020.0988.130911
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
13 սեպտեմբերի 2011թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի ապրիլի 4-ին Բելգրադում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 30 հունիսի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրն ստորագրվել է 2011 թվականի ապրիլի 4-ին` Բելգրադում:
Համաձայնագրի նպատակը Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի համաձայն կողմերի համապատասխան տարածքների միջև ու դրանցից դուրս կանոնավոր օդային հաղորդակցությունների հաստատումը և շահագործումը, օդային հաղորդակցության բնագավառում համագործակցության իրականացումն է:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է.
- մյուս կողմին տրամադրել Համաձայնագրով նախատեսված իրավունքները` սահմանված երթուղիներով միջազգային կանոնավոր օդային հաղորդակցությունների շահագործման նպատակով,
- Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններին տրամադրել հետևյալ իրավունքները`
ա) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչքներ,
բ) կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքներ,
գ) կատարել նշված տարածքում Համաձայնագրին որպես Հավելված կցված Երթուղիների ցանկում սահմանված կետերում վայրէջքներ` միջազգային փոխադրումներում ուղևորներ, բեռ և փոստ` առանձին կամ համակցված ձևով, օդանավ վերցնելու և օդանավից իջեցնելու նպատակով,
- սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով Սերբիայի Հանրապետության նշանակած ավիաընկերությունների կողմից սահմանված ձևի և կարգի համաձայն հայտն ստանալուն պես, Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանության կողմից, նվազագույն ընթացակարգային հետաձգմամբ, նշված ավիաընկերություններին տրամադրել համապատասխան շահագործման լիազորություններ և թույլտվություններ,
- Համաձայնագրի դրույթներին համապատասխան նշանակված և լիազորված ավիաընկերություններին հնարավորություն ընձեռել ցանկացած պահի մեկնարկել համաձայնեցված հաղորդակցությունները,
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցող ուղևորները, ուղեբեռը, բեռը և փոստը, որոնք չեն լքում օդանավակայանում այդ նպատակով հատկացված տարածքը, ենթարկվեն ոչ ավելի, քան պարզեցված մաքսային և ներգաղթային հսկողության` բացառությամբ անվտանգության միջոցառումների, խախտումների, զննվող թմրադեղերի փոխադրման միջոցառումների,
- ազատել ուղիղ տարանցիկ բեռներն ու ուղեբեռները մաքսատուրքից և այլ գանձումներից,
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից վավեր ճանաչվեն Սերբիայի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված կամ ճանաչված թռիչքային պիտանիության վկայականները, իրավասության վկայականները և լիցենզիաները` Համաձայնագրով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով,
- միջազգային իրավունքից բխող իր իրավունքներին և պարտավորություններին համապատասխան հաստատել, որ անօրինական միջամտություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը պաշտպանելու` միմյանց նկատմամբ կողմերի պարտավորությունը կազմում է Համաձայնագրի անբաժանելի մասը,
- Սերբիայի Հանրապետությանը տրամադրել ամբողջ անհրաժեշտ աջակցությունը` կանխելու օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք,
- Սերբիայի Հանրապետության հետ փոխադարձ հարաբերություններում գործել Քաղաքացիական ավիացիայի Միջազգային կազմակերպության կողմից հաստատված և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի հավելվածներ հանդիսացող ավիացիոն անվտանգության չափանիշներին համապատասխան,
- ապահովել, որպեսզի արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն իր տարածքում օդանավը պաշտպանելու համար և իրականացվեն ուղևորների, անձնակազմի, ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և օդանավի պաշարների նկատմամբ ստուգումներ` նախքան օդանավ նստելը, նստելու կամ օդանավից դուրս գալու ընթացքում,
- փոխադարձության հիման վրա իր տարածքում գործող կանոնակարգերի առավելագույն հնարավոր չափով ազատել Սերբիայի Հանրապետության նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին ներմուծման սահմանափակումներից, մաքսատուրքերից, ավելացված արժեքի հարկերից, ակցիզային հարկերից, տեսչական վճարներից և այլ ազգային պարտադիր տուրքերից և այլ վճարներից` օդանավի, վառելիքի, սպառվող տեխնիկական միջոցների և այլ առարկաների առնչությամբ` նախատեսված օգտագործման կամ օգտագործվող միայն այդ ավիաընկերության օդանավի շահագործման կամ սպասարկման կապակցությամբ,
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունները Սերբիայի Հանրապետության ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնեն իրենց երթևեկության ծրագրերը` հաղորդակցությունների շահագործումն սկսելուց առնվազն երեսուն օր առաջ, որոնք պետք է ներառեն չվացուցակները, հաղորդակցությունների հաճախականությունը և շահագործման մեջ օգտագործվելիք օդանավերի տիպերը,
- Սերբիայի Հանրապետության նշանակած ավիաընկերությանը տրամադրել իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնելու գրասենյակներ օդային փոխադրումների, ինչպես նաև այլ հարակից առարկաների և սարքավորումների վաճառքի և խթանման համար, որոնք պահանջվում են օդային փոխադրման ապահովման համար,
- Համաձայնագիրը և Համաձայնագրի ցանկացած փոփոխություն գրանցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:
Համաձայնագիրն ունի բաղկացուցիչ մաս հանդիսացող Հավելված:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 2011 թվականի ապրիլի 4-ին Բելգրադում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
13 սեպտեմբերի 2011 թվականի
ՍԴՈ-988