«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 50114416
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 2014 թվականի N 88-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 333-Ն որոշման 2-րդ կետը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Սահակյան
Հավելված
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2014 թվականի սեպտեմբերի 2-ի
N 88-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանում (այսուհետ` Մարզպետարան) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` Մարզպետարանում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել Մարզպետարանի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:
Հավատարմագրված լրագրողի գործունեությունը Մարզպետարանի տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:
3. Մարզպետարանը`
1) որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.
2) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.
3) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.
4) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է Մարզպետարանի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին (այսուհետ` Մարզպետարանի միջոցառումներ):
Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում Մարզպետարանը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:
4. Մարզպետարանը ոչ ուշ, քան յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր Մարզպետարանի գործունեության արդյունքների մասին: Դա կարող է իրականացվել ամփոփագիրը Մարզպետարանի էլեկտրոնային էջում տեղադրելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ իր գործունեության նախընթաց արդյունքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս մամուլի ասուլիսում` Մարզպետարանում հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ:
5. Մարզպետարանում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է Մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը (այսուհետ` Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանում):
6. Մարզպետարանի գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Մարզպետարան` նշելով.
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).
2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
3) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).
4) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):
7. Մարզպետարանը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:
Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեության իրականացնողի դիմումն ստացվելուց հետո, այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված` դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:
8. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով:
9. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:
10. Մարզպետարանը սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:
11. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 9-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 13-րդ կետի «1)», «2)» կամ «3)» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:
12. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է Մարզպետարանի անցագրային կետ (կետեր): Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:
13. Մարզպետարանը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`
1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.
2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
3) նա տարածել է Մարզպետարանի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.
4) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.
5) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:
Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:
Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումը լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:
14. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` Մարզպետարանում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:
15. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`
1) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը.
2) նախապես տեղեկացված լինելու Մարզպետարանի միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին.
3) մասնակցելու Մարզպետարանի միջոցառումներին.
4) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.
5) Մարզպետարանում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ` տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:
16. Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումը լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ Մարզպետարանի ստորաբաժանումներ և հանդիպումներ Մարզպետարանի պաշտոնատար անձանց հետ:
17. Մարզպետարանի միջոցառումներին կարող են մասնակցել կամ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանման հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն և եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:
18. Մարզպետարանի միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը Մարզպետարան համաձայնեցվում է Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանման հետ: Այդ դեպքում (ինչպես նաև միջոցառումների ժամանակ) լրագրողը Մարզպետարան է այցելում սույն կարգի 12-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց Մարզպետարանի տարածք մուտքի անցագրի:
19. Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանման` Մարզպետարանի տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:
20. Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու համար, Մարզպետարանի շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում, Մարզպետարանը, ելնելով իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանն առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից, կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, բանական և արդարացի քվոտաներ` ըստ լրատվության միջոցի տեսակի, տարածման տարածքի, մամուլի տպաքանակի, բովանդակային գերակա ուղղվածության և լրատվության միջոցի այլ բնութագրերի: Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է` առաջնությունը տալով ըստ այդ քվոտաների պահանջվող հատկանիշներն առավել չափով բավարարող լրատվության միջոցները ներկայացնող լրագրողներին:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի
աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյան