով ազատությունից զրկվածի նկատմամբ: Այդպիսի գրառումները պետք է պատրաստ լինեն ցանկացած ժամանակ ստուգման համար ներկայացնելու Հովանավոր տերությանը:

 

Հոդված 12. Բժշկական կազմավորումների պաշտպանությունը

 

1. Բժշկական կազմավորումները ցանկացած ժամանակ օգտվում են հարգանքից և պաշտպանությունից, և չեն կարող հարձակման օբյեկտ լինեն:

2. 1 կետը քաղաքացիական բժշկական կազմավորումների նկատմամբ կիրառվում է պայմանով, որ նրանք.

ա) պատկանում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկին.

բ) ճանաչված և լիազորված են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկի իրավասու իշխանությունների կողմից. կամ

գ) լիազորված են սույն Արձանագրության 9 հոդվածին (2 կետ) կամ Առաջին կոնվենցիայի 27 հոդվածին համապատասխան:

3. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին առաջարկվում է միմյանց ծանուցել իրենց մշտական բժշկական կազմավորումների տեղադրման մասին: Այդպիսի ծանուցումների բացակայությունը կողմերից ոչ մեկին չի ազատում 1 կետի դրույթները կատարելու պարտականությունից:

4. Ոչ մի հանգամանքներում բժշկական կազմավորումները չպետք է օգտագործվեն ռազմական օբյեկտները հարձակումից քողարկելու փորձ կատարելու համար: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերն ապահովում են, երբ դա հնարավոր է, բժշկական կազմավորումների այնպիսի տեղադրում, որի դեպքում ռազմական օբյեկտների վրա հարձակվելիս դրանց անվտանգությունը չի կարող գտնվել սպառնալիքի տակ:

 

Հոդված 13. Քաղաքացիական բժշկական կազմավորումներին

պաշտպանություն տրամադրելու դադարեցումը

 

1. Պաշտպանությունը, որի իրավունքն ունեն քաղաքացիական բժշկական կազմավորումները, դադարեցվում է այն դեպքում, եթե դրանք մարդասիրական ֆունկցիաներից զատ, օգտագործվում են հակառակորդին վնաս պատճառող գործողությունների համար: Պաշտպանության տրամադրումը, սակայն, կարող է դադարեցվել միայն համապատասխան դեպքերում խելամիտ ժամկետ սահմանելով հանդերձ զգուշացումից հետո և այն բանից հետո, երբ այդ զգուշացումը ուշադրության չի արժանանում:

2. Որպես հակառակորդին վնաս պատճառող գործողություններ չեն դիտվում.

ա) ինքնապաշտպանության համար կամ նրանց խնամքի տակ գտնվող վիրավորների և հիվանդների պաշտպանության համար բժշկական կազմավորումների անձնակազմի մոտ անձնական զենքի առկայությունը.

բ) զինված պահակների, ժամապահների և ուղեկցող պահակախմբի կողմից բժշկական կազմավորումների պահպանությունը.

գ) բժշկական կազմավորումներում այն հրաձգային զենքի և ռազմամթերքի առկայությունը, որոնք վերցվել են հիվանդներից և վիրավորներից և դեռ չեն հանձնվել համապատասխան ծառայություններին.

ե) բժշկական բնույթի նկատառումներով բժշկական կազմավորումներում զինծառայողների կամ այլ կոմբատանտների գտնվելը:

 

Հոդված 14. Քաղաքացիական բժշկական կազմավորումների

բռնագրավման սահմանափակումը

 

1. Օկուպացրած տերությունը պարտավոր է ապահովել, որպեսզի քաղաքացիական բնակչության բժշկական պահանջմունքները օկուպացված տարածքում շարունակվեն բավարարվել:

2. Այդ պատճառով օկուպացված տերությունը չի կարող բռնագրավել քաղաքացիական բժշկական կազմավորումները, դրանց սարքավորումը, դրանց նյութերը կամ հարկադրական կարգով դրանց անձնակազմը ենթարկել աշխատանքի, քանի դեռ այդ ռեսուրսներն անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության բժշկական պատշաճ սպասարկումն ապահովելու համար և արդեն բուժում ստացած վիրավորների ու հիվանդների անընդմեջ խնամքի համար:

3. Այն պայմանով, որ 2 կետում բովանդակվող ընդհանուր կանոնը շարունակվում է կատարվել, օկուպացված տերությունը կարող է հիշատակված ռեսուրսները բռնագրավել, պահպանելով հետևյալ կոնկրետ պայմանները.

ա) որ այդ ռեսուրսներն անհրաժեշտ են օկուպացված տերության զինված ուժերի կազմից վիրավոր և հիվանդ անձանց կամ ռազմագերիներին պատշաճ և անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու համար.

բ) որ բռնագրավումը շարունակվում է միայն այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսի անհրաժեշտություն գոյություն ունի և

գ) որ անմիջապես միջոցներ են ձեռնարկվում ապահովելու համար, որպեսզի այդպիսի բռնագրավումով քաղաքացիական բնակչության շոշափած բժշկական կարիքները, ինչպես նաև բուժում անցնող վիրավորների և հիվանդների կարիքները շարունակվեն բավարարվել:

 

Հոդված 15. Քաղաքացիական բժշկական և հոգևոր

անձնակազմի պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական բժշկական անձնակազմը օգտվում է հարգանքից և պաշտպանությունից:

2. Անհրաժեշտության դեպքում, այն շրջանում, որտեղ քաղաքացիական բժշկական ծառայությունները խախտված են ռազմական գործողությունների պատճառով, քաղաքացիական բժշկական անձնակազմին ցույց է տրվում ամենայն հնարավոր օգնությունը:

3. Օկուպացրած տերությունն օկուպացված տարածքներում քաղաքացիական բժշկական անձնակազմին տրամադրում է ամեն տեսակի օգնություն այնպես, որպեսզի նրան հնարավորություն տա իր մարդասիրական ֆունկցիաները կատարել լավագույն ձևով: Օկուպացրած տերությունը չի կարող պահանջել, որ իր ֆունկցիաները կատարելիս այդ անձնակազմը նախապատվություն տա որևէ անձի, բացի բժշկական բնույթի նկատառումներից: Այդ անձնակազմը չի կարող պարտադրվել կատարելու նրա մարդասիրական առաքելության չհամատեղվող խնդիրներ:

4. Քաղաքացիական բժշկական անձնակազմը ունի ցանկացած տեղ մուտք գործելու իրավունք, որտեղ նրա ծառայություններն անհրաժեշտ են` վերահսկողության և անվտանգության այնպիսի միջոցառումների պահպանման պայմանով, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմը կարող է անհրաժեշտ համարել:

5. Քաղաքացիական հոգևոր անձնակազմը օգտվում է հարգանքից և պաշտպանությունից: Կոնվենցիաների և սույն Արձանագրության այն դրույթները, որոնք վերաբերում են բժշկական անձնակազմի պաշտպանությանը և ճանաչմանը, հավասարապես կիրառելի են այս անձանց նկատմամբ:

 

Հոդված 16. Բժշկական ֆունկցիաները կատարող անձանց

ընդհանուր պաշտպանությունը

 

1. Ոչ մի հանգամանքներում ոչ մի մարդ չի կարող պատժի ենթարկվել նրա կողմից այնպիսի բժշկական ֆունկցիաներ կատարելու համար, որոնք համատեղելի են բժշկական էթիկայի հետ, անկախ այն բանից, թե ի շահ ո՞ր անձի են կատարվում այդ ֆունկցիաները:

2. Բժշկական ֆունկցիաները կատարող անձինք չեն կարող հակադրվել իրականացնելու գործողություններ կամ կատարելու աշխատանքներ ի խախտումն բժշկական էթիկայի նորմաների կամ բժշկական այլ նորմաների, որոնք ծառայում են վիրավորների և հիվանդների շահերին, կամ ի խախտումն Կոնվենցիաների և սույն Արձանագրության դրույթների, ինչպես նաև հարկադրվել չկատարելու այնպիսի գործողություններ և աշխատանքներ, որոնք պահանջվում են այդպիսի նորմաներով և դրույթներով:

3. Բժշկական ֆունկցիաներ կատարող ոչ մի մարդ չի կարող հարկադրվել որևէ մեկին, լինի դա հակառակորդ կողմից կամ նրա սեփական կողմից, բացառությամբ վերջինիս օրենսդրությամբ նախատեսվող դեպքերի, տրամադրելու որևէ տեղեկատվություն այն հիվանդների և վիրավորների վերաբերյալ, որոնք գտնվում են կամ գտնվելիս են եղել նրա խնամքի տակ, եթե այդպիսի տեղեկատվությունը, նրա կարծիքով, վնաս կպատճառի նշված բուժվողներին կամ նրանց ընտանիքներին: Սակայն պետք է կատարվեն վարակիչ հիվանդությունների մասին տեղեկացնելու վերաբերյալ բժշկական պարտադիր պահանջները:

 

Հոդված 17. Քաղաքացիական բնակչության և օգնության

ընկերությունների դերը

 

1. Քաղաքացիական բնակչությունը հարգանքով է վերաբերվում վիրավորների, հիվանդների և նավաբեկության ենթարկված անձանց նկատմամբ, եթե անգամ նրանք պատկանում են հակառակորդ կողմին, և նրանց նկատմամբ թույլ չի տալիս բռնության գործողություններ: Քաղաքացիական բնակչությանը և օգնության ընկերություններին, այնպիսիններին, ինչպիսիք Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) ազգային ընկերություններն են, թույլատրվում է, նույնիսկ նրանց իսկ նախաձեռնությամբ, հավաքել վիրավորներին, հիվանդներին և նավաբեկության ենթարկված անձանց և նրանց խնամել անգամ գրավյալ կամ օկուպացված տարածքում: Ոչ ոք չի կարող հալածանքների, հետապնդման, դատապարտման կամ պատժի ենթարկվել այդպիսի մարդասիրական գործողությունների համար:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են խնդրանքով դիմել քաղաքացիական բնակչությանը կամ 1 կետում նշված օգնության ընկերություններին, վերցնել վիրավորներին, հիվանդներին և նավաբեկության ենթարկված անձանց և խնամել նրանց, փնտրել մահացածներին և հայտնել նրանց գտնվելու տեղի մասին. դրանք ապահովում են նրանց պաշտպանությունը և անհրաժեշտ աջակցությունը, ովքեր արձագանքում են նրանց դիմումին: Եթե հակառակորդ կողմը վերականգնում կամ վերահսկողություն է սահմանում այն տարածքի նկատմամբ, ապա այդ կողմը նույնպես նման պաշտպանություն և աջակցություն է տրամադրում մինչև այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են:

 

Հոդված 18. Ճանաչումը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ ձգտում է ապահովել բժշկական և հոգևոր անձնակազմի, ինչպես նաև բժշկական կազմավորումների և սանիտարա-տրանսպորտային միջոցների ճանաչումը:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ ձգտում է նաև կիրառել և իրականացնել այնպիսի մեթոդներ և ընթացակարգեր, որոնք թույլ տան ճանաչելու այն բժշկական կազմավորումները և սանիտարա-տրանսպորտային միջոցները, որոնք օգտագործում են տարբերիչ խորհրդանշան և տարբերիչ ազդանշաններ:

3. Օկուպացված տարածքում և այն շրջաններում, որտեղ տեղի են ունենում կամ կարող են տեղի ունենալ մարտեր, բժշկական անձնակազմը և հոգևոր անձնակազմը ճանաչվում են տարբերիչ խորհրդանշանով, և նրանց կարգավիճակը հաստատող անձնական վկայականով:

4. Իրավասու իշխանությունների համաձայնությամբ բժշկական կազմավորումները և սանիտարա-տրանսպորտային միջոցները նշվում են խորհրդանշանով: Նավերը և լողամիջոցները, որոնք հիշատակված են սույն Արձանագրության 22 հոդվածում, նշվում են Երկրորդ կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

5. Բացի տարբերիչ խորհրդանշանից, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը սույն Արձանագրությանն առընթեր 1 Հավելված 3-րդ գլխին համապատասխան կարող է թույլ տալ տարբերիչ ազդանշանների օգտագործում բժշկական կազմավորումների և սանիտարա-տրանսպորտային միջոցների ճանաչման համար: Որպես բացառություն, վերը նշված գլխում նախատեսված հատուկ դեպքերում, սանիտարա-տրանսպորտային միջոցները կարող են օգտվել տարբերիչ ազդանշաններից` չօգտագործելով տարբերիչ խորհրդանշան:

6. Սույն հոդվածի 1-5 կետերի դրույթների կիրառումը պայմանավորվում է սույն Արձանագրությանն առընթեր 1 Հավելվածի 1-3-րդ գլուխներով: Այդ Հավելվածի 3-րդ գլխում նկարագրված և բացառապես բժշկական կազմավորումների և սանիտարա-տրանսպորտային միջոցների օգտագործման համար նախատեսված ազդանշանները, բացառությամբ այդ գլխում նշված դեպքերի, չպետք է օգտագործվեն որևէ այլ նպատակի համար, բացի միայն այն բժշկական կազմավորումների և սանիտարա-տրանսպորտային միջոցների ճանաչման համար, որոնք նշված են այդ գլխում:

7. Սույն հոդվածի դրույթները չեն թույլատրում խաղաղ ժամանակ տարբերիչ խորհրդանշանի ընդլայնված կիրառում այն սահմաններից դուրս, որ նախատեսված է Առաջին կոնվենցիայի 44 հոդվածում:

8. Կոնվենցիաների և սույն Արձանագրության` տարբերիչ խորհրդանշանի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը և դրա չարաշահումը կանխարգելելուն ու կասեցնելուն վերաբերող դրույթները կիրառվում են և տարբերիչ ազդանշանների նկատմամբ:

 

Հոդված 19. Չեզոք պետությունները և կոնֆլիկտի մեջ

գտնվող կողմեր չհանդիսացող այլ պետություններ

 

Չեզոք պետությունները և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր չհանդիսացող պետությունները սույն Արձանագրության համապատասխան դրույթները կիրառում են այն անձանց վերաբերմամբ, ովքեր համաձայն սույն Մասի, օգտվում են պաշտպանությունից, ովքեր կարող են ընդունվել կամ ներկալվել դրանց տարածքի սահմաններում, հավասարապես և այն մահացածների նկատմամբ, որոնք պատկանում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին, որոնց նրանք կարող են հայտնաբերել:

 

Հոդված 20. Ճնշումների արգելումը

 

Ճնշումներն այն անձանց և օբյեկտների նկատմամբ, որոնց սույն Մասին համապատասխան տրամադրվում է պաշտպանություն, արգելվում են:

 

ԲԱԺԻՆ 2
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 21. Ցամաքային սանիտարա-տրանսպորտային

միջոցները

 

Ցամաքային սանիտարա-տրանսպորտային միջոցներն օգտվում են նույնպիսի հարգանքից և պաշտպանությունից, ինչպես որ շարժական բժշկական կազմավորումները` Կոնվենցիաներին և սույն Արձանագրությանը համապատասխան:

 

Հոդված 22. Հոսպիտալային նավերը և առափնյա փրկարար

լողամիջոցները

 

1. Կոնվենցիաների դրույթները, որոնք վերաբերում են.

ա) Երկրորդ կոնվենցիայի 22, 24 և 25 հոդվածներում նշված նավերին,

բ) դրանց փրկարար նավակներին և ոչ մեծ նավերին,

գ) դրանց անձնակազմին և անձնախմբին, և

դ) նավատեսակներում գտնվող վիրավորներին, հիվանդներին և նավաբեկության ենթարկված անձանց,

կիրառվում են նաև այն դեպքերում, երբ այդ նավերը փոխադրում են քաղաքացիական վիրավորների, հիվանդների և նավաբեկության ենթարկված անձանց, որոնք չեն պատկանում Երկրորդ կոնվենցիայի 13 հոդվածում նշված կատեգորիաներից և ոչ մեկին: Սակայն այդպիսի քաղաքացիական անձինք ենթակա չեն հանձնման ցանկացած կողմի, որը չի հանդիսանում նրանց սեփական կողմը, կամ ծովում գերեվարվելուն: Եթե նրանք հայտնվում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի իշխանության տակ, որը չի հանդիսանում նրանց սեփական կողմը, նրանք ընկնում են Չորրորդ կոնվենցիայի և սույն Արձանագրության գործողության տակ:

2. Երկրորդ կոնվենցիայի 25 հոդվածում հիշատակված նավերի` Կոնվենցիաներով նախատեսվող պաշտպանությունը տարածվում է հոսպիտալային նավերի վրա, որոնք մարդասիրական նպատակներով կոնֆլիկտի մեջ գտնվող կողմին են տրամադրվում.

ա) չեզոք պետության կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմ չհանդիսացող այլ պետության կողմից, կամ

բ) անկողմնակալ միջազգային մարդասիրական կազմակերպության կողմից.

պայմանով, որ երկու դեպքում էլ կատարվում են այս հոդվածում շարադրված պահանջները:

3. Երկրորդ կոնվենցիայի 27 հոդվածում նշված ոչ մեծ նավերը օգտվում են պաշտպանությունից, եթե անգամ չի տրված այս հոդվածում նախատեսվող ծանուցումը: Այնուամենայնիվ, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին առաջարկվում է միմյանց տեղեկացնել այն բոլոր մանրամասների մասին, որոնք վերաբերում են այդպիսի նավերին, որոնք կարող են դյուրացնել դրանց ճանաչումը և որոշումը:

 

Հոդված 23. Այլ սանիտարական նավերը և լողամիջոցները

 

1. Սանիտարական նավերը և լողամիջոցները սույն Արձանագրության 22 հոդվածում և Երկրորդ կոնվենցիայի 38 հոդվածում նշվածներից զատ, որոնք գտնվում են ծովում, կամ այլ ջրերում, օգտվում են նույնպիսի հարգանքից և պաշտպանությունից, ինչպես որ շարժական սանիտարական կազմավորումները` Կոնվենցիաներին և սույն Արձանագրությանը համապատասխան: Քանի որ այդ պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե դրանք կարողանան ճանաչվել և որոշվել որպես սանիտարական նավեր կամ լողամիջոցներ, այդպիսի նավերը պետք է նշվեն տարբերիչ խորհրդանշանով և, որքան դա հնարավոր է, պահպանեն Երկրորդ կոնվենցիայի 43 հոդվածի 2 կետի դրույթը:

2. 1 կետում նշված նավերի և լողամիջոցների վրա շարունակում են տարածվել պատերազմի օրենքները: Մակերեսին գտնվող ցանկացած ռազմանավ, որն ի վիճակի է անմիջապես ստիպել դրանց կատարելու կարգադրությունը, կարող է նրանց հրաման տալ կանգ առնելու, թողնելու շրջանը կամ վերցնելու որոշակի ուղղություն, և դրանք պետք է ենթարկվեն այդպիսի հրամանի: Այդպիսի նավերը և լողամիջոցները չեն կարող որևէ ձևով շեղվել իրենց առաքելությունը կատարելուց այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են այդ նավերում և լողամիջոցներում գտնվող վիրավորներին, հիվանդներին և նավաբեկության ենթարկված անձանց:

3. 1 կետում նախատեսված պաշտպանությունը դադարեցվում է միայն այն պայմաններում, որոնք շարադրված են Երկրորդ կոնվենցիայի 34 և 35 հոդվածներում: 2 կետին համապատասխան տրված հրամանին ենթարկվելուց բացահայտ հրաժարումը համարվում է Երկրորդ կոնվենցիայի 34 հոդվածի համաձայն հակառակորդին վնաս հասցնելու գործողություն:

4. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը կարող է մինչև մեկնելը ցանկացած հակառակ կողմին որքան հնարավոր է շուտ ծանուցել անվանման, տեխնիկական տվյալների, մեկնելու սպասվող ժամանակի մասին, սանիտարական նավի կամ լողամիջոցի ուղղություն վերցնելու և ենթադրվող արագության մասին` հատկապես 2000 բրուտո-տոննայից բարձր ջրատարողության նավերի վերաբերմամբ, և կարող է հաղորդել ցանկացած ուրիշ տեղեկություններ, որոնք կդյուրացնեն ճանաչումը և որոշումը: Հակառակ կողմը հաստատում է այդպիսի տեղեկություններ ստանալը:

5. Երկրորդ կոնվենցիայի 37 հոդվածի դրույթները կիրառվում են այդպիսի նավերում և լողամիջոցներում գտնվող բժշկական և հոգևոր անձնակազմի նկատմամբ:

6. Երկրորդ կոնվենցիայի դրույթները կիրառվում են Երկրորդ կոնվենցիայի 13 և սույն Արձանագրության 44 հոդվածում նշված այն վիրավորների, հիվանդների և նավաբեկության ենթարկված անձանց նկատմամբ, ովքեր կարող են գտնվել այդպիսի սանիտարական նավերում և լողամիջոցներում: Այն քաղաքացիական վիրավորները, հիվանդները և նավաբեկության ենթարկված անձինք, որոնք չեն պատկանում Երկրորդ կոնվենցիայի 13 հոդվածում նշված կատեգորիաներից ոչ մեկին, քանի դեռ նրանք գտնվում են ծովում, ենթակա չեն ոչ հանձնման ցանկացած կողմի, որը չի հանդիսանում նրանց սեփական կողմը, ոչ էլ այդպիսի նավերից կամ լողամիջոցներից վար իջեցնելու: Սակայն, եթե նրանք հայտնվում են կոնֆլիկտի մեջ գտնվող այն կողմի իշխանության տակ, որը չի հանդիսանում նրանց սեփական կողմը, նրանք ընկնում են Չորրորդ կոնվենցիայի և սույն Արձանագրության դրույթների գործողության տակ:

 

Հոդված 24. Սանիտարական թռչող ապարատների

պաշտպանությունը

 

Սանիտարական թռչող ապարատներն օգտվում են հարգանքից և պաշտպանությունից` սույն Մասի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 25. Սանիտարական թռչող ապարատները հակառակորդ

կողմից չվերահսկվող շրջաններում

 

Ցամաքային շրջաններում և դրանց օդային տարածությունում, որոնց նկատմամբ ֆիզիկական վերահսկողությունն իրականացվում է բարեկամ ուժերի կողմից, կամ ծովային շրջաններում և դրանց օդային տարածությունում, որոնց նկատմամբ հակառակորդ կողմից ֆիզիկական վերահսկողություն չի իրականացվում, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի սանիտարական թռչող ապարատների նկատմամբ հարգանքը և պաշտպանությունը կախում չունեն հակառակորդ կողմի հետ որևէ համաձայնությունից: Այնուամենայնիվ, կոնֆլիկտի մեջ գտնվող և այդ շրջաններում սանիտարական թռչող ապարատներ օգտագործող կողմը առավել ապահովության համար կարող է հակառակորդ կողմին, ինչպես դա նախատեսված է 29 հոդվածում, ծանուցել, մասնավորապես, թե այդպիսի թռչող ապարատները երբ են թռիչքներ կատարում հակառակորդ կողմի «մակերես-օդ» դասի զենքին հասանելի շրջաններում:

 

Հոդված 26. Սանիտարական թռչող ապարատները շփման

գոտում կամ համանման գոտիներում

 

1. Շփման գոտու այն մասերում, որոնց նկատմամբ ֆիզիկական վերահսկողությունը իրականացվում է բարեկամ ուժերի կողմից, և այն շրջաններում, որոնց նկատմամբ որևէ ուժի կողմից ֆիզիկական վերահսկողություն հստակորեն չի սահմանված, ինչպես նաև դրանց համապատասխան օդային տարածությունում, սանիտարական թռչող ապարատների պաշտպանությունը կարող է լիովին իրական լինել միայն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի իրավասու իշխանությունների միջև նախապես կնքված համաձայնության հիման վրա, ինչպես դա նախատեսված է 29 հոդվածում: Թև նման համաձայնության բացակայության դեպքում թռչող ապարատները գործում են իրենց սեփական պատասխանատվությամբ, այնուամենայնիվ, դրանք օգտվում են հարգանքից այն բանից հետո, երբ դրանք ճանաչվում են որպես այդպիսիք:

2. «Շփման գոտի» նշանակում է ցամաքի ցանկացած շրջան, որտեղ հակամարտ ուժերի առաջապահ ստորաբաժանումները միմյանց հետ գտնվում են շփման մեջ և, հատկապես այնտեղ, որտեղ նրանք գտնվում են երկրից ուղիղ նշանառությամբ կրակի հասանելիության սահմաններում:

 

Հոդված 27. Սանիտարական թռչող ապարատները հակառակորդ

կողմից վերահսկվող շրջաններում

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի սանիտարական թռչող ապարատները օգտվում են պաշտպանությունից այն ցամաքային կամ ծովային շրջանների վրայով թռիչքների ժամանակ, որոնց նկատմամբ ֆիզիկական վերահսկողությունը կատարվում է հակառակորդ կողմից, պայմանով, որ այդպիսի թռիչքների կատարման համար նախապես ստացվել է այդ հակառակորդ կողմի իրավասու իշխանությունների համաձայնությունը:

2. Սանիտարական թռչող ապարատը, որը հակառակորդ կողմից իրականացվող ֆիզիկական վերահսկողության շրջանի վրայով թռիչք է կատարում 1 կետում նախատեսված համաձայնության բացակայությամբ կամ այն պայմաններից կատարված շեղումով, որոնց առթիվ նման համաձայնություն ստացված է, կամ օդագնացության սխալի հետևանքով, կամ արտակարգ հանգամանքների բերումով, որոնք սպառնում են թռիչքի անվտանգությանը, գործադրում է բոլոր ջանքերը իրեն ճանաչել տալու համար և այդ հանգամանքների մասին հակառակորդ կողմին տեղեկացնելու համար: Հենց որ այդպիսի թռչող ապարատը ճանաչվում է հակառակորդի կողմից, այդ կողմը ձեռնարկում է բոլոր խելամիտ ջանքերը այն հաշվով, որպեսզի հրաման տա վայրէջք կատարել ցամաքում կամ ջրի վրա, ինչպես դա նախատեսված է 30 հոդվածում (կետ 1), կամ ձեռնարկում է այլ միջոցներ իր շահերի պահպանության համար, և ամեն դեպքում թռչող ապարատին տալով ժամանակ հրամանը կատարելու համար, նախքան նրա վրա հարձակման դիմելը:

 

Հոդված 28. Սանիտարական թռչող ապարատների օգտագործման

սահմանափակումը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին արգելվում է հակառակորդ կողմի նկատմամբ որևէ ռազմական առավելություն ստանալու նպատակով իրենց սանիտարական թռչող ապարատների օգտագործումը: Սանիտարական թռչող ապարատների առկայությունը չպետք է օգտագործվի հարձակումից ռազմական օբյեկտների անձեռնմխելիության ապահովման նպատակով:

2. Սանիտարական թռչող ապարատները չպետք է օգտագործվեն հետախուզական տվյալներ հավաքելու կամ հաղորդելու համար և չպետք է կրեն այդ նպատակների համար նախատեսված սարքավորում: Դրանց արգելվում է իրականացնել ցանկացած անձանց կամ բեռների փոխադրումը, որոնք մտցված չեն 8 հոդվածում (ե) բովանդակվող սահմանման մեջ: Սանիտարական թռչող ապարատներով դրանց մեջ գտնվող անձանց անհատական իրերի փոխադրումը, կամ բացառապես թռիչքի, կապի և ճանաչման դյուրացման համար նախատեսված սարքավորման առկայությունը չեն համարվում արգելված:

3. Սանիտարական թռչող ապարատները չպետք է կրեն որևէ այլ զենք, բացի հրաձգային զենքից ու զինամթերքից, որոնք վերցված են այդ թռչող ապարատներում գտնվող վիրավորներից, հիվանդներից և նավաբեկության ենթարկված անձանցից և դեռ չեն հանձնված համապատասխան ծառայությանը, բացի այնպիսի թեթև անձնական զենքից, որը կարող է անհրաժեշտ լինել թռչող ապարատներում գտնվող բժշկական անձնակազմին` ինքնապաշտպանության և նրա խնամքի տակ գտնվող վիրավորների, հիվանդների և նավաբեկության ենթարկված անձանց պաշտպանության համար:

4. 26 և 27 հոդվածներում հիշատակված թռիչքները կատարելիս սանիտարական թռչող ապարատները, բացառությամբ հակառակորդ կողմի հետ նախօրոք կնքված համաձայնությամբ նախատեսված դեպքերից, չպետք է օգտագործվեն վիրավորների, հիվանդների և նավաբեկության ենթարկված անձանց որոնման համար:

 

Հոդված 29. Սանիտարական թռչող ապարատներին վերաբերող

ծանուցումները և համաձայնագրերը

 

1. 25 հոդվածին համապատասխան ծանուցումները կամ 26, 27, 28 (կետ 4) և 31 հոդվածին համապատասխան նախնական համաձայնության մասին հարցումները բովանդակում են տվյալներ սանիտարական թռչող ապարատների ենթադրվող թվի, դրանց թռիչքների պլանների և ճանաչման միջոցների մասին, և դիտվում են այնպես, որ դրանք նշանակում են, թե յուրաքանչյուր թռիչք կկատարվի 28 հոդվածին համապատասխան:

2. Կողմը, որ ստանում է 25 հոդվածին համապատասխան հղված ծանուցումը, առանց ուշացնելու հաստատում է այդպիսի ծանուցման ստացումը:

3. 26, 27, 28 (կետ 4) հոդվածներին կամ 31 հոդվածին համապատասխան նախնական համաձայնության մասին հարցում ստացող կողմը, որքան հնարավոր է, արագորեն հարցում անող կողմին ծանուցում է

ա) հարցումը բավարարելու համաձայնության մասին,

բ) հարցումը մերժելու մասին, կամ

գ) ի պատասխան հարցումի խելամիտ այլ ընտրական առաջարկությունների մասին: Կողմը կարող է նաև առաջարկել արգելելու կամ սահմանափակելու թռիչքները տվյալ շրջանում համապատասխան ժամանակում: Եթե հարցում ուղարկող կողմն ընդունում է այլընտրական առաջարկությունները, ապա մյուս կողմին տեղեկացնում է այդ առաջարկություններն ընդունելու իր համաձայնության մասին:

4. Կողմերը նաև անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այն բանի համար, որպեսզի ապահովեն արագ ծանուցումը և համաձայնագրերի կնքումը:

5. Կողմերը նաև անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այն հաշվով, որպեսզի ցանկացած այդպիսի ծանուցման կամ համաձայնության էությունը հնարավոր լինի արագորեն հասցնել համապատասխան զորամասերի գիտությանը, և այդ մասերին հրահանգավորում են նաև ճանաչման այն միջոցների մասին, որոնք կօգտագործվեն տվյալ սանիտարական թռչող ապարատի կողմից:

 

Հոդված 30. Սանիտարական թռչող ապարատների վայրէջքը

և ստուգումը

 

1. Այն սանիտարական թռչող ապարատներին, որոնք թռիչքներ են կատարում հակառակորդ կողմից ֆիզիկական վերահսկողության իրականացման շրջանների վրայով, ինչպես նաև թռիչքներ են կատարում այնպիսի շրջանների վրայով, որոնց նկատմամբ ֆիզիկական վերահսկողություն հստակորեն չի սահմանված, կարող է հրամայվել, դեպքի հանգամանքներից կախված, վայրէջք կատարել կամ նստել ջրի վրա ստուգում անցնելու համար` ներքոհիշյալ կետերին համապատասխան: Սանիտարական թռչող ապարատները պետք է ենթարկվեն այդպիսի ցանկացած հրամանի:

2. Հրամանի համաձայն կամ ուրիշ պատճառներով վայրէջք կատարած կամ ջրի վրա նստած դեպքում, թռչող ապարատը կարող է ստուգման ենթարկվել բացառապես պարզելու նպատակով այն, թե ապարատը համապատասխանո՞ւմ է 3 և 4 կետերում նշված պայմաններին: Ցանկացած այդպիսի ստուգում կատարվում է առանց ուշացնելու և կարճ ժամկետում: Ստուգում կատարող կողմը չի պահանջում թռչող ապարատից հեռացնել վիրավորներին և հիվանդներին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց հեռացումն անհրաժեշտ է ստուգման համար: Ստուգում կատարող կողմը բոլոր դեպքերում ապահովում է, որպեսզի ստուգման կամ թռչող ապարատից հեռացնելու հետևանքով վիրավորների և հիվանդների վիճակը չվատթարանա:

3. Եթե այդպիսի ստուգումը ցույց տա, որ թռչող ապարատը

ա) հանդիսանում է սանիտարական թռչող ապարատ 8 հոդվածի (կետ ի) նշանակությամբ,

բ) չի խախտում 28 հոդվածում նախատեսված պայմանները, և

գ) թռիչք չի կատարել առանց նախնական համաձայնության կամ ի խախտումն դրա, երբ պահանջվում է այդպիսի համաձայնություն,

ապա թռչող ապարատին և այնտեղ գտնվող անձանց, որոնք պատկանում են հակառակորդ կողմին կամ չեզոք պետությանը կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմ չհանդիսացող այլ պետության, թույլատրվում է շարունակել թռիչքը առանց ուշացման:

4. Եթե այդպիսի ստուգումը ցույց տա, որ թռչող ապարատը.

ա) չի հանդիսանում սանիտարական ապարատ 8 հոդվածի (կետ ի) նշանակությամբ.

բ) խախտում է 28 հոդվածում նախատեսված պայմանները, կամ

գ) թռիչքը կատարել է առանց նախնական համաձայնության կամ ի խախտումն դրա, երբ պահանջվում է այդպիսի համաձայնություն,

այդպիսի թռչող ապարատը կարող է ետ պահվել: Թռչող ապարատում գտնվող բոլոր անձանց հետ վարվում են Կոնվենցիաների և սույն Արձանագրության համապատասխան դրույթների համաձայն: Ցանկացած ետ պահված թռչող ապարատ, որը նախատեսված է եղել օգտագործվելու որպես մշտական թռչող սանիտարական ապարատ, կարող է հետագայում օգտագործվել միայն որպես սանիտարական թռչող ապարատ:

 

Հոդված 31. Չեզոք պետությունները կամ կոնֆլիկտի մեջ

գտնվող կողմեր չհանդիսացող մյուս պետությունները

 

1. Սանիտարական թռչող ապարատները չպետք է թռիչքներ կատարեն չեզոք պետության կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմ չհանդիսացող այլ պետության տարածքով, և չպետք է վայրէջք կատարեն այնտեղ, բացի միայն նախապես ձեռք բերված համաձայնության բերումով: Սակայն, նման համաձայնության առկայության դեպքում, ամբողջ թռիչքի ընթացքում, ինչպես նաև այդպիսի տարածքում ցանկացած միջանկյալ վայրէջքի ժամանակ օգտվում են հարգանքից: Այնուամենայնիվ, դրանք պետք է ենթարկվեն վայրէջք կատարելու կամ ջրի վրա նստելու ցանկացած հրամանի, դեպքի հանգամանքներից կախված:

2. Եթե սանիտարական թռչող ապարատը չեզոք պետության կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմ չհանդիսացող այլ պետության տարածքով թռիչք է կատարում համաձայնության բացակայությամբ կամ օդագնացության սխալի հետևանքով, կամ թռիչքի անվտանգության վրա ազդող արտակարգ հանգամանքների բերումով համաձայնության պայմաններից շեղվելով, ապա թռչող ապարատը ձեռնարկում է բոլոր միջոցները այդպիսի թռիչքի մասին ծանուցելու և իրեն ճանաչել տալու համար: Հենց որ այդպիսի սանիտարական թռչող ապարատը ճանաչվում է, այդ պետությունը գործադրում է բոլոր խելամիտ միջոցները այն հաշվով, որպեսզի հրաման տա վայրէջք կատարելու կամ ջրի վրա նստելու համար` 30 հոդվածին (կետ 1) համապատասխան, կամ ձեռնարկում է միջոցներ իր շահերը պահպանելու համար, և ամեն դեպքում, թռչող ապարատին ժամանակ է տրամադրում հրամանը կատարելու համար, նախքան նրա վրա հարձակման դիմելը:

3. Եթե սանիտարական թռչող ապարատը համաձայնությանը համապատասխան կամ 2 կետում հիշատակված հանգամանքների բերումով հրամանի համաձայն կամ որևէ այլ պատճառներով վայրէջք է կատարում կամ նստում է ջրի վրա չեզոք պետության կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմ չհանդիսացող այլ պետության տարածքում, այդ թռչող ապարատը ստուգման է ենթարկվում պարզելու համար, թե այն հանդիսանո՞ւմ է սանիտարական թռչող ապարատ: Ստուգումը կատարվում է առանց ուշացնելու և կարճ ժամկետում: Ստուգում կատարող կողմը չի պահանջում թռչող ապարատն օգտագործող կողմի վիրավորների և հիվանդների հեռացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց հեռացումն անհրաժեշտ է ստուգման համար: Ստուգում կատարող կողմը բոլոր դեպքերում ապահովում է, որպեսզի ստուգման կամ թռչող ապարատից հեռացման հետևանքով չվատթարանա վիրավորների և հիվանդների վիճակը: Եթե ստուգումը ցույց է տալիս, որ թռչող ապարատը հանդիսանում է սանիտարական թռչող ապարատ, ապա այդպիսի թռչող ապարատին, դրանում գտնվող անձանց հետ միասին, բացառությամբ նրանցից, ովքեր պետք է ետ պահվեն միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող նորմաներին համապատասխան, թույլատրվում է շարունակել թռիչքը, և ապարատին տրամադրվում են անհրաժեշտ պայմաններ թռիչքը շարունակելու համար: Եթե ստուգումից պարզված է, որ թռչող ապարատը չի հանդիսանում սանիտարական թռչող ապարատ, ապա այն ետ է պահվում, և նրանում գտնվող անձանց հետ վարվում են 4 կետին համապատասխան:

4. Բացառությամբ ժամանակավորապես վերցվածների, վիրավորները, հիվանդները և նավաբեկության ենթարկված անձինք, որոնք սանիտարական թռչող ապարատից վերցվել են չեզոք պետության կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմ չհանդիսացող այլ պետության տարածքում տեղական իշխանությունների համաձայնությամբ, այդ պետության և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև այլ բնույթի համաձայնության բացակայության դեպքում, այդ պետության կողմից պահվում են, եթե դա պահանջում են միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակ կիրառվող նորմաները, այնպես, որպեսզի նրանք չկարողանան վերստին մասնակցել ռազմական գործողություններին: Հոսպիտալացման և ներկալման հետ կապված ծախսերը կատարում է այն պետությունը, որին պատկանում են այդ անձինք:

5. Չեզոք պետությունները և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր չհանդիսացող մյուս պետությունները կիրառում են ցանկացած պայման և սահմանափակում իրենց տարածքով սանիտարական թռչող ապարատների թռիչքի կամ այդ տարածքում վայրէջքի վերաբերմամբ` կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հետ համահավասար հիման վրա:

 

ԲԱԺԻՆ 3
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԵՎ ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԻՆՔ

 

Հոդված 32. Ընդհանուր սկզբունքը

 

Սույն բաժնի դրույթները կիրառելիս կոնֆլիկտի մեջ գտնվող Բարձր Պայմանավորվող Կողմերը և Կոնվենցիայում և սույն Արձանագրության մեջ հիշատակված միջազգային մարդասիրական կազմակերպությունները իրենց գործունեության մեջ ելնում են իրենց հարազատների ճակատագրի մասին իմանալու ընտանիքների իրավունքից:

 

Հոդված 33. Անհայտ կորած անձինք

 

1. Հենց որ հանգամանքները թույլ տան, և ամենաուշը ռազմական ակտիվ գործողությունների ավարտից հետո, կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ փնտրում է այն անձանց, որոնց մասին հակառակորդ կողմը հաղորդում է որպես անհայտ կորած անձինք: Այդ հակառակորդ կողմը տրամադրում է բոլոր անհրաժեշտ տվյալները այդ անձանց մասին` նրանց որոնմանը նպաստելու նպատակով:

2. Նախորդ կետին համապատասխան տեղեկություններ հավաքելուն նպաստելու նպատակով, կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ, այն անձանց վերաբերմամբ, որոնք չեն օգտվի առավել նպաստավոր վերաբերմունքից Կոնվենցիայի և սույն Արձանագրության համաձայն.

ա) տեղեկություններ է գրանցում, ինչպես դա նախատեսված է Չորրորդ կոնվենցիայի 138 հոդվածով, այն անձանց մասին, որոնք պահվել են, բանտարկվել կամ որևէ այլ կերպ ազատազրկվել երկու շաբաթը գերազանցող ժամկետով` ի հետևանս ռազմական գործողությունների կամ օկուպացման, կամ էլ որոնք մահացել են այդպիսի կալանման հետևանքով.

բ) առավելագույն հնարավորության չափով նպաստում է այդպիսի անձանց որոնմանը և նրանց մասին տեղեկությունների գրանցմանը, եթե նրանք մահացել են այլ հանգամանքներում ռազմական գործողությունների կամ օկուպացման հետևանքով և, անհրաժեշտության դեպքում, ինքն է կատարում այդպիսի որոնում և գրանցում:

3. Այն անձանց մասին տեղեկությունները, որոնց մասին, ինչպես որ անհայտ կորած անձանց մասին 1 կետին համապատասխան հաղորդվել է, և այդպիսի տեղեկությունների մասին հարուցումները հաղորդվում են կամ անմիջականորեն, կամ Հովանավոր տերության միջոցով, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի Կենտրոնական տեղեկատու գործակալության միջոցով կամ Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) ազգային ընկերությունների միջոցով: Երբ տեղեկությունները հաղորդվում են ոչ թե Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի և նրա Կենտրոնական տեղեկատու գործակալության միջոցով, ապա կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ ապահովում է, որ այդպիսի տեղեկություններն ուղարկվեն նաև Կենտրոնական տեղեկատու գործակալություն:

4. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ձգտում են համաձայնության գալ որոնման, ճանաչման և ռազմական գործողությունների շրջաններից մահացածներին դուրս բերելու համար խմբեր կազմելու մասին, ներառյալ համաձայնությունները, եթե դա անհրաժեշտ է, հակառակորդ կողմից վերահսկվող շրջաններում իրենց խնդիրները կատարելիս հակառակորդ կողմի անձնակազմի կողմից այդպիսի խմբերին ուղեկցելու մասին: Այդպիսի խմբերի անձնակազմը, նրա կողմից բացառապես այդպիսի պարտականությունները կատարելիս, օգտվում է հարգանքից և պաշտպանությունից:

 

Հոդված 34. Մահացածների աճյունները

 

1. Այն անձանց աճյունները, որոնք մահացել են օկուպացման հետ կապված պատճառներով, կամ բանտարկության մեջ, որը հանդիսանում է օկուպացման կամ ռազմական գործողությունների հետևանք, և այն անձանց աճյունները, որոնք չեն հանդիսանում այն երկրի քաղաքացիները, որտեղ նրանք մահացել են ռազմական գործողությունների հետևանքով, օգտվում են հարգանքից, այդպիսի բոլոր անձանց թաղման տեղերը օգտվում են հարգանքից, պահպանվում են և նշվում, ինչպես դա նախատեսվում է Չորրորդ կոնվենցիայի 130 հոդվածում, եթե այդպիսի անձանց աճյունները կամ նրանց թաղման տեղերը չեն օգտվում առավել նպաստավոր վերաբերմունքից` Կոնվենցիաներին և սույն Արձանագրությանը համապատասխան:

2. Հենց որ թույլ տան հանգամանքները և հակառակորդ կողմերի միջև հարաբերությունները, Բարձր Պայմանավորվող Կողմերը, որոնց տարածքում գտնվում են ռազմական գործողությունների հետևանքով կամ օկուպացման ժամանակ, կամ բանտարկության մեջ մահացած անձանց գերեզմանները, կամ աճյունների թաղման հնարավոր մյուս տեղերը, պայմանագրեր են կնքում, նպատակ ունենալով.

ա) նպաստել մահացածների հարազատների և գերեզմանների գրանցման պաշտոնական ծառայությունների ներկայացուցիչների մուտքին թաղման այդ տեղերը, ինչպես նաև այդպիսի մուտքի ապահովման համար գործնական միջոցների ձեռնարկմանը,

բ) մշտապես պահպանել և խնամել թաղման այդպիսի տեղերը,

նպաստել մահացածների աճյունների և անձնական գույքի վերադարձմանը հայրենիք` այդ կողմի խնդրանքով կամ, եթե այդ երկիրը չի առարկում, մահացածների մերձակա հարազատների խնդրանքով:

3. 2 բ) կամ 2 գ) կետերում նախատեսված համաձայնագրերի բացակայության դեպքում, և եթե այն երկիրը, որը հանդիսանում է մահացածների հայրենիքը, համաձայն չէ իր հաշվին ապահովել թաղման այդպիսի տեղերի պահպանությունը, ապա այն Բարձր Պայմանավորվող Կողմը, որի տարածքում են գտնվում թաղման այդպիսի տեղերը, կարող է առաջարկել աջակցելու այդպիսի մահացածների աճյունների վերադարձմանը հայրենիք: Երբ այդ առաջարկությունը չի ընդունվում, ապա Բարձր Պայմանավորվող Կողմը նման առաջարկության տարեթվից հինգ տարի անց և մահացածների հայրենիք հանդիսացող երկիրն պատշաճ ծանուցումից հետո, կարող է իր սեփական օրենսդրության մեջ նախատեսվող միջոցներ ձեռնարկել գերեզմանատների և գերեզմանների վերաբերյալ:

4. Այն Բարձր Պայմանավորվող Կողմին, որի տարածքում գտնվում են սույն հոդվածում հիշատակված` թաղման տեղեր, թույլատրվում է դիակը շիրմից հանել միայն.

ա) 2 գ) և 3 կետերին համապատասխան, կամ

բ) երբ դիակը շիրմից հանելը առաջանում է հանրային բարձր անհրաժեշտությունից, ներառյալ բժշկական անհրաժեշտություն և հետաքննություն կատարելու անհրաժեշտություն առաջացնող դեպքերը, այդ դեպքում Բարձր Պայմանավորվող Կողմը մշտապես հարգանքով է վերաբերվում աճյունների նկատմամբ և մահացողների հայրենիք հանդիսացող երկրին ծանուցում է դիակը շիրմից հանելու իր մտադրության մասին, ինչպես նաև նրան մանրամասներ է հաղորդում վերաթաղման նախնական տեղի մասին:

 

Հոդված 35. Հիմնական նորմաները

 

1. Ցանկացած ռազմական կոնֆլիկտի դեպքում պատերազմի վարման մեթոդների և միջոցների ընտրության` կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի իրավունքը սահմանափակ չէ:

2. Արգելվում է կիրառել այնպիսի զենք, նյութեր և պատերազմի վարման այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել:

3. Արգելվում է ռազմական գործողությունների վարման այնպիսի մեթոդներ կիրառել, որոնք նպատակ ունեն բնության միջավայրին պատճառելու, կամ, կարելի է սպասել, որ կպատճառեն լայնածավալ, երկարատև և լուրջ վնաս:

 

Հոդված 36. Զենքի նոր տեսակները

 

Զենքի նոր տեսակներ, պատերազմի միջոցներ կամ մեթոդներ ուսումնասիրելիս, մշակելիս, ձեռք բերելիս կամ գործողության մեջ դնելիս Բարձր Պայմանավորվող Կողմը պետք է որոշի, թե դրանց կիրառումը որոշ կամ բոլոր հանգամանքներում ընկնո՞ւմ է սույն Արձանագրության մեջ կամ Բարձր Պայմանավորվող Կողմի նկատմամբ միջազգային որևէ ուրիշ նորմաներում բովանդակվող արգելքի տակ:

 

Հոդված 37. Ուխտադարձության արգելումը

 

1. Արգելվում է հակառակորդին սպանել, վիրավորել կամ գերի վերցնել` ուխտադրժության դիմելով: Ուխտադրժություն են համարվում այն գործողությունները, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի վստահություն առաջացնեն հակառակորդի մոտ և ստիպեն նրան հավատալու, որ նա ունի պաշտպանության իրավունք կամ պարտավոր է այդպիսի պաշտպանություն տրամադրել զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող միջազգային իրավունքի նորմաների համաձայն, նպատակ ունենալով խաբել այդպիսի վստահությունից օգտվելով: Ուխտադրժության օրինակներ են հանդիսանում հետևյալ գործողությունները.

ա) հաշտության դրոշի ներքո բանակցություններ վարելու մտադրություն ձևացնելը կամ կապիտուլացում ձևացնելը,

բ) վիրավորվելու կամ հիվանդության հետևանքով շարքից դուրս գալ ձևացնելը,

գ) քաղաքացիական անձի կամ ոչ կոմբատանտի կարգավիճակ ունենալ ձևացնելը, և

դ) Միավորված Ազգերի Կազմակերպության, չեզոք պետությունների կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր չհանդիսացող այլ պետությունների նշանների, խորհրդանշանների կամ համազգեստի օգտագործման միջոցով պաշտպանություն տրամադրող կարգավիճակ ունենալ ձևացնելը:

2. Ռազմական խորամանկությունները չեն արգելվում: Այդպիսի խորամանկություններ են հանդիսանում այն գործողությունները, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի հակառակորդին թյուրիմացության մեջ գցեն կամ հրահրեն գործելու անմտածված, որոնք սակայն չեն խախտում միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների շրջանում կիրառվող որևէ նորմա, և որոնք չեն հանդիսանում ուխտադրուժ գործողություններ, քանի որ դրանք չեն խաբում հակառակորդ կողմի վստահությունը այդ իրավունքով տրամադրվող պաշտպանության նկատմամբ: Այդպիսի խորամանկությունների օրինակներ են հանդիսանում հետևյալ գործողությունները. քողարկման, թակարդի, կեղծ օպերացիաների և ապատեղեկատվության օգտագործումը:

 

Հոդված 38. Խորհրդանշանի ճանաչումը

 

1. Արգելվում է Կարմիր խաչի, Կարմիր կիսալուսնի կամ Կարմիր առյուծի և արևի տարբերիչ խորհրդանշանի կամ Կոնվենցիաներով, կամ սույն Արձանագրությամբ նախատեսված մյուս խորհրդանշանների, նշանների և ազդանշանների օգտագործումը ոչ իրենց նշանակությամբ: Նաև արգելվում է զինված կոնֆլիկտի ժամանակ միտումնավոր կերպով չարաշահել միջազգայնորեն ճանաչված խորհրդանշանները, նշանները և ազդանշանները, ներառյալ հաշտության դրոշակը և մշակութային արժեքների պաշտպանական խորհրդանշանը:

2. Արգելվում է օգտագործել Միավորված Ազգերի Կազմակերպության տարբերիչ խորհրդանշանը, և դա միայն այդ Կազմակերպության թույլտվությամբ:

 

Հոդված 39. Ազգային խորհրդանշանները

 

1. Զինված կոնֆլիկտի մեջ արգելվում է օգտագործել չեզոք պետությունների կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր չհանդիսացող այլ պետությունների դրոշները, զինվորական խորհրդանշանները, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը:

2. Արգելվում է օգտագործել հակառակորդ կողմերի դրոշները, զինվորական խորհրդանշանները, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը հարձակումների ժամանակ կամ ռազմական գործողությունները քողարկելու, դրանց նպաստելու, պաշտպանելու կամ դրանք դժվարացնելու համար:

3. Սույն հոդվածում կամ 37 հոդվածում (կետ 1 գ) ոչինչ չի շոշափում միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչման արժանացած այն նորմաները, որոնք կիրառվում են լրտեսության նկատմամբ կամ ծովում զինված կոնֆլիկտների ժամանակ դրոշների օգտագործման նկատմամբ:

 

Հոդված 40. Գթությունը

 

Արգելվում է ոչ մեկին կենդանի չթողնելու հրաման տալը, դրանով սպառել հակառակորդին կամ ռազմական գործողություններ վարել այդ հիման վրա:

 

Հոդված 41. Հակառակորդ կողմի` շարքից դուրս եկած անձանց

երաշխիքները

 

1. Արգելվում է հարձակման ենթարկել այն անձին, որը ճանաչված է կամ որը տվյալ հանգամանքներում հարկ է ճանաչել որպես շարքից դուրս եկած անձ:

2. Շարքից դուրս եկած է համարվում այն անձը, որը.

ա) գտնվում է հակառակորդ կողմի իշխանության տակ.

բ) բացահայտորեն մտադրություն է արտահայտում հանձնվել գերի, կամ

գ) գտնվում է գիտակցությունը կորցրած վիճակում կամ որևէ ձևով շարքից դուրս է եկել վիրավորվելու կամ հիվանդության հետևանքով և այդ պատճառով ընդունակ չէ պաշտպանվելու, պայմանով, որ ցանկացած այդպիսի դեպքում այդ անձը ձեռնպահ է մնում որևէ թշնամական գործողությունից և չի փորձում փախչել:

3. Երբ որպես ռազմագերիներ պաշտպանության իրավունք ունեցող անձինք հակառակորդ կողմի իշխանության տակ են ընկնում ռազմական գործողությունների անսովոր պայմաններում, որոնց ժամանակ հնարավոր չէ նրանց էվակուացումը, ինչպես դա նախատեսված է Երկրորդ կոնվենցիայի 1 մասում (բաժին 3-րդ), ապա նրանք ազատվում են, և նրանց անվտանգության ապահովման համար ձեռնարկվում են նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները:

 

Հոդված 42. Թռչող ապարատներում գտնվող անձինք

 

1. Աղետի ենթարկվող թռչող ապարատից պարաշյուտով հեռացած ոչ մի անձ հարձակման չի ենթարկվում նրա վայրէջքի ամբողջ ընթացքում:

2. Աղետի ենթարկվող թռչող ապարատից պարաշյուտով հեռացած, հակառակորդ կողմից վերահսկվող տարածքում վայրէջք կատարած անձին հնարավորություն է տրվում գերի հանձնվել մինչև օբյեկտ դառնալը, եթե ակնառու չի երևում, որ նա թշնամական գործողություն է կատարում:

3. Ռազմա-դեսանտային զորքերը չեն ընկնում այդ հոդվածի տակ:

 

ԲԱԺԻՆ 2-ՐԴ
ԿՈՄԲԱՏԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 43. Զինված ուժերը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի զինված ուժերը բաղկացած են բոլոր կազմակերպված զինված ուժերից, խմբերից և ստորաբաժանումներից, որոնք գտնվում են իր բոլոր ենթակաների վարքագծի համար այդ կողմի առջև պատասխանատու անձի հրամանատարության ներքո, եթե անգամ այդ կողմը ներկայացված է հակառակորդ պետության կողմից ճանաչված կառավարությամբ կամ իշխանությամբ: Այդպիսի զինված ուժերը ենթարկվում են ներքին կարգապահական համակարգի, որը այլ հանգամանքներից բացի, ապահովում է միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակ կիրառվող նորմաների պահպանումը:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի մեջ մտնող անձինք (բացի բժշկական և հոգևոր անձնակազմից, որի մասին խոսվում է Երրորդ կոնվենցիայի 33 հոդվածում), հանդիսանում են կոմբատանտներ, այսինքն, նրանք իրավունք ունեն անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին:

3. Ամեն անգամ, երբ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը իր զինված ուժերի կազմի մեջ մտցնում է կիսառազմական կազմակերպություն կամ զինված կազմակերպություն, որն ապահովում է կարգի պահպանությունը, այդ մասին ծանուցում է կոնֆլիկտի մեջ գտնվող մյուս կողմերին:

 

Հոդված 44. Կոմբատանտները և ռազմագերիները

 

1. Ցանկացած կոմբատանտ, ինչպես դա սահմանված է 43 հոդվածում, որն ընկնում է հակառակորդ կողմի իշխանության տակ, հանդիսանում է ռազմագերի:

2. Թեև բոլոր կոմբատանտները պարտավոր են պահպանել զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող միջազգային իրավունքի նորմաները, այդ նորմաների խախտումները կոմբատանտին չեն զրկում կոմբատանտ համարվելու նրա իրավունքից կամ, եթե նա ընկնում է հակառակորդ կողմի իշխանության տակ, ռազմագերի համարվելու նրա իրավունքից, բացառությամբ 3 և 4 կետերում նախատեսված դեպքերի:

3. Ռազմական գործողությունների հետևանքներից քաղաքացիական բնակչության պաշտպանության ուժեղացմանը նպաստելու համար, կոմբատատները պարտավոր են քաղաքացիական բնակչությունից իրենց տարբերել այն ժամանակ, երբ նրանք մասնակցում են հարձակմանը կամ հարձակման նախապատրաստություն հանդիսացող ռազմական օպերացիային: Սակայն այն բանի կապակցությամբ, որ ռազմական կոնֆլիկտների ժամանակ լինում են այնպիսի իրավիճակներ, երբ ռազմական գործողությունների բնույթի հետևանքով զինված կոմբատանտը չի կարող իրեն տարբերել քաղաքացիական բնակչությունից, նա պահպանում է կոմբատանտի իր կարգավիճակը պայմանով, որ այդպիսի իրավիճակներում նա իր զենքը կրում է բացեիբաց.

ա) ամեն մի ռազմական բախման ժամանակ, և

բ) այն ժամանակ, երբ նա գտնվում է հակառակորդի աչքի առաջ մարտակարգերի` այն հարձակման սկզբին նախորդող ծավալման ընթացքում, որին նա պետք է մասնակցի:

Սույն կետի պահանջներին համապատասխանող գործողությունները չեն դիտվում որպես ուխտադրուժ գործողություններ 37 հոդվածի (կետ 1 գ) նշանակությամբ:

4. Կոմբատանտը, որը հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկնում այն ժամանակ, երբ նա չի կատարում 3 կետի երկրորդ դարձվածքում շարադրված պահանջները, զրկվում է ռազմագերի համարվելու իրավունքից, բայց և այնպես նրան տրամադրվում է պաշտպանության բոլոր տեսակետներից հավասարազոր այն պաշտպանությունը, որը տրամադրվում է ռազմագերիներին` Երկրորդ կոնվենցիային և սույն Արձանագրությանը համապատասխան: Այդպիսի պաշտպանությունը ներառում է այն պաշտպանությանը հավասարազոր պաշտպանություն, որը տրամադրվում է ռազմագերիներին Երրորդ կոնվենցիային համապատասխան այն դեպքում, եթե այդպիսի անձը տրվում է դատարան և պատիժ կրում ցանկացած այն իրավախախտումների համար, որոնք նա կատարել է:

5. Ցանկացած կոմբատանտ, որը հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկնում, երբ նա չի մասնակցում հարձակմանը կամ հարձակման նախապատրաստություն հանդիսացող ռազմական օպերացիային, չի կորցնում կոմբատանտ և ռազմագերի համարվելու իր իրավունքը` նախկինում նրա կողմից կատարված գործողությունների պատճառով:

6. Տվյալ հոդվածը ոչ մի վնաս չի հասցնում Երրորդ կոնվենցիայի 4 հոդվածին համապատասխան ռազմագերի համարվելու ցանկացած անձի իրավունքին:

7. Տվյալ հոդվածը նպատակ չունի փոխելու այն կոմբատանտների կողմից համազգեստ կրելու վերաբերմամբ պետությունների համընդհանուր ընդունված պրակտիկան, որոնք մտցված են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի կանոնավոր զորքերի համազգեստ հագած զինված ստորաբաժանումների կազմի մեջ:

8. Ի լրումն Առաջին և Երկրորդ կոնվենցիաների 13 հոդվածում հիշատակված անձանց կատեգորիաների, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմից բոլոր անձինք, ինչպես դա սահմանված է սույն Արձանագրության 43 հոդվածում այդ Կոնվենցիաներին համապատասխան պաշտպանության իրավունք ունեն, եթե նրանք վիրավորված են կամ հիվանդ, կամ Երկրորդ կոնվենցիայի կիրառմամբ, եթե նրանք նավաբեկության են ենթարկվել ծովում կամ այլ ջրերում:

 

Հոդված 45. Ռազմական գործողություններին մասնակցող

անձանց պաշտպանությունը

 

1. Ռազմական գործողություններին մասնակցող և հակառակորդ կողմի իշխանության տակ ընկնող անձը համարվում է ռազմագերի և դրա հետևանքով օգտվում է Երրորդ Կոնվենցիայի պաշտպանությունից, եթե նա հավակնում է ռազմագերու կարգավիճակի, եթե ներկայացվում է, որ նա այդպիսի կարգավիճակի իրավունք ունի, կամ եթե այն կողմը, որից նա կախված է, նրա համար պահանջում է այդպիսի կարգավիճակ` նրան պահող տերությանը կամ Հովանավոր տերությանը ծանուցելու միջոցով: Որևէ տարակուսանք առաջանալու դեպքում, թե ցանկացած այդպիսի անձ ռազմագերու կարգավիճակի իրավունք ունի՞, այդ անձը շարունակում է պահպանել այդպիսի կարգավիճակը և, հետևաբար, Երրորդ կոնվենցիայի և սույն Արձանագրության պաշտպանությունից օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ նրա կարգավիճակը չի որոշվել իրավասու դատական ատյանի կողմից:

2. Եթե անձը, որը հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկել, չի պահվում որպես ռազմագերի և ենթակա է այդ կողմի դատի ռազմական գործողությունների հետ կապված իրավախախտման համար, նա դատական մարմինների առջև ռազմագերու կարգավիճակի և այդ հարցով որոշման իրավունք ունի: Այդ դեպքերում, երբ կիրառվող ընթացակարգին համապատասխան դա հնարավոր է, այդ որոշումը կայացվում է մինչև իրավախախտման համար դատը: Հովանավոր տերությունների ներկայացուցիչներն իրավունք ունեն ներկա լինելու դատավարությանը, որտեղ վճիռ է կայացվում այդ հարցի առթիվ, եթե միայն, որպես բացառություն այն տեղի չի ունենում դռնփակ դատական նիստում ի շահ պետական անվտանգության: Այդպիսի դեպքում պահող տերությունը համապատասխան ձևով ծանուցում է Հովանավոր տերությանը:

3. Ռազմական գործողություններին մասնակցող ցանկացած անձ, որը ռազմագերու կարգավիճակի իրավունք չունի և չի օգտվում առավել նպաստավոր վերաբերմունքից` Չորրորդ կոնվենցիային համապատասխան, բոլոր դեպքերում իրավունք ունի պաշտպանության, որը նախատեսված է սույն Արձանագրության 75 հոդվածով: Օկուպացված տարածքում ցանկացած այդպիսի անձ, եթե միայն նա չի պահված որպես լրտես, անկախ Չորրորդ կոնվենցիայի 5 հոդվածից, ունի նաև կապի` տվյալ Կոնվենցիայի կողմից հատկացվող իրավունք:

 

Հոդված 46. Լրտեսները

 

1. Անկախ Կոնվենցիաների և սույն Արձանագրության ցանկացած այլ դրույթից, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի ցանկացած անձ, որը հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկնում այն ժամանակ, երբ նա զբաղվում է լրտեսությամբ, չունի ռազմագերու կարգավիճակի իրավունք, և նրա հետ կարող են վերաբերվել որպես լրտեսի:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի անձը, որն այդ կողմի անունից հավաքում կամ փորձում է հավաքել տեղեկատվություն հակառակորդ պետության կողմից վերահսկվող տարածքում, չի համարվում այնպիսի անձ, որն զբաղվում է լրտեսությամբ, եթե, գործելով այդ ձևով, նա կրում է իրենց զինված ուժերի համազգեստը:

3. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի անձը, որը բնակվում է հակառակորդ կողմից օկուպացված տարածքում, և որը այն կողմի անունից, որից նա կախում ունի, հավաքում կամ փորձում է այդ տարածքում հավաքել ռազմական նշանակություն ունեցող տեղեկատվություն, չի համարվում լրտեսությամբ զբաղվող անձ, եթե նա գործում է խաբեբայական ճանապարհով կամ գիտակցաբար չի դիմում գաղտնի մեթոդների: Ավելին, այդպիսի անձը չի կորցնում ռազմագերու կարգավիճակի իր իրավունքը, և նրա հետ չեն կարող վարվել որպես լրտեսի, եթե նա չի բռնվել այն ժամանակ, երբ զբաղվում էր լրտեսությամբ:

4. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի անձը, որը չի բնակվում հակառակորդ կողմից օկուպացված տարածքում, և որն զբաղվում է լրտեսությամբ այդ տարածքում, չի կորցնում ռազմագերու կարգավիճակի իր իրավունքը, և նրա հետ չեն կարող վարվել որպես լրտեսի, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է մինչև վերստին այն զինված ուժերին միանալը, որոնց նա պատկանում է:

 

Հոդված 47. Վարձկանները

 

1. Վարձկանը չունի կոմբատանտի կամ ռազմագերու կարգավիճակ ստանալու իրավունք:

2. Վարձկան համարվում է ցանկացած անձ, որը.

ա) տեղում կամ արտասահմանում հատուկ հավաքագրվել է, որպեսզի կռվի զինված կոնֆլիկտի մեջ.

բ) փաստորեն մասնակցում է ռազմական գործողություններին.

գ) ռազմական գործողություններին է մասնակցում, ղեկավարվելով անձնական շահ ստանալու ցանկությամբ, որին կոնֆլիկտի մեջ գտնվող կողմից կամ այդ կողմի հանձնարարությամբ տրվել է այնպիսի նյութական վարձատրության խոստում, որն էապես գերազանցում է այն վարձատրությունը, որը խոստացվում կամ վճարվում է տվյալ կողմի զինված ուժերի կազմի մեջ մտնող` այդ նույն դասի և ֆունկցիաների կոմբատանտին:

դ) չի հանդիսանում ոչ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի քաղաքացին, ոչ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմից վերահսկվող տարածքում մշտապես բնակվող անձ.

ե) չի մտնում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի անձնակազմի մեջ.

է) չի ուղարկված այն պետության կողմից, որը չի հանդիսանում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմ, որպես նրա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձ` պաշտոնական պարտականություններ կատարելու համար:

 

ՄԱՍ 4-ՐԴ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

 

ԲԱԺԻՆ 1-ԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ

 

ԳԼՈՒԽ 1-ԻՆ
ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՆ ԵՎ ՈԼՈՐՏԸ

 

Հոդված 48. Հիմնական նորման

 

Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ հարգանքի և դրանց պաշտպանության ապահովման համար, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է մշտապես տարբերություն դնեն քաղաքացիական բնակչության և կոմբատանտների միջև, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների միջև և դրան համապատասխան իրենց գործողություններն ուղղեն միայն ռազմական օբյեկտների դեմ:

 

Հոդված 49. Հարձակումների սահմանումը և կիրառման ոլորտը

 

1. «Հարձակումներ» նշանակում են հակառակորդի նկատմամբ ճնշման գործողությունները, անկախ այն բանից, դրանք կատարվում են հարձակման, թե պաշտպանության ժամանակ:

2. Սույն Արձանագրության` հարձակումներին վերաբերող դրույթները կիրառվում են բոլոր հարձակումների նկատմամբ, անկախ այն բանից, թե դրանք որ տարածքի վրա են կատարվում, ներառյալ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմին պատկանող, բայց հակառակորդ կողմի վերահսկողության տակ գտնվող ազգային տարածքը:

3. Սույն բաժնի դրույթները կիրառվում են ցամաքում, օդում կամ ծովում ընթացող ցանկացած ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք կարող են վնաս պատճառել քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց կամ ցամաքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին: Դրանք նաև կիրառվում են ցամաքում գտնվող այն օբյեկտների վրա ծովից կամ օդից կատարվող բոլոր հարձակումների նկատմամբ, որոնք, սակայն, որևէ այլ կերպ չեն շոշափում միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում ծովում և օդում կիրառվող նորմաները:

4. Սույն բաժնի դրույթները լրացնում են մարդասիրական պաշտպանությանը վերաբերող` Չորրորդ կոնվենցիայում, մասնավորապես այդ Կոնվենցիայի երկրորդ մասում, և Բարձր Պայմանավորվող Կողմերի համար պարտադիր մյուս միջազգային համաձայնագրերում բովանդակվող նորմաները, ինչպես նաև լրացնում են միջազգային իրավունքի` ռազմական գործողությունների հետևանքներից ցամաքում, ծովում և օդում քաղաքացիական անձանց ու քաղաքացիական օբյեկտների պաշտպանությանը վերաբերող մյուս նորմաները:

 

ԳԼՈՒԽ 2-ՐԴ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 50. Քաղաքացիական անձանց և քաղաքացիական

բնակչության սահմանումը

 

1. Քաղաքացիական անձ է հանդիսանում ցանկացած անձ, որը չի պատկանում Երրորդ կոնվենցիայի 4 Ա), 1), 2), 3) և 6) հոդվածում և սույն Արձանագրության 43 հոդվածում նշված անձանց կատեգորիաներից ոչ մեկին: Տարակուսանք առաջանալու դեպքում, թե որևէ անձ հանդիսանո՞ւմ է քաղաքացիական անձ, նա համարվում է քաղաքացիական անձ:

2.Քաղաքացիական բնակչությունը բաղկացած է քաղաքացիական անձինք հանդիսացող բոլոր անձանցից:

3. Քաղաքացիական անձանց սահմանման տակ չընկնող առանձին անձանց առկայությունը քաղաքացիական բնակչության մեջ այդ բնակչությանը չի զրկում նրա քաղաքացիական բնույթից:

 

Հոդված 51. Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական առանձին անձինք օգտվում են ռազմական օպերացիաների կապակցությամբ առաջացած վտանգների ընդհանուր պաշտպանությունից: Այդ պաշտպանության իրականացման նպատակով, ի լրումն միջազգային իրավունքի կիրառվող մյուս նորմաների, բոլոր հանգամանքներում պահպանվում են հետևյալ նորմաները.

2. Քաղաքացիական բնակչությունը որպես այդպիսին, ինչպես նաև քաղաքացիական առանձին անձինք չպետք է հանդիսանան հարձակումների օբյեկտ: Արգելվում են բռնության կամ բռնության սպառնալիքի ներքո այնպիսի գործողությունները, որոնք նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը:

3. Քաղաքացիական անձինք օգտվում են սույն Բաժնով նախատեսված պաշտպանությունից, բացառությամբ այն դեպքերի և այնպիսի ժամանակաշրջանում, քանի դեռ նրանք անմիջական մասնակցություն են ունենում ռազմական գործողություններին:

4. Անընտրական բնույթի հարձակումներն արգելվում են: Անընտրական բնույթի հարձակման թվին են պատկանում.

ա) այն հարձակումները, որոնք ուղղված չեն ռազմական կոնկրետ օբյեկտների,

բ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ կամ միջոցներ, որոնք չեն կարող ուղղված լինել ռազմական կոնկրետ օբյեկտների, կամ

գ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ և միջոցներ, որոնց հետևանքները չեն կարող սահմանափակված լինել, ինչպես դա պահանջվում է սույն Արձանագրությանը համապատասխան:

և որոնք, այդկերպ, այդպիսի յուրաքանչյուր դեպքում ռազմական օբյեկտներին և քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտներին վնաս են հասցնում առանց տարբերության:

5. հարձակումների այլ տեսակների շարքում հարկ է անընտրական հարձակումներ համարել.

ա) ցանկացած մեթոդներով կամ միջոցներով ռմբակոծմամբ հարձակումը, որի ժամանակ որպես մեկ միասնական օբյեկտ է դիտվում պարզորոշ կողք-կողքի գտնվող և տարբերակվող այն ռազմական օբյեկտների շարքը, որոնք տեղավորված են քաղաքում, գյուղում կամ այլ շրջանում, որտեղ կենտրոնացված են քաղաքացիական անձինք կամ քաղաքացիական օբյեկտներ, և

բ) այն հարձակումը, որը, ինչպես կարելի է սպասել, քաղաքացիական բնակչության շրջանում զուգահեռաբար կառաջացնի կյանքի կորուստներ, քաղաքացիական անձանցից` վիրավորներ, և վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին, կամ կառաջացնի թե մեկը և թե մյուսը, որոնք չափից ավելի կլինեին այն կոնկրետ և անմիջական ռազմական առավելության վերաբերմամբ, որը ենթադրվում է ստանալ այդ կերպ:

6. Արգելվում են հարձակումները քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական առանձին անձանց վրա բռնարարքների ձևով:

7. Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական առանձին անձանց ներկայությունը կամ տեղափոխությունը չպետք է օգտագործվեն ռազմական գործողություններից որոշակի կետերի կամ շրջանների պաշտպանության համար, մասնավորապես, հարձակումից ռազմական օբյեկտները պաշտպանելու կամ ռազմական գործողությունները պաշտպանելու, դրանց նպաստելու կամ խոչընդոտելու փորձերում: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը չպետք է ուղղություն տան քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական առանձին անձանց տեղափոխմանը` նպատակ ունենալով փորձել ռազմական օբյեկտները պաշտպանել հարձակումից կամ պաշտպանել ռազմական օպերացիաները:

8. Այս արգելքների ցանկացած խախտում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին չի ազատում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական անձանց հանդեպ նրանց իրավական պարտավորություններից, այդ թվում` նախազգուշական միջոցներ ձեռնարկելու` 57 հոդվածում նախատեսված պարտավորություններից:

 

ԳԼՈՒԽ 3-ՐԴ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 52. Քաղաքացիական օբյեկտների ընդհանուր

պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական օբյեկտները չպետք է հանդիսանան հարձակման կամ բռնարարքների օբյեկտ: Քաղաքացիական օբյեկտներ են հանդիսանում բոլոր այն օբյեկտները, որոնք չեն հանդիսանում ռազմական օբյեկտներ, ինչպես դրանք սահմանված են 2 կետում:

2. Հարձակումները պետք է խստագույնս սահմանափակվեն օբյեկտներով: Ինչ վերաբերում է օբյեկտներին, ապա ռազմական օբյեկտները սահմանափակվում են այն օբյեկտներով, որոնք իրենց բնույթի, տեղադրման, նշանակության կամ օգտագործման բերումով արդյունավետ բաժին են ներդնում ռազմական գործողությունների մեջ, և որոնց լրիվ կամ մասնակի խարխլումը, գրավումը կամ չեզոքացումը տվյալ պահին առկա հանգամանքներով տալիս են բացահայտ ռազմական առավելություն:

3. Տարակուսանք առաջանալու դեպքում, թե արդյոք օբյեկտը, որը սովորաբար նախատեսված է քաղաքացիական նպատակների համար, օրինակ, որպես պաշտանմունքի կատարման տեղ, բնակելի տուն կամ այլ շինություններ, կամ դպրոց, չի օգտագործվում ռազմական գործողություններին արդյունավետ աջակցելու համար, ենթադրվում է, որ այդպիսի օբյեկտն օգտագործվում է քաղաքացիական նպատակներով:

 

Հոդված 53. Մշակութային և պաշտանմունքի կատարման

տեղերի պաշտպանությունը

 

Առանց դիպչելու զինված կոնֆլիկտի դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի մայիսի 14-ի Հաագայի Կոնվենցիայի և միջազգային համապատասխան ուրիշ փաստաթղթերի դրույթներին, արգելվում է.

ա) կատարել որևէ թշնամական գործողություն` ուղղված այն պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների կամ պաշտանմունքի կատարման վայրերի դեմ, որոնք հանդիսանում են Ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգություն,

բ) այդպիսի օբյեկտներն օգտագործել ռազմական ուժեղացված պաշտպանության համար,

գ) այդպիսի օբյեկտները դարձնել բռնարարքների օբյեկտներ:

 

Հոդված 54. Քաղաքացիական բնակչության գոյատևման համար

անհրաժեշտ օբյեկտների պաշտպանությունը

 

1. Արգելվում է քաղաքացիական բնակչության շրջանում սովն օգտագործել որպես պատերազմի վարման մեթոդ:

2. Արգելվում է հարձակման ենթարկել կամ ոչնչացնել, դուրս տանել կամ շարքից հանել այն օբյեկտները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության գոյատևման համար, այնպիսիք, ինչպիսիք են սննդամթերքի պահուստները, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանները, ցանքերը, անասունները, խմելու ջրով մատակարարելու կառուցվածքները և ջրի պահուստները, ինչպես նաև ոռոգման կառուցվածքները` հատուկ նպատակ ունենալով թույլ չտալ դրանց օգտագործումը քաղաքացիական բնակչության կողմից կամ հակառակորդ պետության կողմից որպես գոյության պահպանման միջոց, անկախ դրդապատճառներից, լինի դա քաղաքացիական անձանց մեջ սով առաջացնելու, նրանց մեկնել ստիպելու նպատակով կամ որևէ այլ պատճառով:

3. 2 կետում նախատեսված արգելքները չեն կիրառվում այդ կետում նշված այնպիսի օբյեկտների նկատմամբ, որոնք հակառակորդ պետության կողմից օգտագործվում են.

ա) բացառապես նրա զինված ուժերի անձնակազմի գոյության պահպանման համար, կամ

բ) եթե ոչ թե գոյության պահպանման համար, ապա ռազմական գործողությունների ուղղակի պաշտպանության համար, պայմանով սակայն, որ այդ օբյեկտների դեմ ոչ մի դեպքում չեն ձեռնարկվում գործողություններ, որոնց հետևանքով կարելի է սպասել, որ քաղաքացիական բնակչությունը մնում է առանց պարենի կամ ջրի բավարար քանակության, որը բնակչության շրջանում կառաջացնի սով կամ կստիպի նրան մեկնել:

4. Այդ օբյեկտները չպետք է դառնան բռնարարքների օբյեկտ:

5. Ելնելով ներխուժումից իր ազգային տարածքի պաշտպանության համար կոնֆլիկտի մեջ գտնվող ցանկացած կողմի կենսականորեն կարևոր պահանջների ճանաչումից, թույլատրվում է 2 կետում նախատեսված արգելքներից նահանջ` կոնֆլիկտի մեջ գտնվող պետության կողմից նրա վերահսկած այնպիսի տարածքում, որտեղ դա հրամայաբար պահանջում է ռազմական անհրաժեշտությունը:

 

Հոդված 55. Բնական միջավայրի պաշտպանությունը

 

1. Ռազմական գործողություններ վարելիս հոգատարություն է ցուցաբերվում բնական միջավայրը լայնածավալ, երկարատև և լուրջ վնասից պաշտպանելու մասին: Այդպիսի պաշտպանությունն իր մեջ ներառում է պատերազմի վարման այնպիսի մեթոդների և միջոցների օգտագործման արգելում, որոնք նպատակ ունեն վնաս հասցնել, ինչպես կարելի է սպասել, այդպիսի վնաս կհասցնեն բնական միջավայրին և դրանով իսկ վնաս կպատճառեն բնակչության առողջությանը կամ գոյատևմանը:

2. Բնական միջավայրին բռնարարքի միջոցով վնաս հասցնելը արգելվում է:

 

Հոդված 56. Վտանգավոր ուժեր պարունակող սարքավորումների

և կառուցվածքների պաշտպանությունը

 

1. Վտանգավոր ուժեր պարունակող սարքավորումներն ու կառուցվածքները, այսինքն, ջրամբարները, ամբարտակները և ատոմային էլեկտրակայանները, չպետք է դառնան հարձակման օբյեկտ անգամ այն դեպքերում, երբ այդպիսի օբյեկտները հանդիսանում են ռազմական օբյեկտներ, եթե այդպիսի հարձակումը կարող է առաջացնել վտանգավոր ուժերի ազատում և հետագա ծանր կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում: Այդ սարքավորումներում և կառուցվածքներում տեղավորված կամ դրանց մերձակա մյուս ռազմական օբյեկտները չպետք է դառնան հարձակման օբյեկտ, եթե այդպիսի հարձակումը կարող է այդպիսի սարքավորումներից կամ կառուցվածքներից առաջացնել վտանգավոր ուժերի ազատում և հետագա ծանր կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում:

2. Հարձակումից` 1 կետում նախատեսված ընդհանուր պաշտպանությունը դադարում է`

ա) ջրամբարների և ամբարտակների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են ինչ-որ այլ ձևով, որը տարբերվում է դրանց նորմալ գործողությունից, և ռազմական օպերացիաների կանոնավոր կերպով էական և անմիջական պաշտպանության համար, և եթե այդպիսի հարձակումը հանդիսանում է այդպիսի պաշտպանությունը դադարեցնելու գործնականորեն միակ հնարավոր եղանակը.

բ) ատոմային էլեկտրակայանների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դրանք էլեկտրական հոսանք են արտադրում ռազմական օպերացիաների կանոնավոր կերպով կայուն և անմիջական պաշտպանության համար, և եթե այդպիսի հարձակումը հանդիսանում է այդպիսի պաշտպանությունը դադարեցնելու գործնականորեն միակ հնարավոր եղանակը.

գ) այդ սարքավորումներում և կառուցվածքներում տեղավորված կամ դրանց մերձակա մյուս ռազմական օբյեկտների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են ռազմական օպերացիաների կանոնավոր կերպով էական և անմիջական պաշտպանության համար, և եթե այդպիսի հարձակումը հանդիսանում է այդպիսի պաշտպանությունը դադարեցնելու գործնականորեն միակ հնարավոր եղանակը:

3. Բոլոր դեպքերում քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական առանձին անձինք շարունակում են օգտվել միջազգային իրավունքով նրանց տրամադրված լիակատար պաշտպանության իրավունքից, ներառյալ 57 հոդվածում նախատեսված նախազգուշական միջոցների ձեռնարկման ուղիով պաշտպանությունը: Եթե պաշտպանությունը դադարեցվում է, և 1 կետում հիշատակված որևէ սարքավորում կառուցվածք կամ ռազմական օբյեկտ ենթարկվում է հարձակման, ապա ձեռնարկվում են նախազգուշական բոլոր գործնական միջոցները խուսափելու համար վտանգավոր ուժերի ազատումից:

4. Արգելվում է 1 կետում նշված սարքավորումները, կառուցվածքները կամ ռազմական օբյեկտները դարձնել բռնարարքների օբյեկտ:

5. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է ձգտեն խուսափել 1 կետում նշված սարքավորումներին և կառուցվածքներին մերձակա որևէ ռազմական օբյեկտ տեղավորելուց: Սակայն թույլատրվում են այնպիսի շինություններ, որոնք կառուցված են պաշտպանությունից օգտվող սարքավորումները և կառուցվածքները հարձակումից պաշտպանելու միակ նպատակի համար, և դրանք իրենք չպետք է դառնան հարձակման առարկա, պայմանով, որ դրանք չեն օգտագործվում ռազմական գործողություններ վարելու համար, բացառությամբ պաշտպանական գործողությունների, որոնք անհրաժեշտ են պաշտպանությունից օգտվող սարքավորումների կամ կառուցվածքների վրա հարձակումները ետ մղելու համար, և որ դրանց սպառազինությունը սահմանափակվում է զենքով, որն ընդունակ է միայն ետ մղելու պաշտպանությունից օգտվող սարքավորումների և կառուցվածքների վրա հակառակորդի հարձակումը:

6. Բարձր Պայմանավորվող Կողմերին և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին կոչ է արվում միմյանց միջև կնքել այլ համաձայնագրեր վտանգավոր ուժեր պարունակող օբյեկտների լրացուցիչ պաշտպանությունը ապահովելու համար:

7. Այն բանի համար, որպեսզի դյուրացվի այն օբյեկտների ճանաչումը, որոնք օգտվում են սույն հոդվածի պաշտպանությունից, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են դրանք նշել հատուկ նշանով` վառ նարնջագույն շրջանակների խմբի տեսքով, որոնք տեղադրվում են միևնույն առանցքի վրա, ինչպես ցույց է տրված Արձանագրությանն առընթեր 1 Հավելվածի 16 հոդվածում: Այդպիսի նշանացույցի բացակայությունը կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից ոչ մեկին ոչ մի կերպ չի ազատում սույն հոդվածով նրա վրա դրված պարտավորություններից:

 

ԳԼՈՒԽ 4-ՐԴ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 57. Նախազգուշական միջոցները հարձակման ժամանակ

 

1. Ռազմական օպերացիաներ անցկացնելիս մշտապես հոգատարություն է ցուցաբերվում խնայելու քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտները:

2. Հարձակումների վերաբերմամբ ձեռնարկվում են նախազգուշական հետևյալ միջոցները.

ա. 1) անում են գործնականորեն ամեն հնարավորը, որպեսզի համոզվեն, որ հարձակման օբյեկտները չեն հանդիսանում ոչ քաղաքացիական անձինք, ոչ քաղաքացիական օբյեկտներ և ենթակա չեն հատուկ պաշտպանության, այլ հանդիսանում են ռազմական օբյեկտներ 52 հոդվածի (2կետ) նշանակությամբ և, որ սույն Արձանագրության դրույթներին համապատասխան դրանց վրա հարձակումը չի արգելվում:

ա. 2) Հարձակման միջոցները և մեթոդներն ընտրելիս ձեռնարկում են նախազգուշական գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները այն հաշվով, որպեսզի խուսափեն քաղաքացիական բնակչության շրջանում կյանքի պատահական կորուստներից, քաղաքացիական անձանց վիրավորվելուց և քաղաքացիական օբյեկտներին պատահական վնաս հասցնելուց և, համենայն դեպս, դրանք նվազագույնի հասցնեն.

ա. 3) Ձեռնպահ են մնում ցանկացած այնպիսի հարձակում իրականացնելու մասին որոշումներ ընդունելուց, որը, ինչպես կարելի է սպասել, կառաջացնի կյանքի պատահական կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում, քաղաքացիական անձանց մեջ վիրավորներ և պատահական վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, կամ կպատճառի թե մեկը թե մյուսը միասին, որոնք ավելի կոնկրետ կլինեին և ուղղակի ռազմական այն առավելության վերաբերմամբ, որը նախատեսվում է ստանալ.

բ) հարձակումը վերացվում կամ դադարեցվում է, եթե ակնառու է դառնում, որ օբյեկտը ռազմական չէ, որ այն ենթակա է հատուկ պաշտպանության կամ որ հարձակումը, ինչպես կարելի է սպասել, կառաջացնի կյանքի պատահական կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում, վիրավորներ` քաղաքացիական անձանց մեջ և պատահական վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, կամ կպատճառի թե մեկը և թե մյուսը միասին, որոնք չափից ավելի կոնկրետ կլինեին և ուղղակի ռազմական այն առավելության վերաբերմամբ, որը նախատեսվում է ստանալ.

գ) արվում է նախնական արդյունավետ զգուշացում այլ հարձակումների մասին, որոնք կարող են դիպչել քաղաքացիական բնակչությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանգամանքները թույլ չեն տալիս այդ բանն անել:

3. Երբ հնարավոր է ընտրության մի քանի ռազմական օբյեկտների միջև հավասարազոր ռազմական առավելություն ստանալու համար ընտրվում է այն օբյեկտը, որի վրա հարձակումը, ինչպես կարելի է սպասել. քաղաքացիական անձանց կյանքի համար և քաղաքացիական օբյեկտների համար կստեղծի ամենանվազ վտանգը:

4. Ծովում կամ օդում ռազմական գործողություններ անցկացնելիս, կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ, միջազգային իրավունքի զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող նորմաների համաձայն իր իրավունքներին և պարտականություններին համապատասխան ձեռնարկում է նախազգուշական բոլոր խելամիտ միջոցները այն հաշվով, որպեսզի խուսափի կյանքի կորուստներից քաղաքացիական բնակչության շրջանում և քաղաքացիական օբյեկտներին պատճառվող վնասից:

5. Սույն հոդվածի դրույթներից ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես քաղաքացիական բնակչության, քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտների վրա որևէ հարձակում թույլատրող դրույթ:

 

Հոդված 58. Նախազգուշական միջոցները հարձակումների

հետևանքների վերաբերմամբ

 

Կոնֆլիկտների մեջ գտնվող կողմերը գործնականորեն հնարավոր առավելագույն չափով.

ա) ձգտում են առանց Չորրորդ կոնվենցիայի 49 հոդվածին վնասելու, իրենց վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց և քաղաքացիական օբյեկտները հեռացնել ռազմական օբյեկտներին մերձակա շրջաններից,

բ) խուսափում են խիստ բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղադրելուց,

գ) ձեռնարկում են նախազգուշական այլ անհրաժեշտ միջոցներ իրենց վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց և քաղաքացիական օբյեկտները ռազմական օպերացիաների հետևանքով առաջացող վտանգներից պաշտպանելու համար:

 

ԳԼՈՒԽ 5-ՐԴ
ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՏԻՆԵՐԸ

 

Հոդված 59. Չպաշտպանվող վայրերը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին արգելվում է չպաշտպանվող վայրերը ենթարկել հարձակման որևէ եղանակով.

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի համապատասխան իշխանությունները կարող են չպաշտպանվող վայր հայտարարել ցանկացած բնակելի կետ, որը գտնվում է զինված ուժերի շփման գոտում կամ դրան մոտ, որը օկուպացման համար բաց է նրա հակառակորդ կողմի առջև: Այդպիսի վայրը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին.

ա) բոլոր կոմբատանտները, ինչպես նաև շարժունակ մարտական միջոցները և շարժական ռազմական հանդերձանքը պետք է էվակուացված լինեն.

բ) մշտական ռազմական սարքավորումները և կառուցվածքները չպետք է օգտագործվեն թշնամական նպատակներով.

գ) ոչ իշխանությունները, ոչ բնակչությունը չպետք է կատարեն թշնամական գործողություններ.

դ) չպետք է ձեռնարկվի ոչ մի գործողություն ի պաշտպանություն ռազմական գործողությունների:

3. Այդ վայրում Կոնվենցիաներին և սույն Արձանագրությանը համապատասխան հատուկ պաշտպանությունից օգտվող անձանց առկայությունը և օրինականությունն ու կարգուկանոնը պահպանելու միակ նպատակով այստեղ թողնված ոստիկանական ուժերի առկայությունը չեն հակասում 2 կետում շարադրված պայմաններին:

4. Հակառակորդ կողմին տրվում է 2 կետում նախատեսված հայտարարություն, որում տրվում է չպաշտպանվող վայրի սահմանների հնարավորին չափ առավել ճշգրիտ բնորոշումը և նկարագրությունը: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը, որին ուղղված է այդպիսի հայտարարությունը, հաստատում է դրա ստացումը և այդ վայրի նկատմամբ վերաբերվում է որպես չպաշտպանվող վայրի, բացառությամբ այն դեպքերի, երբ 2 կետում նախատեսված պայմանները փաստորեն չեն պահպանվել. այդ դեպքում նշված կողմը այդ մասին անմիջապես տեղյակ է պահում հայտարարություն անող կողմին: Անգամ այն դեպքում, երբ 2 կետում շարադրված պայմանները չեն պահպանվել, այդպիսի վայրը շարունակում է օգտվել սույն Արձանագրության մյուս դրույթներով և միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող մյուս նորմաներով նախատեսված պաշտպանությունից:

5. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են համաձայնել վայրերը չպաշտպանվող հայտարարել, անգամ եթե այդպիսի վայրերը չեն համապատասխանում 2 կետի պայմաններին: Այդպես համաձայնագրի մեջ պետք է հնարավորին չափ առավել ճշգրիտ տրվեն չպաշտպանվող վայրի սահմանների բնորոշումը և նկարագրությունը. անհրաժեշտության դեպքում այդ համաձայնագրի մեջ կարող են նախատեսվել վերահսկողության մեթոդները:

6. Կողմը, որի վերահսկողության տակ է գտնվում այդպիսի համաձայնագրի առարկա հանդիսացող վայրը, նշում է այդ վայրը, որքան դա հնարավոր է, այնպիսի նշաններով, որոնք կարող են համաձայնեցվել մյուս կողմի հետ և որոնք տեղադրվում են այնտեղ, որտեղ նրանք հստակ երևում են, հատկապես ըստ վայրի պարագծի, նրա սահմաններում և ճյուղային ճանապարհներում:

7. Վայրը կորցնում է չպաշտպանվող վայրի իր կարգավիճակը, երբ դադարում է համապատասխանել 2 կետում կամ 5 կետում հիշատակված համաձայնագրում շարադրված պայմաններին: Այդ դեպքում այդ վայրը շարունակում է օգտվել սույն Արձանագրության մյուս դրույթներով և միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող մյուս նորմաներով նախատեսված պաշտպանությունից:

 

Հոդված 60. Ապառազմականացված գոտիները

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին արգելվում է իրենց ռազմական օպերացիաները տարածել այն գոտիների վրա, որոնց նրանք համաձայնագրով տրամադրել են ապառազմականացված գոտիների կարգավիճակ, եթե այդպիսի տարածումը հակասում է այդպիսի համաձայնագրի դրույթներին:

2. Այդպիսի համաձայնագիրը պետք է լինի հստակ արտահայտված համաձայնագիր, որը կարող է կնքվել բանավոր կամ գրավոր ձևով անմիջականորեն, կամ Հովանավոր տերության կամ ցանկացած անկանխակալ մարդասիրական կազմակերպության միջնորդությամբ, և կարող է իրենից ներկայացնել փոխադարձ և համաձայնեցված հայտարարություններ: Համաձայնագիրը կարող է կնքվել խաղաղ ժամանակ, ինչպես նաև ռազմական գործողություններն սկսելուց հետո, և դրա մեջ պետք է տրված լինեն ապառազմականացված գոտու հնարավորին չափ առավել ճշգրիտ բնորոշումը և նկարագրությունը:

3. Այդպիսի համաձայնագրի առարկան սովորաբար հանդիսանում է այն գոտին, որը համապատասխանում է հետևյալ պայմաններին.

ա) բոլոր կոմբատանտները, ինչպես նաև շարժական մարտական միջոցները և շարժական մարտական ռազմական հանդերձանքը պետք է էվակուացված լինեն.

բ) մշտական ռազմական սարքավորումները և կառուցվածքները չպետք է օգտագործվեն թշնամական նպատակներով,

գ) ոչ իշխանությունները, ոչ բնակչությունը չպետք է կատարեն թշնամական գործողություններ, և

դ) ռազմական ջանքերի հետ կապված ամեն մի գործողություն պետք է դադարեցվի: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է համաձայնության գան այն մեկնաբանման վերաբերյալ, որ պետք է տալ դ) ենթակետում շարադրված պայմաններին և այն անձանց վերաբերյալ, որոնց պետք է թույլատրվի մուտք գործել ապառազմականացված գոտի, բացի 4 կետում հիշատակված անձանցից:

4. Այդ գոտում Կոնվենցիաներին և սույն Արձանագրությանը համապատասխան հատուկ պաշտպանությունից օգտվող ոստիկանական ուժերի ներկայությունը, որոնք այստեղ են թողնվել օրինականության և կարգ ու կանոնի պահպանման միակ նպատակով, չի հակասում 3 կետում շարադրված պայմաններին:

5. Կողմը, որի վերահսկողության տակ է գտնվում այդպիսի գոտին, այն նշում է, որքան դա հնարավոր է, այնպիսի նշաններով, որոնք կարող են համաձայնեցվել մյուս կողմի հետ, և որոնք տեղադրվում են այնտեղ, որտեղ դրանք հստակ են երևում, հատկապես ըստ գոտու պարագծի, դրա սահմաններում և խճուղային ճանապարհներում:

6. Եթե ռազմական գործողությունները մոտենում են ապառազմականացված գոտուն, և եթե կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը եկել են այդպիսի համաձայնության, դրանցից ոչ մեկը չի կարող այդ գոտին օգտագործել այնպիսի նպատակներով, որոնք առնչություն ունեն ռազմական գործողությունների վարման հետ, կամ միակողմանիորեն վերացնել այդ գոտու կարգավիճակը:

7. Եթե կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկը թույլ տա 3 և 6 կետերի դրույթների էական խախտում, մյուս կողմն ազատվում է այդ գոտուն ապառազմականացված գոտու կարգավիճակ տրամադրելու մասին համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից: Այդպիսի դեպքում այդ գոտին կորցնում է իր կարգավիճակը, բայց շարունակում է օգտվել սույն Արձանագրության մյուս դրույթներով և միջազգային իրավունքի` զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող մյուս նորմաներով նախատեսված պաշտպանությունից:

 

ԳԼՈՒԽ 6-ՐԴ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 61. Սահմանումները և կիրառման ոլորտը

 

Սույն Արձանագրության նպատակների համար.

ա) «Քաղաքացիական պաշտպանությունը» հանդիսանում է մի քանի կամ ստորև հիշատակված մարդասիրական բոլոր այն խնդիրների կատարումը, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի քաղաքացիական բնակչությանը պաշտպանեն վտանգներից և օգնեն նրան վերացնելու ռազմական գործողությունների կամ աղետների անմիջական հետևանքները, ինչպես նաև նրա գոյատևման համար ստեղծեն անհրաժեշտ պայմաններ: Այդ խնդիրներն են հանդիսանում.

ա. 1) ծանուցումը,

ա. 2) էվակուացումը,

ա. 3) պատսպարանների տրամադրումը և դրանց կարգավորումը,

ա. 4) լուսաքողարկման միջոցառումների անցկացումը,

ա. 5) փրկարար աշխատանքները,

ա. 6) բժշկական սպասարկումը` ներառյալ առաջին օգնությունը, ինչպես նաև կրոնական օգնությունը,

ա. 7) պայքարը հրդեհների դեմ,

ա. 8) վտանգավոր շրջանների հայտնաբերումը և նշումը,

ա. 9) վնասազերծումը և պաշտպանության մյուս համանման միջոցառումները,

ա.10) ապաստանի շտապ տրամադրումը և մատակարարումը,

ա.11) շտապ օգնությունը աղետի շրջաններում կարգ ու կանոնի վերականգնմանը

և պահպանմանը,

ա.12) անհրաժեշտ կոմունալ ծառայությունների վերականգնումը,

ա.13) դիակների արագ թաղումը,

ա.14) օգնությունը` գոյատևման համար էապես անհրաժեշտ օբյեկտների

պահպանմանը,

ա.15) վերը շարադրված խնդիրներից ցանկացած խնդրի իրականացման համար

անհրաժեշտ լրացուցիչ գործունեությունը, ներառյալ պլանավորումը և

կազմակերպումը, բայց դրանով չսահմանափակվող գործունեությունը:

բ) «քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը» նշանակում են հիմնարկներն ու կազմակերպված մյուս միավորները, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի իշխանությունների կողմից կազմակերպվել են կամ լիազորվել կատարելու ա) կետում հիշատակված խնդիրներից ցանկացած խնդիրը, և որոնք նախատեսված և օգտագործվում են բացառապես այդ խնդիրները կատարելու համար,

գ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների «անձնակազմ» նշանակում են այնպիսի անձինք, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող պետության կողմից նշանակված են բացառապես ա) կետում հիշատակված խնդիրների կատարման համար, ներառյալ այնպիսի անձնակազմը, որը կոնֆլիկտի մեջ գտնվող պետության կողմից նշանակված է այդ կազմակերպությունները կառավարելու համար,

դ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների «նյութական մաս» նշանակում են քաղաքացիական պաշտպանության` ա) կետում հիշատակված խնդիրների կատարման համար այդ կազմակերպությունների կողմից օգտագործվող սարքավորումը, նյութերը և տրանսպորտի միջոցները:

 

Հոդված 62. Ընդհանուր պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունները և դրանց անձնակազմն օգտվում են հարգանքից և պաշտպանությունից` սույն Արձանագրության դրույթներին համապատասխան, հատկապես տվյալ բաժնի դրույթներին համապատասխան: Նրանք իրավունք ունեն կատարելու քաղաքացիական պաշտպանության գծով իրենց հանձնարարված խնդիրները, բացառությամբ ստիպողական ռազմական անհրաժեշտության դեպքերի:

2. 1 կետի դրույթները կիրառվում են նաև այն քաղաքացիական անձանց նկատմամբ, ովքեր թև չեն հանդիսանում քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների անդամներ, բայց իրավասու իշխանությունների կոչով և դրանց վերահսկողության ներքո կատարում են քաղաքացիական պաշտպանության խնդիրներ:

3. Սույն Արձանագրության 52 հոդվածը տարածվում է քաղաքացիական պաշտպանության նպատակներով օգտագործվող շենքերի և նյութական մասի, ինչպես նաև քաղաքացիական բնակչության համար տրամադրվող պատսպարանների վրա: Քաղաքացիական պաշտպանության նպատակներով օգտագործվող օբյեկտները չեն կարող ոչնչացվել կամ օգտագործվել ոչ նրանց ուղղակի նշանակությամբ, բացի այն պետության կողմից, որին նրանք պատկանում են:

 

Հոդված 63. Քաղաքացիական պաշտպանությունը օկուպացված

տարածքներում

 

1. Օկուպացված տարածքներում քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունները իրենց խնդիրների կատարման համար իշխանություններից ստանում են անհրաժեշտ աջակցություն: Ոչ մի հանգամանքներում դրանց անձնակազմը չի կարող պարտադրվել մի գործունեության, որը կդժվարացներ այդ խնդիրների պատշաճ կատարումը: Օկուպացրած տերությունը ոչ մի փոփոխություն չի մտցնում այդ կազմակերպությունների կառուցվածքի կամ անձնակազմի մեջ, որ կարող էր սպառնալիքի տակ դնել այդ խնդիրների արդյունավետ կատարումը: Այդ կազմակերպություններից չի պահանջվում այդ տերության քաղաքացիներին կամ շահերին գերապատվության տրամադրում:

2. Օկուպացրած տերությունը չպետք է քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպություններին ստիպի, հարկադրի կամ դրդի իրենց խնդիրները կատարել այնպես, որպեսզի դա որևէ բանով կործանարար ներազդեցություն ունենա քաղաքացիական բնակչության շահերի վրա:

3. Օկուպացված տերությունը կարող է քաղաքացիական պաշտպանության անձնակազմը զինաթափել` անվտանգության նկատառումներով:

4. Օկուպացրած տերությունը չպետք է ոչ փոխի քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին պատկանող կամ դրանց կողմից օգտագործվող շենքերի կամ նյութական մասի ուղղակի նշանակությունը, ոչ բռնագրավի դրանք, եթե նշանակության այդպիսի փոփոխությունը կամ բռնագրավումը վնաս են հասցնում քաղաքացիական բնակչությանը:

5. Այն պայմանով, որ 4 կետում բովանդակված ընդհանուր դրույթը շարունակում է պահպանվել, օկուպացրած տերությունը կարող է բռնագրավել կամ փոխել այդ ռեսուրսների նշանակությունը հետևյալ կոնկրետ պայմանների առկայության դեպքում.

ա) որ այդ շենքերը և նյութական մասը անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության այլ կարիքների համար, և

բ) որ բռնագրավումը և նշանակության փոփոխությունը կատարվում են մինչև այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այդպիսի անհրաժեշտություն:

6. Օկուպացրած տերությունը չպետք է փոխի պատսպարանների նշանակությունը, ոչ էլ բռնագրավի դրանք, որոնք նախատեսված են քաղաքացիական բնակչության կողմից օգտագործելու համար կամ անհրաժեշտ են այդ բնակչության համար:

 

Հոդված 64. Չեզոք պետությունների կամ կոնֆլիկտի մեջ գտնվող

կողմեր չհանդիսացող մյուս պետությունների քաղաքացիական

պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունները և

միջազգային կոորդինացիոն կազմակերպությունները

 

1. 62, 63, 65 և 66 հոդվածների դրույթները կիրառվում են նաև չեզոք պետությունների կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր չհանդիսացող մյուս պետությունների քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների անձնակազմի և նյութական մասի նկատմամբ, որոնք քաղաքացիական պաշտպանության 61 հոդվածում հիշատակված խնդիրները կատարում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի տարածքում` այդ կողմի համաձայնությամբ և վերահսկողության ներքո: Ցանկացած շահագրգիռ հակառակորդ կողմ այդպիսի օգնության մասին ծանուցում է այնպես արագ, որքան դա հնարավոր է: Սակայն այդ գործունեությունը անհրաժեշտ է իրականացնել կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի անվտանգության պատշաճ հաշվառմամբ հանդերձ:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, որոնք ստանում են օգնություն, որի մասին խոսվում է 1 կետում, և այդպիսի օգնություն տրամադրող Բարձր Պայմանավորվող Կողմերը պետք է, երբ դա անհրաժեշտ է, աջակցեն քաղաքացիական պաշտպանության բնագավառում այդպիսի գործունեության միջազգային կոորդինացմանը: Այդպիսի դեպքերում համապատասխան միջազգային կազմակերպությունների վրա տարածվում են սույն Գլխի դրույթները:

3. Օկուպացված տարածքներում օկուպացրած տերությունը կարող է չեզոք պետությունների կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր չհանդիսացող մյուս պետությունների քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների և միջազգային կոորդինացնող կազմակերպությունների գործունեությունն արգելել կամ սահմանափակել միայն այն դեպքում, երբ այդ տերությունը կարող է ապահովել քաղաքացիական պաշտպանության խնդիրների պատշաճ կատարումը կամ իր սեփական միջոցներով, կամ օկուպացված տարածքում եղած միջոցներով:

 

Հոդված 65. Պաշտպանություն տրամադրելու դադարեցումը

 

1. Պաշտպանության տրամադրումը, որի իրավունքն ունեն քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունները, դրանց անձնակազմը, շենքերը, պատսպարանները և նյութական մասը, դադարեցվում է միայն այն դեպքում, եթե դրանք, իրենց սեփական խնդիրներից բացի կատարում են հակառակորդին վնաս հասցնող գործողություններ կամ օգտագործվում են այդպիսի գործողություններ կատարելու համար: Սակայն պաշտպանության տրամադրումը կարող է դադարեցվել միայն այն բանից հետո, երբ արված է նախազգուշացում, որն ամեն անգամ, երբ դա անհրաժեշտ է, սահմանում է խելամիտ ժամկետ, և այն բանից հետո, երբ այդպիսի նախազգուշացումը ուշադրության չի արժանանում:

2. Հետևյալ գործողությունները չեն համարվում հակառակորդին վնաս հասցնող գործողություններ

ա) քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարումը զինվորական իշխանությունների ղեկավարությամբ կամ վերահսկողությամբ,

բ) զինվորական անձնակազմի հետ քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական անձնակազմի համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարման գործում կամ քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների որոշ թվով զինծառայողների կցելը,

գ) այն հանգամանքը, որ քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարումը կարող է զուգընթացաբար օգուտ բերել զինվորականների թվից տուժածներին, մասնավորապես նրանց, ովքեր շարքից դուրս են եկել:

3. Կարգուկանոնի պահպանման կամ ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական անձնակազմի կողմից անձնական թեթև զենքի կրումը ևս չի համարվում այնպիսի գործողություն, որը վնաս է հասցնում հակառակորդին: Սակայն, ցամաքի շրջաններում, որտեղ տեղի են ունենում, կամ, հավանաբար, կարող են տեղի ունենալ մարտեր, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` նպատակ ունենալով այդ զենքը սահմանափակել այնպիսի ձեռքի զենքով, ինչպիսիք են ատրճանակները, որպեսզի հեշտ լինի քաղաքացիական պաշտպանության անձնակազմը տարբերել կոմբատանտներից: Անգամ, եթե այդպիսի շրջաններում քաղաքացիական պաշտպանության անձնակազմը կրում է անձնական թեթև զենքի ուրիշ տեսակներ, այդ անձնակազմը, այնուամենայնիվ, օգտվում է հարգանքից և պաշտպանությունից, հենց որ ճանաչվում է որպես այդպիսին:

4. Քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների ձևավորումը զինվորական ձևով և դրանցում պարտադիր ծառայությունը ևս դրանց չեն զրկում սույն Գլխով տրամադրվող պաշտպանությունից:

 

Հոդված 66. Ճանաչումը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ ձգտում է միջոցներ ձեռնարկել այն բանի համար, որպեսզի քաղաքացիական պաշտպանության իր կազմակերպությունները, դրանց անձնակազմը, շենքերը և նյութական մասը կարողանան ճանաչվել այն ժամանակ, երբ դրանք նախատեսված են բացառապես քաղաքացիական պաշտպանության խնդիրներ կատարելու համար: Հարկ է նույն ձևով ապահովել քաղաքացիական բնակչության համար նախատեսված պատսպարանների ճանաչելիությունը:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ ձգտում է նաև ընդունել և կիրառել այնպիսի մեթոդներ և ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս ճանաչել քաղաքացիական պատսպարանները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության անձնակազմը, շենքերը և նյութական մասը, որոնց վրա տեղադրվում է քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերիչ նշանը:

3. Օկուպացված տարածքներում և շրջաններում, որտեղ մարտեր են տեղի ունենում կամ կարող են տեղի ունենալ, քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական անձնակազմը ճանաչվում է քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերիչ նշանի և կարգավիճակը հաստատող անձնական վկայականի օգնությամբ:

4. Քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերիչ նշան է հանդիսանում նարնջագույն ֆոնի վրա կապույտ հավասարակողմ եռանկյունին, երբ այն օգտագործվում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների, դրանց անձնակազմի, շենքերի և նյութական մասի, ինչպես նաև քաղաքացիական պատսպարանների պաշտպանության համար:

5. Տարբերիչ նշանից բացի, քաղաքացիական պաշտպանության ճանաչման նպատակով, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են պայմանավորվել տարբերիչ ազդանշանային նշանների օգտագործման վերաբերյալ:

6. Սույն հոդվածի 1-4 կետերի դրույթների կիրառումը կանոնակարգվում է սույն Արձանագրությանն առընթեր 1 Հավելվածի 5-րդ Գլխով:

7. Խաղաղ ժամանակ, 4 կետում նկարագրված տարբերիչ նշանից պետական իրավասու իշխանությունների համաձայնությամբ կարելի է օգտվել քաղաքացիական պաշտպանության ճանաչման նպատակով:

8. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերիչ նշանի օգտագործման նկատմամբ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ և դրա որևէ չարաշահումը կանխելու և կասեցնելու համար:

9. Քաղաքացիական պաշտպանության բժշկական և հոգևոր անձնակազմի, բժշկական կազմավորումների և սանիտարա-տրանսպորտային միջոցների ճանաչումը ևս կանոնակարգվում է 18 հոդվածով:

 

Հոդված 67. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար

նշանակված զինված ուժերի անձնական կազմը և

զինվորական ստորաբաժանումները

 

1. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար նշանակված զինված ուժերի անձնական կազմը և զինվորական ստորաբաժանումները հարգանքից և պաշտպանությունից օգտվում են պայմանով, որ

ա) այդպիսի անձնական կազմը և զինվորական ստորաբաժանումները նշանակված են մշտական և զբաղվում են բացառապես 61 հոդվածում հիշատակված խնդիրներից ցանկացած խնդրի կատարմամբ,

բ) այդ ձևով նշանակված այդ անձնական կազմը կոնֆլիկտի ժամանակ չի կատարում ռազմական որևէ այլ պարտականություն,

գ) այդպիսի անձնական կազմը զինված ուժերի կազմի մեջ մտնող մյուս անձանցից տարբերվում է աչքի ընկնող տեղում կրվող քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերիչ նշանով, որը պետք է լինի այնքան խոշոր, որքան դա հնարավոր է, և այդ անձնական կազմը ապահովվում է սույն Արձանագրությանն առընթեր 1 Հավելվածի 5-րդ Գլխում հիշատակված անձնական վկայականով, որը հաստատում է նրա կարգավիճակը,

դ) այդպիսի անձնական կազմը և այդպիսի զինվորական ստորաբաժանումները զինված են միայն անձնական թեթև զենքով` կարգուկանոնը պահպանելու նպատակով և ինքնապաշտպանության համար: 65 հոդվածի (3 կետ) դրույթները ևս կիրառվում են այս դեպքում,

ե) այդպիսի անձնական կազմը անմիջականորեն չի մասնակցում ռազմական գործողություններին և չի կատարում կամ չի օգտագործվում, բացի քաղաքացիական պաշտպանության իր խնդիրներից, հակառակորդ կողմին վնաս հասցնող գործողություններում,

է) այդպիսի անձնական կազմը և այդպիսի զինվորական ստորաբաժանումները քաղաքացիական պաշտպանության խնդիրները կատարում են իրենց երկրի ազգային տարածքի սահմաններում:

Վերը շարադրված պայմանները չպահպանելը զինված ուժերի կազմի մեջ մտնող ցանկացած անձի կողմից, որը կապված է վերը` ա) և բ) կետերում նախատեսված պայմաններով, արգելվում է:

2. Զինված ուժերի կազմի մեջ մտնող և քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններում ծառայող անձինք, եթե նրանք ընկնում են հակառակորդ կողմի իշխանության տակ, հանդիսանում են ռազմագերիներ: Օկուպացված տարածքում, այն դեպքում, եթե առաջանում է դրա անհրաժեշտությունը, նրանք կարող են օգտագործվել քաղաքացիական պաշտպանության խնդիրներ կատարելու համար, բայց միայն ի շահ այդ տարածքի քաղաքացիական բնակչության և պայմանով, որ, եթե այդպիսի աշխատանքը վտանգավոր է, նրանք կամավոր են համաձայնում կատարել այդ աշխատանքը:

3. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար նշանակված զինվորական ստորաբաժանումների շենքերը, խոշոր սարքավորումը և տրանսպորտային միջոցները պետք է հստակ նշվեն քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերիչ նշանով: Այդ տարբերիչ նշանը պետք է լինի այնքան խոշոր, որքան դա հնարավոր է:

4. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար նշանակված և բացառապես քաղաքացիական պաշտպանության խնդիրներ կատարելու համար նախատեսված զինվորական ստորաբաժանումների նյութական մասը և շենքերը, այն դեպքում, երբ դրանք ընկնում են հակառակորդ կողմի իշխանության տակ, շարունակում են ենթարկվել պատերազմի օրենքներին: Դրանք չեն կարող օգտագործվել այլ նպատակների համար, բացի քաղաքացիական պաշտպանության նպատակներից, այնքան ժամանակ, քանի դեռ դրանք պահանջվում են քաղաքացիական պաշտպանության խնդիրները կատարելու համար, բացառությամբ պարտադիր ռազմական անհրաժեշտության դեպքերի, եթե միայն նախօրոք չեն ձեռնարկվել միջոցներ քաղաքացիական բնակչության կարիքների բավարար ապահովման համար:

 

ԲԱԺԻՆ 2-ՐԴ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

 

Հոդված 68 Կիրառման ոլորտը

 

Սույն Բաժնի դրույթները կիրառվում են քաղաքացիական բնակչության նկատմամբ, ինչպես դա սահմանված է սույն Արձանագրությամբ, և հանդիսանում են 23, 55, 59, 60, 61 և 62 և Չորրորդ կոնվենցիայի մյուս համապատասխան դրույթների լրացումը:

 

Հոդված 69. Հիմնական պահանջմունքները օկուպացված

տարածքներում

 

1. Ի լրումն Չորրորդ կոնվենցիայի 55 հոդվածում թվարկված պարտավորությունների, որոնք վերաբերում են պարենով ու դեղամիջոցներով մատակարարելուն, օկուպացրած տերությունը, առավելագույն հնարավոր չափով, օգտագործելով իր ունեցած միջոցները և առանց որևէ աննպաստ տարբերության, ապահովում է նաև հագուստով, անկողնային պարագաներով, ապաստանի միջոցներով և այլ այն պահուստներով մատակարարումը, որոնք կենսականորեն կարևոր օկուպացված տարածքում քաղաքացիական բնակչության գոյատևման համար, ինչպես նաև այնպիսի պարագաներով մատակարարումը, որոնք անհրաժեշտ են կրոնական արարողություններ կատարելու համար:

2. Օկուպացված տարածքների քաղաքացիական բնակչությանը օգնություն ցույց տալու միջոցառումները կարգավորվում են Չորրորդ կոնվենցիայի 59, 60, 61, 62, 108, 109, 110 և 111 հոդվածներով, ինչպես նաև սույն Արձանագրության 71 հոդվածով, և իրականացվում են առանց ուշացվելու:

 

Հոդված 70. Օգնություն ցուցաբերելու օպերացիաները

 

1. Եթե կոնֆլիկտին մասնակցող կողմի վերահսկողության տակ գտնվող ցանկացած տարածքի քաղաքացիական բնակչությունը, բացի օկուպացված տարածքից, ոչ բավարար է ապահովվում 69 հոդվածում հիշատակված պահուստներով, ապա անցկացվում են օգնություն ցուցաբերելու օպերացիաներ, որոնք կրում են մարդասիրական և անկողմնակալ բնույթ և իրականացվում են ըստ օգնություն ցուցաբերելու այդպիսի օպերացիաների նկատմամբ շահագրգիռ կողմերի միջև կնքված պայմանագրի` առանց որևէ աննպաստ տարբերության: Օգնություն ցուցաբերելու մասին վերը նշված պայմաններին համապատասխանող առաջարկությունները չեն դիտվում որպես միջամտություն զինված կոնֆլիկտին կամ որպես ոչ բարեկամական գործողություններ: Օգնության մատակարարումները բաշխելիս գերապատվությունը տրվում է այնպիսի անձանց, ինչպես երեխաներն են, հղի կանայք, ծննդաբեր և կերակրող կանայք, որոնք Չորրորդ կոնվենցիային կամ սույն Արձանագրությանը համապատասխան օգտվում են հատուկ արտոնություններից և հատուկ պաշտպանությունից:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը և յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ թույլ են տալիս արագ և անարգել փոխադրումը բոլոր մատակարարումների, սարքավորման և անձնակազմի, որոնք տրամադրվում են օգնություն ցուցաբերելու նպատակով տվյալ բաժնին համապատասխան, և նպաստում են այդ փոխադրմանը, եթե անգամ նման օգնությունը նախատեսվում է հակառակորդ կողմի քաղաքացիական բնակչության համար:

3. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը և յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ, որոնք թույլատրում են օգնություն ցուցաբերելու նպատակով մատակարարումների, սարքավորման և անձնակազմի փոխադրումը, 2 կետին համապատասխան.

ա) իրավունք ունեն նշանակել տեխնիկական միջոցներ, ներառյալ ստուգումը, որոնց կատարման պայմաններում է թույլատրվում այդպիսի փոխադրումը,

բ) կարող են այդպիսի թույլտվությունը պայմանավորել նրանով, որպեսզի այդ օգնության բաշխումը կատարվի Հովանավոր տերության վերահսկողության ներքո,

գ) ոչ մի ձևով չեն փոխում օգնության մատակարարումների սկզբնական նշանակումը և ետ չեն պահում դրանց փոխադրումը, բացառությամբ պարտադրված շտապ անհրաժեշտության` ի շահ համապատասխան քաղաքացիական բնակչության:

4. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերն ապահովում են օգնության մատակարարումների պաշտպանությունը և աջակցում դրանց արագ բաշխմանը:

5. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, և յուրաքանչյուր շահագրգիռ Բարձր Պայմանավորվող Կողմ խրախուսում են օգնություն ցուցաբերելու` 1 կետում հիշատակված օպերացիաների միջազգային արդյունավետ կոորդինացումը և նպաստում են այդ կոորդինացմանը:

 

Հոդված 71. Օգնություն ցուցաբերելու օպերացիաներին

մասնակցող անձնակազմը

 

1. Անհրաժեշտության դեպքում օգնության ցուցաբերման օպերացիաների կատարմանը նպաստելու համար անձնակազմի առանձնացումը, հատկապես օգնության մատակարարումների փոխադրման և բաշխման համար, կարող է կազմել այդ օպերացիաների մասը. օգնություն ցուցաբերելու օպերացիաներին այդպիսի անձնակազմի մասնակցության առթիվ պետք է ստացվի այն կողմի համաձայնությունը, որի տարածքում այդ անձնակազմը պետք է կատարի իր պարտականությունները:

2. Այդպիսի անձնակազմը օգտվում է հարգանքից և պաշտպանությունից:

3. Օգնության մատակարարումներ ստացող յուրաքանչյուր կողմ գործնականորեն առավելագույն հնարավորության չափով օգնում է 1 կետում հիշատակված անձնակազմին կատարելու օգնություն ցուցաբերելու նրա առաքելությունը: Միայն պարտադրված ռազմական անհրաժեշտության դեպքում այդպիսի անձնակազմի գործունեությունը և նրա տեղափոխումները կարող են ժամանակավորապես սահմանափակվել:

4. Ոչ մի հանգամանքներում օգնություն ցուցաբերելու օպերացիաների անցկացման անձնակազմը չպետք է դուրս գա իր առաքելության սահմաններից սույն Արձանագրությանը համապատասխան: Մասնավորապես, այդ անձնակազմը պետք է ուշադրության առնի այն երկրի անվտանգության պահանջները, որի տարածքում կատարում է իր պարտականությունները: Տվյալ անձնակազմի մեջ մտնող ցանկացած այն անձի գործունեությունը, որը չի պահպանում այդ պայմանները, կարող է դադարեցվել:

 

ԲԱԺԻՆ 3-ՐԴ
ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԸ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՈՂՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

 

ԳԼՈՒԽ 1-ԻՆ
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 72. Կիրառման ոլորտը

 

Տվյալ Բաժնում բովանդակվող դրույթները հանդիսանում են կոնֆլիկտին մասնակցող կողմի իշխանության տակ գտնվող քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների մարդասիրական պաշտպանությանը վերաբերող այն նորմաների լրացումը, որոնք բովանդակվում են Չորրորդ կոնվենցիայում, մասնավորապես, դրա 1-ին և 3-րդ մասերում, ինչպես նաև միջազգային իրավունքի` միջազգային զինված կոնֆլիկտների ժամանակաշրջանում կիրառվող մարդու հիմնական իրավունքների պաշտպանությանը վերաբերող մյուս նորմաների լրացումը:

 

Հոդված 73. Փախստականները և ապատրիդները

 

Այն անձինք, որոնք շահագրգիռ պետությունների կողմից ընդունված համապատասխան միջազգային ակտերի կամ պատսպարան հատկացրած պետության, կամ բնակության պետության ազգային օրենսդրության համաձայն մինչև պատերազմական գործողությունների սկիզբը դիտվել են որպես ապատրիդներ կամ փախստականներ, Չորրորդ կոնվենցիայի 1-ին և 3-րդ մասերի իմաստով հանդիսանում են պաշտպանությունից օգտվող անձինք` բոլոր հանգամանքներում և առանց որևէ աննպաստ տարբերության:

 

Հոդված 74. Անջատված ընտանիքների վերամիացումը

 

Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ցանկացած հնարավոր ուղիներով նպաստում են այն ընտանիքների վերամիացմանը, որոնք անջատվել են զինված կոնֆլիկտների հետևանքով և, մասնավորապես, խրախուսում են այդ խնդիրն իրականացնող մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը` Կոնվենցիաների և սույն Արձանագրության դրույթներին համապատասխան և անվտանգության դրանց համապատասխան կանոնների համաձայն:

 

Հոդված 75. Հիմնական երաշխիքները

 

1. Այն չափով, որչափ որ նրանց շոշափում է սույն Արձանագրության 1 հոդվածում նշված իրադրությունը, կոնֆլիկտին մասնակցող կողմի իշխանության տակ գտնվող, և Կոնվենցիաներին համապատասխան կամ սույն Արձանագրությանը համապատասխան առավել նպաստավոր վարվելակերպից չօգտվող անձանց հանդեպ բոլոր հանգամանքներում վերաբերվում են մարդասիրաբար և նրանք, որպես նվազագույնը, օգտվում են նույն հոդվածում նախատեսվող պաշտպանությունից, առանց որևէ աննպաստ տարբերության` հիմնված ռասայի, կաշվի գույքի, սեռի, լեզվի, կրոնի կամ դավանանքի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ծննդի կամ այլ կարգավիճակի հատկանիշների վրա, կամ որևէ այլ համանման չափանիշների վրա: Յուրաքանչյուր կողմ պետք է հարգանքով վերաբերվի այդպիսի բոլոր անձանց անհատի, պատվի, համոզմունքների և կրոնական ծիսակատարությունների նկատմամբ:

2. Արգելված և ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում արգելված կմնան հետևյալ գործողությունները, անկախ այն բանից` դրանք կատարում են քաղաքացիակա՞ն, թե՞ զինվորական մարմինների ներկայացուցիչները.

ա) բռնությունը անձանց կյանքի, առողջության և ֆիզիկական կամ հոգեկան վիճակի նկատմամբ,

ա.1) սպանությունը,

ա.2) բոլոր տեսակի խոշտանգումները, լինեն դրանք ֆիզիկական թե հոգեկան

ա.3) մարմնական պատիժները, և

ա.4) խեղումները

բ) անարգանքը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես, նվաստացուցիչ և վիրավորական վերաբերմունքը, պոռնկության ստիպելը կամ անարժան ոտնձգությունը` ցանկացած ձևով,

գ) պատանդներ վերցնելը,

դ) կոլեկտիվ պատիժները, և

ե) վերը նշված գործողություններին ցանկացած գործողությունով սպառնալը:

3. Ռազմական կոնֆլիկտի հետ կապված գործողությունների համար ձերբակալման, կալանման կամ ներկալման ենթարկվող ցանկացած անձ առանց ուշացվելու նրա համար հասկանալի լեզվով պետք է տեղյակ պահվի այդպիսի միջոցների ձեռնարկման պատճառների մասին: Բացառությամբ քրեական իրավախախտումների համար ձերբակալման կամ կալանման դեպքերի, այդպիսի անձինք պետք է ազատվեն ցանկացած դեպքում, հենց որ ձերբակալումը, կալանումը կամ ներկալումը արդարացնող հանգամանքները դադարեն գոյություն ունենալուց:

4. Զինված կոնֆլիկտի հետ կապված քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ չի կարող կայացվել ոչ մի վճիռ, և նա չի կարող ենթարկվել ոչ մի պատժի, առանց անկողմնակալ և հարկ եղածին պես հիմնված այնպիսի դատարանի որոշման, որը պահպանում է սովորական դատավարության համընդհանուր ճանաչված սկզբունքները, որոնք իրենց մեջ ներառում են հետևյալը.

ա) ընթացակարգը պետք է նախատեսի, որպեսզի մեղադրյալն առանց ուշացվելու տեղեկացվի որպես մեղադրանք նրան հարուցվող իրավախախտման մանրամասների մասին, և մեղադրյալին մինչև դատը և դատի ժամանակ տրամադրվեն պաշտպանության բոլոր անհրաժեշտ իրավունքները և միջոցները,

բ) ոչ մի անձ չի կարող իրավախախտման համար դատապարտվել, բացի քրեական պատասխանատվության հիմքից,

գ) ոչ մի անձ չի կարող մեղադրվել քրեական իրավախախտում կատարելու մեջ կամ դրա համար դատապարտվել ցանկացած այնպիսի գործողության կամ բացթողման հիման վրա, որոնք իրենցից քրեական իրավախախտում չեն ներկայացրել ազգային օրենսդրության կամ միջազգային իրավունքի նորմաներին համապատասխան, որոնց գործողությունը տարածվել է այդ անձի վրա այդպիսի գործողություն կատարելու կամ բացթողում թույլ տալու ժամանակ: Հավասարապես չի կարող առավել խիստ պատիժ նշանակվել, քան այն պատիժը, որը կիրառվել է այն ժամանակ, երբ կատարվել է տվյալ իրավախախտումը, եթե իրավախախտում կատարելուց հետո օրենքով սահմանվում է առավել թեթև պատիժը, ապա այդ օրենքի գործողությունը տարածվում է և տվյալ իրավախախտողի վրա,

դ) յուրաքանչյուր մարդ, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվում իրավախախտում կատարելու համար, համարվում է անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցված օրենքով,

ե) յուրաքանչյուր մարդ, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվում իրավախախտում կատարելու համար, ունի իր ներկայությամբ դատական քննություն կատարելու իրավունք,

է) ոչ մի անձ չի կարող հարկադրվել ցուցմունք տալու իր դեմ կամ իրեն ճանաչել մեղավոր,

ը) յուրաքանչյուր մարդ, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվում իրավախախտում կատարելու համար, ունի իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննելու իրավունք, կամ պահանջելու, որպեսզի այդ վկաները հարցաքննվեն, ինչպես նաև իր օգտին վկաների կանչելու և հարցաքննելու իրավունք` այդ նույն պայմաններով, ինչ որ նրա դեմ ցուցմունքներ տվող վկաների համար,

թ) ոչ մի անձ չի կարող իրավախախտման համար հետապնդվել կամ պատժվել այդ նույն կողմից, որի համար այդ նույն օրենքին համապատասխան և դատական գործընթացով տվյալ անձի նկատմամբ արդեն ավելի վաղ կայացվել է արդարացնող կամ նրան դատապարտող վերջնական վճիռ,

ժ) յուրաքանչյուր մարդ, որը իրավախախտման համար հետապնդվում է դատական կարգով, ունի այն բանի իրավունքը, որպեսզի դատարանի վճիռը ընթերցվի հրապարակայնորեն, և

ի) վճիռ կայացնելիս, դատապարտյալին պետք է տեղեկացվի և դատական կամ այլ կարգով գանգատարկելու նրա իրավունքի մասին, ինչպես և այն ժամկետի մասին, որի ընթացքում նա կարող է օգտվել այդ իրավունքից:

5. Կանայք, որոնց ազատությունը սահմանափակվում է զինված կոնֆլիկտի հետ կապված պատճառներով, պահվում են տղամարդկանց շենքերից անջատ շենքերում: Նրանք գտնվում են կանանց անմիջական հսկողության ներքո: Սակայն, այն դեպքերում, երբ կալանման կամ ներկալման են ենթարկվում ընտանիքներ, դրանք, հնարավորության սահմաններում տեղավորվում են միևնույն տեղում և պահվում են որպես առանձին ընտանիքներ:

6. Զինված կոնֆլիկտների հետ կապված պատճառներով ձերբակալման, կալանման կամ ներկալման ենթարկվող անձինք օգտվում են տվյալ հոդվածով նախատեսված պաշտպանությունից մինչև նրանց վերջնական ազատումը, հայրենադարձությունը կամ նրանց գործերի կարգավորումը` նույնիսկ մինչև զինված կոնֆլիկտի ավարտը:

7. Ռազմական հանցագործությունների մեջ կամ մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հետապնդման և նրանց դատելու վերաբերմամբ ցանկացած տարակուսանքից խուսափելու նպատակով, կիրառվում են հետևյալ սկզբունքները.

ա) այդպիսի հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք պետք է հետապնդվեն և դատարան հանձնվեն միջազգային իրավունքի կիրառվող նորմաներին համապատասխան, և

բ) ցանկացած այդպիսի անձինք, ովքեր Կոնվենցիաներին համապատասխան կամ սույն Արձանագրության համաձայն չեն օգտվում առավել նպաստավոր վարվելակերպից, օգտվում են սույն հոդվածով նախատեսված վարվելակերպից, անկախ այն բանից` այն հանցագործությունները, որոնց մեջ նրանք մեղադրվում են, հանդիսանո՞ւմ են, թե՞ չեն հանդիսանում Կոնվենցիաների և սույն Արձանագրության լուրջ խախտումներ:

8. Սույն հոդվածի դրույթներից ոչ մի դրույթ չի կարող օգտագործվել միջազգային իրավունքի կիրառվող ցանկացած նորմաներին համապատասխան այն անձանց մեծ պաշտպանություն հատկացնող ցանկացած առավել նպաստավոր վիճակը սահմանափակող կամ վնաս բերող դրույթ, որոնց մասին խոսվում է 1 կետում:

 

ԳԼՈՒԽ 2-ՐԴ
ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 76. Կանանց պաշտպանությունը

 

1. Կանայք օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը, մասնավորապես, բռնաբարությունից, պոռնկության ստիպելուց և անվայելուչ ոտնձգությունների ցանկացած մյուս ձևերից:

2. Այն հղի կանանց և փոքրահասակ երեխաների այն մայրերի գործերը, որոնցից կախված են այդպիսի երեխաները, և որոնք ռազմական կոնֆլիկտի հետ կապված պատճառներով ենթարկվում են ձերբակալման, կալանման կամ ներկալման, քննարկվում են առաջնահերթ կարգով:

3. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը առավելագույն հնարավորության չափով ձգտում են խուսափել ռազմական կոնֆլիկտի հետ կապված իրավախախտումների համար հղի կանանց կամ փոքրահասակ երեխաների այն մայրերի նկատմամբ մահվան դատավճիռ կայացնելուց, որոնցից կախված են այդ երեխաները: Այդպիսի կանանց նկատմամբ այդպիսի իրավախախտումների համար մահվան դատավճիռը ի կատար չի ածվում:

 

Հոդված 77. Երեխաների պաշտպանության միջոցները

 

1. Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ապահովում են նրանց պաշտպանությունը և օգնությունը, որոնք նրանց համար պահանջվում են հասակի կամ ցանկացած այլ պատճառով:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ձեռնարկում են գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները այն բանի համար, որպեսզի տասնհինգ տարեկանին չհասած երեխաներն անմիջական մասնակցություն չունենան ռազմական գործողություններին, և մասնավորապես, կողմերը ձեռնպահ են մնում իրենց զինված ուժերի մեջ նրանց հավաքագրումից: Տասնհինգ տարեկանին հասած, բայց դեռ տասնութ տարին չլրացած անձանց թվից հավաքագրելիս, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ձգտում են նախապատվությունը տալ առավել ավագ հասակի անձանց:

3. Եթե, բացառիկ դեպքերում, հակառակ 2 կետի դրույթների, տասնհինգ տարին չլրացածները անմիջական մասնակցություն են ունենում ռազմական գործողություններին և ընկնում հակառակ կողմի իշխանության տակ, նրանք շարունակում են օգտվել սույն հոդվածով հատկացվող հատուկ պաշտպանությունից, անկախ այն բանից` նրանք հանդիսանո՞ւմ են ռազմագերիներ, թե՞ ոչ:

4. Զինված կոնֆլիկտի հետ կապված պատճառներով ձերբակալման, կալանման կամ ներկալման դեպքում, երեխաները պահվում են մեծահասակների շենքերից անջատ շենքերում, բացի այն դեպքերից երբ ընտանիքները տեղավորվում են առանձին, ինչպես դա նախատեսված է 75 հոդվածով (կետ 5):

5. Զինված կոնֆլիկտի հետ կապված իրավախախտման համար մահվան դատավճիռը ի կատար չի ածվում այն անձանց նկատմամբ, ովքեր չեն հասել տասնութ տարեկան հասակին այն ժամանակ, երբ այդ իրավախախտումը կատարվել է:

 

Հոդված 78. Երեխաների էվակուացումը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող ոչ մի կողմ միջոցներ չի ձեռնարկում օտարերկրյա պետություն էվակուացնելու երեխաներին, բացի միայն իր սեփական քաղաքացիներից, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսք է գնում ժամանակավոր էվակուացման մասին, որն անհրաժեշտ է երեխաների առողջական վիճակի կամ նրանց բուժման կամ, եթե նրանք չեն գտնվում օկուպացված տարածքում` նրանց անվտանգության հետ կապված անհետաձգելի պատճառներով: Այն դեպքում, եթե կարող են գտնվել ծնողները կամ օրինական խնամակալները, պահանջվում է այդպիսի էվակուացմանը նրանց գրավոր համաձայնությունը: Եթե այդպիսի անձինք չեն կարող գտնվել, ապա պահանջվում է այդպիսի էվակուացման այն անձանց գրավոր համաձայնությունը, որոնք օրենքով կամ սովորաբար կրում են երեխաների խնամքի գլխավոր պատասխանատվությունը: Ցանկացած այդպիսի էվակուացում անցկացվում է Հովանավոր տերության հսկողությամբ` շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցնելով, այսինքն, էվակուացումն իրականացնող կողմի հետ երեխաներին ընդունող կողմի և ցանկացած այն կողմի հետ համաձայնեցնելով, որոնց քաղաքացիները էվակուացվում են: Յուրաքանչյուր դեպքում կոնֆլիկտի մեջ գտնվող բոլոր կողմերը ձեռնարկում են նախազգուշության գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները` խուսափելու էվակուացման համար սպառնալիք առաջանալուց:

2. 1 կետին համապատասխան էվակուացման իրականացման բոլոր դեպքերում, յուրաքանչյուր երեխայի ուսումը, ներառյալ նրա կրոնական և բարոյական դաստիարակությունը` նրա ծնողների ցանկությունների համաձայն, ապահովվում է, քանի դեռ նա գտնվում է էվակուացման մեջ, առավելագույն հնարավոր չափով անընդհատ:

3. Իրենց ընտանիքները և իրենց երկիրը այն երեխաների վերադարձը դյուրացնելու նպատակով, որոնք էվակուացվել են սույն հոդվածին համապատասխան, էվակուացումը իրականացնող կողմի իշխանությունները, և երբ դա նպատակահարմար է` ընդունող կողմի իշխանությունները յուրաքանչյուր երեխայի համար լրացնում են լուսանկարներով հանդերձ քարտ, որը նրանք ուղարկում են Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի Կենտրոնական տեղեկատու գործակալություն: Յուրաքանչյուր քարտի մեջ պետք է բովանդակվի, երբ դա հնարավոր է և երբ դա երեխային վնաս հասցնելու վտանգ չի ներկայացնում, հետևյալ տեղեկատվություն.

ա) երեխայի ազգանունը (ազգանունները).

բ) երեխայի անունը (անունները).

գ) երեխայի սեռը.

դ) ծննդյան տեղը և տարեթիվը (կամ, եթե ծննդյան տարեթիվն անհայտ է, մոտավոր հասակը).

ե) հոր լրիվ անունը.

զ) մոր լրիվ անունը և աղջկական ազգանունը, եթե այդպիսին պահպանվում է.

է) երեխայի մերձավոր հարազատները.

ը) երեխայի ազգությունը.

թ) երեխայի մայրենի լեզուն և ցանկացած այլ լեզուները, որոնցով նա խոսում է.

ժ) երեխայի ընտանիքի հասցեն.

ի) երեխայի ցանկացած անձնական համարը.

լ) երեխայի առողջական վիճակը.

խ) երեխայի արյան խումբը.

ծ) տարբերիչ նշանները.

կ) տարեթիվը և տեղը, որտեղ գտնվել է երեխան.

հ) երեխայի` իր երկրից մեկնելու տարեթիվը և այն տեղի անվանումը, որտեղից նա մեկնել է.

ձ) երեխայի կրոնը, եթե այդպիսին գոյություն ունի.

ղ) երեխայի իսկական հասցեն ընդունող երկրում.

ճ) մինչև վերադարձը երեխայի մահվան դեպքում` մահվան տարեթիվը, տեղը և հանգամանքները, և նրա թաղման տեղը:

 

ԳԼՈՒԽ 3-ՐԴ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 79. Լրագրողների պաշտպանության միջոցները

 

1. Զինված կոնֆլիկտի շրջաններում վտանգավոր մասնագիտական գործուղումների մեջ գտնվող լրագրողները դիտվում են որպես քաղաքացիական անձինք 50 հոդվածի (1 կետ) նշանակությամբ:

2. Որպես այդպիսիք նրանք օգտվում են պաշտպանությունից Կոնվենցիաներին և սույն Արձանագրությանը համապատասխան, պայմանով, որ նրանք ոչ մի այնպիսի գործողություն չեն կատարում, որն անհամատեղելի է քաղաքացիական անձանց նրանց կարգավիճակի հետ, և գործում են առանց վնաս հասցնելու զինված ուժերում հավատարմագրված զինվորական թղթակիցների` Երրորդ կոնվենցիայի 4 A) 4) հոդվածով նախատեսված կարգավիճակի իրավունքին:

3. Նրանք կարող են ստանալ այն նմուշի անձնական վկայական, որը մեջբերվում է սույն Արձանագրությանն առընթեր 2-րդ Հավելվածում: Այդ վկայականը, որը տրվում է այն պետության կառավարության կողմից, որի քաղաքացին է հանդիսանում լրագրողը, կամ որի տարածքում նա բնակվում է մշտապես, կամ որտեղ գտնվում է տեղեկատվական գործակալությունը, ու որտեղ նա աշխատում է, հավաստում է նրա ներկայացնողի կարգավիճակը, որպես լրագրողի:

 

ՄԱՍ 5-ՐԴ

ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՒՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 80. Կատարման միջոցները

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, առանց ձգձգելու ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները Կոնվենցիաներով և սույն Արձանագրությամբ նրանց վրա դրված պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

2. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը հրամաններ են արձակում և կարգադրություններ անում Կոնվենցիաների և սույն Արձանագրության իրագործման ապահովման նպատակով և վերահսկողություն են իրականացնում դրանց կատարման նկատմամբ:

 

Հոդված 81. Կարմիր խաչի և մարդասիրական մյուս

կազմակերպությունների գործունեությունը

 

1. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը իրենց հնարավորությունների սահմաններում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին տրամադրում են բոլոր միջոցները, որոնք թույլ են տալիս կոմիտեին կատարելու կոնֆլիկտներից տուժածների պաշտպանության և օգնության ապահովման նպատակով Կոնվենցիաներով և սույն Արձանագրությամբ նրա վրա դրված մարդասիրական ֆունկցիաները: Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կարող է նաև իրականացնել ցանկացած այլ մարդասիրական գործունեություն հօգուտ այդպիսի տուժածների` կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի համաձայնությամբ:

2. Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) իր համապատասխան կազմակերպություններին տրամադրում է միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրականացնելու համար իրենց մարդասիրական գործունեությունը հօգուտ տվյալ կոնֆլիկտից տուժածների` Կոնվենցիաների և սույն Արձանագրության դրույթներին և Կարմիր խաչի այն հիմնական սկզբունքներին համապատասխան, որոնք ձևակերպված են Կարմիր խաչի Միջազգային կոնֆերանսների կողմից:

3. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ամենայն հնարավոր եղանակներով նպաստում են այն օգնությունը ցուցաբերելուն, որը Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) և Կարմիր խաչի ընկերությունների Լիգայի կազմակերպությունները տրամադրում են կոնֆլիկտներից տուժածներին` Կոնվենցիաների և սույն Արձանագրության դրույթներին և Կարմիր խաչի այն հիմնական սկզբունքներին համապատասխան, որոնք ձևակերպված են Կարմիր Խաչի Միջազգային կոնֆերանսների կողմից:

4. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը տրամադրում են, որքան դա հնարավոր կլինի, միջոցներ, համանման այն միջոցներին, որոնց մասին խոսվում է 2 և 3 կետերում, Կոնվենցիաներում և սույն Արձանագրության մեջ հիշատակված մյուս մարդասիրական կազմակերպություններին, որոնք պատշաճ ձևով լիազորված են կոնֆլիկտի մեջ գտնվող համապատասխան պետությունների կողմից, և իրենց մարդասիրական գործունեությունը ծավալում են Կոնվենցիաների և սույն Արձանագրության դրույթներին համապատասխան:

 

Հոդված 82. Իրավական խորհրդականները զինված ուժերում

 

Բարձր Պայմանավորվող կողմերը ցանկացած ժամանակ և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը զինված կոնֆլիկտի ժամանակաշրջանում ապահովում են իրավական խորհրդականների առկայությունը, որոնք կկարողանային, երբ դա անհրաժեշտ է, զինվորական հրամանատարներին համապատասխան մակարդակով խորհուրդներ տալ Կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառման մասին և այդ հարցի առթիվ զինված ուժերը համապատասխանորեն հրահանգավորելու մասին:

 

Հոդված 83. Տարածումը

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ զինված կոնֆլիկտների ժամանակ հնարավորին չափ լայնորեն տարածել կոնվենցիաները և սույն Արձանագրությունը իրենց երկրներում և, մասնավորապես, դրանց ուսումնասիրումը մտցնել զինվորական պատրաստության ծրագրերի մեջ և քաջալերել դրանց ուսումնասիրումը քաղաքացիական բնակչության կողմից այն հաշվով, որպեսզի այդ փաստաթղթերը կարողանային հայտնի լինել զինված ուժերին և քաղաքացիական բնակչությանը:

2. Ցանկացած զինվորական կամ քաղաքացիական իշխանություններ, որոնք զինված կոնֆլիկտների ժամանակ իրենց վրա են վերցնում Կոնվենցիաների և սույն Արձանագրության կիրառման պատասխանատվությունը, պետք է լրիվ ծանոթ լինեն դրանց տեքստերին:

 

Հոդված 84. Կիրառման կանոնները

 

Բարձր Պայմանավորվող Կողմերը ամենակարճ ժամկետներում, ավանդապահի միջնորդությամբ և, անհրաժեշտության դեպքում, Հովանավոր տերության միջնորդությամբ, միմյանց են ուղարկում սույն Արձանագրության իրենց պաշտոնական թարգմանությունները, ինչպես նաև այն օրենքները և կանոնադրությունները, որոնք կարող են ընդունվել Արձանագրության կիրառումն ապահովելու համար:

 

ԲԱԺԻՆ 2-ՐԴ
ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՒՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

Հոդված 85. Սույն Արձանագրության խախտումների կասեցումը

 

1. Խախտումների և լուրջ խախտումների կասեցմանը վերաբերող Կոնվենցիաների դրույթները, որոնք լրացվել են սույն Բաժնի կողմից, կիրառվում են սույն Արձանագրության խախտումների և լուրջ խախտումների կասեցման նկատմամբ:

2. Այն գործողությունները, որոնք Կոնվենցիաներում բնութագրվում են որպես լուրջ խախտումներ, հանդիսանում են սույն Արձանագրության լուրջ խախտումներ, եթե դրանք կատարվում են հակառակորդ կողմի իշխանության տակ գտնվող և սույն Արձանագրության 44, 45 և 73 հոդվածների պաշտպանությունից օգտվող անձանց նկատմամբ, կամ հակառակորդ կողմին պատկանող հիվանդների, վիրավորների և նավաբեկության ենթարկված և սույն Արձանագրության պաշտպանությունից օգտվող անձանց նկատմամբ, կամ հակառակորդ կողմի վերահսկողության տակ գտնվող և սույն Արձանագրության պաշտպանությունից օգտվող բժշկական կամ հոգևոր անձնակազմի, բժշկական կազմավորումների կամ սանիտարա-տրանսպորտային միջոցների նկատմամբ:

3. Ի լրումն 11 հոդվածում լուրջ խախտումների, հետևյալ գործողություններն են դիտվում որպես սույն Արձանագրության լուրջ խախտումներ, երբ դրանք կատարվում են կանխամտածված ի խախտումն սույն Արձանագրության համապատասխան դրույթների և հանդիսանում են մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքի կամ առողջությանը հասցված վնասի պատճառ.

ա) քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական առանձին անձանց վերածումը հարձակման օբյեկտի,

բ) անընտրական բնույթի այնպիսի հարձակման իրագործումը, որը շոշափում է քաղաքացիական բնակչությանը կամ քաղաքացիական օբյեկտները, երբ հայտնի է, որ այդպիսի հարձակումը կդառնա կյանքի անչափ կորուստների, քաղաքացիական անձանց շրջանում վիրավորվածների պատճառ կամ վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, ինչպես դա սահմանված է 57 հոդվածում, կետ 2ա), ա.3),

գ) վտանգավոր ուժեր պարունակող սարքավորումների և կառուցվածքների վրա հարձակման իրագործումը, երբ հայտնի է, որ այդպիսի հարձակումը կդառնա կյանքի անչափ կորուստների, քաղաքացիական անձանց շրջանում վիրավորվածների պատճառ կամ վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, ինչպես դա սահմանված է 57 հոդվածում, կետ 2), ա.3),

դ) չպաշտպանվող վայրերի և ապառազմականացված գոտիների վերծանումը հարձակման օբյեկտի,

ե) հարձակում կատարելն այն անձի վրա, երբ հայտնի է, որ նա դադարել է մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին,

է) ի խախտումն 37 հոդվածի, Կարմիր խաչի, կարմիր Կիսալուսնի կամ Կարմիր առյուծի և Արևի` Կոնվենցիաներով և սույն Արձանագրությամբ ճանաչված տարբերիչ խորհրդանշանի կամ պաշտպանական մյուս նշանների երդմնազանց օգտագործումը:

4. Ի լրումն նախորդ կետերում և Կոնվենցիաներում նշված լուրջ խախտումների, հետևյալ գործողություններն են դիտվում որպես սույն Արձանագրության լուրջ խախտումներ, երբ դրանք կատարվում են կանխամտածված և ի խախտումն Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության:

ա) օկուպացված տերության կողմից սեփական բնակչության մի մասի տեղափոխումը իր կողմից օկուպացվող տարածք կամ օկուպացված տարածքի ամբողջ բնակչության կամ դրա մի մասի բռնագաղթը կամ տեղափոխումը այդ տարածքի սահմաններում կամ դրա սահմաններից դուրս` ի խախտումն Չորրորդ Կոնվենցիայի 49 հոդվածի,

բ) ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց հայրենադարձության չարդարացված ձգձգումը,

գ) ապարտեիդ և մյուս ոչ մարդասիրական և անհատի արժանապատվությունը վիրավորող, նվաստացուցիչ այնպիսի գործողությունների պրակտիկայի կիրառումը, որոնք հիմնված են ռասայի խտրականության վրա,

դ) պարզորոշ ճանաչվող այնպիսի պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի կատարման տեղերի վերածումը հարձակման օբյեկտի, որոնք հանդիսանում են ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, և որոնց հատուկ համաձայնագրով, կնքված, օրինակ, իրավասու կազմակերպությունների շրջանակներում, տրամադրվում է հատուկ պաշտպանություն, այդ հարձակման հետևանքով դրանց հասցվում են մեծ ավերումներ, երբ չկա վկայություն հակառակորդ կողմից 53 հոդվածի բ) կետի խախտման մասին և, երբ այդպիսի պատմական հուշարձանները, արվեստի ստեղծագործությունները և պաշտամունքի կատարման տեղերը չեն գտնվում ռազմական օբյեկտներից անմիջական մոտիկության սահմաններում,

է) Կոնվենցիաների պաշտպանությունից օգտվող կամ սույն հոդվածի 2 կետում հիշատակված անձին անկողմնակալ և նորմալ դատավարության իրավունքից զրկելը:

5. Առանց Կոնվենցիաների և սույն Արձանագրության կիրառմանը վնաս հասցնելու, այդ փաստաթղթերի լուրջ խախտումները դիտվում են որպես ռազմական հանցագործություններ:

 

Հոդված 86. Միջոցներ չձեռնարկելը

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է կասեցնեն լուրջ խախտումները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության բոլոր մյուս այն խախտումների կասեցման համար, որոնք հանդիսանում են այնպիսի միջոցներ չձեռնարկելու հետևանք, որոնք պետք է ձեռնարկվեն:

2. Այն փաստը, որ Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության խախտումը կատարվել է ենթակա անձի կողմից, նրա պետերին չի ազատում քրեական կամ կարգապահական պատասխանատվությունից` նայած դեպքի հանգամանքներին, եթե նրանք իմացել կամ իրենց տրամադրության տակ ունեցել են տեղեկատվություն, որը պետք է նրանց հնարավորություն ընձեռներ եզրակացության գալ այն իրադրության մեջ, որ գոյություն է ունեցել այն ժամանակ, որ այդպիսի ենթակա անձը կատարում է կամ մտադրվում է կատարել նման խախտում և, եթե իրենց իրավասությունների սահմաններում նրանք չեն ձեռնարկել գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները այդպիսի խախտումը կանխարգելելու կամ կասեցնելու համար:

 

Հոդված 87. Հրամանատարների պարտականությունները

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է զինվորական հրամանատարներից պահանջեն, որքան դա վերաբերում է նրանց ենթակա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ենթակայության տակ գտնվող մյուս անձանց, որպեսզի նրանք թույլ չտան Կոնվենցիաների և սույն Արձանագրության խախտումներ և անհրաժեշտության դեպքում կասեցնեն այդ խախտումները և դրանց մասին տեղյակ պահեն իրավասու իշխանություններին:

2. Խախտումները կանխելու և կասեցնելու նպատակով, Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է պահանջեն, որպեսզի հրամանատարները, նրանց վրա դրված պատասխանատվության սահմաններում, միջոցներ ձեռնարկեն այն բանի համար, որպեսզի նրանց ենթակա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձինք իմանան այն պարտականությունները, որոնք նրանց վրա դրվում են Կոնվենցիաներով և սույն Արձանագրությամբ:

3. Բարձր Պայմանավորվող Կողմերը և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է պահանջեն յուրաքանչյուր հրամանատարից, որը տեղյակ է այն մասին, որ նրա վերահսկողության տակ գտնվող նրա ենթակաները կամ այլ անձինք, մտադրվում են կատարել կամ կատարել են Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության խախտում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` կանխարգելելու Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության նման խախտումները և, անհրաժեշտության դեպքում, կարգապահական կամ քրեական հետապնդում հարուցեն նրանց նկատմամբ, ով թույլ է տվել նշված խախտումները:

 

Հոդված 88. Փոխադարձ օգնությունը քրեական հետապնդման

հարցերում

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերը միմյանց առավելագույն աջակցություն են ցույց տալիս Կոնվենցիաների և սույն Արձանագրության լուրջ խախտումների դեպքում հարուցվող քրեական հետապնդման կապակցությամբ,

2. Առանց դիպչելու Կոնվենցիաներով և սույն Արձանագրության 85 հոդվածով (կետ 1) սահմանված իրավունքներին և պարտավորություններին, Բարձր Պայմանավորվող Կողմերը համագործակցում են այն բանում, որը վերաբերում է հանձնելուն: Դրանք հարկ եղած ձևով հաշվի են առնում այն պետության խնդրանքը, որի տարածքում է իբրև թե կատարվել տվյալ հանցագործությունը:

3. Բոլոր դեպքերում կիրառվում է հանձնման մասին խնդրանք ստացած Բարձր Պայմանավորվող Կողմի օրենսդրությունը: Սակայն, նախորդ կետերում բերված դրույթները չեն շոշափում ցանկացած այլ երկկողմ կամ բազմակողմ այն համաձայնագրից բխող պարտավորությունները, որը լրիվ կամ մասնակիորեն սահմանում է, կամ կսահմանի փոխադարձ օգնություն ցուցաբերելը քրեական հետապնդման հարցերում:

 

Հոդված 89. Համագործակցությունը

 

Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության լուրջ խախտումների դեպքերում Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ձեռնարկել ինչպես համատեղ, այնպես էլ ինքնուրույն միջոցներ` Միավորված Ազգերի Կազմակերպության հետ համագործակցության ասպարեզում և Միավորված Ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան:

 

Հոդված 90. Փաստերի բացահայտման միջազգային հանձնաժողովը

 

1. ա) Հիմնվում է փաստերի բացահայտման միջազգային հանձնաժողով (կոչվում է «Հանձնաժողով») տասնհինգ անդամների կազմով, որոնք ունեն բարոյական բարձր հատկանիշներ և ճանաչված անաչառություն:

բ) Այն բանից հետո, երբ քսանից ոչ պակաս Բարձր Պայմանավորվող Կողմեր համաձայնեն ընդունել Հանձնաժողովի իրավասությունը` 2 կետին համապատասխան, ավանդապահը այդ ժամանակ, իսկ հետագայում ամեն հինգ տարին մեկ, հրավիրում է այդպիսի Բարձր Պայմանավորվող Կողմերի կոնֆերանս Հանձնաժողովի անդամներ ընտրելու նպատակով: Կոնֆերանսում ներկայացուցիչները գաղտնի քվեարկությամբ ընտրում են Հանձնաժողովի անդամներ այն ցուցակում եղած անձանցից, որի մեջ Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը կարող է մտցնել մեկ թեկնածություն:

գ) Հանձնաժողովի անդամները անցնում են իրենց անձնական պարտականություններին և իրենց ֆունկցիաները կատարում ընդհուպ մինչև հաջորդ կոնֆերանսում նոր անդամների ընտրությունը:

դ) Ընտրությունների Ժամանակ Բարձր Պայմանավորվող Կողմերը հետևում են այն բանին, որպեսզի Հանձնաժողովում ընտրվող անձինք, յուրաքանչյուրն առանձին վերցրած, ունենա անհրաժեշտ հատկանիշներ և որպեսզի Հանձնաժողովում ընդհանուր առմամբ ապահովվի աշխարհագրական արդարացի ներկայացուցչությունը:

ե) Չնախատեսված թափուր տեղ առաջանալու դեպքում ինքը` Հանձնաժողովն է լրացնում այդ թափուր տեղը, ընդսմին հարկ եղածին պես հաշվի առնելով նախորդ ենթակետերի դրույթները:

է) Ավանդապահը Հանձնաժողովին ցույց է տալիս անհրաժեշտ վարչական օգնություն` նրա ֆունկցիաներն իրագործելու ասպարեզում:

2. ա) Արձանագրության ստորագրման, վավերացման կամ դրան միանալու ժամանակ կամ հետագա ցանկացած այլ ժամանակ Բարձր Պայմանավորվող Կողմերը կարող են և առանց համանման պարտավորություն ստանձնող ցանկացած այլ Բարձր Պայմանավորվող Կողմի վերաբերմամբ հատուկ համաձայնագրի, unco fakto հայտարարել Հանձնաժողովի իրավասությունը այդպիսի այլ կողմի դիմումների հետաքննության նկատմամբ, ինչպես դա թույլատրվում է սույն հոդվածով:

բ) Վերը հիշատակված դիմումները հանձնվում են ավանդապահին, որն այդ դիմումների պատճենները ուղարկում է Բարձր Պայմանավորվող Կողմերին:

գ) Հանձնաժողովն իրավասու է.

գ. 1) հետաքննել ցանկացած փաստերը, որոնք, ինչպես ենթադրվում է, իրենցից ներկայացնում են լուրջ խախտումներ, ինչպես դա բնորոշվում է Կոնվենցիաներով և սույն Արձանագրությամբ, կամ Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության ուրիշ լուրջ խախտում:

գ. 2) իր բարի ծառայությունները մատուցելու միջոցով նպաստել Կոնվենցիաների և սույն Արձանագրության հանդեպ հարգալից վերաբերմունքի վերականգնմանը,

դ) այդ իրադրություններում Հանձնաժողովը կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի խնդրանքով հետաքննություն է նշանակում միայն մյուս շահագրգիռ կողմի կամ կողմերի համաձայնությամբ:

ե) սույն կետի վերոհիշյալ դրույթների հաշվառմամբ, համապատասխանաբար Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Կոնվենցիաների 52 հոդվածի, 53 հոդվածի, 132 հոդվածի և 149 հոդվածի դրույթները շարունակում են կիրառվել Կոնվենցիաների ցանկացած ենթադրվող խախտման նկատմամբ և տարածվում են Արձանագրության ցանկացած ենթադրվող խախտման վրա:

3. ա) եթե շահագրգիռ կողմերի միջև չբերվի այլ համաձայնություն, ապա բոլոր հետաքննությունները կատարվում են յոթ անդամից կազմված պալատի կողմից, որոնք նշանակվում են հետևյալ կերպ.

ա. 1) Հանձնաժողովի` կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից ոչ մեկի քաղաքացիներ չհանդիսացող հինգ անդամները նշանակվում են Հանձնաժողովի նախագահի կողմից` աշխարհագրական շրջանների արդարացի ներկայացուցչության հիման վրա և կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հետ անցկացված խորհրդատվությունից հետո.

ա. 2) կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից ոչ մեկի քաղաքացիներ չհանդիսացող երկու հատուկ անդամները նշանակվում են մեկական` կողմերից յուրաքանչյուրի անունից:

բ) Հետաքննություն կատարելու մասին խնդրանք ստանալիս, Հանձնաժողովի նախագահը սահմանում է Պալատի հիմնման համապատասխան ժամկետ: Եթե սահմանված ժամկետի ընթացքում որևէ հատուկ անդամ չի նշանակվել, նախագահը անհապաղ նշանակում է Հանձնաժողովի այդպիսի լրացուցիչ անդամներ կամ անդամ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Պալատի կազմի համալրման համար:

4. ա) Հետաքննություն անցկացնելու համար 3 կետին համապատասխան հիմնված Պալատը կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին առաջարկում է իրեն աջակցել և ապացույցներ ներկայացնել: Պալատը նաև կարող է փնտրել այդպիսի ուրիշ ապացույցներ, որոնք նա կարող է անհրաժեշտ համարել, և իրավիճակի հետաքննություն կատարել տեղում:

բ) Բոլոր ապացույցների մասին տեղյակ են պահվում շահագրգիռ կողմերը, որոնք իրավունք ունեն Հանձնաժողովին դիտողություններ ներկայացնել այդ ապացույցների առթիվ:

գ) Յուրաքանչյուր շահագրգիռ կողմ իրավունք ունի վիճարկել այդ ապացույցները:

5.ա) Հանձնաժողովը շահագրգիռ կողմերին ներկայացնում է զեկուցագիր Պալատի կողմից հայտնաբերած փաստերի մասին` իր այն հանձնարարականներով հանդերձ, որոնք նա անհրաժեշտ կհամարի:

բ) Եթե Պալատը հնարավորություն չունի բավարար ապացույցներ ստանալ արդարամիտ և անաչառ եզրակացություններ մշակելու համար, ապա Հանձնաժողովը հաղորդում է այն պատճառները, որոնց բերումով նա չի կարողացել այդ բանն անել:

գ) Հանձնաժողովն իր եզրակացությունների մասին չի հաղորդում հրապարակայնորեն, եթե միայն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը Հանձնաժողովին չխնդրեն այդ բանն անել:

6. Հանձնաժողովը սահմանում է ընթացակարգի իր սեփական կանոնները, ներառյալ այն կանոնները, որոնք վերաբերում են Հանձնաժողովում նախագահելուն և Պալատում նախագահելուն: Այդ կանոնները ապահովում են Հանձնաժողովի նախագահի կողմից իր ֆունկցիաների կատարումը ցանկացած ժամանակ, իսկ հետաքննության կատարման դեպքում` դրանց կատարումը այդպիսի անձի կողմից, որը չի հանդիսանում կոնֆլիկտի մեջ գտնվող որևէ կողմի քաղաքացի:

7. Հանձնաժողովի վարչական ծախսերը փակվում են Բարձր Պայմանավորվող Կողմերի անդամավճարների հաշվին, որոնք հայտարարություն են անում 2 կետին համապատասխան, և կամավոր մուծումների հաշվին: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը կամ կողմերը, որոնք դիմում են հետաքննություն կատարելու մասին խնդրանքով, կանխավճարում են անհրաժեշտ միջոցներ փակելու համար Պալատի ծախսերը, որոնք Պալատի գումարների հիսուն տոկոսի չափով նրան փոխհատուցվում են այն կողմից կամ կողմերից, որոնց նկատմամբ այդպիսի հայտարարություններ են արվել: Պալատին կողմերի հանդիպական հայտարարությունների ներկայացման դեպքում, յուրաքանչյուր կողմ մուծում է կանխավճար անհրաժեշտ միջոցների հիսուն տոկոսի չափով:

 

Հոդված 91. Պատասխանատվությունը

 

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը, որը խախտում է Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության դրույթները, պետք է հատուցի հասցված վնասները, եթե դրա համար հիմք կա: Այդ կողմը պատասխանատվություն է կրում բոլոր այն գործողությունների համար, որոնք կատարվել են նրա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձանց կողմից:

 

ՄԱՍ 6-ՐԴ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 92. Ստորագրումը

 

Սույն Արձանագրությունը Կոնվենցիաների մասնակիցների կողմից ստորագրելու համար բաց կլինի Եզրափակիչ ակտի ստորագրումից հետո վեց ամիս անց և բաց կմնա տասներկու ամսվա ընթացքում:

 

Հոդված 93. Վավերացումը

 

Սույն Արձանագրությունը պետք է վավերացվի հնարավորին չափ շուտ: Վավերագրերը հանձնվում են ի պահ Շվեյցարական Դաշնակցային խորհրդին, Կոնվենցիաների ավանդապահին:

 

Հոդված 94. Միանալը

 

Սույն Արձանագրությունը բաց է դրան Կոնվենցիաների ցանկացած այն մասնակցի միանալու համար, որը չի ստորագրել այն: Միանալու մասին փաստաթղթերը հանձնվում են ի պահ ավանդապահին:

 

Հոդված 95. Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում երկու վավերագրեր կամ միանալու մասին երկու փաստաթղթեր ի պահ հանձնելուց հետո վեց ամիս անց:

2. Կոնվենցիաների` սույն Արձանագրությունը վավերացնող յուրաքանչյուր մասնակցի կամ հետագայում դրան միացողի համար այն ուժի մեջ է մտնում այդպիսի մասնակցի կողմից վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո վեց ամիս անց:

 

Հոդված 96. Պայմանագրային հարաբերությունները սույն

Արձանագրությունը ուժի մեջ մտցնելուց հետո

 

1. Եթե Կոնվենցիաների մասնակիցները նաև հանդիսանում են սույն Արձանագրության մասնակիցներ, Կոնվենցիաները կիրառվում են դրանց մեջ սույն Արձանագրությամբ մտցված լրացումներով հանդերձ:

2. Եթե կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկը կապված չէ սույն Արձանագրությամբ, ապա վերջինս մնում է պարտադիր Արձանագրությանը մասնակից կողմերի համար` նրանց փոխհարաբերություններում: Դրանից բացի, սույն Արձանագրությունը դրանց համար հանդիսանում է պարտադիր այն կողմերից յուրաքանչյուրի նկատմամբ, որոնք կապված չեն Արձանագրությամբ, եթե այդ կողմը ճանաչում և կիրառում է դրա դրույթները:

3. Ժողովուրդը ներկայացնող իշխանությունը, որը պայքար է մղում Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկի դեմ զինված կոնֆլիկտի մեջ, նման 1 հոդվածի 4 կետում հիշատակված կոնֆլիկտի, կարող է այդպիսի կոնֆլիկտի նկատմամբ իր վրա պարտավորություն վերցնել կիրառելու Կոնվենցիաները և սույն Արձանագրությունը ավանդապահին հղված միակողմ հայտարարության միջոցով: Այդպիսի հայտարարությունը, ավանդապահի կողմից այն ստանալիս, տվյալ կոնֆլիկտի վերաբերմամբ կարող է ունենալ հետևյալ գործողությունը.

ա) հիշատակված իշխանության համար Կոնվենցիաները և սույն Արձանագրությունը ուժի մեջ են մտնում որպես կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի, անհապաղ.

բ) հիշատակված իշխանությունն ստանում է միևնույն իրավունքները և ստանձնում միևնույն պարտականությունները, ինչպես այն և իրավունքները, և պարտականությունները, որոնք ստացել և ստանձնել է Կոնվենցիաների և սույն Արձանագրության Բարձր Պայմանավորվող Կողմը, և

գ) Կոնվենցիաները և սույն Արձանագրությունը հանդիսանում են հավասարապես պարտադիր տվյալ կոնֆլիկտի մեջ գտնվող բոլոր կողմերի համար:

 

Հոդված 97. Ուղղումները

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերից ցանկացած կողմ կարող է սույն Արձանագրության առթիվ ուղղումներ առաջարկել: Առաջարկված ցանկացած ուղղման տեքստը ուղարկվում է ավանդապահին, որը բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերի և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հետ խորհրդատվություն անցկացնելուց հետո, որոշում է, թե հարկ կա՞ կոնֆերանս գումարել առաջարկված ուղղումը կամ ուղղումները քննության առնելու համար:

2. Ավանդապահը այդ կոնֆերանսին է հրավիրում բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերին, ինչպես նաև Կոնվենցիաների մասնակիցներին, անկախ այն բանից, նրանք ստորագրե՞լ են, թե չեն ստորագրել սույն Արձանագրությունը:

 

Հոդված 98. Հավելվածի վերանայումը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան չորս տարի անց, իսկ այնուհետև ոչ պակաս, քան չորս տարվա ընդմիջումներից հետո, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն խորհրդատվություն է անցկացնում Բարձր Պայմանավորվող Կողմերի հետ սույն Արձանագրությանն առընթեր 1 Հավելվածի վերաբերյալ և, եթե գտնում է անհրաժեշտ, ապա կարող է առաջարկել հրավիրել տեխնիկական փորձագետների խորհրդակցություն 1 Հավելվածի վերանայման և դրա առթիվ այնպիսի ուղղումների առաջարկության համար, որոնք կարող են ցանկալի համարվել: Եթե այդպիսի խորհրդակցություն հրավիրելու առաջարկության մասին Բարձր Պայմանավորվող Կողմերին հաղորդելուց հետո վեց ամսվա ընթացքում առաջարկություններ չեն ստացվի Բարձր Պայմանավորվող Կողմերի մեկ երրորդից, ապա Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն գումարում է այդպիսի խորհրդակցություն և դիտորդներ հրավիրում նաև համապատասխան միջազգային կազմակերպություններից: Այդպիսի խորհրդակցություն կարող է հրավիրվել նաև Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կողմից ցանկացած ժամանակ Բարձր Պայմանավորվող Կողմերի մեկ երրորդի խնդրանքով:

2. Ավանդապահը հրավիրում է Բարձր Պայմանավորվող Կողմերի և Կոնվենցիաների մասնակից կողմերի կոնֆերանս տեխնիկական փորձագետների խորհրդակցության կողմից առաջարկված ուղղումները քննության առնելու համար, եթե խորհրդակցությունից հետո Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կամ Բարձր Պայմանավորվող Կողմերի մեկ երրորդը խնդրում է այդ մասին:

3. 1 Հավելվածի ուղղումները կարող են այդպիսի կոնֆերանսում ընդունվել ներկա և քվեարկությանը մասնակցող Բարձր Պայմանավորվող Կողմերի երկու երրորդի մեծամասնությամբ:

4. Ավանդապահը Բարձր Պայմանավորվող Կողմերին հաղորդում է այդ ձևով ընդունված ցանկացած ուղղման մասին: Ուղղումը ընդունված է համարվում դրա մասին այդպիսի հաղորդումից հետո մեկ տարին լրանալիս, եթե այդ ժամանակաշրջանի ընթացքում ավանդապահի հասցեով Բարձր Պայմանավորվող Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդի կողմից չստացվեն ուղղումը չընդունելու մասին հայտարարություններ:

5. 4 կետին համապատասխան ընդունված ուղղումը բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերի համար ուժի մեջ է մտնում դրա ընդունումից հետո երեք ամիս անց, բացառությամբ այն կողմերի, որոնք այդ կետին համապատասխան հայտարարություն են արել այն չընդունելու մասին: Այդպիսի հայտարարություն արած ցանկացած կողմ կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ հայտարարությունը, և այդ դեպքում ուղղումը այդ կողմի համար ուժի մեջ է մտնում երեք ամիս անց:

6. Ավանդապահը Բարձր Պայմանավորվող Կողմերին և Կոնվենցիաների մասնակից կողմերին հաղորդում է ցանկացած ուղղումը ուժի մեջ մտնելու մասին, այն կողմերի մասին, որոնց վրա տարածվում է այդ ուղղումը, յուրաքանչյուր կողմի համար դրա ուժի մեջ մտնելու տարեթվի մասին, ուղղումը չընդունելու այն հայտարարությունների մասին, որոնք արվել են 4 կետին համապատասխան, և այդպիսի հայտարարությունները հետ վերցնելու մասին:

 

Հոդված 99. Չեղյալ հայտարարվելը

 

1. Այն դեպքում, եթե բարձր Պայմանավորվող Կողմը չեղյալ է հայտարարում սույն Արձանագրությունը, չեղյալ հայտարարելը ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին փաստաթուղթը ստանալուց հետո մեկ տարին լրանալիս: Սակայն, եթե մեկ տարին լրանալիս չեղյալ է հայտարարած կողմը հայտնվի 1 հոդվածում հիշատակված իրադրություններից մեկնումեկում, չեղյալ հայտարարվելը ուժի մեջ չի մտնում զինված կոնֆլիկտի կամ օկուպացման ավարտը և ցանկացած դեպքում մինչև այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտված Կոնվենցիաների կամ սույն Արձանագրության պաշտպանությունից օգտվող անձանց վերջնական ազատման, հայրենադարձման և նրանց գործերի կարգավորման հետ կապված օպերացիաները:

2. Չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը գրավոր ձևով հղվում է ավանդապահին, որն այն ուղարկում է բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերին:

3. Չեղյալ հայտարարվելը ուժ ունի միայն չեղյալ հայտարարելու մասին հայտարարություն արած կողմի համար:

4. Ոչ մի չեղյալ հայտարարելը 1 կետին համապատասխան չի շոշափում այն պարտավորությունները, որոնք չեղյալ հայտարարած կողմը սույն Արձանագրությանը համապատասխան արդեն ստանձնել է զինված կոնֆլիկտի կապակցությամբ` ցանկացած այն գործողության նկատմամբ, որ կատարվել է մինչև այդպիսի չեղյալ հայտարարելը ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 100. Ծանուցումները

 

Ավանդապահը Բարձր Պայմանավորվող Կողմերին, ինչպես նաև Կոնվենցիաների մասնակիցներին հաղորդում է, անկախ այն բանից, նրանք ստորագրել են, թե չեն ստորագրել սույն Արձանագրությունը:

ա) սույն Արձանագրության տակ դրված ստորագրությունների և 93 և 94 հոդվածներին համապատասխան վավերագրերը և միանալու մասին փաստաթղթերը ի պահ տալու մասին.

բ) 95 հոդվածին համապատասխան սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարեթվի մասին,

գ) 84, 90 և 97 հոդվածներին համապատասխան` ստացված հայտարարությունների մասին,

դ) 95 հոդվածին ( կետ 3) համապատասխան` ստացված այն հայտարարությունների մասին, որոնք հաղորդվում են ամենաարագ եղանակով, և

ե) 99 հոդվածին համապատասխան` չեղյալ հայտարարելու մասին:

 

Հոդված 101. Գրանցումը

 

1. Ուժի մեջ մտնելուց հետո սույն Արձանագրությունը ուղարկվում է Միավորված Ազգերի Կազմակերպության Քարտուղարություն, ավանդապահին` գրանցման և հրապարակման համար` Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 102 հոդվածին համապատասխան:

2. Ավանդապահը նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Քարտուղարությանը տեղեկացնում է իր կողմից ստացված բոլոր վավերագրերի մասին, միանալու մասին փաստաթղթերի և սույն Արձանագրության վերաբերմամբ չեղյալ հայտարարելու հայտարարությունների մասին:

 

Հոդված 102. Նույնական միջոցները

 

Սույն Արձանագրության իսկականը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն տեքստերը հավասարապես նույնական են, հանձնվում է ի պահ ավանդապահին, որը հաստատված պատճեններն ուղարկում է Կոնվենցիաների բոլոր մասնակիցներին:

 

Արձանագրությանը կից հավելվածները չեն բերվում:

 

 

pin
Միջազգային կոնֆերանս
08.06.1977
Արձանագրություն