ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-419 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 06-3610/2006 թ.
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
2008 թվականի հունիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Անժելա Բդոյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անժելա Բդոյանի ընդդեմ Երվանդ Կրբաշյանի, երրորդ անձ Աջափնյակ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխային արտերկիր դուրս գալու համար համաձայնություն տալուն պարտավորեցնելու, ալիմենտի բռնագանձման և ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Անժելա Բդոյանը պահանջել է Երվանդ Կրբաշյանին պարտավորեցնել տալու համաձայնություն` երեխային արտերկիր դուրս գալու համար, ինչպես նաև պահանջել է բռնագանձել ալիմենտի գումարը և Ե. Կրբաշյանին զրկել ծնողական իրավունքներից:
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2008 թվականի որոշմամբ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռի` համաձայնություն տալու մասը բեկանվել է, փոփոխվել և այդ մասով հայցը մերժվել է: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անժելա Բդոյանը:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 19.05.2008 թվականի հաշտության համաձայնությունը և պահանջել են հաստատել այն:
i
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
ՈՒսումնասիրելով 19.05.2008 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել 19.05.2008 թվականի հաշտության համաձայնությունը` հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ք. Երևան 19.05.2008 թ.
Մենք` մի կողմից Երվանդ Կրբաշյանս, մյուս կողմից Անժելա Բդոյանս, այսուհետ միասին` Կողմեր, Անժելա Բդոյանի հայցով ընդդեմ Երվանդ Կրբաշյանի, երրորդ անձ` Աջափնյակ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի` Ե. Կրբաշյանին համաձայնություն տալուն պարտադրելու, ծնողական իրավունքներից զրկելու, ալիմենտի բռնագանձման պահանջի մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ 08-1202 գործով 17.03.2008 թ. որոշման դեմ Անժելա Բդոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանում գտնվելու ժամանակ, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
1. Ես` Երվանդ Կրբաշյանս, կնքելով սույն հաշտության համաձայնությունը, տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ իմ երեխայի` Էրիկ Երվանդի Կրբաշյանի մայրը` Անժելա Բդոյանը, մինչև երեխայի չափահաս դառնալը, երեխայի բուժման, ինչպես նաև հանգստի, հոգևոր և ֆիզիկական զարգացման նպատակով արտերկիր տանելու կապակցությամբ յուրաքանչյուր անգամ կարող է առանց իմ կողմից առանձին համաձայնություններ ստանալու դիմել համապատասխան մարմինների, երեխայի համար ստանալ Հայաստանի Հանրապետությունից ելքի թույլտվությամբ անձնագիր /անձնագրեր/:
2. Ես` Անժելա Բդոյանս, պարտավորվում եմ, Երվանդ Կրբաշյանի կողմից սույն հաշտության համաձայնության 1-ին կետում նշված պարտավորությունը կատարելու համար մեր երեխային` Էրիկ Կրբաշյանին, մինչև արտերկիր տանելը, այդ մասին տեղեկացնել Երվանդ Կրբաշյանին` վերջինիս հայտնելով Է. Կրբաշյանին արտերկիր տանելու նպատակը, ժամանակահատվածը և այն վայրը, ինչպես նաև Երվանդ Կրբաշյանին նախապես տեղեկացնել երեխայի` Է. Կրբաշյանի, Հայաստանի Հանրապետության վերադարձի օրվա և ժամի մասին:
3. Կողմերս համաձայն ենք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ 08-1202 գործով 17.03.2008 թ. որոշման` ծնողական իրավունքներից զրկելու և ալիմենտի բռնագանձման պահանջի մասերով տրված լուծման հետ, ինչպես նաև համաձայն ենք, որ այդ մասերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2008 թ. որոշումը մնա օրինական ուժի մեջ:
4. Կողմերս պարտավորվում ենք, որ սույն հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու ենք պատշաճ և կամավոր, իսկ Կողմերից որևէ մեկի կողմից սույն հաշտության համաձայնության պահանջները կամավոր չկատարվելու դեպքում, համաձայն ենք, որ այն կատարվի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
5. Կողմերիս հաշտության համաձայնության հետևանքները հայտնի են, ուստի ՀՀ Վճռաբեկ դատարանին խնդրում ենք այն հաստատել:
Երվանդ Կրբաշյան ստորագրություն
Անժելա Բդոյան ստորագրություն»:
2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2008 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան