Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 174-ՐԴ, 178...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 174-ՐԴ, 178-ՐԴ ԵՎ 187-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով            Քաղաքացիական գործ թիվ 3-1629(ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                     2006 թ.

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Դ. Խաչատրյան

Քաղաքացիական գործ թիվ 06-1934/2006 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.06.2006 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Երեմ Հարությունյանի ընդդեմ Գագիկ Հարությունյանի և Եղեգնաձորի տարածքային նոտար Սոնա Պողոսյանի` ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու դիմումի մերժումն անվավեր ճանաչելու և բնակարանից վտարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Եղեգնաձորի պետական նոտարի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին դիմումի 12.09.2005 թվականի մերժումը, իրեն համարել Արևհատ Հարությունյանի` ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ, Գագիկ Հարությունյանին ընտանիքի հետ միասին վտարել ժառանգական գույք հանդիսացող Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի թիվ 19 բնակարանից և այն հանձնել իրեն:

Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 22.12.2005 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Երեմ Հարությունյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 174-րդ, 178-րդ և 187-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի թիվ 19 բնակարանը պատկանել է Գագիկ Հարությունյանի մորաքրոջը` Արևհատ Հարությունյանին: Արևհատ Հարությունյանը մահացել է 10.11.1995 թվականին: Երեմ Հարությունյանը ժառանգությունը որևէ եղանակով չի ընդունել, մինչև Արևհատ Հարությունյանի մահը և դրանից հետո նշված բնակարանում չի բնակվել, ժառանգական գույքը սահմանված ժամկետում չի ընդունել, հոգ չի տարել և չի տիրապետել: Նշված բնակարանում բնակվել է Գագիկ Հարությունյանը և փաստացի տիրապետել է այն:

i

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` հայցվորը համարվում էր առաջին հերթի ժառանգ, ով լիիրավ իրավունք և հնարավորություն է ունեցել ժառանգությունն ընդունելու և այդ առթիվ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում նոտարին հայտարարելու, սակայն չի կատարել: Փաստորեն հրաժարվել է ժառանգությունից, քանի որ իր ծնողներն այդպես են ցանկացել: Երեմ Հարությունյանն ընտանիքով մշտապես ապրել է հարազատ ծնողների հետ, վարել ընդհանուր տնտեսություն:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները: Երեմ Հարությունյանի ներկայացրած ապացույցները շինծու են և անհիմն: Առանց որևէ հիմքի Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ հայցվորը մուծել է վիճելի բնակարանի կոմունալ ծախսերը, հաշվի չի առել այն փաստը, որ Գագիկ Հարությունյանի կողմից կատարված բոլոր տարիների մուծումների վերաբերյալ անդորրագրերը գտնվում են քաղաքացիական գործի նյութերում:

4) Վերաքննիչ դատարանը չի ղեկավարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 188-րդ հոդվածներով, որոնցով պետք է ղեկավարվեր:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.06.2006 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 22.12.2005 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Գագիկ Հարությունյանը վճռաբեկ բողոքում կասկածի տակ է դրել 03.01.2006 թվականին իր ձեռքով գրված հայտարարության իսկությունը, որով պարտավորվել է վիճելի բնակարանի դիմաց իրեն վճարել 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Գ. Հարությունյանի ստորագրության իսկությունը հաստատվել է «Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտ «ԴԻԵՔՍ»»-ի 20.09.2006 թվականի թիվ Ել-90 դատաձեռագրաբանական փորձագետի եզրակացությամբ (ներկայացվել է պատասխանին կից):

Գագիկ Հարությունյանի պատճառաբանությունը, թե սույն գործով Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 22.12.2005 թվականի վճռի հիման վրա ինքը ստացել է սեփականության իրավունքի վկայական և չի կարող վտարվել վիճելի բնակարանից, անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված 15-օրյա ժամկետում առաջին ատյանի դատարանի վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, և վճիռը չէր կարող օրինական ուժ ստանալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ և 1226-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն` Երեմ Հարությունյանը փաստացի տիրապետման և կառավարման ուժով ընդունել է մոր ժառանգական գույքը, այդ թվում` վիճելի բնակարանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 11.02.1982 թվականին Արևհատ Հարությունյանը որդեգրել է Երեմ Հարությունյանին:

2) Արևհատ Հարությունյանը Եղեգնաձորի Արսենյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 19 բնակարանի սեփականատերն է հանդիսացել: Նա մահացել է 10.11.1995 թվականին:

3) Արևհատ Հարությունյանի մահից հետո Գագիկ Հարությունյանը կնոջ և երեք երեխայի հետ բնակվում է Եղեգնաձորի Արսենյանի փողոցի թիվ 5 շենքի թիվ 19 բնակարանում:

4) Գ. Հարությունյանը 1995 թվականից Եղեգնաձորի Արսենյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 19 բնակարանի էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցի բաժանորդ է:

5) 2003-2004 թվականներին Եղեգնաձորի «Արսենյան 5» հասցեով Գ. Հարությունյանի հետ կնքվել են «Խմելու ջուր օգտագործողի միջոցներով ջրաչափական սարքի տեղադրման», «Ջրամատակարարման և ջրահեռացման» պայմանագրեր և ««Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկման արդյունքում վճարված և դուրս գրվող (չվճարվող) գումարների վերաբերյալ» փոխադարձ հաշվարկների ակտ:

6) Եղեգնաձորի Արսենյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 19 հասցեում բնակվող Գ. Հարությունյանից` որպես վարձակալ, պարբերաբար գանձվել է կոմունալ վարձ:

7) Եղեգնաձորի Արսենյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 19 բնակարանի 1996-2005 թվականների կոմունալ և էլեկտրաէներգիայի վարձերը վճարել է Գագիկ Հարությունյանը:

8) Եղեգնաձոր տարածքի նոտարի 12.09.2005 թվականի որոշմամբ մերժվել է Երեմ Ցոլակի Հարությունյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին դիմումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 174-րդ հոդվածը վերաբերում է անձի կողմից իրեն չպատկանող նյութերի վերամշակման միջոցով պատրաստված նոր շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք բերելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածը սահմանում է տիրազուրկ գույքի կարգավիճակը, իսկ 187-րդ հոդվածը` ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման կարգը:

Սույն գործով վեճը վերաբերում է ժառանգական հարաբերություններին և բնակելի տարածքից վտարելու հետ կապված խնդիրներին: Հետևաբար, բողոքի այս հիմքում հիշատակված հոդվածները սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված է, որ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:

Սույն գործի փաստերը վկայում են, որ Արևհատ Հարությունյանի մահից` 10.11.1995 թվականից հետո նրան պատկանող Եղեգնաձորի Արսենյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 19 բնակարանը կնոջ և երեխաների հետ միասին փաստացի տիրապետում է Գագիկ Հարությունյանը: Վերջինս վճարել է այդ բնակարանի կոմունալ և այլ վճարները, այսինքն` փաստացի տիրապետել ու օգտագործել է նշված բնակարանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելը հանգեցնում է նույն իրավական հետևանքներին, ինչը ժառանգությունից հրաժարվելն առանց այն անձին նշելու, հօգուտ որի նա հրաժարվել է ժառանգությունից, եթե այլ բան սահմանված չէ օրենսգրքով: Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

i

Երեմ Հարությունյանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածին համապատասխան, իր պահանջը հիմնավորող ապացույցներ չի ներկայացրել, չի ապացուցել, որ Արևհատ Հարությունյանի մահից հետո փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգական գույքը, սահմանված կարգով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածով սահմանված ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում չի ընդունել ժառանգությունը, ժամանակին միջոցներ չի ձեռնարկել Եղեգնաձորի Արսենյան փողոցի 5-րդ շենքի թիվ 19 բնակարանը Գագիկ Հարությունյանի տիրապետումից պաշտպանելու համար:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի վճռի պատճառաբանական մասի այն փաստարկներին, թե Երեմ Հարությունյանն Արևհատ Հարությունյանի որդեգրված որդին է, հաշվառված է տնային գրքում, մեխանիկորեն հաշվառվել է որպես վիճելի տան սեփականատեր, նրանից գանձվել է նախորդ տարիների կոմունալ վարձերի պարտքը, Արևհատ Հարությունյանի մահից հետո Երեմ Հարությունյանին են անցել ժառանգատուի շարժական գույք հանդիսացող կարի մեքենան և երկու մատանին, Երեմ Հարությունյանը Յու. Վարդանյանին վճարել է Արևհատ Հարությունյանի պարտքը, ինչպես նաև Գագիկ Հարությունյանը պարտավորվել է Երեմ Հարությունյանին տալ 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վիճելի բնակարանի դիմաց, ապա դրանք հիմնավորված չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով նախատեսված թույլատրելի ապացույցներով: Հետևաբար, Երեմ Հարությունյանի կողմից ժառանգությունն ընդունված լինելը չի ապացուցվել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

3) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է, քանի որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես սույն որոշման 3-րդ բաժնում հիշատակված ապացույցները:

4) բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածով սահմանված դատարանի կողմից հանրահայտ ճանաչված հանգամանքներ` նախկինում քննված քաղաքացիական գործով ուժի մեջ մտած դատարանի վճիռ և քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, գործում առկա չեն: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջին համապատասխան, վճռաբեկ բողոքում նշված չեն նույն օրենսգրքի 52-րդ և 188-րդ հոդվածների խախտման հիմքերը:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եկավ եզրակացության, որ բողոքի երկրորդ և երրորդ հիմքերի առկայությունը բավարար հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Երեմ Հարությունյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներն էական չեն Վճռաբեկ դատարանի եզրակացությունների տեսանկյունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-1629(ՎԴ)
Որոշում