ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
i
Քաղաքացիական վերաքննիչ Քաղաքացիական գործ թիվ 3-168 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-3482
Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան
Դատավորներ Գ. Մատինյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի ապրիլի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Անտոնյանի վճռաբեկ բողոքը Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ Օֆելյա Պետրոսյանի հայցի ընդդեմ Գևորգ Անտոնյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի 885-Ա որոշումն անվավեր ճանաչելու, անհատապես որոշվող գույքն ապօրինի տիրապետումից հետո վերադարձնելու և պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Օֆելյա Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշումը, կիրառելով անվավերության հետևանքներ, վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը` վերադարձնել Երևանի Գայի պողոտա 57/1 հասցեում գտնվող պարիսպը, քանդել Գևորգ Անտոնյանի կողմից ինքնակամ կառուցված 8,30 քմ մակերեսով շինությունը, հեռացնել հողամասով անցնող բարձր հոսանքի էլեկտրական լարերը և հատուցել պատճառված վնասը:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 17.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Անտոնյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Օֆելյա Պետրոսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Վերաքննիչ դատարանը, անվավեր ճանաչելով Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի շուրջ 150 անձանց իրավունքներին վերաբերող թիվ 885-Ա որոշումը, չի պատճառաբանել, թե այդ որոշմամբ պատասխանողի ո՞ր իրավունքն է խախտվել:
Վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու մասին վճռի հիմքում դրել է Գևորգ Անտոնյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 30.05.2007 թվականի որոշումը և «Փորձագետների եզրակացություն» վերտառությամբ 16.07.2007 թվականի գրությունը: Մինչդեռ դրանք Երևանի քաղաքապետի վերը նշված որոշումն անվավեր ճանաչելու հիմք չեն: Գևորգ Անտոնյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի հիմքով, որը պատասխանատվություն է նախատեսում հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար:
i
2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Օֆելյա Պետրոսյանին պատկանող պարիսպը Գևորգ Անտոնյանի մոտ գտնվելու փաստը Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ չի հաստատվել, ուստի Օֆելյա Պետրոսյանը չէր կարող պահանջել Գևորգ Անտոնյանից վերադարձնել այն:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գրությամբ նշված չեն Օֆելյա Պետրոսյանին պատկանող շինությանը հասցված վնասի պատճառները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Գևորգ Անտոնյանի կողմից իրականացված կառույցը կառուցվել է վեճի առարկա պատին կից:
Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված փորձագիտական եզրակացությամբ ուղղակի նշված է, որ Օֆելյա Պետրոսյանին պատկանող «պահակակետ» օժանդակ շինության տանիքի ջրահեռացման համակարգն իրականացված չէ:
i
3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-62-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Վերաքննիչ դատարանը, որպես փորձագետի եզրակացություն, գնահատել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված «Փորձագետների եզրակացություն» վերտառությամբ գրությունը: Նշված գրությունը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-62-րդ հոդվածներով սահմանված փորձագետի եզրակացությանը ներկայացվող պահանջներին, քանի որ որպես այդպիսին դիտվում է բացառապես դատարանի որոշման հիման վրա նշանակված փորձաքննությունը, որի դեպքում փորձագետները նախազգուշացվում են կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն այն չի կարող համարվել թույլատրելի ապացույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2007 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Օֆելյա Պետրոսյանի իրավունքները խախտվել են ինչպես Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշմամբ, այնպես էլ նրա սեփականությունը հանդիսացող պարիսպը որպես սեփական շինության պատ օգտագործելով, սանհանգույցի ինքնակամ կառուցմամբ, ինչպես նաև նրա տարածքում բարձր լարման հոսանքի էլեկտրական լարերի անցկացմամբ:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 16.07.2007 թվականի եզրակացության, ինչպես նաև Նոր Նորքի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հանձնաժողովի 22.05.2007 թվականի և 30.05.2007 թվականի նիստերի արձանագրությունների համաձայն` Գևորգ Անտոնյանին պատկանող արտադրամասի արտաքին պատը Օֆելյա Պետրոսյանին պատկանող քարե պարիսպն է, Գևորգ Անտոնյանը առանց համապատասխան շինարարական թույլտվության իրականացնում է շինարարություն, որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Վերաքննիչ դատարանը գնահատել է գործում առկա «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 16.07.2007 թվականի եզրակացությունը, որը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-62-րդ հոդվածների պահանջներին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 18.02.2000 թվականի թիվ 4-160 նվիրատվության պայմանագրի հիման վրա` Կադաստրի կողմից կատարվել է Օֆելյա Պետրոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցում Երևանի Գայի պողոտայի թիվ 57/1 հասցեում գտնվող 0,0978 հա հողամասի և 315,4 քմ մակերեսով շինության նկատմամբ:
2) Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշմամբ Երևանի Գայի պողոտայի 57-րդ շենքի բակում գտնվող 63,5 քմ մակերեսով արտադրամասի և 5,7 քմ մակերեսով ծածկոցի նկատմամբ ճանաչվել է Գևորգ Անտոնյանի սեփականության իրավունքը, իսկ 69,2 քմ հողամասը տրամադրվել է վարձակալությամբ 5 տարի ժամկետով:
3) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 16.07.2007 թվականի թիվ 06-0050Պ փորձագետների եզրակացության համաձայն` Երևանի Գայի պողոտա թիվ 57/1 հասցեում գտնվող վարչական շենքի թիվ 7 սենյակի կախովի առաստաղը, որն իրականացված էր ՊՎՔ նյութով, հրդեհի հետևանքով ամբողջովին վնասված և ապամոնտաժված էր:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելը, որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանության միջոց կիրառելի է, եթե այն խախտում է քաղաքացու կամ իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքներն ու օրինական շահերը:
i
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը:
Նշված նորմը սահմանում է վարչական ակտի` դատարանի կողմից անվավեր ճանաչման հնարավորություն` բացառապես այն դեպքերում, երբ միաժամանակ առկա են երկու հիմք (պայմաններ): Այդ հիմքերն են`
1. ակտի հակասելն օրենքին.
2. դիմողի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտումը:
Յուրաքանչյուր դեպքում վարչական ակտի իրավաչափությունը վերը նշված հիմքերի սահմաններում որոշելիս դատարանը պետք է ստուգի`
1. ակտն ընդունած մարմնի (դրա պաշտոնատար անձի) նման ակտ ընդունելու իրավասությունը,
2. տվյալ ակտի նյութական իրավաչափությունը:
i
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ակտի նյութական իրավաչափությունը գնահատելիս դատարանը պետք է ստուգի գործի փաստերը (այդ թվում նաև` վարչական ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերը) և գնահատի յուրաքանչյուր փաստի իրավական հետևանքները (տե՛ս օրինակ` Ջավադ Ջաֆարիի ընդդեմ ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտե` վարչական տույժ նշանակելու մասին ՀՀ ԿԱ ՄՊԿ հետաքննության և իրավաբանական վարչության պետի 26.04.2006 թվականի որոշումը վերացնելու պահանջի մասին թիվ 3-2133 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
i
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
i
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» ՍՊԸ-ի, քաղաքացիական գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):
i
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածից բխում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյան, Արփիկ և Արմինե Գասպարյաններ ընդդեմ Շուշանիկ Սարգսյան, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյաններ` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի թիվ 3-1843(ՎԴ) որոշումը):
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության ընթացքում պետք է ուսումնասիրվեին գործում առկա բոլոր ապացույցները, վերլուծության ենթարկվեին կողմերի ներկայացրած և դատաքննությամբ հետազոտված ապացույցները` դրանցով համապատասխան հանգամանքները հիմնավորված կամ անհիմն համարելու համար:
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, բավարարելով հայցապահանջը, գնահատման առարկա չի դարձրել այն իրավական հարցը, թե Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշումը օրենքի որ նորմին է հակասում: Բացի այդ, սույն քաղաքացիական գործով չի հիմնավորվել Երևանի քաղաքապետի որոշմամբ և վեճի առարկա շինություններով Օֆելյա Պետրոսյանի որևէ իրավունքի խախտման փաստը:
2) Բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը պատասխանողի կողմից հասցված վնասը հատուցելու հայցապահանջի բավարարման հիմքում դրել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների եզրակացությունը, որի համաձայն` Երևանի Գայի պողոտա թիվ 57/1 հասցեի թիվ 7 սենյակի կախովի առաստաղը, որն իրականացված էր ՊՎՔ նյութով, հրդեհի հետևանքով ամբողջովին վնասված և ապամոնտաժված էր:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ եզրակացությամբ չի հաստատվում այն հանգամանքը, որ Օֆելյա Պետրոսյանին հասցված վնասը Գևորգ Անտոնյանի կողմից կատարված կառուցապատման պատճառով առաջացած անձրևաջրերի հետևանք է:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վճռել է վերադարձնել Օֆելյա Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող պարիսպը, առանց հիմնավորելու նշված պարիսպը Գևորգ Անտոնյանի կողմից որպես իր շինության պատ օգտագործելու հանգամանքը:
Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների թիվ 07-0050Պ եզրակացությունը, որի համաձայն` վեճի առարկա պարսպի փոխարեն առկա պատի ուսումնասիրության համար հարկավոր է Գևորգ Անտոնյանի համաձայնությունը, իսկ արտաքին տեսողական զննմամբ անհնար է պարզել, թե Գևորգ Անտոնյանի կողմից պարսպին կից է իրականացվել պատը, թե պարիսպն է օգտագործվում որպես արտադրամասի արտաքին պատ:
3) Բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունների հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` փորձագետների եզրակացություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պարունակող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել: Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Վերոնշյալ հոդվածով նախատեսվում է գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պարունակող հարցերի պարզաբանման նպատակով դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու հնարավորություն:
Մինչդեռ որևէ հոդվածով նախատեսված չէ դատավարության մասնակցի նախաձեռնությամբ անցկացված փորձաքննության անթույլատրելիությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով, վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշումն անվավեր ճանաչելու հայցի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշումն անվավեր ճանաչելու հայցի մասով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.11.2007 թվականի վճռի` Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշումն անվավեր ճանաչելու, Երևանի Գայի պողոտա թիվ 57/1 հասցեում գտնվող շինության պարիսպն Օֆելյա Պետրոսյանին վերադարձնելու և պատճառված վնասը բռնագանձելու մասերը:
2. Վճռի` Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասը փոփոխել` հայցն այդ մասով մերժել:
3. Վճռի` Երևանի Գայի պողոտա թիվ 57/1 հասցեում գտնվող շինության պարիսպն Օֆելյա Պետրոսյանին վերադարձնելու և պատճառված վնասը բռնագանձելու մասերով գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
4. Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
5. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան