Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1095-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1095-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԷԴ/1439/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1439/02/16       2022 թ.

Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Լ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հուլիսի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Գրիշա Պողոսյանի իրավահաջորդ Սվետա Մարտիրոսյանի ընդդեմ Համլետ Հարությունյանի և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի` Համլետ Հարությունյանի կողմից անհիմն հարստացման հիմքով ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն, Մասիս Բ թաղամաս, 6/17 հասցեում գտնվող հողամասի վրա ձեռք բերած բնակելի տան, հողամասի, պարիսպների, հողամասի վրա գտնվող այգու` որպես մեկ ամբողջական գույքի նկատմամբ Գրիշա Պողոսյանի իրավահաջորդ Սվետա Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու և անհիմն հարստացածը Սվետա Մարտիրոսյանին վերադարձնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2020 թվականի որոշման դեմ Համլետ Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գրիշա Պողոսյանը պահանջել է Համլետ Հարությունյանի կողմից անհիմն հարստացման հիմքով ՀՀ, քաղաք Երևան, Նուբարաշեն, Մասիս Բ թաղամաս, 6/17 հասցեում գտնվող հողամասի վրա ձեռք բերած բնակելի տան, հողամասի պարիսպների, հողամասի վրա գտնվող այգու` որպես մեկ ամբողջական գույքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Գրիշա Պողոսյանի իրավահաջորդ Սվետա Մարտիրոսյանը հայցադիմումի առարկայի հստակեցում է ներկայացրել դատարան` խնդրելով Համլետ Հարությունյանի կողմից անհիմն հարստացման հիմքով ՀՀ, քաղաք Երևան, Նուբարաշեն, Մասիս Բ թաղամաս, 6/17 հասցեում գտնվող հողամասի վրա ձեռք բերած բնակելի տան, հողամասի, պարիսպների, հողամասի վրա գտնվող այգու` որպես մեկ ամբողջական գույքի նկատմամբ, ճանաչել իր սեփականության իրավունքը և անհիմն հարստացածը վերադարձնել իրեն:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) (այսուհետ` Դատարան) 28.10.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.03.2020 թվականի որոշմամբ Համլետ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 28.10.2019 թվականի վճիռը` ՀՀ, Երևան քաղաքի Նուբարաշեն Մասիս Բ թաղամաս, 6/17 հասցեում գտնվող հողամասի վրա ձեռք բերած բնակելի տան, հողամասի պարիսպների, հողամասի վրա գտնվող այգու` որպես մեկ ամբողջական գույքի նկատմամբ Գրիշա Պողոսյանի իրավահաջորդ Սվետա Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասով, բեկանվել է և այդ մասով վճիռը փոփոխվել է` հայցը մերժվել է, իսկ Համլետ Հարությունյանից 6.100.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացում վերադարձնելու մասով, վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համլետ Հարությունյանը (ներկայացուցիչ Յուրի Դոլուխանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գրիշա Պողոսյանի իրավահաջորդ Սվետա Մարտիրոսյանը (ներկայացուցիչ Գևորգ Դավթյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ, 61-րդ, 109-րդ, 112-րդ, 374-րդ և 378-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել վկաների ցուցմունքն այն մասին, թե իբրև ստացված գումարներն իրենց տրվել են հողամասի գրավի դիմաց, մինչդեռ օրինական ուժ ստացած թիվ ԵՇԴ/1969/02/09 քաղաքացիական գործով կայացված վճռով հերքվել են պնդումներն այն մասին, թե իբրև կողմերի միջև առկա է եղել փոխառության հարաբերություն:

Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Համլետ Հարությունյանին պատկանող հողամասում կառուցված տունը կառուցվել է հայցվորի կողմից և պատկանում է իրեն` դրանով ըստ էության հակասելով թիվ ԵՇԴ/1969/02/09 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժ ստացած դատական ակտին: Մեկ այլ` այս դեպքում վարչական գործով, քննության առարկա են դարձվել վիճելի գույքի պետական գրանցման հանգամանքները: Թիվ ՎԴ/1655/05/12 վարչական գործով օրինական ուժ ստացած դատական ակտով անվավեր է ճանաչվել սույն գործով հայցվորի անվամբ վիճելի գույքի պետական գրանցումը: Վարչական գործի շրջանակներում քննության առարկա են դարձվել բազմաթիվ հանգամանքներ, որոնց թվում են նաև կառույցների օրինականացման բոլոր մանրամասները, որոնք ակնհայտ հակասում են Վերաքննիչ դատարանի պնդումներին այն մասին, թե իբրև շինությունները պատկանում են հայցվորին:

Վերաքննիչ դատարանը չի հետազոտել գործում առկա ապացույցները, որոնց թվում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, վկաների ցուցմունքներ:

Ինչ վերաբերում է փաստաբաններին վճարված գումարների մասով դատական ծախսերի բաշխմանը, ապա այդպիսին իսպառ բացակայում է Վերաքննիչ դատարանի դատական ակտի եզրափակիչ մասում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 28.10.2019 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 20.03.2020 թվականի որոշումը և այդ մասով գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Տվյալ դեպքում պատասխանողը փորձում է տպավորություն ստեղծել, որ թիվ ԵՇԴ/1969/02/09 քաղաքացիական գործով արդեն իսկ քննվել են միևնույն հանգամանքները, իսկ թիվ ՎԴ/1655/05/13 վարչական գործով էլ անվավեր է ճանաչվել վիճելի տան հողամասի նկատմամբ կատարված պետական գրանցումը, այնինչ խոսքը գնում է ոչ թե հողամասի, այլ հողամասի վրա հայցվորի միջոցներով կառուցված բնակելի տան և տնկված ծառերի մասին, որն էլ համարվում է անհիմն հարստացումը: Սույն գործով վեճը գնում է պատասխանողի անվամբ գրանցված հողամասի վրա կառուցված շինությունների և ծառերի անհիմն հարստացման մասին, այլ ոչ հողամասի պատկանելիության, հետևաբար այդ դատական ակտերի հետ սույն գործը որևէ հակասություն չունի:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Գրիշա Պողոսյանի (վաճառող) և Համլետ Հարությունյանի (գնորդ) միջև 08.08.2006 թվականին կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` վաճառողը վաճառել է ք. Երևան, Շենգավիթ համայնք, «Մասիս» այգեգործական տարածքի Բ թաղամասի թիվ 6/17 հողամասը, որը բաղկացած է 0.0504 հա ընդհանուր մակերեսից, իսկ գնորդը գնել է վերը նշված հողամասն ամբողջությամբ: Նշված հողամասը պատկանել է վաճառողին` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից 26.05.2006 թվականին տրված թիվ 2024793 վկայականի հիման վրա: Հողամասը վաճառվել է 800.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 15):

2. Երևանի քաղաքապետի 11.04.2008 թվականի թիվ 1704-Ա որոշման համաձայն` «Մասիս» այգեգործական տարածքի «Բ» թաղամասի թիվ 6/17 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Համլետ Հարությունյանին պատկանող հողակտորում ինքնակամ կառուցված 67.9 քմ ընդհանուր մակերեսով կառույցը (այգետնակը) ճանաչվել է օրինական (հատոր 1-ին, գ.թ. 18):

3. 25.04.2008 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2278192 վկայականի համաձայն` ք. Երևան, Շենգավիթի համայնք, «Մասիս» այգեգործական տարածքի Բ թաղամասի թիվ 6/17 հասցեի 0.0504 հա հողամասի և 59.8 քմ մակերեսով բնակելի այգետնակի նկատմամբ գրանցված է Համլետ Հարությունյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 19-20):

4. 05.03.2012 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05032012-01-0012 վկայականի համաձայն` ք. Երևան, Նուբարաշեն, Մասիսի Բ թաղամաս, 6/17 բնակելի տան նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտ է հանդիսանում Գրիշա Պողոսյանը (հատոր 1-ին, գ.թ. 23):

5. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/1969/02/09 քաղաքացիական գործով 19.12.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ըստ հայցի Համլետ Հարությունյանի ընդդեմ Ասյա Մանուկյանի, Քնարիկ, Արսեն, Բագրատ, Արտակ Սողոմոնյանների, Սվետա Մարտիրոսյանի սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և Երևան քաղաքի «Մասիս» Բ թաղամասի թիվ 6/17 հասցեից վտարելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ասյա Մանուկյանի, Քնարիկ, Արսեն, Բագրատ, Արտակ, Սողոմոնյանների, Սվետա Մարտիրոսյանի, երրորդ անձ Գրիշա Պողոսյանի ընդդեմ Համլետ Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Երևանի ՏՍ-ի, Երևանի քաղաքապետարանի` Գրիշա Պողոսյանի և Համլետ Հարությունյանի միջև 08.08.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն առոչինչ ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Համլետ Հարությունյանի հայցը բավարարվել է` վերացվել է Համլետ Հարությունյանի սեփականության իրավունքի խախտումը և Ասյա Մանուկյանը, Քնարիկ, Արսեն, Բագրատ, Արտակ Սողոմոնյանները, Սվետա Մարտիրոսյանն իրենց գույքով վտարվել են Երևանի «Մասիս» այգեգործական տարածքի Բ թաղամասի թիվ 6/17 հասցեից: Հակընդդեմ հայցը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 127-134):

