Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ, 600...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ, 600-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ             Քաղաքացիական գործ թիվ 3-35 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3695

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ Ն. Հովսեփյան

Մ. Ասատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                              Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

                                              Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

                                              

2008 թվականի փետրվարի 1-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Բաուերի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Թամարա Բաուերի ընդդեմ Գևորգ Բաուերի և Երևանի «Կենտրոն» տարածքային նոտարական գրասենյակի` նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել իր և Գևորգ Բաուերի միջև 17.07.2006 թվականին կնքված Երևանի Գյուլբենկյան փողոցի 39ա շենքի թիվ 53 բնակարանի 3/4 մասի նվիրատվության պայմանագիրը և բնակարանի 3/4-րդ մասի նկատմամբ Գևորգ Բաուերի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Բաուերը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները, 130-րդ հոդվածի 3-րդ մասի, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները և անտեսել, որ գործում առկա չեն հայցվորի պահանջը բավարարելու համար օրենսդրությամբ սահմանված թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, իսկ հայցվորի` առանց որևէ ապացույցների, պնդումը, որ իրականում չի ցանկացել բնակարանի նվիրատվություն կատարել, հայցը բավարարելու հիմք չէ:

Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով, որ բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքվել է գույքահարկի և կոմունալ վճարումների վճարման նպատակահարմարության պատրվակով, և որ պայմանագիրը կնքելիս հայցվորի կամահայտնությունը վիճելի բնակարանի իր բաժինը պատասխանողին նվիրելը չի եղել, վճռում չի նշել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ կողմերի միջև կնքված գործարքն առոչինչ է և դրա նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված անվավերության հետևանքներ, որը հաստատելու համար վկայակոչել է Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1258 (ՏԴ) որոշումը: Սակայն Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի իմաստով սխալ է մեկնաբանել Վճռաբեկ դատարանի նշված որոշումը, քանի որ այդ որոշմամբ ամրագրված է գործարքը կնքած երկու կողմերի կամքի արտահայտության առկայությունը` կնքած գործարքը շինծու դիտելու համար: Մինչդեռ, սույն գործում Գևորգ Բաուերը ցանկացել և ընդունել է նվիրատվության գույքը, այն գրանցել է իր անվամբ, մուծել գույքահարկ, գործարքի նկատմամբ նրա կամքը խաթարված չէ: Շինծու գործարքի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն առավել հանգամանալի անդրադարձ է կատարել 18.05.2007 թվականի թիվ 3-793 (ՎԴ) որոշմամբ:

i

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, որի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 87-րդ, 131-րդ և 215-րդ հոդվածները, ինչպես նաև 32-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածի դրույթները սույն գործի նկատմամբ կիրառելի չեն, քանի որ վեճի առարկա բնակարանի մասը նվիրատվության պայմանագրով դեռևս 17.07.2006 թվականին նվեր է տրվել, որից հետո Գևորգ Բաուերն այն օրենքով սահմանված կարգով 19.07.2006 թվականին գրանցել և ստացել է սեփականության իրավունքի վկայական: Հետևաբար, կողմերի միջև վեճ չկա ապագայում որևէ գույք նվեր տալու խոստումից հրաժարվելու խնդրի վերաբերյալ:

Բացի այդ, Թամարա Բաուերը հայցը հիմնավորելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները չի վկայակոչել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, խախտելով օրենսդրության պահանջները, հայցի հիմքը մասնակի փոխել է, որի իրավունքը չուներ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Նոտարական կարգով վավերացված 17.07.2006 թվականի պայմանագրով Թամարա Բաուերը Երևանի Գյուլբենկյան փողոցի 39ա շենքի թիվ 53 բնակարանի իրեն պատկանող 3/4 մասը նվիրել է որդուն` Գևորգ Բաուերին:

2) Նվիրատվության պայմանագիրը գրանցվել է պետական մարմնում և 19.07.2006 թվականին Գևորգ Բաուերին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2184599 վկայականը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

i

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին (տես, օրինակ` Հասմիկ Բլուրցյան, երրորդ անձինք Տիգրան Թերզյան և Գոհար Գզողյան ընդդեմ Շահեն Բաբայանի` Վահե Այվազյանի, Գառնիկ և Գոհար Փանոսյանների, 18.05.2007 Քաղ. գործ թիվ 3-793 (ՎԴ) (անշարժ գույքի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու և բնակարանից վտարելու պահանջներով)):

Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես, օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել վեճի առարկա նվիրատվության պայմանագրի շինծու լինելու հանգամանքը` վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ պայմանագիրը կնքվել է գույքահարկի և կոմունալ այլ վճարումների վճարման նպատակահարմարության պատրվակով:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը նվիրատվության պայմանագիրը շինծու ճանաչելու հիմք չէ, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե այլ գործարք քողարկելու մասին, այլ պարտավորությունների կատարման (գույքահարկի և կոմունալ այլ վճարումների վճարում) նպատակահարմարության մասին, ինչն իրականացվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր.

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող նույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորն իրավունք ունի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը կամ հրաժարվել հայցից: Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ նաև հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու մասին կանոնների:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը նշված օրինադրույթների պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածը, որը վերաբերում է ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց հրաժարվելու նվիրատուի իրավունքին: Մինչդեռ, սույն վեճը վերաբերում է նոտարական կարգով վավերացված 17.07.2006 թվականի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելուն և անվավերության հետևանքներ կիրառելուն:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածի դրույթները սույն գործով կիրառելի չեն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` ՀՀ վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.02.2008
N 3-35 (ՎԴ)
Որոշում