Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/12466/05/13

    դատարանի որոշում                       2016թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/12466/05/13

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ն. Տավարացյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սարգիս Խարիկյանի ներկայացուցիչ Կարինե Քաջազնունու վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սարգիս Խարիկյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձինք Նաիրա Մանուկյանի, Գևորգ Խարիկյանի` Երևանի քաղաքապետի 19.04.2013 թվականի թիվ 1805-Ա որոշումն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` այդ որոշման հիման վրա Նաիրա Մանուկյանի անվամբ 18.05.2013 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սարգիս Խարիկյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 19.04.2013 թվականի թիվ 1805-Ա որոշումը և որպես անվավերության հետևանք` այդ որոշման հիման վրա Նաիրա Մանուկյանի անվամբ 18.05.2013 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 19.03.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.10.2015 թվականի որոշմամբ Նաիրա Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 19.03.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Խարիկյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քաղաքապետարանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական վարույթի նյութերով չի հաստատվում «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների կիրառման համար անհրաժեշտ բոլոր պայմանների և պահանջների առկայությունը, ինչը հիմք է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար: Այսպես, սույն գործի քննությամբ չի հաստատվել այն հանգամանքը, որ Նաիրա Մանուկյանը Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ունեցել է իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ, որը չի պահպանվել: Բացի այդ, Սարգիս Խարիկյանը հաշվառված է եղել նշված հասցեում դեռևս 1987 թվականից, ուստի վերջինս ևս գույքային իրավունքներ ունի վիճելի անշարժ գույքի նկատմամբ: Հետևաբար Սարգիս Խարիկյանը պետք է մասնակից դարձվեր Երևանի քաղաքապետի 19.04.2013 թվականի թիվ 1805-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթին, ինչը տեղի չի ունեցել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82 հասցեում գտնվող անշարժ գույքը պետական սեփականություն է, ուստի այդ անշարժ գույքի նկատմամբ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը չի կարող կիրառելի լինել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.10.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.03.2015 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ սույն գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները կարող են պարզվել միայն գործի նոր քննության ընթացքում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետին հասցեագրված 12.03.2013 թվականի դիմումով Նաիրա Մանուկյանը խնդրել է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն օրինականացնել Ծերենցի փողոցի թիվ 82 տան օրինական գույքին կից շինությունը և/կամ հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 34).

2) Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականին հասցեագրած 03.04.2013 թվականի թիվ 20-Ել-513 գրությամբ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 82 հասցեում Նաիրա Մանուկյանին պատկանող բնակելի տան կարգավիճակի մասին հայտնել է հետևյալը. «(...) տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ նշված հասցեում հողամասի մակերեսը փաստացի կազմում է 210,6 քմ, որն ամբողջությամբ տնօրինվում է առանց փաստաթղթերի (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 30).

3) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 08.05.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Նաիրա Մանուկյանը 29.05.1999 թվականից փաստացի բնակվում է Երևանի Ծերենցի թիվ 82 տանը (հատոր 1-ին, գ.թ. 36).

4) Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ, 19.04.2013 թվականին ընդունել է «Երևանի Ծերենցի փողոցի Հ.82/1 բնակելի տան և հողամասի նկատմամբ Նաիրա Ժորժիկի Մանուկյանի իրավունքները վերականգնելու մասին» թիվ 1805-Ա որոշումը, որի 1-ին կետով վերականգնվել է Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նաիրա Մանուկյանի սեփականության իրավունքը` բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 210,6 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 210,6 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, իսկ նույն որոշման 3-րդ կետով Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82 հասցեի բնակելի տանը տրամադրվել է հասցե` «Ծերենց փողոց, թիվ 82/1 տուն» (հատոր 2-րդ, գ.թ. 26-27).

5) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18052013-01-0205 վկայականի համաձայն` Երևանի քաղաքապետի 19.04.2013 թվականի թիվ 1805-Ա որոշման և հողամասի հատակագծի հիման վրա Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82/1 բնակելի տան և հողամասի նկատմամբ 18.05.2013 թվականին գրանցվել է Նաիրա Մանուկյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 41).

6) Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին 20.11.2013 թվականի թիվ 392598 տեղեկանքի համաձայն` Սարգիս Խարիկյանը 09.01.1987 թվականից հաշվառված է եղել Ծերենցի տուն թիվ 82 հասցեում, 06.09.2012 թվականին հանվել է հաշվառումից սեփականատիրոջ դիմումով (հատոր 1-ին, գ.թ. 25).

7) Էլեկտրական էներգիայի մատակարարման 14.11.2008 թվականի թիվ 0301978 պայմանագրի համաձայն` Երևանի Ծերենցի թիվ 82 հասցեի էլեկտրաէներգիայի սպառողը Սարգիս Խարիկյանն է (հատոր 1-ին, գ.թ. 10-11).

8) Գույքահարկի և հողի հարկի վճարումների ընդունման 20.04.2009 թվականի թիվ ԳՀԱ 1122268 անդորրագրի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի գույքահարկի և հողի հարկի բաժնի պետի կողմից 22.04.2009 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևանի Ծերենցի թիվ 82 հասցեի հողի հարկ վճարողը Սարգիս Խարիկյանն է (հատոր 1-ին, գ.թ. 18-19):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ իրավական համակարգում անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման` «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական կառուցակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, ինչպես նաև «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթին պետք է մասնակից դարձվեն այդ անշարժ գույքը փաստացի որպես սեփականը տիրապետող բոլոր անձինք,

2. արդյո՞ք «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով կարող է վերականգնվել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի (որպես սեփականը) տիրապետող միայն մեկ ֆիզիկական անձի սեփականության իրավունքն այն պայմաններում, երբ այդ անշարժ գույքը փաստացի որպես սեփական գույք տիրապետվում է նաև այլ ֆիզիկական անձի կողմից, որը ևս համապատասխան իրավունք ունի,

3. արդյո՞ք «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով կարող է վերականգնվել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի տիրապետող ֆիզիկական անձի սեփականության իրավունքն այն պայմաններում, երբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում, որ տվյալ ֆիզիկական անձը, փաստացի տիրապետելով այդ անշարժ գույքը, ունեցել է համապատասխան իրավունքներ դրա նկատմամբ, կամ այդ անշարժ գույքը հանդիսանում է օրինական կառույց:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են`

ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.

բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում` նաև վկային, փորձագետին, թարգմանչին և այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման:

«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (...) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

i

«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված Երևանի քաղաքապետի որոշումը, որում պարտադիր նշվում են իրավունք ձեռք բերող ֆիզիկական անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին), բնակելի տան հասցեն, տեղեկատվություն բնակելի տան կառուցման տարեթվի մասին, տեղեկատվություն այն մասին, որ անշարժ գույքը բավարարում է նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները: (...) Նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում համայնքի ղեկավարի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե սույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը կարգավորել է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված որոշակի կատեգորիայի անշարժ գույքի նկատմամբ այդ գույքը փաստացի որպես սեփականը տիրապետող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման և պատշաճ ձևակերպման հետ կապված հարաբերությունները: «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով օրենսդիրը սահմանել է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը (քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը կամ հողհատկացման հիմքերը) չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքը համարվում է այն որպես սեփական գույք տիրապետող ֆիզիկական անձանց սեփականությունը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով 30.04.2015 թվականին կայացրած որոշման շրջանակներում անդրադարձել է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման` մինչև 05.06.2010 թվականը գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավական կառուցակարգին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ««Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 27.04.2010 թվականի թիվ ՀՕ-50-Ն ՀՀ օրենքով «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, ինչի արդյունքում օրենսդիրն իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակին վերաբերող իրավակարգավորումները հավասարապես տարածել է ոչ միայն Երևան քաղաքի վարչական տարածքում, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների վարչական տարածքներում գտնվող համապատասխան կատեգորիայի անշարժ գույքի վրա` սահմանելով, որ յուրաքանչյուր համայնքի վարչական տարածքում գտնվող, օրենքով նախատեսված պայմաններին ու պահանջներին բավարարող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված տվյալ համայնքի ղեկավարի որոշումը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև 05.06.2010 թվականը գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նորմերի վերաբերյալ` ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշմամբ կատարված մեկնաբանությունները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իրավադրույթների մեկնաբանության դեպքում:

Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքի նկատմամբ վերականգնվում է այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականության իրավունքը, ով (ովքեր) փաստացի տիրապետում է (են) այդ անշարժ գույքը որպես սեփական գույք: Ընդ որում, խոսքը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ոչ միայն փաստացի տիրապետում են համապատասխան անշարժ գույքը, այլ նաև հանդիսանում են այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ, որոնց սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են բացառապես օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական կառույցների), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման հարցերը: Այսինքն` հիշատակված օրենքը վերաբերում է այն անշարժ գույքին, որի վերաբերյալ առկա են եղել իրավունքներ և ենթակա է քննարկման այդ իրավունքների վերականգնման հարցը, ինչը չի կարող առկա լինել ինքնակամ կառույցի պարագայում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման գործընթացը համապատասխան ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթ է, որը եզրափակվում է համապատասխան վարչական ակտով, այն է` համայնքի ղեկավարի որոշմամբ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում վարչական վարույթը վարչական մարմնի, մասնավորապես` ՀՀ նախարարությունների և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է, իսկ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նշված դրույթի շրջանակներում որպես վարչական ակտի տարատեսակ ներառված է բարենպաստ վարչական ակտը, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման:

Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ համայնքի ղեկավարի համապատասխան որոշումը վարչական ակտ է, քանի որ այն համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածում նախատեսված վարչական ակտի հասկացության սահմանմանը: Ըստ այդ սահմանման` վարչական ակտին բնորոշ հատկանիշներն են վարչական մարմնի կողմից ընդունված անհատական իրավական ակտ լինելը, արտաքին ներգործություն ունենալը, հանրային իրավունքի ոլորտում ընդունված լինելը, կոնկրետ գործի կարգավորմանն ուղղված լինելը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար իրավունքների և պարտականությունների սահմանումը, փոփոխումը, վերացումը կամ ճանաչումը: Այսպես`

- իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումն անհատական իրավական ակտ է,

- իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ որոշումն ընդունվում է վարչական մարմնի` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից,

- իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

- իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում,

- իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

- իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական անձի համար. դրանով վարչական մարմինը, ճանաչելով անձի մոտ արդեն իսկ ծագած իրավունքի առկայությունը, բարելավում է վերջինիս իրավական և փաստացի դրությունը:

Օրենսդիրը հստակ սահմանել է, որ վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեության` վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` պարզելու համար ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման համար անհրաժեշտ` «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պարտադիր պայմանների ու պահանջների առկայությունը կամ բացակայությունը:

Համայնքի ղեկավարը կարող է որոշում կայացնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքը վերականգնելու մասին միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում եկել է այն եզրահանգման, որ դիմում ներկայացրած ֆիզիկական անձի, ինչպես նաև այդ դիմումում նշված անշարժ գույքի կարգավիճակը լիովին համապատասխանում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պահանջներին: Ընդ որում, վկայակոչված օրենքով կարող են վերականգնվել նախկինում գոյություն ունեցող (համապատասխան հասցե ունեցող) այնպիսի անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, որոնց վերաբերյալ առկա են եղել իրավունք հաստատող փաստաթղթեր, որոնք, սակայն, չեն պահպանվել:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնումը տեղի է ունենում ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվող համայնքի ղեկավարի որոշման հիման վրա, որն էլ տվյալ ֆիզիկական անձին իրավունք է վերապահում օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգով գրանցելու իր սեփականության իրավունքը:

