020.0876.200410
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
20 ապրիլի 2010թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդված 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2001 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված` «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրության մեջ (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին ուղղված Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2010թ. մարտի 3 -ին:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական կոնվենցիան ստորագրվել է 1959թ. ապրիլի 20-ին Ստրասբուրգում: Սույն Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 2001թ. նոյեմբերի 21-ի թիվ Ն-229-2 որոշմամբ:
1978թ. մարտի 17-ին Ստրասբուրգում ստորագրվել է հիշյալ Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 2004թ. մարտի 3-ի թիվ Ն-079-3 որոշմամբ), իսկ 2001թ. նոյեմբերի 8-ին` Կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը, որն ուժի մեջ է մտել 2004թ. փետրվարի 1-ին: Վերջինս Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2009թ. մարտի 3-ին:
Քննության ենթակա Արձանագրության նախաբանից բխում է, որ կարևորելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների` հանցագործությունների դեմ պայքարում անհատական և հավաքական հնարավորությունների համախմբման նշանակությունը` այն նպատակ ունի բարելավել և լրացնել 1959թ. ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիան, ինչպես նաև 1978թ. մարտի 17-ի լրացուցիչ արձանագրությունը:
Արձանագրության առանձին նորմերի պահանջներին համահունչ` Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել համապատասխան հայտարարություններով, որոնք կոչված են գործնականում դյուրացնելու և երաշխավորելու Արձանագրության հստակ և ճշգրիտ կատարումը: Նշված հայտարարությունները վերաբերում են Արձանագրության 4-րդ հոդվածի 8-րդ կետին, 6-րդ հոդվածին, 17-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների 4-րդ կետերին ու 26-րդ հոդվածի 5-րդ կետին:
2. Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարություններով) բաղկացած է նախաբանից, երեք բաժիններից և 35 հոդվածներից:
Արձանագրության 1-ին բաժնում ներառված 1-6-րդ հոդվածներով փոփոխություններ և լրացումներ են կատարվել Կոնվենցիայի 1-ին, 4-րդ, 11-րդ, 15-րդ, 20-րդ և 24-րդ հոդվածներում:
Արձանագրության 1-ին բաժնում ամրագրված դրույթները նպատակաուղղված են ընդարձակել Կոնվենցիայի կիրառման ոլորտը, կարգավորում են կալանքի տակ գտնվող անձանց ժամանակավոր փոխանցման, Կոնվենցիայի կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման և դատական մարմինների միջև անմիջական հաղորդակցությանն առնչվող, ինչպես նաև տարաբնույթ այլ հարցեր:
Արձանագրության 1-ին հոդվածը սահմանում է, որ կողմերը պարտավորվում են անհապաղ միմյանց տրամադրել փոխադարձ օգնության ամենալայն միջոցներ այն հանցագործությունների դատավարության առնչությամբ, որոնց համար պատիժ սահմանելն օգնության մասին հարցման պահին գտնվում է հայցող կողմի դատական մարմինների իրավասության ներքո: Փոխադարձ օգնությունը կարող է տրամադրվել նաև այն դատական վարույթներով, որոնք հարուցվում են վարչական մարմինների կողմից` այնպիսի գործողությունների նկատմամբ, որոնք պատժելի են հայցող կամ հայցվող կողմի ազգային օրենքով` օրենքի գերակայության խախտումների հիմքերով, երբ որոշումը կարող է հիմք հանդիսանալ, մասնավորապես, քրեական գործերով դատարանի առջև` դատաքննություն սկսելու համար:
Արձանագրության 3-րդ հոդվածով կարգավորվում են կալանավորված անձանց հայցող կողմի տարածք ժամանակավոր փոխանցման կարգը և պայմանները: Մասնավորապես, կալանքի տակ գտնվող անձը, որի անձնական ներկայության համար դիմել է հայցող կողմը` ապացուցման այնպիսի նպատակներով, որոնք այլ են, քան դատարանի առջև հանդես գալը, պետք է ժամանակավորապես փոխանցվի նրա տարածք` պայմանով, որ նա պետք է հետ ուղարկվի հայցվող կողմի սահմանած ժամանակահատվածում և Կոնվենցիայի դրույթներին համապատասխան` այնքանով, որքանով դրանք կիրառելի են: Հիշատակված հոդվածը նախատեսում է նաև կալանավորված անձանց ժամանակավոր փոխանցման մերժման դեպքերը:
Արձանագրության 4-րդ հոդվածը, որով փոփոխվում է Կոնվենցիայի 15-րդ հոդվածը, արձանագրում է, որ փոխադարձ օգնության մասին հարցումները, ինչպես նաև առանց հարցման տրամադրվող տեղեկատվությունը պետք է հայցող կողմի արդարադատության նախարարության կողմից գրավոր հասցեագրվեն հայցվող կողմի արդարադատության նախարարությանը և վերադարձվեն միևնույն ուղիներով:
