Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ, 55-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ, 55-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1471/02/08

    դատարանի որոշում                                                2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1471/02/08

Նախագահող դատավոր` Է. Մուրադյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

Վ. Թորոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռիմա Համբարձումյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` բնակելի տան և տնով զբաղեցված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռիմա Համբարձումյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Չելյուսկինցիների 14 հասցեի Հայկական ԽՍՀ Երևանի Օրջոնիկիձեի շրջսովետի գործկոմի 1979 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 20 արձանագրությամբ սահմանված կարգով կառուցված 60 քմ մակերեսով բնակելի տան և տնով զբաղեցված հողամասի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2008 թվականի որոշմամբ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 54-րդ, 55-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ նախկին հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, գնահատելով Հայկական ԽՍՀ Երևանի Օրջոնիկիձեի շրջսովետի գործկոմի 1979 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 20 որոշումը, պատճառաբանել է, որ Ռիմա Համբարձումյանը ճանաչվել է տվյալ հողամասի օգտագործող և նրան տրվել է վթարային բնակելի տունը քանդելու, դրա տեղում նորը կառուցելու թույլտվություն: Մինչդեռ, Ռիմա Համբարձումյանը չի ապացուցել նշված տունը քանդելու, ինչպես նաև օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ նույն չափերով նորը կառուցելու հանգամանքները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել Երևանի քաղաքապետարանի փաստարկներն այն մասին, որ վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման բացակայության փաստով նշված հողամասը համարվում է պետական սեփականություն` պատճառաբանելով, որ այդ իրավանորմի համաձայն` պետական սեփականություն են այլ անձանց չպատկանող հողերը:

i

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասը, 188-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ քաղաքաշինական փաստաթղթերի բացակայությունը կարող է նշանակություն ունենալ ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու հարցում, սակայն սույն գործով հայցվորը նման պահանջ չի ներկայացրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Նվարդ Համբարձումյանին 1929 թվականին Չելյուսկինցիների 2 հասցեում հատկացվել է 60 քմ մակերեսով հողամաս` բնակելի տուն կառուցելու համար (գ.թ.6):

2) Հայկական ԽՍՀ Երևանի Օրջոնիկիձեի շրջսովետի գործկոմի 1979 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 20 արձանագրության համաձայն` Ռիմա Համբարձումյանին թույլատրվել է քանդել Չելյուսկինցիների 14 (նախկինում Չելյուսկինցիների 2) հասցեում գտնվող` Նվարդ Համբարձումյանին պատկանող վթարային բնակելի տունը և տեղում նույն` 60 քմ չափով, կառուցել նորը: Արձանագրությամբ թույլատրվել է նոր տունը կառուցելուց հետո տունը և հողամասը վերաձևակերպել Ռիմա Համբարձումյանի անվամբ (գ.թ. 7):

3) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոնի տարածքային ստորաբաժանման 08.04.2008 թվականի թիվ Ել 2415 գրությամբ մերժվել է Չելյուսկինցիների 14 հասցեում գտնվող անշարժ գույքի պետական գրանցման վերաբերյալ Ռիմա Համբարձումյանի դիմումը` հողամասի գլխավոր հատակագիծը, բնակելի տունը քանդելու, տեղում նորը կառուցելու և այն Ռիմա Համբարձումյանի անվամբ անվանափոխելու օրինականությունը հաստատող փաստաթղթեր` քանդման թույլտվություն, կառուցման նախագիծ, ավարտական ակտ չներկայացվելու պատճառաբանությամբ (գ.թ. 74):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեցած հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերում հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1/ այդ հողամասերը հատկացվել են որպես տնամերձ, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար և

2/ դրանք տրամադրվել են մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը:

Սույն գործի փաստերի համաձայն` Չելյուսկինցիների 14 հասցեում գտնվող վիճելի 60 քմ հողամասը Ռիմա Համբարձումյանին հատկացվել է բնակելի տան շինարարության համար մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը: Հետևաբար, այդ հողամասի նկատմամբ Ռիմա Համբարձումյանն օրենքի ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք:

i

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ պարբերության ուժով սեփականության իրավունքի ծագման հարցերին (տե՛ս ըստ Արփենիկ Ոսկանյանի դիմումի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 30.11.2006 թվականի քաղաքացիական գործով թիվ 3-2125 (Ա) որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն իրավահարաբերության նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 54-րդ և 55-րդ հոդվածների կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը հիմնավոր չէ.

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:

Նշված հոդվածից հետևում է, որ անձը սեփականության իրավունք կարող է ձեռք բերել օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ստեղծած գույքի նկատմամբ:

Միաժամանակ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է ինքնակամ կառույցի հասկացությունը, համաձայն որի` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Սույն գործի փաստերի համաձայն` Չելյուսկինցիների 14 հասցեում գտնվող վիճելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ Ռիմա Համբարձումյանի դիմումը մերժվել է հողամասի գլխավոր հատակագիծը, բնակելի տունը քանդելու, տեղում նորը կառուցելու և այն Ռիմա Համբարձումյանի անվամբ անվանափոխելու օրինականությունը հաստատող փաստաթղթեր` քանդման թույլտվություն, կառուցման նախագիծ, ավարտական ակտ չներկայացվելու պատճառով, ավելին` սույն գործում առկա չէ վիճելի բնակելի տունն օրինական ճանաչելու վերաբերյալ որևէ ապացույց:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված տունն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ չի ստեղծվել, և այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի ուժով ինքնակամ կառույց է:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք կարող է ճանաչվել միայն, երբ այն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ դառնում է օրինական:

i

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունը և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, արձանագրել է, որ դատական կարգով ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայում է (տե՛ս, ըստ Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյանների հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի քաղաքացիական գործով թիվ 3-106 (ՎԴ) որոշումը):

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը Երևան քաղաքի Չելյուսկինցիների թիվ 14 տան նկատմամբ Ռիմա Համբարձումյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:

Հիմք ընդունելով սույն որոշման երկրորդ հիմքում նշված պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշման` Երևանի Չելյուսկինցիների 14 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ Ռիմա Համբարձումյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասը և այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.03.2009
N ԵԿԴ/1471/02/08
Որոշում