Ընդ որում, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է, որ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում համայնքի ղեկավարի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Եթե իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը, որը համապատասխանում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, փաստացի (որպես սեփական գույք) տիրապետվում է մի քանի ֆիզիկական անձանց կողմից, որոնք այդ անշարժ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքներ ունեն, ապա վարչական մարմինն իրավասու չէ վերականգնելու իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի (որպես սեփականը) տիրապետող միայն մեկ ֆիզիկական անձի սեփականության իրավունքն ամբողջ անշարժ գույքի նկատմամբ: Տվյալ պարագայում իրավասու վարչական մարմինը կամ կարող է իր որոշմամբ վերականգնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի (որպես սեփականը) տիրապետող միայն մեկ ֆիզիկական անձի սեփականության իրավունքն անշարժ գույքի այն մասի նկատմամբ, որը նրա կողմից փաստացի որպես սեփական գույք տիրապետվում է կամ կարող է վերականգնել այդ անշարժ գույքը փաստացի (որպես սեփական գույք) տիրապետող բոլոր ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը` ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի տեսքով, եթե առկա է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը: Սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը չի պահանջվում միայն այն դեպքում, եթե ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը:

i

Հետևաբար վարչական մարմինը պարտավոր է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պարզել, inter alia, այն հանգամանքը, թե արդյոք ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումում նշված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի (որպես սեփական գույք) տիրապետվում է նաև այլ ֆիզիկական անձանց կողմից, թե` ոչ: Այն դեպքում, երբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը դիմում ներկայացրած անձից բացի փաստացի (որպես սեփական գույք) տիրապետվում է նաև այլ ֆիզիկական անձանց կողմից, վարչական մարմինը պարտավոր է այդ ֆիզիկական անձանց ևս մասնակից դարձնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վարչական վարույթին` նրանց որպես երրորդ անձ ներգրավելու միջոցով, ինչը թույլ կտա ապահովել վերջիններիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը (տե՛ս նաև Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Նշված իրավանորմում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում: «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով կարգավորվող վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նշված օրենքով, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր դրույթները կիրառելի են վեճի առարկա իրավահարաբերությունների նկատմամբ միայն «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ, այլ խոսքով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված վարչական վարույթի ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է միայն այն հարաբերությունների մասով, որոնք «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով կամ կարգավորված են մասամբ կամ առհասարակ կարգավորված չեն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական կառույցների), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման վերաբերյալ վարչական վարույթի իրականացման կարգը և առանձնահատկությունները ՀՀ իրավական համակարգում կարգավորվում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ վերը նշված վարչական վարույթում երրորդ անձանց վերաբերյալ որևէ առանձնահատկություն, ինչը նշանակում է, որ այդ վարչական վարույթում երրորդ անձանց կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում օրենսդիրը սահմանել է, որ երրորդ անձինք վարչական վարույթի այն մասնակիցներն են, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, այսինքն` այն անձինք, որոնց համար վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտը կարող է առաջացնել իրավական հետևանքներ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովելու վարույթին մասնակցող անձի` լսված լինելու իրավունքը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Այս եզրահանգումը բխում է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներից, որոնցով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե՛ գործնական և թե՛ իրավական առումներով, մասնավորապես` այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ (տե՛ս Իվանովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 24.11.2006 թվականի վճիռը, պարբ. 70): Հետևաբար վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին (տե՛ս ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

i

Այսպիսով, ՀՀ իրավական համակարգում օրենսդրի կողմից երրորդ անձանց վարչական վարույթում ներգրավելու իրավական հնարավորություն նախատեսելու հիմնական նպատակը երրորդ անձանց սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանություն ապահովելն է: Սակայն օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքների պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Փաստորեն, իրավական պետության պայմաններում պատշաճ վարչական վարույթի պարտադիր նախապայման է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելը (տե՛ս Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների միջոցով օրենսդիրը հետապնդում է հստակ նպատակ, այն է` որոշակի պահանջների բավարարող և իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի տիրապետող և դրա սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ հանդիսացող ֆիզիկական անձանց հնարավորություն տալ վերականգնելու իրենց սեփականության իրավունքն այդ անշարժ գույքի նկատմամբ: Հետևաբար «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր պահանջներից մեկն այն է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ կարող է վերականգնվել միայն այդ անշարժ գույքը փաստացի տիրապետող այն ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը, ովքեր հանդիսանում են այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ:

i

Այսպիսով, վարչական մարմինը պարտավոր է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պարզել, inter alia, այն հանգամանքը, թե իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացրած ֆիզիկական անձը հանդիսանում է արդյոք այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդ, թե` ոչ (տե՛ս Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է նշված օրենքով սահմանված որոշակի պահանջներին բավարարող միայն այն բնակելի տների նկատմամբ, որոնք կառուցվել են օրենքով սահմանված կարգով, այսինքն` օրինական կառույցներ են: Հետևաբար «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր պահանջներից մեկն այն է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի տիրապետող և այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ հանդիսացող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, երբ բնակելի տունը չի հանդիսանում ինքնակամ կառույց` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շինություն:

i

Այլ կերպ ասած` «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը կարող է վերականգնվել միայն այն բնակելի տների նկատմամբ, որոնք ինքնակամ կառույցներ չեն: Հետևաբար վարչական մարմինը պարտավոր է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պարզել, inter alia, այն հանգամանքը, թե իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տունը հանդիսանում է արդյոք օրինական կառույց, թե` ոչ (տե՛ս նաև Սիրանուշ Վարդանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0634/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթը հարուցվել է Երևանի քաղաքապետին հասցեագրված Նաիրա Մանուկյանի դիմումի հիման վրա, որով վերջինս խնդրել է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հիմքով օրինականացնել Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82 տան օրինական գույքին կից շինությունը և/կամ հողամասը:

Երևանի քաղաքապետը 19.04.2013 թվականին ընդունել է «Երևանի Ծերենցի փողոցի Հ.82/1 բնակելի տան և հողամասի նկատմամբ Նաիրա Ժորժիկի Մանուկյանի իրավունքները վերականգնելու մասին» թիվ 1805-Ա որոշումը, որի 1-ին կետով Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ վերականգնվել է Նաիրա Մանուկյանի սեփականության իրավունքը` բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 210,6 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 210,6 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշումն ընդունվել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-57-րդ հոդվածների, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների խախտմամբ: Մասնավորապես` Դատարանը նշել է, որ վարչական վարույթի նյութերով չի հաստատվում, որ Նաիրա Մանուկյանը Երևան քաղաքի Ծերենցի թիվ 82 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ երբևէ ունեցել է սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթեր և (կամ) հողհատկացման հիմքեր: Ըստ Դատարանի` «(...) վարչական վարույթի նյութերով չի հաստատվում սեփականաշնորհված անշարժ գույքը (...) միայն Նաիրա Մանուկյանի կողմից որպես սեփական գույք տիրապետվելու (...) հանգամանքը, (...) վարչական վարույթի նյութերով հաստատվում է, որ Նաիրա Մանուկյանը (...) Ծերենցի թիվ 82 հասցեում սեփական հողամաս չի ունեցել (...)»:

Բացի այդ, Դատարանը գտել է նաև, որ Քաղաքապետարանը պարտավոր էր սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթին մասնակից դարձնել նաև Սարգիս Խարիկյանին, որը ևս հաշվառված է եղել և որոշակի ընդհատումներով բնակվել է Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82 տանը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Նաիրա Մանուկյանի վերաքննիչ բողոքը, մասնակիորեն բավարարելով Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը և բեկանելով Դատարանի վճիռն ու գործն ուղարկելով նոր քննության, պատճառաբանել է, որ սույն գործի լուծման համար որոշիչ նշանակություն ունեցող մի շարք հարցեր իրենց պատասխանները կարող են ստանալ միայն գործի նոր քննության ընթացքում: Վերաքննիչ դատարանի կողմից առաջ քաշված և գործի նոր քննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքները, մասնավորապես, հանգում են հետևյալին. արդյո՞ք Նաիրա Մանուկյանը Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82 հասցեում տիրապետել է որևէ անշարժ գույք որպես սեփական գույք, և այդ անշարժ գույքի օրինականացումը խախտում է արդյո՞ք այլ անձանց իրավունքները, ինչպես նաև արդյո՞ք վիճարկվող վարչական ակտը վերաբերում է նաև նշված հասցեում գտնվող ինքնակամ կառույցներին, թե` ոչ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի 19.04.2013 թվականի թիվ 1805-Ա որոշումը վարչական ակտ է, քանի որ այն համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածում նախատեսված` վարչական ակտի հասկացության սահմանմանը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետին հասցեագրած դիմումով Նաիրա Մանուկյանը խնդրել է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (28.06.2008 թվականի թիվ ՀՕ-117-Ն) համաձայն օրինականացնել Ծերենցի փողոցի թիվ 82 տուն հասցեի օրինական գույքը: Այսինքն` Նաիրա Մանուկյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը վերաբերել է Ծերենցի փողոցի թիվ 82 հասցեի տան նկատմամբ գույքային իրավունքների վերականգնմանը, մինչդեռ Երևանի քաղաքապետի 19.04.2013 թվականի թիվ 1805-Ա որոշման համաձայն` վերականգնվել է Նաիրա Մանուկյանի սեփականության իրավունքը Երևանի Ծերենցի փողոցի թիվ 82/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ, թեև նշված թիվ 82/1 հասցեն հիշատակված գույքին տրամադրվել է նույն որոշման 3-րդ կետով միայն: Փաստորեն, Նաիրա Մանուկյանի իրավունքները Երևանի քաղաքապետի որոշմամբ վերականգնվել է այնպիսի հասցեի գույքի նկատմամբ, որպիսի հասցե նախկինում գոյություն չի ունեցել, հետևաբար դրա վերաբերյալ իրավունք հաստատող փաստաթղթեր չէին կարող առկա լինել ընդհանրապես:

Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնումը տեղի է ունենում համապատասխան ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվող համայնքի ղեկավարի համապատասխան որոշմամբ, որի հիման վրա տվյալ ֆիզիկական անձն իրավական հնարավորություն է ստանում օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգով գրանցելու իր սեփականության իրավունքը: Այդպիսի որոշման ընդունման նախադրյալը վարչական մարմնի կողմից վարչական վարույթի ընթացքում նշված օրենքով սահմանված բոլոր պարտադիր պայմանների ու պահանջների առկայությունը կամ բացակայությունը պարզելն է:

Ընդհանրացնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական մարմինը պարտավոր է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պարզել, inter alia, հետևյալ հանգամանքները.

1) արդյոք իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տունը հանդիսանում է օրինական կառույց, թե` ոչ,

2) արդյոք իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացրած ֆիզիկական անձը հանդիսանում է այդ անշարժ գույքը փաստացի, որպես սեփական գույք տիրապետող անձ, թե` ոչ,

3) արդյոք իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացրած ֆիզիկական անձը հանդիսանում է այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդ, թե` ոչ,

4) արդյոք ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումում նշված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի (որպես սեփական գույք) տիրապետվում է նաև այլ ֆիզիկական անձանց կողմից, թե` ոչ: Ընդ որում, եթե իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը դիմում ներկայացրած անձից բացի փաստացի (որպես սեփական գույք) տիրապետվում է նաև այլ ֆիզիկական անձանց կողմից, վարչական մարմինը պարտավոր է այդ ֆիզիկական անձանց ևս մասնակից դարձնել վարչական վարույթին` նրանց որպես երրորդ անձ ներգրավելու միջոցով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նաիրա Մանուկյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացված, սույն գործով վիճարկվող Երևանի քաղաքապետի 19.04.2013 թվականի թիվ 1805-Ա որոշմամբ լուծվել է Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82 (82/1) հասցեում գտնվող իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման հարցը: Մինչդեռ սույն գործում առկա ապացույցների բովանդակությունից հետևում է, որ վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը չի պարզել, թե Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82 հասցեի բնակելի տունը հանդիսանում է արդյոք օրինական կառույց, թե` ոչ: Բացի այդ, վարչական մարմինը չի պարզել նաև այն հանգամանքը, թե քննարկվող անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացրած ֆիզիկական անձը` Նաիրա Մանուկյանը, հանդիսանում է արդյո՞ք այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդ, թե` ոչ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի քննության ընթացքում հիմնավորվել է, որ Սարգիս Խարիկյանը դեռևս 09.01.1987 թվականից հաշվառված է եղել Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82 հասցեի բնակելի տանը, և փաստացի (որպես սեփական գույք) տիրապետել է դրա մի մասը: Հետևաբար «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82 (82/1) հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի նկատմամբ Նաիրա Մանուկյանի սեփականության իրավունքը չէր կարող վերականգնվել այդ հասցեում գտնվող այն անշարժ գույքի նկատմամբ, որը փաստացի որպես սեփական գույք տիրապետվում էր այլ անձի` Սարգիս Խարիկյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Երևանի քաղաքապետը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածների հիմքով պարտավոր էր Սարգիս Խարիկյանին ծանուցել 19.04.2013 թվականի թիվ 1805-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի հարուցման մասին և ապահովել այդ վարչական վարույթի ընթացքում վերջինիս լսված լինելու իրավունքի պատշաճ իրացումը, քանի որ նշված վարչական վարույթի ընթացքում քննարկվել է Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82 (82/1) հասցեում գտնվող իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու հարցը, և ընդունվող վարչական ակտով կարող էին շոշափվել Սարգիս Խարիկյանի իրավունքները և օրինական շահերը: Մինչդեռ սույն գործում առկա չէ որևէ ապացույց Սարգիս Խարիկյանին նշված վարչական վարույթին մասնակից դարձնելու և նրան վարույթի մասին ծանուցելու վերաբերյալ: Այսինքն` վարչական մարմինը չի կատարել Սարգիս Խարիկյանին վարչական վարույթին մասնակից դարձնելու և նրան ծանուցելու` օրենքով սահմանված իր պարտականությունը, ինչի արդյունքում չի ապահովվել Սարգիս Խարիկյանի լսված լինելու իրավունքը` վերջինիս զրկելով իր իրավունքները գործնականում լիարժեք պաշտպանելու հնարավորությունից:

Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 19.04.2013 թվականի թիվ 1805-Ա որոշումն ընդունվել է օրենքի` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 35-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածների, ինչպես նաև «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ: Հետևաբար Դատարանն իր վճռում իրավացիորեն է եզրահանգել, որ Երևանի քաղաքապետի 19.04.2013 թվականի «Երևանի Ծերենցի փողոցի Հ.82/1 բնակելի տան և հողամասի նկատմամբ Նաիրա Ժորժիկի Մանուկյանի իրավունքները վերականգնելու մասին» թիվ 1805-Ա որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ոչ իրավաչափ վարչական ակտ է և պետք է ճանաչվի անվավեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Նաիրա Մանուկյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է Երևանի քաղաքապետի 19.04.2013 թվականի թիվ 1805-Ա որոշման հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 82/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Նաիրա Մանուկյանի անվամբ Կոմիտեի կողմից 18.05.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 18052013-01-0205) ևս ենթակա էր անվավեր ճանաչման:

Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործը նոր քննության ուղարկելու և նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից առաջ քաշված հարցադրումներին պատասխանելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ գործի դատաքննության ընթացքում հիմնավորվել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում առկա են Սարգիս Խարիկյանի կողմից ներկայացված հիմնական հայցապահանջով վիճարկվող վարչական ակտը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու թե՛ իրավական, թե՛ փաստական բավարար հիմքեր:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Սարգիս Խարիկյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սարգիս Խարիկյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Քաղաքապետարանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.10.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 19.03.2015 թվականի վճռին:

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Սարգիս Խարիկյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ՎԴ/12466/05/13
Որոշում