ոչ պաշտոնական թարգմանություն
i
ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐ
Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի
2200 Ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և
միանալու համար
Ուժի մեջ է մտել 1976 թվականի հունվարի 3-ին` 27 հոդվածին համաձայն
Սույն դաշնագրին մասնակցող պետությունները,
Ուշադրության առնելով, որ Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համապատասխան մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը,
Ընդունելով, որ այդ իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից,
Ընդունելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համաձայն վախից ու կարիքից անկախ մարդկային ազատ անհատի իդեալը կարող է իրականացվել միայն, եթե ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնցում յուրաքանչյուրը կարող է օգտվել իր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներից, ինչպես որ քաղաքացիական և քաղաքական իրավունքներից,
Ուշադրության առնելով, որ Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությամբ պետությունները պարտավոր են խրախուսել մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքը և դրանց պահպանումը,
Ուշադրության առնելով, որ յուրաքանչյուր առանձին մարդ, պարտականություններ ունենալով մյուս մարդկանց և այն կոլեկտիվի նկատմամբ, որին նա պատկանում է, պետք է հետամուտ լինի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների խրախուսմանը և պահպանմանը,
Համաձայնում են ներքոհիշյալ հոդվածներին.
ՄԱՍ 1
Հոդված 1.
1. Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:
2. Իրենց նպատակներին հասնելու համար բոլոր ժողովուրդները կարող են ազատորեն տնօրինել իրենց բնական հարստությունները և ռեսուրսները` առանց վնասելու որևէ պարտավորության, որը բխում է փոխշահավետության սկզբունքի վրա հիմնված միջազգային տնտեսական համագործակցությունից և միջազգային իրավունքից: Ոչ մի ժողովուրդ ոչ մի դեպքում չի կարող զրկվել գոյության` նրան պատկանող միջոցներից:
3. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները, այդ թվում և այն պետությունները, որոնք պատասխանատվություն են կրում ինքնակառավարում չունեցող և խնամարկյալ տարածքների կառավարման համար, պետք է Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության դրույթներին համապատասխան խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրականացումը և հարգեն այդ իրավունքը:
ՄԱՍ 2
Հոդված 2.
1. Սույն դաշնագրին մասնակցող յուրաքանչյուր պետություն պարտավոր է անհատական կարգով և միջազգային օգնության ու համագործակցության կարգով, մասնավորապես, տնտեսական և տեխնիկական բնագավառներում եղած ռեսուրսների առավելագույն սահմաններում միջոցներ ձեռնարկել այն բանի համար, որպեսզի աստիճանաբար, բոլոր հարկ եղած եղանակներով, ներառյալ, մասնավորապես, օրենսդրական միջոցների ընդունումը, ապահովի մարդու` սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների լրիվ իրականացումը:
2. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են երաշխավորել, որ սույն դաշնագրի մեջ հռչակված իրավունքները կիրականացվեն առանց որևէ խտրականության, այն է, ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ծննդի կամ այլ հանգամանքի բերումով:
3. Զարգացող երկրները կարող են մարդու իրավունքների և իրենց ժողովրդական տնտեսության հարկը եղած հաշվառմամբ որոշել, թե նրանք որ չափով պետք է երաշխավորեն սույն դաշնագրի մեջ ճանաչվող տնտեսական իրավունքներն այն անձանց համար, ովքեր չեն հանդիսանում նրանց քաղաքացիները:
Հոդված 3.
Սույն դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են տղամարդկանց և կանանց համար ապահովել սույն դաշնագրում նախատեսված բոլոր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներից օգտվելու հավասար իրավունք:
Հոդված 4.
Սույն դաշնագրին մասնակցող պետություններն ընդունում են, որ այդ իրավունքներից օգտվելու վերաբերմամբ, որոնք այս կամ այն պետությունն ապահովում է սույն դաշնագրին համապատասխան, այդ պետությունը կարող է սահմանել միայն այդ իրավունքների այնպիսի սահմանափակումներ, որոնք որոշվում են օրենքով և միայն այնքանով, որքանով որ դա համատեղելի է նշված իրավունքների բնույթի հետ, և բացառապես ժողովրդավարական հասարակության մեջ ընդհանուր բարօրությանը նպաստելու նպատակով:
Հոդված 5.
1. Սույն դաշնագրի մեջ ոչինչ չի կարող մեկնաբանվել այնպես, որ նշանակում է, թե որևէ պետություն, որևէ խումբ կամ որևէ անձ իրավունք ունի զբաղվելու ինչ-որ գործունեությամբ կամ կատարելու ինչ որ գործողություն` ուղղված սույն դաշնագրում ճանաչված իրավունքները կամ ազատությունները ի չիք դարձնելու, կամ դրանք սահմանափակելուն ավելի մեծ չափով, քան նախատեսվում է սույն դաշնագրում:
2. Չի թույլատրվում օրենքի, կոնվենցիաների, կանոնների կամ սովորույթների ուժով մարդու` որևէ երկրում ճանաչվող կամ գոյություն ունեցող որևէ հիմնական իրավունքի ոչ մի սահմանափակում կամ նվազեցում այն պատրվակով, թե սույն դաշնագրում չի ճանաչվում այդպիսի իրավունք, կամ որ այդ դաշնագրում այն ճանաչվում է` նվազ ծավալով:
ՄԱՍ 3
Հոդված 6.
1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի իրավունքը, որն իր մեջ ներառում է յուրաքանչյուր մարդու իրավունքը իր ապրուստի համար աշխատանքով վաստակելու հնարավորություն ստանալը, որը նա ազատորեն ընտրում է, կամ որին նա ազատորեն համաձայնում է, և կձեռնարկեն հարկ եղած քայլեր այդ իրավունքի ապահովման համար:
2. Այն միջոցները, որոնք այդ իրավունքի լիակատար իրականացման նպատակով պետք է ձեռնարկվեն սույն դաշնագրին մասնակցող պետությունների կողմից, ընդգրկում է պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսուցման և պատրաստության ծրագրեր, տնտեսական, սոցիալական և մշակութային անշեղ զարգացման և արտադրական լրիվ զբաղվածության ձեռքբերման ուղիներ և մեթոդներ այնպիսի պայմաններում, որոնք երաշխավորում են մարդու հիմնական քաղաքական և տնտեսական ազատությունները:
Հոդված 7.
Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների` յուրաքանչյուրի իրավունքը, մասնավորապես,
a/ վարձատրությունը, որը որպես նվազագույնը բոլոր աշխատավորների համար ապահովում է.
i/ արդար աշխատավարձով և հավասար արժեքի դիմաց հավասար վարձատրությամբ` առանց որևէ տարբերության, ընդսմին մասնավորապես, կանանց համար պետք է երաշխավորվեն աշխատանքի այն պայմաններից ոչ վատ պայմաններ, որոնցից օգտվում են տղամարդիկ` հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձով.
ii/ իրենց համար և նրանց ընտանիքների համար բավարար գոյությամբ` սույն դաշնագրի որոշումներին համապատասխան,
b/ աշխատանքի այնպիսի պայմանները, որոնք համապատասխանում են անվտանգության և հիգիենայի պահանջներին,
c/ բոլորի համար աշխատանքի մեջ համապատասխան առավել բարձր աստիճաններով առաջ գնալու հավասար հնարավորությունը` բացառապես աշխատանքային ստաժի և որակավորման հիմունքով,
d/ հանգիստը, ժամանցն ու աշխատանքային ժամանակի խելամիտ սահմանափակումը և վճարվող պարբերական արձակուրդը, հավասարապես և վարձատրությունը` տոնական օրերի դիմաց:
Հոդված 8.
1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են ապահովել.
a/ յուրաքանչյուր մարդու իրավունքն իր տնտեսական և սոցիալական շահերի իրականացման և պաշտպանության համար ստեղծելու արհեստակցական միություններ և այդպիսինների մեջ մտնելու ըստ իր ընտրության` համապատասխան կազմակերպության կանոնների պահպանման միակ պայմանով: Նշված իրավունքից օգտվելը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսվում են օրենքով, և որոնք ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ են ի շահ պետական անվտանգության կամ հասարակական կարգուկանոնի կամ ուրիշների իրավունքների և ազատությունների պահպանության համար,
b/ ազգային դաշնություններ կամ կոնֆեդերացիաներ կազմելու արհեստակցական միությունների իրավունքը և միջազգային արհեստակցական կազմակերպություններ հիմնելու կամ այդպիսիններին միանալու առաջինների իրավունքը,
c/ արհեստակցական միությունների իրավունքը` գործելու անարգել, առանց որևէ սահմանափակումների, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսվում են օրենքով, և որոնք ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ են ի շահ պետական անվտանգության կամ հասարակական կարգուկանոնի կամ ուրիշների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար,
d/ գործադուլի իրավունքը` յուրաքանչյուր երկրի օրենքներին համապատասխան դրա իրականացման պայմանով:
2. Սույն հոդվածը չի խոչնդոտում մտցնելու այդ իրավունքներից օգտվելու օրինական սահմանափակումներ այն անձանց համար, ովքեր մտնում են պետության զինված ուժերի, ոստիկանության կազմի կամ վարչակազմի մեջ:
3. Սույն հոդվածում ոչինչ իրավունք չի տալիս ասոցիացիաների ազատության և կազմակերպման իրավունքի պաշտպանության վերաբերյալ 1948 թ. Աշխատանքի միջազգային կազմակերպության Կոնվենցիային մասնակցող պետություններին ընդունելու օրենսդրական ակտեր ի վնաս նշված Կոնվենցիայում նախատեսվող երաշխիքների կամ օրենքը կիրառելու այնպես, որ վնաս հասցվի այդ երաշխիքներին:
Հոդված 9.
Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են սոցիալական ապահովության, ներառյալ սոցիալական ապահովագրության յուրաքանչյուր մարդու իրավունքը:
Հոդված 10.
Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ընդունում են, որ.
1. Ընտանիքին, որը հանդիսանում է հասարակության բնական և հիմնական բջիջը, պետք է ըստ հնարավորին տրամադրվեն ամենալայն պահպանություն և օգնություն, առանձնապես ընտանիքի կազմավորման ժամանակ, և քանի դեռ ընտանիքի պատասխանատվության վրա է ընկած ոչ ինքնուրույն երեխաների ու նրանց դաստիարակության հոգսը: Ամուսնությունը պետք է կայանա ամուսնության մեջ մտնողների ազատ համաձայնությամբ:
2. Հատուկ պաշտպանություն պետք է տրամադրվի մայրերին` մինչև ծննդաբերությունը և դրանից հետո ընկած խելամիտ ժամանակաշրջանի ընթացքում: Այդ ժամանակաշրջանի ընթացքում աշխատող մայրերին պետք է տրամադրվի վճարովի արձակուրդ կամ արձակուրդ` սոցիալական ապահովության բավարար նպաստներով հանդերձ:
3. Պաշտպանության և օգնության հատուկ միջոցներ պետք է ձեռնարկվեն բոլոր երեխաների և դեռահասների նկատմամբ` առանց որևէ խտրականության ընտանեկան ծագման հատկանիշով կամ այլ հատկանիշով: Երեխաները և դեռահասները պետք է պաշտպանված լինեն տնտեսական և սոցիալական շահագործումից: Նրանց բարոյականության և առողջության համար վնասակար կամ նրանց կյանքի համար վտանգավոր կամ նրանց բնականոն զարգացմանը հնարավոր վնասաբեր բնագավառում նրանց աշխատանքի օգտագործումը պետք է պատժելի լինի օրենքով: Դրանից բացի, պետությունները պետք է սահմանեն տարիքային չափեր, որոնցից ներքև մանկական վճարովի աշխատանքից օգտվելն արգելվում է և պատժվում օրենքով:
Հոդված 11.
1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի համար և նրա ընտանիքի համար բավարար այնպիսի կենսամակարդակի իրավունքը, որն իր մեջ ներառում է բավարար սնունդ, հագուստ ու բնակարան և կյանքի պայմանների անընդհատ բարելավման իրավունքը: Մասնակից պետությունները կձեռնարկեն պատշաճ միջոցներ ապահովելու համար այդ իրավունքի իրականացումը, ընդունելով այդ առումով ազատ համաձայնության վրա հիմնված միջազգային համագործակցության կարևոր նշանակությունը:
2. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները, ճանաչելով սովից ձերբազատված լինելու յուրաքանչյուր մարդու հիմնական իրավունքը, պետք է անհատական և գործնական ծրագրեր ներառնող միջազգային համագործակցության կարգով ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ այն բանի համար, որպեսզի,
a/ բարելավվեն սննդամթերքների արտադրության, պահպանման և բաշխման մեթոդների տեխնիկական և գիտական գիտելիքների լայն օգտագործման, սնման սկզբունքների մասին գիտելիքների տարածման և ագրարային համակարգերի կատարելագործման կամ բարենորոգման ուղիով այնպես, որպեսզի ձեռք բերվի բնական ռեսուրսների առավել արդյունավետ յուրացում և օգտագործում, և
b/ ապահովվի պարենամթերքի համաշխարհային պաշարների արդարացի բաշխումը պահանջմունքներին համապատասխան և ինչպես սննդամթերք ներմուծող, այնպես էլ արտահանող երկրների պրոբլեմների հաշվառմամբ:
Հոդված 12.
1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունքը:
2. Այն միջոցները, որոնք այդ իրավունքի իրականացման համար պետք է ընդունվեն սույն դաշնագրին մասնակցող պետությունների կողմից, ընդգրկում է միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են հանուն
a/ մեռելածնության և մանկական մահացության կրճատման ապահովման և երեխայի առողջ զարգացման,
b/ արտաքին միջավայրի հիգիենայի և արդյունաբերության մեջ աշխատանքի հիգիենայի բոլոր կողմերի բարելավման,
c/ համաճարակային, տեղաճարակային, պրոֆեսիոնալ և այլ հիվանդությունների կանխարգելման և բուժման, և դրանց դեմ պայքարի,
d/ այնպիսի պայմանների ստեղծման, որոնք ապահովեին բժշկական օգնությունը և բժշկական խնամքը` հիվանդության դեպքում:
Հոդված 13.
1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են կրթության` յուրաքանչյուր մարդու իրավունքը: Նրանք համաձայնում են, որ կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատի և նրա արժանապատվության գիտակցման լիակատար զարգացմանը և պետք է ամրապնդի հարգանքը մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ: Մասնակցող պետություններն, այնուհետև, համաձայնում են այն բանին, որ կրթությունը պետք է բոլորին հնարավորություն ընձեռնի լինելու ազատ հասարակության օգտակար մասնակիցներ, նպաստի բոլոր ազգերի և բոլոր ռասաների, էթնիկական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը և զորակցի խաղաղության պահպանման ուղղությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության աշխատանքին:
2. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները գտնում են, որ այդ իրավունքի լրիվ իրականացման համար`
a/ սկզբնական կրթությունը պետք է լինի պարտադիր և անվճար բոլորի համար,
b/ միջնակարգ կրթությունն իր զանազան ձևերով, ներառյալ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը, պետք է լինի բաց և մատչելի բոլորի համար` բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման և, մասնավորապես, անվճար կրթություն աստիճանաբար մտցնելու ուղիով:
c/ բարձրագույն կրթությունը պետք է կազմակերպվի հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիման վրա բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման, և մասնավորապես, անվճար կրթություն աստիճանաբար մտցնելու ուղիով,
d/ տարրական կրթությունը պետք է խրախուսվի կամ ուժեղացվի հնարավորին չափ նրանց համար, ովքեր չեն անցել կամ չեն ավարտել իրենց սկզբնական կրթության լրիվ դասընթացը,
e/ պետք է եռանդագին իրագործվի բոլոր աստիճանների դպրոցների ցանցի զարգացումը, պետք է սահմանվի կրթաթոշակների բավարար համակարգ, և պետք է մշտապես բարելավվեն ուսուցչական կազմի նյութական պայմանները:
3. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են հարգել իրենց երեխաների համար ոչ միայն պետական իշխանությունների կողմից հիմնադրված դպրոցները, այլև մյուս այն դպրոցները ընտրելու ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների ազատությունը, որոնք համապատասխանում են կրթության պահանջների այն նվազագույնին, որը կարող է սահմանվել կամ հաստատվել պետության կողմից, և հարգել իրենց երեխաների կրոնական և բարոյական դաստիարակությունը իրենց սեփական համոզմունքներին համապատասխան ապահովելու նրանց ազատությունը:
4. Սույն հոդվածի ոչ մի մաս չպետք է մեկնաբանվի ուսումնական հաստատություններ ստեղծելու և սույն հոդվածի 1 կետում շարադրված սկզբունքների անփոփոխ պայմանով և դրանք ղեկավարելու առանձին անձանց և հիմնարկների ազատությունը և այն պահանջը նվազեցնելու իմաստով, որպեսզի այդպիսի հիմնարկներում տրվող կրթությունը համապատասխանի պահանջների այն նվազագույնին, որը կարող է սահմանվել պետության կողմից:
Հոդված 14.
Սույն դաշնագրին մասնակցող յուրաքանչյուր պետություն, որը մասնակիցների թվի մեջ մտնելու ժամանակ իր մայր երկրի տարածքում կամ նրա իրավազորության տակ գտնվող մյուս տարածքներում չի կարողացել սահմանել պարտադիր անվճար սկզբնական կրթություն, պարտավորվում է երկու տարվա ընթացքում մշակել և ընդունել միջոցառումների մանրամասն պլան պարտադիր անվճար ընդհանուր կրթության սկզբունքն աստիճանաբար կենսագործելու համար` խելամիտ թվով տարիների ընթացքում, որը պետք է նշված լինի այդ պլանում:
Հոդված 15.
1. Սույն դաշնագրին մասնակցողները ճանաչում են յուրաքանչյուր մարդու`
a/ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը,
b/ գիտական առաջադիմության արդյունքներից և դրանց գործնական կիրառումից օգտվելու իրավունքը,
(այն բարոյական և նյութական շահերի պաշտպանությունից օգտվելու իրավունքը, որոնք առաջանում են ցանկացած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատությունների կապակցությամբ, որոնց հեղինակը հանդիսանում է նա:
2. Այդ իրավունքի լրիվ իրականացման նպատակով սույն դաշնագրին մասնակցող պետությունների կողմից պետք է ձեռնարկվեն միջոցներ, ներառյալ այն միջոցները, որոնք անհրաժեշտ են կրթության ու մշակույթի նվաճումների պաշտպանության, զարգացման և տարածման համար:
3. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են հարգել այն ազատությունը, որն, անշուշտ, անհրաժեշտ է գիտական հետազոտությունների և ստեղծագործական գործունեության համար:
4. Սույն դաշնագրին մասնակցող պետություններն ընդունում են այն օգուտը, որը գիտական և մշակութային բնագավառներում ստացվում է միջազգային կապերի և համագործակցության խրախուսումից և զարգացումից:
ՄԱՍ 4
Հոդված 16.
1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են այս դաշնագրի երկրորդ մասին համապատասխան ներկայացնել զեկույցներ սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների պահպանման ասպարեզում նրանց կողմից ձեռնարկվող միջոցների մասին և այդ ուղղությամբ ձեռք բերված առաջադիմության մասին:
2. a/ Բոլոր զեկույցները ներկայացվում են Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց օրինակներն ուղարկում է Տնտեսական և Սոցիալական Խորհրդի քննությանը` սույն դաշնագրի դրույթներին համապատասխան:
b/ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարը նաև մասնագիտացված հիմնարկներին է առաքում զեկույցների օրինակները և զեկույցների ցանկացած համապատասխան մասերը սույն դաշնագրին մասնակցող պետությունների, որոնք նույնպես հանդիսանում են այդ մասնագիտացված հիմնարկների անդամներ, քանի որ այդպիսի զեկույցները կամ այդ զեկույցների մասերը վերաբերում են ցանկացած այն հարցերին, որոնք մտնում են վերը նշված հիմնարկների պարտականությունների շրջանակների մեջ` նրանց սահմանադրական ակտերին համապատասխան:
Հոդված 17.
1. Սույն դաշնագրին մասնակցող պետություններն իրենց զեկույցները ներկայացնում են փուլ առ փուլ համապատասխան այն ծրագրին, որը պետք է սահմանվի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի կողմից սույն դաշնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում` մասնակից պետությունների և շահագրգիռ մասնագիտացված հիմնարկների հետ խորհրդատվություններ անցկացնելով:
2. Զեկույցների մեջ կարող են նշվել այն գործոնները և դժվարությունները, որոնք ներազդում են սույն դաշնագրի ուղղությամբ պարտականությունների կատարման աստիճանի վրա:
3. Եթե համապատասխան տեղեկատվությունները սույն դաշնագրին որևէ մասնակցողի կողմից ավելի վաղ հաղորդված են եղել Միավորված Ազգերի Կազմակերպությանը կամ որևէ մասնագիտացված հիմնարկությանը, ապա հարկ չկա վերաշարադրել այդ տեղեկությունները, և բավական կլինի այդ ձևով հաղորդված տեղեկությունների ճշգրիտ վկայակոչումը:
Հոդված 18.
Ի կատարումն մարդու իրավունքների և հիմնական ազատությունների բնագավառում ըստ ՄԱԿ-ի կանոնադրության իր պարտականությունների, Տնտեսական և Սոցիալական Խորհուրդը կարող է համաձայնության մեջ մտնել մասնագիտացված հիմնարկների հետ սույն դաշնագրի` իրենց գործունեության ոլորտին վերաբերող որոշումների կատարման ուղղությամբ ձեռք բերված առաջադիմության մասին նրանց կողմից իրեն զեկույցներ ներկայացնելու վերաբերյալ: Այդ զեկույցները կարող են իրենց մեջ ներառնել կենսագործման մասին նրանց իրավասու մարմինների կողմից ընդունվող որոշումների և հանձնարարականների մանրամասներ:
Հոդված 19.
Քննության առնելու և ընդհանուր հանձնարարականներ տալու կամ համապատասխան դեպքերում որպես ի գիտություն, Տնտեսական և Սոցիալական Խորհուրդը կարող է մարդու իրավունքների կոմիտեին հանձնել մարդու իրավունքներին վերաբերող` պետությունների կողմից 16 և 17 հոդվածներին համապատասխան ներկայացվող զեկույցները և մարդու իրավունքներին վերաբերող` մասնագիտական հիմնարկների կողմից 18 հոդվածին համապատասխան ներկայացվող զեկույցները:
Հոդված 20.
Սույն դաշնագրին մասնակցող շահագրգիռ պետությունները և մասնագիտացված հիմնարկները կարող են Տնտեսական և Սոցիալական Խորհրդին ներկայացնել դիտողություններ ցանկացած ընդհանուր հանձնարարականի առթիվ` 19 հոդվածի համաձայն, կամ այդպիսի ընդհանուր հանձնարարականի վկայակոչման առթիվ մարդու իրավունքների հանձնաժողովի ցանկացած զեկուցման մեջ կամ ցանկացած այն փաստաթղթի մեջ, որն այնտեղ վկայակոչում է:
Հոդված 21.
Տնտեսական և Սոցիալական Խորհուրդը կարող է ժամանակ առ ժամանակ Գլխավոր ասամբլեային ներկայացնել զեկույցներ ընդհանուր բնույթի հանձնարարականներով և սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների ընդհանուր պահպանման ապահովման բնագավառում ընդունված միջոցների և ձեռք բերված արդյունքների մասին սույն դաշնագրին մասնակցող պետությունների կողմից և մասնագիտական հիմնարկների կողմից ստացվող տեղեկությունների համառոտ շարադրմամբ:
Հոդված 22.
Տնտեսական և Սոցիալական Խորհուրդը կարող է Միավորված Ազգերի Կազմակերպության մյուս մարմինների, նրանց օժանդակ մարմինների և տեխնիկական օգնության տրամադրման գործով զբաղվող մասնագիտական հիմնարկների ուշադրությունը հրավիրել սույն դաշնագրի սույն մասում հիշատակված զեկույցների կապակցությամբ առաջացող ցանկացած հարցերի վրա, որոնք կարող են այդ մարմիններին օգտակար լինել իրենց իրավասության սահմաններում միջազգային այն միջոցների նպատակահարմարության վերաբերյալ նրանցից յուրաքանչյուրի կողմից որոշումներ ընդունելիս, որոնք կարող էին նպաստել սույն դաշնագրի աստիճանական արդյունավետ կենսագործմանը:
Հոդված 23.
Սույն դաշնագրին մասնակցող պետությունները համաձայնում են, որ սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների իրականացմանը նպաստող միջազգային միջոցառումների թվին է պատկանում այնպիսի միջոցների կիրառումը, ինչպիսիք են կոնվենցիաների կնքումը, հանձնարարականների ընդունումը, տեխնիկական օգնության ցուցաբերումը և խորհրդատվությունների նպատակով տարածաշրջանային խորհրդակցությունների ու տեխնիկական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև շահագրգիռ կառավարությունների հետ համատեղ կազմակերպված հետազոտությունները:
Հոդված 24.
Ոչինչ սույն դաշնագրում չպետք է մեկնաբանվի որպես Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության որոշումների և մասնագիտացված հիմնարկների կանոնադրությունների նշանակության նվազեցում, որոնք սահմանում են Միավորված Ազգերի Կազմակերպության զանազան մարմինների և մասնագիտացված հիմնարկների համապատասխան պարտականություններն այն հարցերի կապակցությամբ, որոնց վերաբերում է սույն դաշնագիրը:
Հոդված 25.
Ոչինչ սույն դաշնագրում չի կարող մեկնաբանվել որպես իրենց բնական հարստություններին և ռեսուրսներին լիապես և ազատորեն տիրապետելու և դրանցից օգտվելու բոլոր ժողովուրդների անկապտելի իրավունքի նվազեցում:
ՄԱՍ 5
Հոդված 26.
1. Սույն դաշնագիրը բաց է ստորագրելու համար Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ կամ այդ Կազմակերպության մասնագիտացված հիմնարկներից ցանկացած հիմնարկության անդամ հանդիսացող ցանկացած պետության, Միջազգային դատարանի կարգավիճակի մասնակից ցանկացած պետության և Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից սույն դաշնագրին մասնակցելու հրավիրված ցանկացած այլ պետության կողմից:
2. Սույն դաշնագիրը ենթակա է վավերացման: Վավերագրերն ավանդապահվում են Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ:
3. Սույն դաշնագիրը բաց է դրան միանալու համար սույն հոդվածի 1 կետում նշված ցանկացած պետության առջև:
4. Միանալը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ ավանդապահության հանձնելու միջոցով:
5. Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն դաշնագիրը ստորագրած կամ դրան միացած բոլոր պետություններին հայտնում է յուրաքանչյուր վավերագիր կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթ ավանդապահության հանձնելու մասին: Սույն դաշնագիրն ուժի մեջ է մտնում նրա սեփական վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահության հանձնելու օրից երեք ամիս անց:
Հոդված 27.
1. Սույն դաշնագիրն ուժի մեջ է մտնում Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ երեսունհինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահության հանձնելու օրից երեք ամիս անց:
2. Յուրաքանչյուր այն պետության համար, որը սույն դաշնագիրը կվավերացնի կամ դրան կմիանա երեսունհինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահության հանձնելուց հետո, սույն դաշնագիրն ուժի մեջ կմտնի նրա սեփական վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահության հանձնելու օրից երեք ամիս անց:
Հոդված 28.
Սույն դաշնագրի որոշումները տարածվում են դաշնակցային պետությունների բոլոր մասերի վրա` առանց որևէ սահմանափակումների կամ բացառումների:
Հոդված 29.
1. Սույն դաշնագրին մասնակցող ցանկացած պետություն կարող է առաջարկել ուղղումներ և դրանք ներկայացնել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարն, այնուհետև, առաջարկված ցանկացած ուղղում ուղարկում է սույն դաշնագրին մասնակցող պետություններին, խնդրելով իրեն հաղորդել, թե նրանք արտահայտվո՞ւմ են այդ առաջարկությունները քննության առնելու և դրանց առթիվ քվեարկություն անցկացնելու նպատակով կոնֆերանս գումարելու օգտին: Եթե մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդն արտահայտվի այդպիսի կոնֆերանսի օգտին, ապա Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարն այդ կոնֆերանսը գումարում է Միավորված Ազգերի Կազմակերպության հովանավորության ներքո: Այդ կոնֆերանսին ներկա գտնված և քվեարկությանը մասնակցած մասնակից պետությունների մեծամասնությամբ ընդունված ցանկացած ուղղում ներկայացվում է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի հաստատմանը:
2. Ուղղումներն ուժի մեջ են մտնում դրանք Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից հաստատվելուց և սույն դաշնագրին մասնակցող պետությունների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունվելուց հետո` նրանց սահմանադրական ընթացակարգին համապատասխան:
3. Երբ ուղղումներն ուժի մեջ են մտնում, դրանք դառնում են պարտադիր այն մասնակից պետությունների համար, որոնք դրանք ընդունել են, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն դաշնագրի որոշումները և բոլոր նախորդ ուղղումները, որոնք նրանց կողմից ընդունվել են:
Հոդված 30.
26 հոդվածի 5 կետի համաձայն արվող ծանուցումներից անկախ, Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարը բոլոր այն պետություններին, որոնց մասին խոսվում է այդ նույն հոդվածի 1 կետում, տեղեկացնում է ներքոհիշյալի մասին.
a/ ստորագրումների, վավերացումների և միանալու մասին` 26 հոդվածի համաձայն,
b/ սույն դաշնագիրն ուժի մեջ մտնելու թվականի մասին` 27 հոդվածի համաձայն և ցանկացած ուղղում ուժի մեջ մտնելու թվականի մասին` 29 հոդվածի համաձայն:
Հոդված 31.
1. Սույն դաշնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ենթակա է Միավորված Ազգերի Կազմակերպության արխիվ ի պահ հանձնման:
2. Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն դաշնագրի հաստատված պատճեններն առաքում է 26 հոդվածում նշված բոլոր պետություններին:
Ի հավաստումն որի ներքոստորագրյալները` հարկ եղածի պես լիազորված համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրելու համար Նյու Յորքում բաց սույն դաշնագիրը ստորագրեցին հազար ինը հարյուր վաթսունվեց թվականի դեկտեմբերի տասնիննին:
Հայաստանի Հանրապետությունը միացել է պակտին 9 հունիսի 1993 թ.: