ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-280 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-3620
Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հունիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` Գործակալություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գործակալության ընդդեմ Աշոտ Ջանջուղազյանի` 313.625 դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գործակալությունը պահանջել է բռնագանձել Աշոտ Ջանջուղազյանից 313.625 ՀՀ դրամ:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 14.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գործակալությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հայցը բավարարելով, հաշվարկված տույժի գումարը պակասեցրել է մինչև 157.000 դրամ` չպատճառաբանելով, թե ինչով է պայմանավորված տուժանքի գումարի նման նվազեցումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ արդարադատության նախարարության կողմից 16.10.2002 թվականին Աշոտ Ջանջուղազյանին տրվել է անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման թիվ 00166 լիցենզիան:
2) Լիցենզիայի համար առաջին անգամ պետական տուրքը վճարվել է 31.10.2002 թվականին:
3) 2004-2007 թվականների համար հերթական տարեկան պետական տուրքի վճարումներ Աշոտ Ջանջուղազյանի կողմից չեն կատարվել:
4) ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված 09.07.2007 թվականի դիմումով Աշոտ Ջանջուղազյանը հրաժարվել է լիցենզիայից և այն վերադարձրել է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն` եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն:
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցը մասնակիորեն բավարարելիս պակասեցրել է Աշոտ Ջանջուղազյանի կողմից անվճարունակության գործերով կառավարչի գործունեության լիցենզիայի համար նախատեսված տարեկան պետական տուրքի չվճարման դիմաց հաշվարկված տույժը` կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը կիրառելի չեն հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմիններ են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև այդ մարմինների գործողությունը կամ անգործությունը, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
ՀՀ կառավարության 28.11.2002 թվականի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված Գործակալության կանոնադրության 1-ին կետի համաձայն` Գործակալությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Կանոնադրության 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` Գործակալության նպատակները և խնդիրներն են` անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը:
Վերոգրյալից հետևում է, որ Գործակալությունը հանդիսանում է վարչական մարմին, որը բացի կանոնադրության իրեն վերապահված այլ գործառույթներից, վարչարարություն է իրականացնում նաև անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման նկատմամբ:
Սույն քաղաքացիական գործով վեճը ծագել է ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճարի չվճարման կապակցությամբ վարչական ենթակայության վրա հիմնված իրավահարաբերություններից:
Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը կիրառելի չեն: Այսինքն` հիմնավոր չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի կիրառմամբ Աշոտ Ջանջուղազյանի նկատմամբ հաշվարկված տույժի գումարի պակասեցումը:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2007 թվականի վճիռը և այն փոփոխել.
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հայցը բավարարել`
Աշոտ Ջանջուղազյանից բռնագանձել 313.625 դրամ, այդ թվում` 75.000 ՀՀ դրամ պետական տուրք և 238.625 ՀՀ դրամ տույժ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան