ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-237 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-3549
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Ն. Հովսեփյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արման Միքայելյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ Արման Միքայելյանի հայցի ընդդեմ Հայարփի Կարապետյանի, Արագածոտնի մարզպետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխաների տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արման Միքայելյանը պահանջել է սահմանել երեխաների տեսակցության կարգ` շաբաթվա ընթացքում չորս օր:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 26.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Միքայելյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայարփի Կարապետյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
i
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները և խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 218-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածների համաձայն` երկու ծնողներն էլ հավասար իրավունքներ ունեն երեխաների նկատմամբ և կրում են հավասար պարտականություններ նրանց դաստիարակության հարցում: Ծնողները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Սույն գործով հիմնավորվել է, որ հայցվորը ևս ունի բոլոր հնարավորությունները վերը նշված հոդվածներով սահմանված իր պարտականությունները կատարելու համար: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Արման Միքայելյանի իրավունքների և պարտականությունների կատարման հնարավորությունները` հայցվորի համար սահմանելով շաբաթվա ընթացքում ընդամենը մի քանի ժամ տեսակցություն:
Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները` չկատարելով գործի ապացույցների օբյեկտիվ հետազոտություն և վերլուծություն: Վերաքննիչ դատարանը ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե ինչու գործում առկա մի քանի եզրակացություններից վճռի հիմքում դրել է միայն Արմավիրի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի տվել վճռի փաստական և իրավական հիմնավորումը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 26.07.2007 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Հայարփի Կարապետյանն ունի երեխաների կենսական անհրաժեշտությունները հոգալու բոլոր պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար ժամանակ նրանց դաստիարակությամբ զբաղվելու համար: Մինչդեռ, Արման Միքայելյանի աշխատանքի վայրը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում, հետևաբար չի հիմնավորվում Արման Միքայելյանի փաստարկը, որ վերջինս կարող է կազմակերպել երեխաների անհրաժեշտ դաստիարակությունը, թեկուզ ժամանակի անբավարարության պատճառով: Այսինքն` Արման Միքայելյանի կողմից երեխաների տեսակցությունը չէր կարող հավասարապես սահմանվել Հայարփի Կարապետյանի հետ, ինչը և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից իրականացվել է` սահմանելով Արման Միքայելյանի կողմից երեխաներին տեսակցության շաբաթական երկու օր` որոշակի ժամանակահատվածներով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Արման Միքայելյանը և Հայարփի Կարապետյանը 27.07.2001 թվականից գտնվում են գրանցված ամուսնության մեջ, ունեցել են երկու երեխա` 26.07.2001 թվականին ծնված Անահիտ Միքայելյանը և 14.10.2004 թվականին ծնված Սերգո Միքայելյանը:
2) Ըստ քննվող քաղաքացիական գործի տվյալների` Արման Միքայելյանը և Հայարփի Կարապետյանն ապրում են միմյանցից առանձին, ընդ որում` Արման Միքայելյանն ապրում է Թալին քաղաքում, իսկ Հայարփի Կարապետյանը` Արմավիր քաղաքում:
3) Երեխաները ներկայումս ապրում են մոր` Հայարփի Միքայելյանի հետ:
4) Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժնի եզրակացությունների համաձայն` Արման Միքայելյանի և Հայարփի Կարապետյանի կողմից երեխաների դաստիարակությամբ հավասարաչափ զբաղվելը, ինչպես նաև նրանց հավասարաչափ տեսակցելը և խնամելը բխում է երեխաների շահերից:
5) Արմավիրի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացության համաձայն` Արման Միքայելյանի տեսակցությունը երեխաների հետ նպատակահարմար է շաբաթը մեկ անգամ` առավոտից մինչև երեկո, պարտադիր վերադարձման պայմանով:
6) 09.10.2004 թվականին ծնված Սերգո Միքայելյանը հաճախում է մանկապարտեզ, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաներին կրթելու համար սահմանված ուսումնական շաբաթն ավարտվում է ուրբաթ օրը, ժամը 16:00-17:00-ի սահմաններում: 26.07.2001 թվականին ծնված Անահիտ Միքայելյանը հաճախում է դպրոց, որտեղ ուսումնական շաբաթն ավարտվում է շաբաթ օրը, ժամը 13:00-14:00-ի սահմաններում:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ): Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին, ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին:
Նշված հոդվածներից հետևում է, որ ծնողների վրա է դրված երեխաների դաստիարակության, այդ թվում` առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման հարցերի լուծման պարտականությունները, ընդ որում` նշված պարտականությունները ծնողների միջև բաշխված են հավասարապես, ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ` իհարկե հաշվի առնելով երեխաների շահերը:
i
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը Արման Միքայելյանի համար սահմանելով տեսակցության կարգ, ըստ էության հաշվի չի առել այն հանգամանքը, որ շաբաթ և կիրակի օրերին (ընդամենը 9 ժամ) երեխաներին տեսակցելու համար յուրաքանչյուր անգամ այլ քաղաք գնալը, ինչպես նաև տեսակցությունը Հայարփի Կարապետյանի տանն իրականացնելն անհարկի սահմանափակում է Արման Միքայելյանի` երեխաների խնամքով ու դաստիարակությամբ զբաղվելու իրավունքը, ինչպես նաև չի բխում երեխաների շահերից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան