Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԿԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 127-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԿԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 127-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, « ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ թիվ 3-308 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3801

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի մայիսի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ս. Աղաբաբյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Էդիկ, Անահիտ, Անժելա, Գարիկ, Էթերա Աղաբաբյանների ընդդեմ Սերյոժա Աղաբաբյանի, Զարուհի Հարությունյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Արտաշատի քաղաքապետարանի` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և փոփոխության ենթարկելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Էդիկ, Անահիտ, Անժելա, Գարիկ, Էթերա Աղաբաբյանները պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Արտաշատի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 22 տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` Զարուհի Հարությունյանին հանելով համասեփականատերերի կազմից, և նշված տան նկատմամբ կատարել Էդիկ, Անահիտ, Անժելա, Գարիկ, Էթերա Աղաբաբյանների համասեփականության իրավունքի պետական գրանցում:

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 07.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերյոժա Աղաբաբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

i

1) Վերաքննիչ դատարանը կիրառել է նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածը, «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 218-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` կոլտնտեսային ծխի գույքը պատկանում է նրա անդամներին համատեղ սեփականության իրավունքով: Սույն գործում որևէ ապացույց առկա չէ այն մասին, որ վիճելի հասցեի բնակելի տունը հանդիսացել է կոլտնտեսային ծխի գույք, հետևաբար, նշված նորմը սույն գործով կիրառելի չէ: Նախկինում գործող «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը վերաբերել է գյուղացիական տնտեսություններ վարելու և հողամասեր տրամադրելու կարգին, որը որևէ առնչություն չունի վիճելի բնակելի տան հետ, հետևաբար, նշված նորմը ևս կիրառելի չէ:

Բացի այդ, գործով հիմնավորվել է, որ դեռևս 1958 թվականից վիճելի բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանել է Սերյոժա Աղաբաբյանին, որպիսի հանգամանքը հիմնավորվել է բնակելի տան գույքաթերթերով և տեխնիկական անձնագրով: Էդիկ, Անահիտ, Անժելա, Գարիկ, Էթերա Աղաբաբյանները Սերյոժա Աղաբաբյանի հետ մասնակցել են միայն հողի սեփականաշնորհմանը, որից էլ հետագայում հրաժարվել են: Այսինքն` բնակելի տունը չի հանդիսացել սեփականաշնորհման օբյեկտ, հետևաբար, Էդիկ, Անահիտ, Անժելա, Գարիկ, Էթերա Աղաբաբյանները չէին կարող համարվել համասեփականատերեր:

Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, այն է` չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության:

Վերաքննիչ դատարանը չի նշել նաև, թե որ ապացույցների հաստատման և որ ապացույցների հերքման արդյունքում է հանգել այդպիսի հետևության, այսինքն` Վերաքննիչ դատարանը չի տվել վճռի փաստական հիմնավորումը` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի պահանջը:

i

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հայցվորները պահանջել են Զարուհի Հարությունյանի մասով անվավեր ճանաչել բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը, մինչդեռ դատարանը դուրս գալով հայցապահանջի շրջանակներից անվավեր է ճանաչել տան նկատմամբ Զարուհի Հարությունյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճռի` բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասը և այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել, իսկ մնացած մասով օրինական ուժ տալ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

1) 15.05.1966 թվականի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Գալուստ Բեգլարյանը իրեն պատկանող կիսակառույց տունը 1.500 խորհրդային ռուբլով վաճառել է Սերյոժա Աղաբաբյանին:

2) 1970 թվականի գույքաթերթի և 1986 թվականի բնակելի տան տեխնիկական անձնագրի համաձայն` վեճի առարկա բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանել է Սերյոժա Աղաբաբյանին:

3) Սույն քաղաքացիական գործով Դատարանում գործի քննության ընթացքում փոփոխվել է հայցապահանջը Զարուհի Հարությունյանի մասով բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը անվավեր ճանաչելու մասով: Պահանջվել է անվավեր ճանաչել վեճի առարկա տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` կոլտնտեսային ծխի գույքը պատկանում է նրա անդամներին համատեղ սեփականության իրավունքով:

i

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

i

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքը կոլտնտեսային ծխի գույք է, սակայն չի հիմնավորել իր այդ եզրահանգումը:

Մասնավորապես, սույն քաղաքացիական գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վեճի առարկա գույքը կոլտնտեսային ծխի գույք է:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Սերյոժա Աղաբաբյանը որևէ կոլտնտեսության անդամ չի եղել, հետևաբար, նրան պատկանող գույքը չէր կարող համարվել կոլտնտեսային ծխի գույք: Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճի առարկա գույքը չէր կարող պատկանել ընտանիքի բոլոր անդամներին նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածի հիմքով:

Դեռ ավելին, սույն քաղաքացիական գործով հիմնավորվում է այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքը սեփականության իրավունքով պատկանել է միայն Սերյոժա Աղաբաբյանին:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Սույն քաղաքացիական գործով Դատարանում գործի քննության ընթացքում փոփոխվել է հայցապահանջը Զարուհի Հարությունյանի մասով բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը անվավեր ճանաչելու մասով: Պահանջվել է անվավեր ճանաչել վեճի առարկա տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է վճռաբեկ բողոքի սույն հիմքի փաստարկը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին կետի խախտման վերաբերյալ:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը, հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալու համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.05.2008
N 3-308 (ՎԴ)
Որոշում