111.0348.290805
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 08 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11105362
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 հուլիսի 2005 թվականի N 348-Ն
i
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջի և ՀՀ վարչապետի 2005 թվականի մարտի 5-ի N 139-Ա որոշմամբ հաստատված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 11-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել «ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման կարգը»` համաձայն հավելվածի:
i
2. Սույն կարգի ապահովման հսկողությունը դնել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի վրա:
(2-րդ կետը փոփ. 18.09.10 թիվ 612-Ն հրաման)
Հավելված
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. հուլիսի 25-ի
N 348-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման գործընթացը, որը նախատեսված է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է միայն պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների և պետական սեփականություն չհամարվող այն մշակութային արժեքների վրա, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում /այսուհետ` մշակութային արժեքներ/:
Ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքները ենթակա են նույնականացման, որն իրականացվում է մաքսային ծառայության մարմինների կողմից նույնականացման գործընթացի հետ միաժամանակ:
i
3. Մշակութային արժեքների նույնականացումն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության (այսուհետ` գործակալություն) համապատասխան մասնագետները` հայտատուի հայտի հիման վրա: Հայտատուի իրավաբանական անձ լինելու դեպքում նույնականացմանը մասնակցում է իրավաբանական անձի ներկայացուցիչը, իսկ ֆիզիկական անձ լինելու դեպքում` սեփականատերը:
(3-րդ կետը փոփ. 18.09.10 թիվ 612-Ն հրաման)
4. Նույնականացումն իրականացվում է ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների և դրանց` ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու ժամանակ վավերացված լուսանկարների կամ ցուցակի տվյալների համեմատական ստուգման միջոցով: Ցուցակի առկայության դեպքում լուսանկարն ընդունելի է նաև մշակութային արժեքի անվանման ու ծածկագրի նշումով:
5. Մշակութային արժեքները հայտատուն նույնականացման նպատակով տեղափոխում է Գործակալություն, իսկ դրանց մեծաքանակ կամ ծավալուն լինելու, ինչպես նաև վերադարձը ոչ աշխատանքային օրերին համընկնելու դեպքերում` իր տարածք:
6. Մշակութային արժեքները հայտատուի տարածք տեղափոխելու դեպքում Գործակալության համապատասխան մասնագետները, համատեղ պայմանավորվածության արդյունքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում այցելում են նշված տարածք և իրականացնում մշակութային արժեքների նույնականացման գործընթացը:
6.1. (6.1-րդ կետն ուժը կորցրել է 10.02.11 թիվ 32-Ն հրաման)
i
(6.1-րդ կետը լրաց. 18.09.10 թիվ 612-Ն հրաման)
i
7. Մշակութային արժեքները գործակալություն տեղափոխելու դեպքում դրանց նույնականացման գործընթացն իրականացվում է գործակալությունում` սույն կարգի 3-րդ կետով նախատեսված անձանց մասնակցությամբ:
(7-րդ կետը փոփ. 18.09.10 թիվ 612-Ն հրաման)
i
8. Նույնականացման գործընթացն ավարտելուց հետո Գործակալության մասնագետները տեղում կազմում են մշակութային արժեքների նույնականացման մասին ակտ:
(8-րդ կետը փոփ. 18.09.10 թիվ 612-Ն հրաման)
9. Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների վնասվածքների դեպքում Գործակալության մասնագետներն ու հայտատուն կազմում են մշակութային արժեքների վնասվածքի մասին ակտ: Մշակութային արժեքների վնասվածքի մասին հայտնվում է համապատասխան լիազորված պետական մարմնին:
10. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների վնասվածքների դեպքերում Գործակալության մասնագետներն ու հայտատուն կազմում են մշակութային արժեքների վնասվածքի մասին ակտ:
10.1. Մշակութային արժեքների վնասվածքի մասին ակտերը կազմվում են տեղում:
i
(10.1-րդ լրաց. 18.09.10 թիվ 612-Ն հրաման)
i
11. Մշակութային արժեքների անհամապատասխանությունների դեպքերում Գործակալության մասնագետներն ու հայտատուն տեղում կազմում են մշակութային արժեքների անհամապատասխանության մասին ակտ: Մշակութային արժեքների անհամապատասխանության մասին հայտնվում է համապատասխան լիազորված պետական մարմնին:
(11-րդ կետը փոփ. 18.09.10 թիվ 612-Ն հրաման)
12. Սույն կարգով նախատեսված ակտերը հիմք են հանդիսանում մշակութային արժեքների նույնականացման գործընթացն ավարտելու վերաբերյալ, որոնք կազմվում են երեք օրինակից. մեկը տրվում է Գործակալությանը, երկրորդը` հայտատուին, երրորդը` մաքսային ծառայության մարմիններին: