ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74 հոդվածի հիման վրա հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրին:
29 հուլիսի 1995 թվական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 1995 - 1999 ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995-1999թթ. գործունեության ծրագրի հիմքում ընկած են 1990-1995 թթ. պետականության կերտման գործընթացի հիմնական արդյունքները, առաջիկա չորս տարիներին ՀՀ Սահմանադրությամբ կառավարության վրա դրված պարտականություններից բխող նպատակների համակարգը և դրանց հասնելու մեխանիզմները: Առանձին հավելվածով ներկայացված է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելիք օրենքների ցանկը:
ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1990 - 1995 թթ. իշխանության բոլոր ճյուղերի գործունեության հիմնական արդյունքը անկախ պետությանը բնորոշ հատկանիշների (ատրիբուտների) ստեղծումն էր: Հենց այս տրամաբանությամբ է տոգորված 1990 թ. օգոստոսի 23-ից` ՀՀ անկախության հռչակագրից մինչև 1995 թ. հուլիսի 5-ը Սահմանադրության ընդունման ժամանակաշրջանն ընկած պետական շինարարության գործընթացը: Նշված տարիները 20-րդ դարի վերջում Հայոց պետականության կերտման պատմական շրջանի դժվարագույն ժամանակահատվածն էին, քանզի կոչված էին լուծելու խնդրի ամենաբարդ մասը` անկախ պետության ինստիտուտների ստեղծումը: Հետագա տարիներին պետության հիմնախնդիրներն են լինելու ստեղծված ինստիտուտների կայացումը և դրանց հետագա զարգացման մեխանիզմների ապահովումը: Այս տեսակետից 1990-1995 թթ. կարելի է բնութագրել նաև որպես Հայաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական իրականության բուռն բարեփոխումների, հասարակական հարաբերությունների փոխակերպության (տրանսֆորմացիայի) ժամանակաշրջան: Եվ քաղաքական, և սոցիալ-տնտեսական կյանքում իրագործված բարեփոխումները հարթ չեն ընթացել: Սակայն, աստիճանաբար, դրանցում կուտակելով նորի գործունեության բեկման զանգված (կրիտիկական մասսա), 1995 թ. արդեն Հայաստանում ձևավորված է հասարակական հարաբերությունների այնպիսի համակարգ, որը թույլ է տալիս ապահովելու հասարակության զարգացումը, պայմաններ է ստեղծում քաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերությունների հետագա էվոլյուցիան ապահովելու համար:
Իրոք 1990-1995 թթ. պետության կառուցման և բարեփոխումների իրականացման ժամանակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ և քաղաքական (ներքին ու արտաքին), և սոցիալ-տնտեսական, և իրավական հարաբերությունների համակարգն անցել է փոխակերպության (տրանսֆորմացիայի) շրջանի ամենադժվարին` քայքայման, նախկին հարաբերությունների լուծարման շրջանը: Վերջին 1,5 տարում ամենուր տիրապետող են դարձել կայունացման և մասնակի առողջացման միտումները, հաջողությունները` արտաքին քաղաքական և տնտեսական կապերի բնագավառում, տնտեսության կայունացումն ու նկատվող աճը, երկրի պաշտպանունակության ամրապնդումը, հակամարտության գոտում ավելի քան մեկ տարի շարունակվող զինադադարը, նոր օրենսդրության, իրավական դաշտի ստեղծումը և այլն:
Ստորև բերված տվյալները վկայում են բարեփոխումներին նախորդող ժամանակաշրջանում անկման անխուսափելի միտումները և բարեփոխումներին հաջորդող կայունացման և աճի տրամաբանությունը: Հատկանշական է, որ, ի տարբերություն արդյունաբերության, որում լուրջ բարեփոխումները հնարավոր դարձան 1993 թվականի վերջից, գյուղատնտեսությունում 1991 թ. իրականացված հողային ռեֆորմն ստեղծեց այս ճյուղի կայուն և ընդլայնված վերարտադրության երաշխիքներ:
ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԱՄՏԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ 1988-1995 ԹԹ.
(տոկոսներով)
--------------------------------------------------------------------------
1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 թ. I
կիսամյակը
1994 թ. I
կիսամյակի
նկատմամբ
--------------------------------------------------------------------------
Ա. Արտադրված
ազգային եկամուտ 1. Նախորդ տարվա
համեմատ 97,7 107,5 91,5 88,4 54,0 90,7 104,3 111,8
2. 1988թ. համեմատ 100 107,5 98,4 87,0 47,0 42,6 44,4
3. 1990թ. համեմատ 100 88,4 47,7 43,3 45,2
Բ. Արդյունաբերական
արտադրանք 1. Նախորդ տարվա
համեմատ 98,9 91,7 92,5 92,3 51,8 89,3 106,9 111,3
2. 1988 թ. համեմատ 100 91,7 84,8 78,3 40,6 36,3 38,8
3. 1990 թ. համեմատ 100 92,3 47,8 42,7 45,6
Գ. Գյուղատնտեսական
արտադրանք 1. Նախորդ տարվա
համեմատ 101,4 81,3 88,6 111,4 102,1 95,1 103,2 103,0
2. 1988 թ. համեմատ 100 81,3 72,0 80,3 81,9 77,9 80,4
3. 1990 թ. համեմատ 100 111,4 113,7 108,2 111,6
Ակնհայտ է նաև, 1990-1995 թթ. ժամանակահատվածում, երբ նախկին հարաբերությունների քայքայման գործընթացը գերակշռում էր նորի ստեղծմանը, պետության կայացման գերխնդիրը լուծվել է նախ և առաջ բնակչության կենսամակարդակի անխուսափելի իջեցման (1994 թ. միջին իրական եկամուտը 4,5 անգամ ցածր է եղել 1988 թ. նկատմամբ), ներքին կուտակումների սպառման, արտաքին փոխառությունների և պարտքերի ավելացման հաշվին: Այդ ժամանակահատվածի գործընթացի բնորոշ գծերից են նաև ավանդական տնտեսական կապերի մի զգալի մասի խաթարումը, նոր կապերի հաստատման և նոր շուկաներում տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր տեմպերը, արտադրության և սոցիալական ոլորտի ճյուղերում առկա կառուցվածքային ճգնաժամը, հասարակական-տնտեսական կյանքի վերարտադրության տարբեր փուլերի միջև գոյություն ունեցող խոր անհավասարակշռվածությունը:
Հենց այս և վերը նշված հիմնախնդիրների կարգավորմանն է ուղղված ՀՀ կառավարության խնդրո առարկա գործունեության ծրագիրը:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մակրոտնտեսական կայունացման և տնտեսական աճի ապահովման առումով շրջադարձային էր 1994 թվականը, որում, վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ, արձանագրվեց տնտեսական աճ` մակրոտնտեսական գրեթե բոլոր ցուցանիշների գծով, մասնավորապես, համախառն ներքին արդյունքի աճը կազմեց 105,5 %: Սկսված տնտեսական վերելքը շարունակվում է նաև 1995 թվականին: Այդ են վկայում առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները. նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ համախառն ներքին արդյունքն աճել է 12,8 %-ով, արդյունաբերական արտադրանքը` 11,3 %-ով:
Ֆինանսական ոլորտում վարած կշռադատված քաղաքականությունը, ազատ առևտրի ռեժիմը հիմքեր ստեղծեցին դրամի փոխանակման կուրսի կայունացման համար` մեծացնելով տարադրամի պաշարները:
Տարվող կոշտ բյուջետային քաղաքականության շնորհիվ էապես կրճատվեց պետական բյուջեի դեֆիցիտը և 1994 թ. այն կազմեց ՀՆԱ-ի 24 %, իսկ 1995 թ. նախատեսվում է հասցնել 12 %-ի: Պարզեցվեց հարկային համակարգը, նվազագույնի հասցվեցին արտոնություններն ու պետական հովանավորչությունը:
Հանրապետությունում արտաքին առևտրի ձևավորված ազատական ռեժիմի պայմաններում 1994-1995 թթ. արագորեն սկսեցին ավելանալ արտահանման և ներմուծման ծավալները:
Ծավալված կառուցվածքային և համակարգային բարեփոխումները, մակրոտնտեսական կայունացման և տնտեսական վերելքի միտումները առաջիկայում ևս հիմք կհանդիսանան արտադրության կայուն աճի ապահովման և դրան համապատասխան բնակչության կենսամակարդակի բարձրացման համար: Այդ նպատակով կառավարությունը նախատեսում է հանրապետությունում վարել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովել համախառն ներքին արդյունքի տարեկան շուրջ 10 % աճ, նվազեցնել սղաճը` տարեկան տեմպը հասցնելով 5 %-ի, կրճատել պետական համախմբված բյուջեի դեֆիցիտը` այն հասցնելով համախառն ներքին արդյունքի 7 %-ին, ապահովել փոխանակման կուրսի կայունությունը, կրճատել արտաքին առևտրի բացասական մնացորդը 7 %-ով, բարձրացնել բյուջետային ոլորտի աշխատողների իրական միջին աշխատավարձը` շուրջ 5,5 անգամ, ներդնել և կատարելագործել հասցեագրված սոցիալական պաշտպանվածության համակարգը:
Այժմ ավելի հանգամանորեն ներկայացնենք կառավարության քաղաքականությունը տնտեսության տարբեր ոլորտներում:
Հանրապետությունում տարվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը կնպաստի ֆինանսական ոլորտի հետագա վերակառուցմանն ու ամրապնդմանը:
Պետական ֆինանսների կառավարման ոլորտում բյուջետային օրենսդրության և կանոնակարգված ընթացակարգի ուղղությամբ կառավարության կողմից նախատեսված միջոցառումները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և նպատակային դարձնել դրամական միջոցների հավաքագրումն ու օգտագործումը:
Բյուջեի ծախսերի վերահսկման բարելավման նպատակով ստեղծված գանձապետական համակարգը թույլ կտա ապահովել պետական բյուջեով սահմանվող ծախսերի և միջոցառումների երաշխավորված ֆինանսավորում և ավելի արդյունավետ ու միջազգային պրակտիկայում ընդունված կանոններով իրականացնել պետական պարտքերի (ինչպես ներքին, այնպես էլ արտաքին) ձևավորման և սպասարկման գործընթացները:
Գանձապետական արժեթղթերի թողարկումը նախատեսվում է սկսել արդեն 1995 թ. սեպտեմբեր ամսից, որոնք սկզբնական շրջանում կլինեն կարճաժամկետ, և ներդրողների համար կապահովվի գների մակարդակին համապատասխան շահույթի ստացում: Արժեթղթերի շուկայի զարգացմանն ու ընդլայնմանը զուգընթաց նախապատվությունը հիմնականում կտրվի երկարաժամկետ պարտավորությունների թողարկմանը: Նման կարգով պետական պարտքի ձևավորումը հնարավորություն կընձեռնի ավելի ռեալ կանխատեսել ինչպես ընթացիկ, այնպես էլ երկարաժամկետ ծրագրերի ու միջոցառումների ծավալները և խուսափել ոչ լիկվիդային միջոցների հաշվին բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումից, ինչպես նաև մակրոտնտեսական կայունացման իրական լծակներ ունենալ` մասնավորապես, դրամավարկային քաղաքականության ոլորտում:
Միաժամանակ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի հաշվառումն ու հաշվետվությունը 1996 թ. հունվարի 1-ից կվարվի միջազգային ստանդարտներով նախատեսվող դասակարգմանը համապատասխան: Բյուջետային ծախսերը կդասակարգվեն ինչպես կառավարման մարմինների գործառական (ֆունկցիոնալ) կառուցվածքին համապատասխան, այնպես էլ ծախսերի տնտեսագիտական բովանդակությունից ու խնդիրներից ելնելով: Կհստակեցվեն բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման, ներգրավվող ռեսուրսների հաշվառման ու սպասարկման ոլորտները:
Կփոխվի բյուջեի ծախսային կառուցվածքը, ծախսային հոդվածների ընդհանուր կրճատման ստրատեգիային զուգընթաց որոշ ծախսատեսակներ, այնուամենայնիվ, կաճեն: Ասվածն առաջին հերթին վերաբերում է բյուջետային ոլորտի աշխատողների իրական աշխատավարձին, ինչպես նաև սոցիալական ոլորտի իրական ծախսերին:
Բյուջեի եկամուտների կառավարման ու վերահսկման միջոց կդառնա համակարգված (կոնսոլիդացված) բյուջեի կազմումը, որը հիմնականում կառնչվի ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի հաշվարկային համախմբմամբ ՀՀ պետական բյուջեի հետ: Դրանք որպես ինքնուրույն կազմակերպական կառույցներ մնալով հանդերձ, հանդես կգան որպես պետական բյուջեի հավելում: Նկատի ունենալով մակրոտնտեսական կարգավորման խնդիրների լուծումը, այսուհետև կբացառվի արտաբյուջետային այլ ֆոնդերի ձևավորումը:
Բյուջեի եկամուտների աճի ապահովման նպատակով նախատեսվում է հարկային մուտքերի ավելացում` հարկային բազայի ընդլայնման, հարկային արտոնությունների էլ ավելի կրճատման, հարկման մեխանիզմի պարզեցման և հարկերի հավաքման համակարգի բարելավման, հարկերի վճարման գույքային պատասխանատվության և կանխավճարների համակարգի ներդրման միջոցով: Մյուս կողմից, սղաճի ցածր մակարդակի վրա պահպանումը հարկային միջոցները կփրկի արժեզրկումից և կնպաստի դրանց իրական աճին:
Տարվող հարկային քաղաքականության հիմնական սկզբունքները կլինեն.
- տնտեսության բոլոր ոլորտների համար հավասար պայմանների ստեղծումը` անկախ սեփականության ձևից, կվերացվի ավելացված արժեքի հարկից ազատվելու պրակտիկան.
- եկամտահարկի ընդհանրական համակարգի ներդրումը, միավոր եկամտի նկատմամբ միևնույն հարկային ճնշման կիրառումը.
- հարկային ճնշման տեղափոխումը ձեռնարկություններից դեպի ձեռներեցներն ու ֆիզիկական անձինք.
- հարկատուների մոտ ներկայումս իրականացվող մասսայական արտաքին ստուգումներից աստիճանական անցումը ներքին ստուգումների համակարգին (ներքին աուդիտ) և վերջինիս տեսակարար կշռի մեծացումը.
- հարկատուների իրազեկման ամբողջական համակարգի մշակումը և ներդրումը:
Բյուջեի եկամուտների ավելացմանը մեծապես կնպաստի մաքսային ծառայությունների կատարելագործումը: Այդ նպատակին է ուղղված նաև 9 նոր մաքսային կետերի ստեղծումը սահմանամերձ գոտիներում և օդանավակայաններում:
Դրամավարկային քաղաքականության հիմնական խնդիրներն են.
- սղաճի տեմպերի հետևողական իջեցումը, դրա դիմակայումը և կառավարումը.
- ՀՀ կենտրոնական բանկի տարադրամային պահուստների ամրապնդման միջոցով դրամի կայուն փոխարժեքի ապահովումը, ՀՀ դրամի ոչ միայն ներքին, այլև արտաքին լրիվ փոխարկելիության հիմքերի ստեղծումը.
- բանկային համակարգի արդյունավետ կառուցվածքի ձևավորումը և զարգացումը` բանկային ծառայությունների ընդլայնման, որակի բարձրացման, խնայողություններից ներդրումների ֆինանսական շարժի ապահովման միջոցով.
- վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը, հաշվառման միջազգային չափանիշների հաստատումը.
- միջազգային կապերի զարգացումը, արտաքին ֆինանսական շուկաներում ՀՀ բանկային համակարգի ակտիվության բարձրացումը, Հայաստանի Հանրապետության` իբրև ֆինանսական կենտրոնի ձևավորման նախադրյալների ստեղծումը:
Այս խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է շարունակել ՀՀ կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ դրամական զանգվածի վերահսկումը, վարկերի բաշխման շուկայական մեթոդների զարգացումը, ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվների և դրանց առանձին մասերի վերահսկումը: Դրա հետ մեկտեղ, իրավիճակը վարկային շուկայում մնում է ծանր: ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը ավելի քան 2 անգամ գերազանցում է սղաճի ծրագրավորված թիվը: Դրա հետևանքով առևտրական բանկերի կողմից տրվող վարկերի 99,9 տոկոսը կարճաժամկետ է: Փաստորեն, վերջիններս ավելի շատ հանդես են գալիս ոչ թե տնտեսության զարգացման վարկավորման օղակների, այլ «մեծածախ» փոխանակման կետերի և առևտուրը սպասարկող կազմակերպությունների դերում: Դրամի կայունացման դրական միտումների կողքին չի կարելի չնկատել, որ տնտեսությունում դրամական զանգվածի ու հատկապես կանխիկ դրամի աճի տեմպերը 1,3 անգամ գերազանցում են սղաճի և շուրջ 3 անգամ` տնտեսության աճի տեմպերը:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ բնակչության սկզբնական եկամուտների առնվազն 37 տոկոսը պաշտոնապես չի հաշվառվում:
Այս ամենը հրատապ է դարձնում մի շարք միջոցառումների իրականացումը.
- ներդրումային, երկարատև վարկավորման հատուկ նորմատիվների սահմանումը.
- կանխիկ դրամաշրջանառության վերահսկողության ուժեղացումը, հարկային քաղաքականության խորացումը.
- առևտրային բանկերի գործունեության նկատմամբ ԿԲ-ի կողմից պատշաճ վերահսկողության իրականացումը:
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Կառավարման համակարգի բարեփոխումները նպատակաուղղված են շուկայական տնտեսությանը բնորոշ կառավարման նոր համակարգի ստեղծմանը, որի մի հատվածը կազմում է պետական մենաշնորհ հանդիսացող գործունեության (պաշտպանության, անվտանգության և այլն) կառավարումը, իսկ մյուսը` տնտեսության գծային (ուղղակի) կամ գործառական (ֆունկցիոնալ) միջնորդավորված կառավարումը: Բարեփոխումների տրամաբանությունը կտարվի այնպես, որ կտրուկ կնվազեցվի պետության կողմից իրականացվող գծային կառավարման համակարգը, փոխարենը ավելացնելով ֆունկցիոնալ կառավարման դերը:
Ըստ այդմ կհստակեցվեն նախարարությունների ֆունկցիաները, և նրանց կտրվի իրենց իրավասությունների շրջանակներում հարցերի արդյունավետ և ինքնուրույն լուծման հնարավորություն: Դրանով իսկ էապես կաճեն հորիզոնական կապերը: Այս փոփոխությունները կհանգեցնեն ճյուղային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի թվաքանակի 5 տոկոսով, իսկ մարզերի ձևավորմանը և շրջգործկոմների լուծարմանը զուգընթաց` 15 տոկոսով կրճատման:
Ընդհանուր առմամբ կառավարության կազմի մեջ մտնող 31 նախարարությունից մնում է 23-ը, 8-ը լուծարվում է, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր 30 մարմիններից մնում է 1-ը, 6-ը լուծարվում է: Կառավարման համակարգի պարզեցումը կշարունակվի առաջիկայում ևս, նշված 23 նախարարություններից մի քանիսը նույնպես կմիաձուլվեն, լուրջ փոփոխություններ տեղի կունենան նախարարությունների կառուցվածքում և ֆունկցիաներում:
Վարչատարածքային կառավարման փոփոխությունները բխում են ՀՀ Սահմանադրության պահանջներից: Հանրապետությունը կբաժանվի շուրջ 10 մարզի, որոնք կընդգրկեն ներկայումս գոյություն ունեցող 36 գյուղական և 10 քաղաքային շրջանները:
Վարչատարածքային կառավարման նոր համակարգը հնարավորություն կընձեռնի սահմանազատել վարչատարածքային միավորների (մարզերի, համայնքների) կառավարման ֆունկցիաները և արդյունավետ կերպով իրականացնել դրանց կառավարումը: Մասնավորապես, Երևան քաղաքում, որպես առանձին մարզ, նախատեսվում է իրականացնել հետևյալ ֆունկցիաները`
- գլխավոր հատակագծի վարում.
- ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման կազմակերպում.
- առևտրի, հասարակական սննդի կազմակերպում.
- քաղաքի տարածքի կանաչապատման քաղաքականության վարում.
- քաղաքային տնտեսությանը վերաբերող արտադրության կառավարում.
- բնակարանային սեփականատերերի միավորումների (կոնդոմինիում) գործունեության ընդհանուր կառավարում.
- քաղաքաշինության նկատմամբ հսկողության սահմանում.
- հասարակական աշխատանքների, ծառայությունների, բնակչության հանգստի և տրանսպորտի աշխատանքի կազմակերպում.
- սոցիալական համակարգի (առողջապահություն, կրթություն, մշակույթ, սպորտ) տնտեսական կառավարում.
- բնապահպանական հսկողություն.
- հասարակական կարգի պահպանում և այլն:
Կառավարման մնացած ֆունկցիաները կիրականացվեն նախարարությունների և հանրապետական ճյուղային կառավարման մարմինների կողմից:
Ենթադրվում է, որ տեղական հարկերից ձևավորվող եկամուտների մեծ մասը կկենտրոնացվի մարզային, իսկ տուրքերն ու վճարները` համայնքային բյուջեներում:
Երևան քաղաքի վերոհիշյալ մոդելի հիման վրա հիմնականում կձևավորվեն մյուս մարզային իշխանությունները ևս: Մարզերի համար իրավասությունների նման լայն շրջանակը նախատեսվում է ելնելով այն սկզբունքից, որ դրանք հիմնականում պետք է բավական լինեն յուրաքանչյուր մարզում մարդկանց կյանքի համար բնականոն միջավայր ստեղծելու, առանց մարզի տարածքից դուրս գալու քաղաքացիների հիմնական հոգևոր և նյութական պահանջմունքները բավարարելու համար:
Կառուցվածքային բարեփոխումները նպատակաուղղված են շուկայական տնտեսության ձևավորմանը` տնտեսության կառավարման ապակենտրոնացման, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման, հակամենաշնորհային կարգավորման, ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության, արտահանման խրախուսման և նպատակամետ ինվեստիցիոն քաղաքականության միջոցով: Կշարունակվեն և հիմնականում կավարտվեն պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացները` սեփականաշնորհման ծրագրերին համապատասխան: Ընդ որում, 1996 թվականին կավարտվի, գյուղատնտեսական հումքի վերամշակման հիմնական ձեռնարկությունների, մանրածախ առևտրի, հասարակական սննդի, կենցաղսպասարկման օբյեկտների սեփականաշնորհումը ( 1996 թ.), կակտիվացվի խոշոր և միջին ձեռնարկությունների սեփականաշնորհումը, որի արդյունքում, մասնավորապես, արդյունաբերության մեջ ( ներառյալ էներգետիկան) պետական սեփականությունը կկազմի շուրջ 25 տոկոս: Հիմնականում, որպես պետական սեփականություն, կպահպանվեն էներգետիկայի, առողջապահության բարձր վերարտադրության սերմաբուծական, տնկարկային և տոհմային գործի, կրթության, կապի օբյեկտները, երկաթուղին, ավտոճանապարհները, օդանավակայանները, մետրոպոլիտենը, ռազմական արդյունաբերությունը: Միևնույն ժամանակ նշված ոլորտներում կխորացվի ապապետականացման գործընթացը: Մասնավորապես, կիրականացվի ավտոմոբիլային և ճանապարհային շահագործման ձեռնարկությունների ապապետականացումը, կկառուցվեն և կշահագործվեն վճարովի ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ, կապապետականացվեն անասնաբուժական ծառայության շրջանային միավորումները և այլն:
ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
------------------------------
Վերջինս կունենա 3 խոշոր ուղղություն.
- ինվեստիցիոն գործունեության, այդ թվում նաև` արտասահմանյան, խրախուսում և աջակցում պետության կողմից.
- պետության կողմից ուղղակի ինվեստիցիաների իրագործում հիմնականում սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների (էներգետիկա, ճանապարհաշինություն, տրանսպորտ, կոմունալ տնտեսություն, բնակարանային շինարարություն, ոռոգման համակարգ) զարգացման ուղղությամբ.
- պետության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների արտասահմանյան ոչ պետական ֆինանսական կառույցների համատեղ աջակցությունը` հանրապետության տարածքում պետական և ոչ պետական ներդրումները խրախուսելու համար: Ընդ որում, վերջին ուղղությունը, որի կապակցությամբ օրերս պայմանավորվածություն ձեռք բերվեց միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, 1995-1999 թթ. կլինի կառավարության կողմից տարվող տնտեսական քաղաքականության կարևոր տարրերից:
Միայն առաջին և երրորդ ուղղություններով նշված ժամանակահատվածում ակնկալվում է ունենալ 1.2, իսկ մինչև 2000 թ.` 1,5 մլրդ ԱՄՆ-ի դոլարին համարժեք ներքին և արտաքին ներդրումներ:
Երկրորդ ուղղությամբ նախատեսվում է ապահովել շուրջ 800 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք ներդրումների իրականացում: Միայն 1995 թ. երկրորդ կեսին և 1996 թ. սկզբներին կկնքվեն 220 մլն ԱՄՆ-ի դոլարի ներդրումային պայմանագրեր, Համաշխարհային բանկի և Եվրոպական բանկի հետ:
Էներգետիկայի բնագավառում, որը անհրաժեշտ նախապայման է տնտեսության հետագա վերելքի և տնտեսական ինքնուրույնության ապահովման համար, նախատեսվում են իրագործել հետևյալ առաջնահերթ ծրագրերը`
- գործարկել Հերհերի ՀԷԿ-ը (1995 թ.),
- գործարկել Եղվարդի ջրամբարը և ՀԷԿ-ը (1999 թ.),
- վերագործարկել ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկը (1995 թ.)
- գործարկել Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկը,
- վերանորոգել էներգետիկ օբյեկտները (1998 թ.)
- վերանորոգել ՀԱԷԿ-ի 1-ին բլոկը ( 1997 թ.)
- վերականգնել էներգետիկ հզորությունները (2000 թ.) (այդ թվում` Երևանի ՋԷԿ-ի 3-րդ և 4-րդ բլոկների վերակառուցումը, Հրազդանի ՊՇԷԿ-ի 1-ին և 2-րդ բլոկների վերափոխումը),
- վերանորոգել գազատրանսպորտային համակարգը (1998 թ.)
- վերակառուցել և ընդլայնել բնական գազի պահեստարանները (1999 թ.)
- մշակել և ներդնել հեղուկ գազի ստացման արտադրությունը ( 1997 թ.)
- գործարկել Իրան-Հայաստան գազատարը ( 1997 թ.)
- կառուցել Իրան-Հայաստան բարձր լարման գիծ (1996 թ.)
Էներգետիկայի բնագավառում նախատեսված ինվեստիցիաների ծավալը հնարավորություն կտա`
- վերանորոգել և վերազինել էներգետիկ համակարգի գործող հզորությունները,
- նվազեցնել տեխնիկական և կոմերցիոն կորուստների մակարդակը, դրանք հասցնելով թույլատրելի սահմանների,
- բարձրացնել վառելիքաէներգետիկ ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործումը:
Վերոհիշյալ նախագծերի իրականացումը, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում համակարգի կառուցվածքային բարեփոխումների շարունակումը և էլեկտրական ու ջերմային էներգիայի արտադրության համար անհրաժեշտ ծախսերի (ներառյալ կապիտալ ծախսերի) փոխհատուցման նպատակով նախատեսվող սակագնային քաղաքականությունը թույլ կտան 2000 թ. հանրապետությունում էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը հասցնել շուրջ 10700 մլն կվտ ժ-ի, գեներացիոն հզորություններն ավելացնելով 650 մգվտ-ով: Դրա հետ մեկտեղ պետք է 1995-1999 թթ. սկսվեն և ավարտվեն նոր ատոմակայանի շինարարության բոլոր նախապատրաստական աշխատանքներն այն հաշվով, որ մինչև 2005 - 2007 թթ. դրա հզորությունները փոխարինեն ներկայիս ՀԱԷԿ-ին:
Տրանսպորտի բնագավառում նախատեսվում է`
- վերականգնել և վերանորոգել հանրապետության հիմնական ճանապարհային ցանցը (2000 թ.) հիմնանորոգել Մեղրուց մինչև Բավրա ավտոճանապարհը (1998 թ.), Ստեփանավանի թունելը ( 1996 թ.) և ավարտել Սևանի, ծավալել Քաջարանի թունելների շինարարությունը,
- վերանորոգել Երևանի մետրոպոլիտենը (1998 թ.), շարունակել ջրահոսքերի հեռացման, կրկնաթունելների և մետրոպոլիտենի Աջափնյակի հատվածի շինարարությունը, շահագործման հանձնել Դավիթաշենի կամուրջը (1998 թ.) և Չարբախի կայարանը,
- վերանորոգել երկաթուղին, վերականգնել շարժակազմը,
- վերակառուցել և հզորացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը (1997 .)
- բարձրացնել տրանսպորտի պլանավորման և կառավարման արդյունավետությունը (1998 թ.):
Տրանսպորտի բնագավառում նախատեսված նախագծերի իրականացումը կապահովի տնտեսության և բնակչության տրանսպորտային ծառայությունների նկատմամբ պահանջարկի բավարարումը և տրանսպորտային ծառայությունների որակական բարելավումը:
Կոմունալ տնտեսության և բնակարանային շինարարության բնագավառում նախատեսվում է լուծել հետևյալ խնդիրները`
- առաջիկա 5 տարում հասնել 80 % ինքնահոս ջրամատակարարման, որով կապահովվի ջրամատակարարման որակը, կիջնի ինքնարժեքը, կտնտեսվի էլեկտրաէներգիա` օրական մոտ 0,5 մլն կվտ ժամ չափով.
- ջրի խնայողության և կորուստների կրճատման նպատակով ներքաղաքային և բնակարանային համակարգում մշակել և ներդնել նորագույն սանտեխսարքավորումներ.
- ապահովել քաղցրահամ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և պաշարների պահպանությունը.
- կազմակերպել կենցաղային աղբի տեսակավորում, վերամշակում, երկրորդական հումքի օգտագործում, ինչպես նաև ջերմային և էլեկտրական էներգիայի ստացման տեխնոլոգիաների ներդրում:
Այդ նպատակով կիրականացվեն հետևյալ նախագծերը`
- Երևան քաղաքում և հանրապետության այլ բնակավայրերում ստեղծել ինքնահոս ջրամատակարարման համակարգեր (1998 թ.),
- Երևանի քիմիական ձեռնարկությունները կայուն ջրամատակարարմամբ, ապահովելու նպատակով մայրաքաղաքում կառուցել տեխնիկական ջրատար (1998 թ.) , գործարկել Արզնու և Գառնիի ջրատարները, կառուցել օրական կարգավորման 4 ջրամբար,
- հանրապետության սակավաջուր լեռնային բնակավայրերում ստեղծել ջրամատակարարման պոմպային համակարգեր ( 1998 թ.),
- հիմնականում վերականգնել երկրաշարժի գոտու բնակֆոնդը ( 1998 թ.), դրան ուղղելով միջոցներ` պետական բյուջեից և Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելիք նոր` 30 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք վարկը, լիովին վերականգնել սահմանամերձ գոտին, օժանդակել Արցախում ծավալվող բնակարանային շինարարությանը,
- Երևան քաղաքում և հանրապետության առանձին շրջաններում իրականացնել մի շարք բնակելի տների շինարարություն` իրացված տարածքների բնակիչների և վթարային բնակելի ֆոնդի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև հանրապետության առանձին շրջաններում փախստականներին բնակարաններով ապահովելու նպատակով:
Բնօգտագործման և բնապահպանության բնագավառում կառավարության տնտեսական քաղաքականությունը կնպատակաուղղվի շրջակա միջավայրի վրա տնտեսական գործունեության բացասական ազդեցության մեղմացմանը, բնական պաշարների խնայողաբար և նպատակամետ օգտագործմանը, բնակչության կյանքի համար էկոլոգիական բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Այդ նպատակների իրագործմանն է ուղղված պետական ներդրումների ծրագրով նախատեսված Սևանա լճի կենսաբանական հավասարակշռության պահպանման ծրագիրը (2000 թ.), ներառյալ Որոտանի ստորգետնյա ջրատարի գործարկումը և հոսքաջրերի մաքրման կայանների ու կոյուղի-կոլեկտորների շինարարությունը (1998 թ.): Մասնավորապես, կավարտվի Երևանի «Աերացիայի» կայանի շինարարությունը:
1995-1999 թթ. ինվեստիցիոն քաղաքականության առանձնահատկություններից է սոցիալական ոլորտին ուղղված ներդրումների ծավալի կտրուկ աճը: Իրականացման փուլում են սոցիալական, մունիցիպալ ներդրումների սոցիալական ուղղվածության վարկային ծրագրերը:
Գործարկվող և վերակառուցվող էներգետիկ հզորությունները, հաղորդակցության ուղիների վերականգնումն ու զարգացումը, կապի միջոցների կատարելագործումը, շուկայական տնտեսության պահանջներին դրանց համապատասխանեցումն անհրաժեշտ նախադրյալներ կապահովեն արտադրական ոլորտի զարգացման և տնտեսավարման նոր պայմաններում տնտեսական սուբյեկտների գործունեության համար:
- Փարաքարի գիպսի գործարանի գործարկումը (1998 թ.),
- «Տրանզիստոր» գործարանի ուժային կիսահաղորդչային արտադրության կազմակերպումը (1996 թ.),
- Ալավերդիում տարեկան 5000 տ կարողությամբ պղնձաձուլարանի վերականգնումը (2000 թ.),
- 30000 տ կարողությամբ ժամանակակից հզոր պղնձաձուլարանի կառուցումը Կապանում (սկիզբը 1997 թ.),
- ոսկու զտման գործարանի գործարկումը (2000 թ.),
- Արարատի ցեմենտի գործարանի երկրորդ հերթի գործարկումը,
- վերակառուցել «Նաիրիտը»,
- «Ռուբին» գործարանում կարբիդային արտադրության ներդրումը, ամոնիակի ցիկլի զարգացումը և այն:
Գյուղատնտեսության բնագավառում նախատեսվում է`
- բարձրացնել արտադրական և շուկայական ենթակառուցվածքների արդյունավետությունը` ոռոգման համակարգերի վերանորոգման ու կատարելագործման, բանկային և ապահովագրական ծառայությունների կատարելագործման, ագրարային շուկայի ձևավորման միջոցով.
- բարեփոխել գյուղատնտեսական բնագավառում կառավարման պետական մարմինների գործունեությունը, մասնավորապես, կատարելագործել դրանց վերահսկողական ֆունկցիաները: Այդ խնդիրների լուծման համար պահանջվող կապիտալ ներդրումներն ընդգրկված են հետևյալ ծրագրերում`
- ոռոգման համակարգերի վերականգնում ( 1999 թ.),
- կոոպերատիվ գյուղատնտեսական բանկի ստեղծում (1997 թ.),
- Երևանում մեծածախ շուկայի և փաթեթավորման գործարանի կառուցում, տոմատի մածուկի և հանքային ջրերի արտադրության վերակառուցում, Սպիտակի և Ստեփանակերտի ալրաղացների գործարկում,
- գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գույքի ապահովագրության ընկերության ստեղծում (1997 թ.),
- մի շարք խոզաբուծական և թռչնաբուծական տնտեսությունների (Բաղրամյան, Էջմիածին, Նոր Խարբերդ) գործարկում և վերակառուցում, ալոեի արտադրության վերականգնում, կերային մշակաբույսերի արտադրության կազմակերպում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական քաղաքականությունը կնպատակաուղղվի բնակչության եկամուտների բարձրացմանը, դրանցում անմիջական սկզբնական եկամուտների տեսակարար կշռի էական ավելացմանը, հասցեագրված սոցիալական պաշտպանության համակարգի ներդրմանը և կատարելագործմանը, աշխատուժի արդյունավետ զբաղվածության ապահովմանը:
Մինչև 2000 թ. պետության կողմից ձեռք բերված վարկերի շնորհիվ կստեղծվի մասնավորապես 140000 աշխատատեղ, սպասվող օտարերկրյա մասնավոր ներդրումների շնորհիվ` մասնավորապես 260000 աշխատատեղ (100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք աշխատավարձի հաշվարկով):
1. Աշխատանքի վարձատրման բնագավառում նախատեսվում է.
ա) շարունակել փուլային բարեփոխումները բյուջետային ոլորտի աշխատողների աշխատանքի վարձատրման համակարգում, նպատակ ունենալով`
- մեծացնել դրույքաչափերի միջև եղած տարբերությունը` կախված աշխատողի պատասխանատվության աստիճանից և աշխատանքի որակից.
- սահմանել միևնույն պաշտոնի համար վարձատրության նվազագույն և առավելագույն չափ.
- ներդնել միասնական սակագնային (տարիֆային) ցանց.
բ) բյուջետային ոլորտի աշխատողների իրական միջին աշխատավարձը բարձրացնել շուրջ 5,5 անգամ.
գ) շարունակել նվազագույն աշխատավարձի փուլային բարձրացումը` նպատակ ունենալով այն աստիճանաբար համապատասխանեցնել կենսապահովման նվազագույն կարիքների բավարարման պահանջներին.
դ) ներդնել աշխատավարձի և աշխատանքի արտադրողականության աճի տեմպերի տնտեսապես հիմնավորված հարաբերակցությունը խթանող տնտեսական մեխանիզմներ:
2. Բնակչության սոցիալական պաշտպանվածության բնագավառում նախատեսվում է`
ա) անցնել հասցեագրված ընտանեկան սոցիալական նպաստների միասնական համակարգի և ապահովել մարդասիրական օգնության բաշխման հասցեագրվածությունը և սոցիալական արդարությունը.
բ) կատարելագործել նվազագույն կենսաթոշակ ապահովող պետական կենսաթոշակային համակարգը`
- անցնել կենսաթոշակային ապահովագրական համակարգի, որը կառավարվելու և ֆինանսավորվելու է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից:
3. Զբաղվածության բնագավառում նախատեսվում է`
- բնակչության տնտեսապես ակտիվ խմբերի ձեռնարկատիրական գործունեությունը խթանող օրենսդրական դաշտի կատարելագործում.
- ինքնազբաղվածության պետական աջակցության մեխանիզմների մշակում և ներդրում` նպատակ ունենալով առաջին հերթին նեցուկ լինել հաշմանդամների, կանանց և երիտասարդների սեփական գործի ստեղծմանը` ֆերմերային և ընտանեկան տնտեսությունների ստեղծման միջոցով.
- հասարակական աշխատանքների շրջանակի ընդլայնում.
- գործազուրկ քաղաքացիների մասնագիտական պատրաստման, որակավորման բարձրացման և վերամասնագիտացման` շուկայի պահանջներին համապատասխանող համակարգի ներդրում և կատարելագործում.
- փոքր գործարարության և գործարարական կրթության խթանում.
- աշխատանքային հարաբերությունների կարգավորում եռակողմ (կառավարություն- արհմիություններ-գործատուներ) համաձայնագրերի կնքման միջոցով` դրանց հիմքում դնելով սոցիալական համագործակցության սկզբունքների իրագործումը.
- ազատ աշխատուժի արտահանման կանոնավոր կազմակերպում:
4. Սոցիալական ապահովության միասնական համակարգի ստեղծման նպատակով ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կազմի մեջ կմտցվեն ՀՀ ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների սոցիալական ապահովության վարչությունները (բաժինները):
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՃՅՈՒՂԵՐ
Գիտության ասպարեզում կշարունակվի պետության կողմից հիմնարար հետազոտությունների թեմատիկ ֆինանսավորումը մրցութային հիմունքներով, որը 1992-1995 թվականներին ապացուցեց իր կենսունակությունը:
Կիրառական գիտությունների բնագավառում հիմնական ուշադրությունը կդարձվի նոր տեխնոլոգիաների մշակման հարցերին: Դրանք կֆինանսավորվեն տնտեսավարող սուբյեկտների կողմից կնքվող պայմանագրերի և պետական պատվերի հիման վրա:
Կշարունակվի բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների ապակենտրոնացման քաղաքականությունը, որը հնարավորություն կտա հանրապետության ողջ տարածքում ապահովել տնտեսության, գիտության, կրթության ներդաշնակ զարգացումը: Հանրակրթական դպրոցը կգործի կրտսեր, միջին և ավագ դպրոցների եռամիասնական համակարգով: Դպրոցական հիմնական առարկաների դասավանդումը կապահովվի պետական պատվերի ձևով: Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր դպրոց պարտադիր ծրագրից դուրս կամ ծրագրում չընդգրկված առարկաների ուղղությամբ մասնագիտանալու և խորանալու հնարավորություն կունենա: Ըստ այդմ կխթանվի դպրոցական կրթության կազմակերպման նոր ձևերի` կրթօջախների, կրթահամալիրների, ճեմարանների պրակտիկան:
Նախատեսվում է կենտրոնացնել մասնագիտական տեխնիկական ուսումնարանները, օժանդակ, հատուկ, գիշերօթիկ դպրոցները:
Կսահմանվի դպրոցի և ուսուցչի որակավորման նոր կարգ, կընդունվեն ոչ պետական դպրոցի գործունեությունը կարգավորող նորմատիվային ակտեր:
Կզարգացվի կենտրոնացված ընդունելության քննությունների և դրանց արդյունքով` կենտրոնացված մրցույթի համակարգը, այն միջնակարգ դպրոց տեղափոխելու, ավարտական և պետական քննությունները միավորելու միտումով:
Բարձրագույն կրթության ասպարեզում կշարունակվի եռաստիճան բարձրագույն կրթության համակարգի ներդրումը հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում, ապահովելով առաջին աստիճանում ընդհանուր մասնագիտական` համալսարանական կրթության, երկրորդ աստիճանում` նեղ մասնագիտական կրթության, իսկ երրորդ աստիճանում` ասպիրանտական ուսուցումը:
Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության համակարգում պետական պատվերը պահպանելու պայմաններում կընդլայնվի պետական վճարովի ուսուցման համակարգը:
Նախատեսվում է շարունակել և խորացնել առողջապահության բնագավառում սկսված բարեփոխումները` բուժական հիմնարկներին ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտի` պետական ձեռնարկության կարգավիճակով օժտելու ուղղությամբ, որն անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ապահովագրական բժշկության պայմաններում դրանց գործունեության ապահովման համար:
Միաժամանակ կսահմանվի նաև այն բժշկական բնագավառների և բուժկանխարգելիչ հիմնարկների ցանկը, որոնց համար նախատեսվում է բյուջետային կարգավիճակի պահպանում:
Բնակչության անապահով խավերի, թոշակառուների, երեխաների, ինչպես նաև ամբողջ բնակչության համար առկա բժշկական ծառայությունների զգալի մասի ապահովումը կիրականացվի պետության հաշվին:
Հստակորեն կսահմանազատվեն պոլիկլինիկական և ստացիոնար բուժհիմնարկների ֆունկցիաները, ամբուլատոր պոլիկլինիկաներին կվերադարձվեն լիարժեք բուժօգնություն կազմակերպելու նրանց իրավունքները:
Լուրջ բարեփոխումների կենթարկվի բժշկական կադրերի մասնագիտական կրթության համակարգը, կներդրվի բժշկական կրթության արտոնագրման համակարգ:
Մշակույթի, հուշարձանների պահպանության, լրատվության բնագավառներում նախատեսվում է`
- իրականացնել կազմակերպակառուցվածքային բարեփոխումներ, հստակեցնել նշված ոլորտների օբյեկտների կարգավիճակը, պետական հովանավորության շրջանակները, հատկապես ազգային նշանակության մշակութային օբյեկտների, ինչպես նաև անհատ ստեղծագործողների նկատմամբ.
- վարչատարածքային կենտրոններում ստեղծել բազմագործառական մշակութային կենտրոններ.
- 1995 - 2000 թթ. կիրականացվի «Քրիստոնեություն-1700» պետական ծրագիրը:
Տուրիզմի (զբոսաշրջության) բնագավառում նախատեսվում է`
- ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ.
- վերականգնել և զարգացնել պատմաճարտարապետական, մշակութային և այլ հուշարձաններ տանող տուրիստական երթուղիները.
- մշակել բուժառողջարարական տուրիզմի զարգացման ծրագիր.
- խրախուսել գովազդային - տեղեկատվական ծառայությունների ստեղծումը` արտասահմանյան տուրիզմի հետագա զարգացման նպատակով:
Տնտեսական վիճակագրության բնագավառում կարևորագույն խնդիրը վիճակագրության` շուկայական հարաբերություններին և միջազգային պրակտիկայում ընդունված ստանդարտներին համապատասխանեցումն է: Այդ ուղղությամբ նախատեսվում է 1997 թվականից անցում կատարել ժողովրդավարական տնտեսության ազգային հաշիվների համակարգին ինչպես վիճակագրության, այնպես էլ հաշվապահական հաշվառման համակարգում: 1999 թ. կանցկացվի մարդահամար:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
Պաշտպանության ապահովման հիմնախնդիրն է ունենալ մարտունակ, կարգապահ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված, արդիական տեխնիկայով հագեցված բանակ, որի կայացման համար պետք է լուծվեն հետևյալ խնդիրները`
- որակյալ հրամանատարական կադրերի պատրաստման համակարգի ստեղծումը,
- պահեստազորային ռեսուրսների զորահավաքային պատրաստականության համակարգի ստեղծումը,
- հայրենիքի զինվորի գաղափարախոսության մշակումը,
- բանակը ժամանակակից և բարձր ճշգրտության զինատեսակներով ապահովելը,
- ՀՀ ռազմական դոկտրինաի ընդունումը,
- զինված ուժերի կառավարման միասնական համակարգի ստեղծումը, նրա զարգացումը,
- բանակի կենցաղային պայմանների ապահովումը և նյութատեխնիկական բազայի հետագա զարգացումը:
Զինված ուժերի հզորացման գործում մեծ նշանակություն ունի ռազմաարդյունաբերական համալիրի ամրապնդումը, ներուժի առավել արդյունավետ օգտագործումը: Այդ նպատակով կկատարելագործվեն ռազմաարդյունաբերությունում տեղադրվող պետական պատվերի մեխանիզմը, պետպատվերով նախատեսված ծրագրերի իրագործման ժամկետների և ֆինանսավորման ծավալների որոշման մեթոդները:
Լուրջ միջոցներ կձեռնարկվեն ազգային անվտանգության ապահովման, անվտանգության մարմինների նյութատեխնիկական բազայի զարգացման, ֆինանսավորման բարելավման ուղղությամբ: Կնախապատրաստվի և կիրագործվի Վրաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը:
Օրենսդրորեն կկարգավորվի պաշտոնապես գրանցված բոլոր հատուկ ծառայությունների գործունեությունը:
Արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է բոլոր, այդ թվում և հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը, Հայաստանի միջազգային հեղինակության պահպանմանը, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ակտիվ անդամակցությանը, պետականության շուրջ համայն հայության համախմբման խորացմանն ու զարգացմանը, հարևան երկրների հետ հաղորդակցուղիների գործարկմանն ու զարգացմանը:
Կշարունակվի միջազգային կազմակերպություններից արտոնյալ վարկերի ձեռքբերումը` ենթակառուցվածքների և ռազմավարական նշանակության արտադրական ճյուղերի զարգացման նպատակային ծրագրերի իրագործման համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար Հայաստանը կշարունակի մասնակցել Մինսկի խորհրդաժողովի համանախագահության միջնորդությամբ անցկացվող ամենամսյա բանակցություններին` նպատակ ունենալով տարվա ընթացքում հասնել հրադադարի ամրապնդմանը, խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովմանը:
Երկկողմ հարաբերություններում հիմնական նպատակը կլինի առանձին երկրների հետ առևտրատնտեսական և քաղաքական համագործակցության զարգացման համար իրավական դաշտի ձևավորումը: Այդ կապակցությամբ աշխատանք կտարվի հետևյալ ուղղություններով. առևտրական համաձայնագրերի, ներդրումների խրախուսման ու պաշտպանության, կրկնակի հարկումից խուսափելու և տնտեսական համագործակցությունը խթանող այլ կարգի միջպետական փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև որոշ երկրների հետ առավել բարենպաստ առևտրական ռեժիմի հաստատում, բարեկամության և համագործակցության պայմանագրերի կնքում:
Տնտեսական զարգացման առկա հնարավորությունների արդյունավետ օգտագործումը խթանելու և շրջափակման հարուցած դժվարությունները շրջանցելու նպատակով Հայաստանը կզարգացնի բազմակողմ դիվանագիտության մոդելը:
Հայաստանն այժմ արտասահմանում ունի 25-ից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ. նախատեսվում է նոր դեսպանություններ բացել Չինաստանում և Ճապոնիայում:
Գոյություն ունեցող ներկայացուցչությունները, բավարար ծանրաբեռնվածությամբ գործելով, առաջիկայում լիովին կարող են ապահովել Հայաստանի դիվանագիտական գործունեության իրականացումը ողջ ծավալով, դրանով իսկ լուծելով ծրագրով պետության առջև դրված խնդիրները:
ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սահմանադրությամբ ամրապնդված քաղաքացիների սեփականության անձեռնմխելիության, իրավահավասարության, դատական պաշտպանվածության և այլ իրավունքների ու ազատությունների ապահովման, ինչպես նաև նրանց օրինական շահերի պաշտպանության նպատակով կիրագործվեն ներքին կառուցվածքային բարեփոխումներ արդարադատության, դատախազության և իրավապահ մարմինների համակարգերում, այդ նպատակով կկատարելագործվի և կհամակարգվի այլ ոլորտների համապատասխան օրենսդրական դաշտը, ինչպես նաև կիրագործվեն այդ ուղղություններով մի շարք ծրագրեր:
Կառավարության կողմից կմշակվի և գործողության մեջ կդրվի հանցագործության դեմ պայքարի պետական ծրագիր: Ըստ այդմ կուժեղացվի դատախազության կոորդինացնող ֆունկցիան ներքին գործերի, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների և մյուս իրավապահ մարմինների հանցավորության դեմ պայքարում գործունեության նկատմամբ: Բոլոր օղակների կողմից պատշաճ մակարդակի վրա պետք է բարձրացվի գործող օրենքների կատարման նկատմամբ պահանջը: Ամբողջովին պետք է վերակառուցել իրավապահ համակարգի աշխատանքը քաղաքացիների, տնտեսավարող սուբյեկտների, հիմնարկների, կազմակերպությունների, իշխանության տարբեր մարմինների կողմից գործող օրենքներով նախատեսված պարտականությունների կատարման և, հատկապես, դատախազության պահանջների անվերապահ կատարման կապակցությամբ:
Լրջորեն պետք է կանոնակարգել քրեական և տնտեսական հանցագործությունների հետաքննության իրականացման գործընթացը, փոխել վերջինիս իրականացման կազմակերպչական կառուցվածքը:
Առաջիկա տարիներին մեծ աշխատանք պետք է տանել ներքին գործերի նախարարության նյութատեխնիկական բազայի ընդլայնման, բարձրորակ կադրերով համալրման, բնակչության լայն զանգվածների հետ աշխատանքների ընդլայնման ուղղությամբ: Հատկապես կարևոր են քաղաքացիների հասարակական միավորների ստեղծումը, անչափահասների և երիտասարդության հետ տարվող աշխատանքների կազմակերպումը, ոստիկանության կենտրոնական և տարածքային ֆունկցիաների տարանջատումը:
ՀՀ Սահմանադրությամբ որակապես նոր պահանջներ են դրվում արդարադատության նախարարության համակարգի առջև: Օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության ու վարչապետի որոշումների հստակ կատարման նպատակով շուտով կմտցվի նախարարությունների, գերատեսչությունների, կառավարման հանրապետական մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած ակտերի, հրամանների, որոշումների գրանցման պարտադիր կարգը, կստեղծվի նշված մարմինների կողմից ընդունվող պետական ակտերի վարման ռեեստր: Ընդ որում, այդ ակտերը օրենսդրությանը չհամապատասխանելու դեպքում չեղյալ կհայտարարվեն: Նախարարության տնօրինությանը կանցնեն ուղղիչ աշխատանքային գաղութների, փորձաքննական ծառայությունների վերահսկողությունը: Վերջինիս ենթակայությանը կանցնեն նաև զագսի բաժինները: Կվերացվի նոտարական գործունեության պետական մենաշնորհը և արտոնագրման միջոցով հնարավորություն կտրվի նման գործունեություն իրականացնել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց:
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Ներկայացված ծրագրի իրագործումը խստորեն թղթակցում է համապատասխան օրենսդրական դաշտի առկայությանը:
Այդ տեսակետից առաջնահերթ կարգով սահմանված ժամկետում պետք է ընդունվեն ՀՀ Սահմանադրությունից բխող, ինչպես նաև տնտեսական, պետական կառավարման, սոցիալական ոլորտի ճյուղերի, պաշտպանության և ազգային անվտանգության, արտաքին հարաբերությունների, դատաիրավական, քաղաքացիների իրավունքներն ապահովող օրենքների փաթեթը: