ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ N 3-1950(ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2006թ.
նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Գ. Մատինյան
Ն. Հովսեփյան
Քաղաքացիական գործ թիվ 06-2375/2006թ.
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
Նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
2006թ. սեպտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով հայցվորների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006թ. վճռի դեմ ըստ Սամվել, Վազգեն և Գագիկ Կեգիշյանների հայցի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` կադաստր)` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան հայցվորները խնդրել են պարտավորեցնել կադաստրին գրանցելու 14.05.2004թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրից և Երևանի քաղաքապետի 06.10.2004թ. թիվ 1939-Ա որոշումից բխող Սամվել, Վազգեն և Գագիկ Կեգիշյանների սեփականության իրավունքն Երևանի, Հ.Էմինի 126 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.05.2006թ. վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006թ. վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է հայցվորների ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական իրավունքի խախտման հիմքով:
i
1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, ինչի արդյունքում խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ և 277-րդ հոդվածների պահանջները:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պատճառաբանելով, որ սույն գործով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.05.2006թ. կայացրած թիվ 2-973 վճիռը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի ճիշտ կիրառման արդյունքում, դա օրինական է և հիմնավորված, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով, խնդրել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006թ. վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.05.2006թ կայացրած թիվ 2-973 վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1. 14.05.2004թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն հավասար բաժիններով ժառանգներ են Վազգեն, Սամվել և Գագիկ Կեգիշյանները, ժառանգական գույքը բաղկացած է բնակելի տնից և հողամասից, որոնց պատկանելիությունը ժառանգատուին հաստատված է Երքաղխորհրդի գործկոմի հաշվետեխնիկական բյուրոյի կողմից 13.07.1989թ. տրված թիվ 151 տեխնիկական անձնագրով (գ.թ. 20, 13-17):
2. «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» Երևանի քաղաքապետի 06.10.2004թ. թիվ 1939-Ա որոշման համաձայն Երևանի, Գ.Էմինի 126 բնակելի տանը կից հողամասում կառուցված ինքնակամ շինության և դրանով զբաղեցված հողամասի նկատմամբ ճանաչվել է Վազգեն, Սամվել և Գագիկ Կեգիշյանների սեփականության իրավունքը (գ.թ. 18-19):
3. Կադաստրի 23.02.2006թ. թիվ 484ա գրության համաձայն «Ձեր 22.02.06թ. գրության կապակցությամբ հայտնվում է, որ ըստ կադաստրային գործի տվյալների Հ.Էմին 126 և Ռիգայի 126 տների հողամասերում տեղադրված Ձեր կողմից նշված ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չէ» (գ.թ. 7):
4. Կադաստրի 14.02.2006թ. թիվ 387 գրության համաձայն «իրավունքի պետական գրանցումը մերժվել է փաստաթղթերն օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան կազմված լինելու պատճառով, այն է` սեփականության իրավունքով Ձեզ պատկանող հողամասում առկա են այլ քաղաքացիների կողմից օգտագործվող ավտոտնակներ» (գ.թ. 6):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող վերը նշված փաստական հանգամանքները և վկայակոչելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ «նկատի ունենալով, որ դատարանին չներկայացվեցին հիմքեր` նշված ավտոտնակների օրինական լինելու վերաբերյալ և միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նույն ստորաբաժանման 23.02.2006թ. գրության մեջ նշված է, որ նշված ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չէ` դատարանը գտնում է, որ այս պարագայում ևս իրավունքի պետական գրանցումը չէր կարող մերժվել վերը նշված օրենքի 43 հոդվածի «ա» կետի կարգով» (գ.թ.38-39):
Նույն փաստական հանգամանքների հիման վրա, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի նույն 43-րդ հոդվածի պահանջները վկայակոչելով, վերաքննիչ դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «կադաստրի կողմից հայցվորների իրավունքի պետական գրանցումը մերժվել է օրինաչափ և հակառակն անել կադաստրին պարտավորեցնելու հիմքեր դատարանին չեն ներկայացվել, ուստի և հայցն անհիմն է և մերժման ենթակա»:
i
Քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմքերին նվիրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, իսկ 172-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումն ենթակա են պետական գրանցման:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`
ա) չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,
բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը,
գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:
Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
i
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Վերոգրյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կադաստրը միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ: Սույն գործի վերը նշված փաստական հանգամանքների պայմաններում, երբ կադաստրին ներկայացվել են օրենքի պահանջներին համապատասխան փաստաթղթեր, մասնավորապես, 14.05.2004թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և Երևանի քաղաքապետի 06.10.2004թ. թիվ 1939-Ա որոշումը, կադաստրն իրավունք չուներ մերժելու նշված փաստաթղթերից ծագող սեփականության իրավունքի գրանցումը օրենքով չնախատեսված որևէ հիմքով, մասնավորապես, հայցվորին պատկանող հողամասում այլ քաղաքացիների կողմից օգտագործվող ավտոտնակների առկայության հիմքով (գ.թ. 6):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կայացված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006թ. վճիռը պետք է բեկանել և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.05.2006թ. վճռին, որը պատճառաբանված է և հիմնավորված:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006թ. վճիռը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.05.2006թ. վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