Արձանագրության 5-րդ հոդվածը փոփոխություններ է կատարել Կոնվենցիայի 20-րդ հոդվածում, համաձայն որի` կողմերը միմյանց չպետք է Կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների կիրառումից բխող ծախսերի հատուցման պահանջ ներկայացնեն` բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Արձանագրության 2-րդ բաժնի նորմերը, որոնք հիմնականում նորույթ են, սահմանում են իրավական օգնության հարցումներով նախատեսված գործողությունների կատարման հետաձգման, տեսակոնֆերանսների կամ հեռախոսային կոնֆերանսների միջոցով հարցաքննությունների անցկացման հետ կապված հարաբերությունները, նախատեսում են անդրսահմանային հսկողություն իրականացնելու հնարավորությունը, համատեղ գաղտնի հետաքննություն իրականացնելու, համատեղ հետաքննության խմբեր կազմավորելու, ինչպես նաև այդ խմբերի գործունեության կարգն ու պայմանները:
Արձանագրության 7-րդ հոդվածին համապատասխան հայցվող կողմը կարող է հետաձգել հարցմամբ նախատեսված գործողությունը, եթե նման գործողությունը վնաս է հասցնում իր իրավասու մարմինների կողմից կատարվող հետաքննությանը, դատական կարգով հետապնդմանը կամ դրան առնչվող դատավարությանը: Եթե հարցումը հետաձգվում է, ապա պետք է տրամադրվեն հետաձգման պատճառները:
Արձանագրության 9-րդ հոդվածը նվիրված է տեսակոնֆերանսի միջոցով իրականացվող հարցաքննությանը: Եթե անձը գտնվում է կողմերից մեկի տարածքում և որպես վկա կամ փորձագետ պետք է հարցաքննվի մյուս կողմի դատական մարմինների կողմից, վերջինս կարող է, եթե այդ անձի համար ցանկալի կամ հնարավոր չէ նրա տարածքում հարցաքննությանն անձամբ ներկա գտնվելը, խնդրել, որ հարցաքննությունը կատարվի տեսակոնֆերանսի միջոցով: Հայցվող կողմը պետք է համաձայնի տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննությանը` պայմանով, որ տեսակոնֆերանսի կիրառումը չի հակասում իր օրենքի հիմնարար սկզբունքներին, և որ ինքը հարցաքննությունն անցկացնելու համար տեխնիկական միջոցներ ունի: Կողմերը, իրենց հայեցողությամբ, կարող են տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննությունը կիրառել նաև մեղադրյալի կամ կասկածյալի մասնակցությամբ:
Արձանագրության 10-րդ և 11-րդ հոդվածները կարգավորում են հեռախոսային կոնֆերանսի միջոցով իրականացվող հարցաքննության, ինչպես նաև առանց հարցման տրամադրվող տեղեկատվությանն առնչվող խնդիրները:
Արձանագրությունն առանձնակի կարևորել է նախկին իրավական վիճակի վերականգնման` ռեստիտուցիայի ինստիտուտը: Հայցող կողմի հարցման հիման վրա և առանց վնաս հասցնելու բարեխիղճ երրորդ կողմերի իրավունքներին` հայցվող կողմը կարող է հանցագործ ճանապարհով ձեռք բերված առարկաները տրամադրել հայցող կողմին` դրանք օրինական սեփականատերերին վերադարձնելու նպատակով (հոդված 12):
Արձանագրության 17-րդ հոդվածով կանոնակարգված է անդրսահմանային հսկողության իրավական ռեժիմը, համաձայն որի` կողմերից մեկի ոստիկանության պաշտոնյաները, որոնք քրեական հետաքննության շրջանակներում իրենց երկրում հսկում են քրեական հանցագործությանը մասնակցելու մեջ ենթադրվող անձին, պետք է իրավասու լինեն շարունակելու իրենց կողմից իրականացվող հսկողությունը մյուս կողմի տարածքում, եթե վերջինս թույլատրել է իրականացնել անդրսահմանային հսկողություն` նախկինում ներկայացված օգնության հարցմանն ի պատասխան: Պայմանները կարող են կցվել թույլտվությանը:
Արձանագրությունը պարտավորեցնում է հայցվող կողմին, հայցող կողմի հարցմամբ, իր ազգային օրենքին համապատասխան, ձեռնարկել ժամանակավոր միջոցներ փաստերի պահպանման, գործող իրավիճակի հաստատման կամ վտանգված իրավական շահերի պաշտպանության համար (հոդված 24):
Արձանագրության 2-րդ բաժնի հաջորդ դրույթները վերաբերում են համատեղ գաղտնի հետաքննության, կողմերի պաշտոնյաների քրեական և քաղաքացիական պատասխանատվության, վկաների պաշտպանության, տեղեկատվության գաղտնիության և պաշտպանության հետ կապված հարցերին:
Արձանագրության 3-րդ բաժնում (30-35-րդ հոդվածներ) զետեղված առանձին դրույթները սահմանում են Արձանագրության ստորագրման, ուժի մեջ մտնելու, միանալու և չեղյալ հայտարարելու ընթացակարգերը, պայմանները և ժամկետները:
3. Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կարծիքի` Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում ֆինանսական պարտավորություններ:
Այսպիսով, հարկ է արձանագրել, որ Արձանագրությամբ ամրագրված` Հայաստանի Հանրապետության պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով հռչակված դրույթներին, կոչված են գործնականում նպաստելու հանցագործությունների դեմ պայքարում պետությունների համատեղ ջանքերին, ինչպես նաև ընդլայնելու այդ բնագավառում պետությունների անհատական և հավաքական հնարավորությունների շրջանակները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 2001 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված` «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրության մեջ (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
20 ապրիլի 2010 թվականի
ՍԴՈ-876