ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Ը
i
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ 1969 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
6 սեպտեմբերի 1996 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի,
i
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1996 թվականի մայիսի 23-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիան ստորագրվել է 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննայում, որի բնօրինակի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը համազոր են:
Կոնվենցիան ենթակա է վավերացման: Այն ուժի մեջ է մտել 1980 թվականի հունվարի 27-ին:
Ավելի քան 150 պետություններ կոնվենցիան վավերացրել են կամ միացել դրան:
Կոնվենցիային միանալու մասին փաստաթղթերը պահպանության են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Կոնվենցիան կիրառում է պետությունների միջև կնքված պայմանագրերի նկատմամբ: Կոնվենցիայի 6 հոդվածի համաձայն յուրաքանչյուր պետություն օժտված է պայմանագրեր կնքելու իրավունակությամբ: Կոնվենցիայում սահմանվում է միջազգային պայմանագրի հասկացությունը` որպես պետության կողմից օտարերկրյա պետության /պետությունների/ կամ միջազգային կազմակերպության միջև գրավոր տեսքով ստորագրված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային, միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական բնույթի համաձայնագիր, անկախ նրանից, թե այդ համաձայնագիրն արտահայտված է մեկ կամ մի քանի փոխկապակցված փաստաթղթերում, և անկախ դրա կոնկրետ անվանումից:
Կոնվենցիան նպատակ ունի կարգավորել պետությունների միջև գոյություն ունեցող միջազգային հարաբերությունները համագործակցության տարբեր բնագավառներում: Կոնվենցիան պարտավորեցնում է պետություններին հարգել ազատ համաձայնության և պարտավորությունների բարեխիղճ կատարման «pacta sunt servanda» սկզբունքը և նպաստել դրա համընդհանուր ճանաչմանը, միջոցներ ձեռնարկել, որպեսզի պայմանագրերին վերաբերող բոլոր վեճերը, ինչպես նաև միջազգային մյուս վեճերը լուծվեն խաղաղ միջոցներով:
Կոնվենցիան կարգավորում է միջազգային պայմանագրերի կնքման և ուժի մեջ մտնելու, գործողության, վավերականության, դադարեցման, կասեցման և մյուս հարցերը:
Առաջարկվում է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիային միանալ վերապահումով, դրա 66 հոդվածի առնչությամբ նշելով, որ. «Հայաստանի Հանրապետությունն իրեն կապված չի համարում Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիայի 66 հոդվածի դրույթներով և հայտարարում է, որ կոնվենցիայի 5-րդ բաժնի ցանկացած հոդվածի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի լուծմանը հանձնելու կամ հաշտարար հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է վեճի բոլոր մասնակիցների պարտադիր համաձայնությունը»:
Կոնվենցիան ունի հավելված, որը սահմանում է հաշտարար հանձնաժողովի ստեղծման և հաշտարար միջնորդների նշանակման կարգը:
i
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Գործում առկա առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության անունից վերապահում անել կոնվենցիայի 66 հոդվածի կապակցությամբ, և ներկայացված վերապահումը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
6 սեպտեմբերի 1996 թվականի
ՍԴՈ - 19