Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄ Ը

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությունը, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81 հոդվածի առաջին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ  Է.

 

1. Պատժի կրումից ազատել`

ա) այն անձանց, ովքեր`

- դատապարտվել են ազատազրկման մինչև երեք տարի ժամանակով.

- դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատիժների կամ ազատազրկման վայրերից ազատվել են պայմանականորեն` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով.

բ) մինչև հինգ տարի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց, ովքեր`

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են.

- հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել.

- կանայք են կամ 60 տարին լրացած տղամարդիկ.

- դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173 հոդվածի երրորդ մասով դատապարտվածներից:

2. Կարճել այն անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ հետաքննության, նախաքննության մարմինների, ինչպես նաև դատարանների վարույթներում գտնվող, բայց դատաքննությունը չսկսված գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչև երեք տարի ժամանակով կամ ազատազրկման հետ չկապված պատիժ, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում թվարկված անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամանակով:

3. Նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատել կիսով չափ`

ա) ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր`

- մասնակցել են Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը և նախկինում ազատազրկման ձևով պատիժ չեն կրել.

- ժամկետային ծառայության զինվորական ծառայողներ են և պատիժը կրում են կարգապահական գումարտակում.

բ) հինգ տարուց ավելի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր`

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են.

- կանայք են կամ 60 տարին լրացած տղամարդիկ.

- հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել.

գ) ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են նշանակված պատժաչափի կեսը:

4. Նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատել`

ա) մեկ երրորդով` ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են նշանակված պատժաչափի մեկ երրորդ մասը.

բ) մեկ քառորդով` ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնց վրա չեն տարածվում սույն որոշման 1-ին, 3-րդ կետերը և 4-րդ կետի «ա» ենթակետը:

5. Համաներումը չկիրառել`

i

ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49.1 հոդվածում թվարկված հանցագործությունների և նույն հոդվածում նշված անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 82 հոդվածով, 84 հոդվածով, 86 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 87 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 88 հոդվածի առաջին մասով, 89 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով, 90 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով, 94 հոդվածի երրորդ մասով, 112 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 112.1 հոդվածի երկրորդ մասով, 185 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 185.1 հոդվածի երկրորդ մասով, 186 հոդվածի երկրորդ մասով, 206 հոդվածով, 229 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 232 հոդվածի առաջին մասով, 232.1 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 237.2 հոդվածի երկրորդ մասով, 237.3 հոդվածով, 257 հոդվածով դատապարտված անձանց նկատմամբ.

/փոփ. 09.10.95 օրենք/

բ) այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում պատժի կրումից ազատվել են ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով կամ 1990 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման առթիվ ամնիստիայի մասին» և 1992 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.

գ) մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ.

դ) այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափել են իսկական զինվորական ծառայության հերթական զորակոչից, զորահավաքի զորակոչից, վարժական կամ ստուգողական հավաքներից կամ կատարել են դասալքություն (ՀՀ քրեական օրենսգրքի 75, 76, 214 և 255 հոդվածներ) և համաներման որոշման հրապարակման պահից երկու ամսվա ընթացքում չեն ներկայանա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան մարմիններ.

ե) այն անձանց նկատմամբ, ովքեր ազատազրկման վայրերում ռեժիմի չարամիտ և դիտավորյալ խախտումներ թույլ տալու համար դատարանի որոշմամբ պատիժը կրում են բանտային ռեժիմում.

զ) այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են այլ պետությունների դատարանների կողմից.

է) մի քանի հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի նախատեսվում:

6. Սույն որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից` բացառությամբ աքսորի և արտաքսման:

7. Ազատազրկման վայրերում ալկոհոլիզմից, թմրամոլությունից կամ վեներական հիվանդություններից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ համաներում կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:

Ալկոհոլիզմով, թմրամոլությամբ կամ վեներական հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ, եթե նրանց նկատմամբ գործերը չեն քննվել դատարաններում, համաներման կիրառումը հետաձգվում է մինչև դատարանում գործի քննությունը:

8. Ազատազրկման վայրերում պատիժ կրող այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են նախկինում գործող, սակայն մինչև սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության օրենքներով վերացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար և պատասխանատվություն են կրում նույն արարքների համար սահմանված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր հոդվածներին համապատասխան, սույն որոշումը կիրառվում է ըստ ներկայումս գործող հոդվածների:

9. Սույն որոշման կատարումը դնել.

ա) շրջանային, քաղաքային ժողովրդական դատարանների վրա`

- այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել.

- պայմանական դատապարտված անձանց կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ դատավճիռների կատարումը հետաձգվել է, ինչպես նաև պայմանական վաղակետ ազատված անձանց նկատմամբ.

- այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատիժների, բացի ուղղիչ աշխատանքների դատապարտվածներից.

բ) Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի վրա`

- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժ են կրում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.

գ) հետաքննության և նախաքննության մարմինների վրա`

- այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը և նյութերը քննվում են վերոհիշյալ մարմինների կողմից.

դ) ուղղիչ աշխատանքային հիմնարկների վրա`

- այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր պատիժ են կրում ազատազրկման վայրերում` տվյալ հիմնարկի պետի վրա.

ե) այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են պայմանականորեն ազատազրկման պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով, ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատվել են պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ազատազրկման կամ դատապարտվել են պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման, բայց չեն գտնվում կալանքի տակ կամ չեն ուղարկվել աշխատանքի վայր և այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ուղղիչ աշխատանքների` ներքին գործերի շրջանային, քաղաքային բաժնի պետի վրա.

զ) զորամասի վրա`

- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են կարգապահական գումարտակում` գումարտակի հրամանատարի վրա:

10. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության և նախաքննության մարմինների, ուղղիչ աշխատանքային հիմնարկների, զորամասերի կողմից ընդունվող որոշումները պետք է հաստատվեն դատախազի կողմից:

Դատարանի կողմից համաներման մասին որոշումը կիրառելու դեպքում դատախազի մասնակցությունը պարտադիր է:

11. Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 1995 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ:

12. Սույն որոշման առաջին և երրորդ կետերը կիրառվում են այն անձանց նկատմամբ, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են ճանաչվել մինչև 1995 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ կամ որոնց 60 տարին լրանում է մինչև 1996 թվականի հունվարի 1-ը ներառյալ:

13. Համաներումը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր 1995 թվականի սեպտեմբերի 25-ից հետո կատարել են նոր հանցագործություն:

14. Համաներման կիրառումը չի վերացնում դատվածությունը:

i

15. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սահմանել սույն որոշման կիրարկման ընթացքում գործերի քննարկման հաջորդականությունը:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է կատարման մինչև 1995 թվականի դեկտեմբերի 25-ը:

/09.10.95թ. խմբագրությամբ/

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
26.09.1995
N Ն-022-I
Որոշում