ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին
i
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և դրա նկատմամբ վստահության բարձրացումը, ֆինանսական համակարգի մասնակիցների բնականոն զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը:
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի այլ մասնակիցների նկատմամբ կարգավորման և վերահսկողության գործառույթները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին փոխանցելու հետ կապված միջոցառումները, այդ միջոցառումների իրագործման կապակցությամբ առաջացող հարաբերությունները, ֆինանսական համակարգը կարգավորող և վերահսկող մարմնի լիազորությունները:
Հոդված 2. |
Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ իրավական ակտերով:
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
ֆինանսական համակարգի մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկեր, վարկային կազմակերպություններ և կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող այլ անձինք, ինչպես նաև ֆինանսական համակարգի այլ մասնակիցներ.
ֆինանսական համակարգի այլ մասնակիցներ` արժեթղթերի շուկայի մասնակիցներ, ինվեստիցիոն ընկերություններ, ինվեստիցիոն հիմնադրամներ, կուտակային կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող կազմակերպություններ, ապահովագրական գործունեություն իրականացնողներ, գրավատներ, որոնք իրականացնում են մասնագիտացված գործունեություն.
ֆինանսական համակարգ` ֆինանսական համակարգի մասնակիցների մասնակցությամբ հարաբերությունների ամբողջություն.
մասնագիտացված գործունեություն` ֆինանսական համակարգի մասնակիցների կողմից օրենքով սահմանված կարգով և պայմաններով իրականացվող գործունեություն.
i
պետական իրավասու մարմին` «Գրավատների և գրավատնային գործունեության մասին», «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների գործունեությունը կարգավորող և վերահսկող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին.
ենթաօրենսդրական ակտեր` ֆինանսական համակարգի այլ մասնակիցների գործունեությանն առնչվող նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի (այսուհետ` արժեթղթերի հանձնաժողով), պետական իրավասու մարմնի կողմից:
2. Սույն հոդվածով սահմանվող հասկացությունները կիրառվում են սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված, ինչպես նաև դրա դրույթներին ուղղակի հղում կատարող այլ իրավական ակտերի նպատակներով: Դրանց նշանակությունը այլ օրենքների և իրավական ակտերի կիրառման նպատակով կարող է կիրառվել, եթե այլ օրենքների և իրավական ակտերի կարգավորման ոլորտն առնչվում է ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեությանը:
Հոդված 4. |
Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների նպատակները |
Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների նպատակն է միասնական, անկախ և արդյունավետ համախմբված վերահսկողության և կարգավորման համակարգի ստեղծումը և իրականացումը, ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
Հոդված 5. |
Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների գործունեության կարգավորումը և վերահսկողությունը |
1. Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների նկատմամբ կարգավորման և վերահսկողության գործառույթները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` կենտրոնական բանկ)` սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով:
2. Կենտրոնական բանկի` որպես ֆինանսական համակարգը կարգավորող և վերահսկող մարմնի գործառույթները և լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեությունը, ինչպես նաև մասնագիտացված գործունեությունը կարգավորող այլ օրենքներով:
i
Հոդված 6. |
Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների նկատմամբ կարգավորման և վերահսկողության գործառույթների փոխանցման կարգը և պայմանները |
i
1. 2006 թվականի հունվարի 1-ից արժեթղթերի հանձնաժողովը լուծարվում է, և նրա բոլոր լիազորությունները, այդ թվում` ինքնակարգավորվող կազմակերպությունների, հաշվետու թողարկողների գործունեության կարգավորման և վերահսկողության, ինչպես նաև արժեթղթերի շուկայի կարգավորման բնագավառի այլ լիազորություններն ամբողջովին իրավահաջորդությամբ վերապահվում են կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկի խորհուրդը ձեռք է բերում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արժեթղթերի հանձնաժողովին վերապահված լիազորությունները, իսկ կենտրոնական բանկի նախագահը` արժեթղթերի հանձնաժողովի նախագահի լիազորությունները:
2. Կենտրոնական բանկի խորհուրդը և նախագահը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված որոշումները կայացնում են «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերով, եթե «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ ընթացակարգեր սահմանված չեն:
3. 2006 թվականի հունվարի 1-ից դադարում են պետական իրավասու մարմնի լիազորությունները` կապված ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների լիցենզավորման, կարգավորման և վերահսկողության հետ, որոնք ամբողջովին իրավահաջորդությամբ վերապահվում են կենտրոնական բանկին:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից կենտրոնական բանկը ձեռք է բերում կուտակային կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ կարգավորման և վերահսկողական գործառույթները և հանդիսանում է դրանց գործունեությունը կարգավորող և վերահսկող մարմին:
Հոդված 7. |
Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի գործողությունը |
Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների գործունեության կարգավորման, լիցենզավորման, վերահսկողության, ինչպես նաև դրանց գործունեությունը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերը` իրենց բոլոր լրացումներով և փոփոխություններով, պահպանում են իրենց գործողությունը և իրավաբանական ուժը մինչև 2007 թվականի հունվարի 1-ը, եթե մինչև այդ ժամկետը կենտրոնական բանկը չհաստատի այդ ենթաօրենսդրական ակտերը նոր խմբագրությամբ, որի դեպքում դադարեցվում է այդ ակտերի գործողությունը: Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի մասնակիցների սահուն գործունեությունն ապահովելու նպատակով իրավունք ունի մինչև սույն հոդվածով նախատեսված ժամկետի ավարտը ենթաօրենսդրական ակտերում կատարելու լրացումներ և փոփոխություններ:
Հոդված 8. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հոդված 9. |
Անցումային դրույթներ |
1. Արժեթղթերի հանձնաժողովի կնքած պայմանագրերով կենտրոնական բանկն իրավահաջորդ է մինչև 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծագած իրավունքներով և պարտականություններով, բացառությամբ աշխատանքային իրավահարաբերություններից բխող իրավունքների և պարտականությունների: 2006 թվականի հունվարի 1-ից արժեթղթերի հանձնաժողովի կնքած աշխատանքային պայմանագրերը համարվում են լուծված:
2. Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության համակարգի ներդրման նպատակով իրականացնում է համապատասխան կառուցվածքային փոփոխություններ:
3. Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը`
ա) արժեթղթերի հանձնաժողովը կենտրոնական բանկ է հանձնում, իսկ կենտրոնական բանկն ընդունում է արժեթղթերի հանձնաժողովի գործառույթների հետ կապված բոլոր փաստաթղթերը, այդ թվում` արխիվը, տեղեկատվությունը, ծրագրերը և այլն: Հանձնում-ընդունումը ձևակերպվում է հանձնման-ընդունման մասին արձանագրությամբ, որը մինչև 2006 թվականի հունվարի 1-ը ստորագրում են արժեթղթերի հանձնաժողովի նախագահը և կենտրոնական բանկի նախագահը.
բ) պետական իրավասու մարմինը կենտրոնական բանկ է հանձնում, իսկ կենտրոնական բանկն ընդունում է ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների լիցենզավորման, կարգավորման և վերահսկողության հետ առնչվող փաստաթղթերը, այդ թվում` արխիվը, տեղեկատվությունը, ծրագրերը և այլն: Սույն կետով նախատեսված հանձնում-ընդունումը ձևակերպվում է հանձնման-ընդունման մասին արձանագրությամբ, որը մինչև 2006 թվականի հունվարի 1-ը ստորագրում են պետական իրավասու մարմնի աշխատակազմի ղեկավարը և կենտրոնական բանկի նախագահը:
Արժեթղթերի հանձնաժողովին պատկանող այլ գույքի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն օրենքի, կենտրոնական բանկի կողմից կիրառվող և ֆինանսական համակարգի այլ մասնակիցների գործունեությանն առնչվող այլ օրենքների, ինչպես նաև ենթաօրենսդրական ակտերի կիրառման բնագավառում ծագած հարցերի ճշտման նպատակով պաշտոնական պարզաբանումներ տալու իրավասությունը վերապահվում է կենտրոնական բանկին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-242-Ն
|