6. Համլետ Հարությունյանը 10.09.2013 թվականին դիմում է հասցեագրել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կենտրոն սպասարկման գրասենյակին, որով խնդրել է կատարել պետական գրանցում Շենգավիթ համայնքի, Մասիս այգեգործական տարածքի Բ թաղամասի թիվ 6/17 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 21):

7. Երևանի քաղաքապետի 31.07.2014 թվականի թիվ 2954-Ա որոշման համաձայն` Մասիսի Բ թաղամասի թիվ 6/17 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Գրիշա Պողոսյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 30.8 քմ ընդհանուր մակերեսով կառույցը /բնակելի տուն/ ճանաչվել է օրինական (հատոր 1-ին, գ.թ. 22):

8. Թիվ ՎԴ/1655/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 23.12.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ըստ հայցի Համլետ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման և երրորդ անձ Գրիշա Պողոսյանի` այգետնակի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Համլետ Հարությունյանի հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել ք. Երևան, «Մասիս» այգեգործական տարածք, «Բ» թաղամաս, թիվ 6/17 հասցեում գտնվող այգետնակի նկատմամբ 05.03.2012 թվականին Գրիշա Պողոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 2-րդ, գ.թ. 79-96):

9. ՀՀ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից 24.03.2016 թվականի տեղեկանքի համաձայն` Գրիշա Պողոսյանը 2006 թվականից առ այսօր փաստացի բնակվում է Նուբարաշեն վարչական շրջանի Մասիսի Բ թաղ. 6/17 տուն հասցեում, ընտանիքի 4 անձով. ինքը` Գրիշա Պողոսյանը, կինը` Մելսեդա Մարտիրոսյանը, աղջիկը` Սվետա Մարտիրոսյանը և թոռը` Գոռ Սողոմոնյանը (հատոր 1-ին, գ.թ. 13):

10. ՀՀ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից 04.04.2016 թվականի տեղեկանքի համաձայն` Գրիշա Պողոսյանը փաստացի բնակվում է Նուբարաշեն վարչական շրջանի Մասիսի Բ թաղ. 6/17 տուն հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 12):

11. Գրիշա Պողոսյանը մահացել է 05.10.2016 թվականին: Ըստ 21.06.2016 թվականին կազմված կտակի` Գրիշա Արտաշի Պողոսյանը ՀՀ, Երևան քաղաքի, Նուբարաշեն, Մասիսի Բ թաղամաս 6/17 հասցեում գտնվող անշարժ գույքը կտակել է Սվետա Գրիշայի Մարտիրոսյանին, ով ընդունել է ժառանգությունը (հատոր 1-ին, գ.թ. 134, հատոր 2-րդ, գ.թ. 5,6):

12. Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի բնակիչներ Աննման Հարությունյանի, Գայանե Մաթևոսյանի, Սամվել Հակոբյանի գրավոր հայտարարությունների համաձայն` Գրիշա Պողոսյանն իր ընտանիքով 2006 թվականի օգոստոս ամսից բնակվում է Նուբարաշեն, «Մասիսի» Բ թաղ., 6/17 հասցեում: Ականատես են եղել, որ իրենց անձնական միջոցներով են կառուցել նշված հասցեի տունը, ընդ որում` հիմքից, որի շինարարական աշխատանքների համար հրավիրել են տարբեր մասնագետներ: Ճանաչում են ընտանիքին, լավ հարաբերությունների մեջ են:

Վալոդյա Մանուկյանի և Միխայել Գալկինի գրավոր հայտարարությունների համաձայն` Գրիշա Պողոսյանի տան վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ կատարել են իրենք, որի դիմաց վարձատրվել են (հատոր 2-րդ, գ.թ. 34-40):

13. «Շին Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 11.03.2019 թվականի թիվ 19/004Դ եզրակացության համաձայն` Երևան քաղաքի Նուբարաշեն, Մասիս Բ թաղամասի թիվ 6/17 հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ շինությունների շուկայական արժեքը` փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, հողամասի արժեքի նկատմամբ, կազմում է 7.100.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Նուբարաշեն, Մասիս Բ թաղամասի թիվ 6/17 հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ շինությունների շուկայական արժեքը` փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, առանց հողամասի արժեքի` կազմում է 6.100.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Նուբարաշեն, Մասիս Բ թաղամասի թիվ 6/17 հասցեում գտնվող հողամասի շուկայական արժեքը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 69-93):

14. 10.01.2019 թվականի Համլետ Հարությունյանի (պատվիրատու) և Յուրի Դոլուխանյանի (կատարող) միջև կնքված փաստաբանական ծառայության մատուցման վերաբերյալ պայմանագրի համաձայն` պատվիրատուն հանձնարարել է, իսկ կատարողը պարտավորվել է թիվ ԵԷԴ/1439/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում իրականացնել դատական պաշտպանություն առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: Պայմանագրի գինը կազմել է 800.000 ՀՀ դրամ (հատոր 4-րդ, գ.թ. 39):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անհիմն հարստացման ինստիտուտի իրավակարգավորմանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` (...) 7) անհիմն հարստացման հետևանքով (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1093-րդ հոդվածի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով և չի բխում համապատասխան հարաբերությունների էությունից, նույն օրենսգրքի 61-րդ գլխում նախատեսված կանոնները ենթակա են կիրառման նաև`

1) անվավեր գործարքով կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ.

2) սեփականատիրոջ կողմից իր գույքն ապօրինի տիրապետողից հետ ստանալու պահանջների նկատմամբ.

3) պարտավորության մեկ կողմի` մյուսից այդ պարտավորության կապակցությամբ կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անհիմն հարստացման կամ խնայման միջոցով ձեռք բերված գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում ձեռք բերողը պետք է տուժողին հատուցի ձեռքբերման պահին այդ գույքի իրական արժեքը, ինչպես նաև գույքի արժեքի հետագա փոփոխությունների պատճառով ծագած վնասները, եթե ձեռք բերողն անհիմն հարստացման մասին իմանալուց հետո անմիջապես չի հատուցել գույքի արժեքը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կարող են ծագել քաղաքացիական շրջանառության սուբյեկտների ինչպես իրավաչափ, այնպես էլ ոչ իրավաչափ գործողություններից: Այդպիսին է, մասնավորապես, անհիմն հարստացման արդյունքում ծագած պարտավորությունը, որը թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չէ, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ անհիմն հարստացման ինստիտուտը քաղաքացիական իրավունքի ինստիտուտներից մեկն է, որի նպատակը քաղաքացիական շրջանառության մասնակիցների գույքային իրավունքների պաշտպանության իրականացումն ապահովելն ու դրան նպաստելն է (տե՛ս Արթուր Հովհաննիսյանն ընդդեմ Նորիկ Սողոմոնյանի թիվ ԵԷԴ/0540/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2015 թվականի որոշումը):

Նշված իրավանորմի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես արձանագրել է, որ անհիմն հարստացման հետևանքով պարտավորության առաջացման համար անհրաժեշտ է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությունը`

1. անձը պետք է ուրիշի հաշվին ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,

2. գույքի ձեռք բերումը կամ խնայումը պետք է տեղի ունենա իրավական հիմքի բացակայությամբ (տե՛ս Ա. Եփրեմյանն ընդդեմ Ն. Մանվելյանի թիվ 3-132 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը, տե՛ս նաև Անժելիկա Գասպարյանն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի թիվ ԵԱՔԴ/0455/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը տարբերակում է անհիմն հարստացման երկու տեսակ`

1) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի ձեռքբերում,

2) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի խնայում:

Ըստ այդմ, գույքի ձեռքբերման դեպքում տեղի է ունենում անհիմն հարստացողի գույքի ավելացում` տուժողի գույքի հաշվին, իսկ գույքի խնայումը նշանակում է, որ անձը պետք է իր գույքի հաշվին կատարեր որոշակի ծախսեր, սակայն դա չի անում` ի հաշիվ տուժողի ծախսերի, որի արդյունքում անհիմն հարստացողի գույքի ծավալային փոփոխություն տեղի չի ունենում:

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` անհիմն հարստացման հետևանքով պարտավորությունների ծագման համար էական չէ ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց կամքը: Այլ կերպ ասած` անհիմն հարստացում կարող է տեղի ունենալ ինչպես ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանքով, այնպես էլ` նրանց կամքից անկախ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նման եզրահանգումը կատարել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի հիման վրա, որի համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ գլխի կանոնները կիրառվում են անկախ այն բանից` անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ (տե՛ս Էլզա Մուրադովան, Լարիսա Հարությունյանն ընդդեմ Ջանիբեկ Ազատյանի թիվ ԱՐԴ1/1065/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

i

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհիմն հարստացման ինստիտուտը կարգավորող նորմերի կիրառման համար անհրաժեշտ և բավարար է օբյեկտիվ արդյունքի առկայությունը, այն է` անձն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի տուժողի հաշվին ձեռք է բերել կամ խնայել է գույք (տե՛ս նաև ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ներկայումս ՀՀ պետական եկամուտների կոմիտե) ընդդեմ Հայկ Մկրտչյանի թիվ ՍԴ/0462/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

Զարգացնելով անհիմն հարստացման վերաբերյալ նախկինում հայտնած դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև հետևյալը.

Անհիմն հարստացման քաղաքացիաիրավական ինստիտուտի բաղադրատարրերն են`

ա) փաստական պայմանները,

բ) իրավական պայմանները:

Փաստական պայմանները դրսևորվում են`

1. պատասխանողի (ձեռք բերողի) ակտիվների ավելացմամբ,

2. հայցվորի (տուժողի) ակտիվների նվազմամբ,

3. ակտիվների ավելացման և նվազման միջև պատճառական կապով:

Պատասխանողի ակտիվների ավելացումն առկա է, երբ նրա գույքի արժեքը ցանկացած տեսքով դրամական գնահատմամբ աճ է գրանցում, մասնավորապես, երբ առկա է` (ա) նոր գույքի ձեռքբերում, (բ) գոյություն ունեցող գույքի արժեքի ավելացում, (գ) պարտավորությունների նվազում (պատասխանողի պարտքի վճարում, պատասխանողի մոտ առկա ծախսերի խնայում): Հայցվորի ակտիվների նվազումը կարող է դրսևորվել` (ա) որևէ պարտավորությամբ չնախատեսված ծախսի, (բ) պատասխանողի պարտքի վճարման, (գ) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի (դրամական արժեքի) կորստով կամ արժեքի նվազմամբ, (դ) չստացված շահույթի, (ե) չվճարված աշխատանք կատարելու ձևով:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` հայցվորի և պատասխանողի ակտիվների ավելացման ու նվազման պատճառական կապը նրանց գույքային հարաբերակցությունն է, որտեղ պատասխանողի ակտիվների ավելացումը պայմանավորված է լինում հայցվորի ակտիվների նվազմամբ: Այդ կապով պայմանավորված` ակտիվների շարժը կարող է դրսևորվել ուղղակի և անուղղակի հարաբերակցությամբ: Հարաբերակցությունը կարող է լինել ուղղակի, մասնավորապես, երբ (ա) հայցվորի կողմից կատարվում է պատասխանողի պարտքի վճարումը, (բ) հայցվորի կողմից կատարված աշխատանքը, ծառայությունն անվճար չլինելու պայմաններում, պատասխանողի կողմից չի վճարվում, (գ) հայցվորի կողմից պատասխանողի համար ձեռքբերված գույքը չի վճարվում: Հարաբերակցությունն անուղղակի է, երբ հայցվորի ակտիվները միջնորդավորված եղանակով են մուտք գործում պատասխանողի գույքային կազմում, օրինակ` վարձակալի կողմից պարարտացված հողատարածքի ամելիորացման արդյունքում վարձատուի մոտ առաջացած ակտիվների աճը:

Անհիմն հարստացման իրավական պայմաններն են`

1. պատասխանողի հարստացումը պետք է լինի առանց օրենքով, այլ իրավական ակտով կամ գործարքով սահմանված հիմքերի,

2. անհիմն հարստացման ինստիտուտը կրում է ածանցյալ բնույթ:

Հարստացման անհիմն լինելու պահանջը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետում, որից հետևում է, որ հարստացումն անհիմն է, եթե հայցվորի գործողությունները չեն բխում օրենսդրությամբ պայմանավորված պարտականության կատարումից կամ չեն հանդիսանում պատասխանողի ակտիվների ավելացմանն ուղղված հայցվորի ազատ կամահայտնության հետևանքը: Այսինքն` հարստացման անհիմն բնույթը դրսևորվում է կա՛մ օրենսդրությամբ նախատեսված պարտականության բացակայությամբ (առանց օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված հիմքերի), կա՛մ կամահայտնության իրավաչափությունը պայմանավորող հարստացման պատճառի (նպատակաուղղված կամքի) բացակայությամբ (առանց գործարքով սահմանված հիմքերի):

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1093-րդ հոդվածի դրույթների վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ որպես ընդհանուր կանոն` անհիմն հարստացման ինստիտուտը չի հանդիսանում քաղաքացիաիրավական պաշտպանության հիմնական միջոց և գործում է բացառապես այն դեպքերում, երբ վիճելի իրավահարաբերության կարգավորման համար օրենսդիրը չի նախատեսում իրավական պաշտպանության այլ միջոց: Այդ առումով անհիմն հարստացման ինստիտուտը հանդիսանում է պաշտպանության ածանցյալ եղանակ (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 08.08.2006 թվականին Գրիշա Պողոսյանի (վաճառող) և Համլետ Հարությունյանի (գնորդ) միջև կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` վաճառողը վաճառել է ք. Երևան, Շենգավիթ համայնք, «Մասիս» այգեգործական տարածքի Բ թաղամասի թիվ 6/17 հողամասը, որը բաղկացած է 0.0504 հա ընդհանուր մակերեսից, իսկ գնորդը գնել է վերը նշված հողամասն ամբողջությամբ: Նշված հողամասը պատկանել է վաճառողին` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից 26.05.2006 թվականին տրված թիվ 2024793 վկայականի հիման վրա: Հողամասը վաճառվել է 800.000 ՀՀ դրամով:

Երևանի քաղաքապետի 11.04.2008 թվականի թիվ 1704-Ա որոշման համաձայն` «Մասիս» այգեգործական տարածքի «Բ» թաղամասի թիվ 6/17 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Համլետ Հարությունյանին պատկանող հողակտորում ինքնակամ կառուցված 69.7 քմ ընդհանուր մակերեսով կառույցը (այգետնակը) ճանաչվել է օրինական:

25.04.2008 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2278192 վկայականի համաձայն` ք. Երևան, Շենգավիթի համայնք, «Մասիս» այգեգործական տարածքի Բ թաղամասի թիվ 6/17 հասցեի 0.0504 հա հողամասի և 59.8 քմ մակերեսով բնակելի այգետնակի նկատմամբ գրանցված է Համլետ Հարությունյանին սեփականության իրավունքը:

05.03.2012 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05032012-01-0012 վկայականի համաձայն` ք. Երևան, Նուբարաշեն, Մասիսի Բ թաղամաս, 6/17 բնակելի տան նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտ է հանդիսանում Գրիշա Պողոսյանը:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/1969/02/09 քաղաքացիական գործով 19.12.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ըստ հայցի Համլետ Հարությունյանի ընդդեմ Ասյա Մանուկյանի, Քնարիկ, Արսեն, Բագրատ, Արտակ Սողոմոնյանների, Սվետա Մարտիրոսյանի սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և Երևան քաղաքի «Մասիս» Բ թաղամասի թիվ 6/17 հասցեից վտարելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ասյա Մանուկյանի, Քնարիկ, Արսեն, Բագրատ, Արտակ Սողոմոնյանների, Սվետա Մարտիրոսյանի, երրորդ անձ Գրիշա Պողոսյանի ընդդեմ Համլետ Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Երևանի ՏՍ-ի, Երևանի քաղաքապետարանի` Գրիշա Պողոսյանի և Համլետ Հարությունյանի միջև 08.08.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն առոչինչ ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Համլետ Հարությունյանի հայցը բավարարվել է` վերացվել է Համլետ Հարությունյանի սեփականության իրավունքի խախտումը և Ասյա Մանուկյանը, Քնարիկ, Արսեն, Բագրատ, Արտակ Սողոմոնյանները, Սվետա Մարտիրոսյանն իրենց գույքով վտարվել են Երևանի «Մասիս» այգեգործական տարածքի Բ թաղամասի թիվ 6/17 հասցեից: Հակընդդեմ հայցը մերժվել է:

Համլետ Հարությունյանը 10.09.2013 թվականին դիմում է հասցեագրել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կենտրոն սպասարկման գրասենյակին, որով խնդրել է կատարել պետական գրանցում Շենգավիթ համայնքի, Մասիս այգեգործական տարածքի Բ թաղամասի թիվ 6/17 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ:

Երևանի քաղաքապետի 31.07.2014 թվականի թիվ 2954-Ա որոշման համաձայն` Մասիսի Բ թաղամասի թիվ 6/17 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Գրիշա Պողոսյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 30.8 քմ ընդհանուր մակերեսով կառույցը /բնակելի տուն/ ճանաչվել է օրինական:

ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1655/05/12 վարչական գործով 23.12.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ըստ հայցի Համլետ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման և երրորդ անձ Գրիշա Պողոսյանի` այգետնակի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Համլետ Հարությունյանի հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել ք. Երևան, «Մասիս» այգեգործական տարածք, «Բ» թաղամաս, թիվ 6/17 հասցեում գտնվող այգետնակի նկատմամբ 05.03.2012 թվականին Գրիշա Պողոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից 24.03.2016 թվականի տեղեկանքի համաձայն` Գրիշա Պողոսյանը 2006 թվականից առ այսօր փաստացի բնակվում է Նուբարաշեն վարչական շրջանի Մասիսի Բ թաղ. 6/17 տուն հասցեում, ընտանիքի 4 անձով. ինքը` Գրիշա Պողոսյանը, կինը` Մելսեդա Մարտիրոսյանը, աղջիկը` Սվետա Մարտիրոսյանը և թոռը` Գոռ Սողոմոնյանը:

ՀՀ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից 04.04.2016 թվականի տեղեկանքի համաձայն` Գրիշա Պողոսյանը փաստացի բնակվում է Նուբարաշեն վարչական շրջանի Մասիսի Բ թաղ. 6/17 տուն հասցեում:

Գրիշա Պողոսյանը մահացել է 05.10.2016 թվականին: Վերջինս վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը կտակել է Սվետա Մարտիրոսյանին, ով ընդունել է ժառանգությունը:

Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի բնակիչներ Աննման Հարությունյանի, Գայանե Մաթևոսյանի, Սամվել Հակոբյանի գրավոր հայտարարությունների համաձայն` Գրիշա Պողոսյանն իր ընտանիքով 2006 թվականի օգոստոս ամսից բնակվում է Նուբարաշեն, «Մասիսի» Բ թաղ., 6/17 հասցեում: Ականատես են եղել, որ իրենց անձնական միջոցներով են կառուցել նշված հասցեի տունը, ընդ որում` հիմքից, որի շինարարական աշխատանքների համար հրավիրել են տարբեր մասնագետներ:

Վալոդյա Մանուկյանի և Միխայել Գալկինի գրավոր հայտարարությունների համաձայն` Գրիշա Պողոսյանի տան վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ կատարել են իրենք, որի դիմաց վարձատրվել են:

«Շին Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 11.03.2019 թվականին տրված եզրակացության համաձայն` վիճելի հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ շինությունների շուկայական արժեքը` փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, հողամասի արժեքի նկատմամբ, կազմում է 7.100.000 ՀՀ դրամ: Նույն հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ շինությունների շուկայական արժեքը` փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, առանց հողամասի արժեքի կազմում է 6.100.000 ՀՀ դրամ: Նույն հասցեում գտնվող հողամասի շուկայական արժեքը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ:

Համլետ Հարությունյանի (պատվիրատու) և Յուրի Դոլուխանյանի (կատարող) միջև 10.01.2019 թվականի կնքված փաստաբանական ծառայության մատուցման վերաբերյալ պայմանագրի համաձայն` պատվիրատուն հանձնարարել է, իսկ կատարողը պարտավորվել է թիվ ԵԷԴ/1439/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում իրականացնել դատական պաշտպանություն առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: Պայմանագրի գինը կազմել է 800.000 ՀՀ դրամ:

Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ սույն գործով հաստատվել է, որ ք. Երևան, Նուբարաշեն, Մասիսի Բ թաղամաս, 6/17 հասցեում գտնվող անշարժ գույքերից հողամասը պատկանում է Համլետ Հարությունյանին, իսկ նույն հասցեում գտնվող հողամասի վրա կառուցված բնակելի տունը, պարիսպները, հողամասի վրա գտնվող այգին /ծառերը/` որպես մեկ ամբողջական գույք, չի պատկանում Համլետ Հարությունյանին: Հետևաբար սեփականության իրավունքի պետական գրանցման բացակայությունը որևէ կերպ չի կարող նսեմացնել վերջինիս այդ իրավունքը պատկանելու հանգամանքը, քանի որ պետական գրանցման պահանջն իրենից ներկայացնում է իրավունքի ֆորմալ որակում և այդ որակումից չէ կախված սեփականության իրավունքի առկայությունը, ուստի հայցվոր Գրիշա Պողոսյանը, նրա իրավահաջորդ Սվետա Մարտիրոսյանը, իր և իր ընտանիքի մասնակցությամբ, իրենց գործողություններով ստեղծել են լեգիտիմ (օրինական) ակնկալիք վիճելի գույքից անարգել օգտվելու և այն ստանալու համար:

Անդրադառնալով անհիմն հարստացման պահանջին` Դատարանը նշել է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատական ակտով ճանաչվում է հայցվոր Գրիշա Պողոսյանի իրավահաջորդ Սվետա Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Նուբարաշեն, Մասիս Բ թաղամաս, 6/17 հասցեում գտնվող հողամասի վրա ձեռք բերած բնակելի տան, հողամասի, պարիսպների, հողամասի վրա գտնվող այգու` որպես մեկ ամբողջական գույքի նկատմամբ, որը համարվում է սույն քաղաքացիական գործով վեճի հիմնական, գլխավոր և առաջնային պահանջը, նշված պահանջի ածանցյալ` անհիմն հարստացածը հայցվորին վերադարձնելու պահանջն ըստ էության հիմնավոր է, և վերոնշյալ գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով պետք է վերադարձվի հայցվոր Գրիշա Պողոսյանի իրավահաջորդ Սվետա Մարտիրոսյանին:

Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Համլետ Հարությունյանի վերաքննիչ բողոքը, Դատարանի 28.10.2019 թվականի վճիռը` վիճելի հասցեում գտնվող հողամասի վրա ձեռք բերած բնակելի տան, հողամասի պարիսպների, հողամասի վրա գտնվող այգու` որպես մեկ ամբողջական գույքի նկատմամբ Գրիշա Պողոսյանի իրավահաջորդ Սվետա Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասով, բեկանել է և այդ մասով փոփոխել` հայցը մերժել է, իսկ Համլետ Հարությունյանից 6.100.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացում վերադարձնելու մասով, վճիռը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ Դատարանի` «սեփականության»` որպես «օրինական սպասելիք» եզրույթի վրա հիմնվելը իրավաչափ չէ առնվազն այն հիմնավորմամբ, որ թիվ ԵՇԴ/1969/02/09 քաղաքացիական գործով Համլետ Հարությունյանի սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և Գրիշա Պողոսյանի իրավահաջորդ Սվետլանա Մարտիրոսյանին ու մյուսներին իրենց գույքով Երևանի «Մասիս» այգեգործական տարածքի Բ թաղամասի թիվ 6/17 հասցեից վտարելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռի պայմաններում սույն գործով հայցվորը չէր կարող ունենալ «օրինական սպասելիք» վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու ակնկալիք ունենալու իմաստով: Հետևաբար, Դատարանը, ճանաչելով Գրիշա Պողոսյանի իրավահաջորդ Սվետա Մարտիրոսյանի սեփականության իրավունքը, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, քանի որ նշված հասցեի հողամասի վրա գտնվող բնակելի տան, այգետնակի և պարիսպների նկատմամբ սեփականության իրավունքը Սվետա Մարտիրոսյանի անվամբ ենթակա չէր ճանաչման վերջինիս` այդ հողամասի սեփականատեր չլինելու հիմքով:

Անդրադառնալով անհիմն հարստացման պահանջին` Վերաքննիչ դատարանը նշել է, որ սույն գործում առկա ապացույցներով, մասնավորապես` վկաների ցուցմունքներով հաստատվել է, և պատասխանողի կողմից չի վիճարկվել, որ Համլետ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող վիճելի հողամասի վրա կառուցված բնակելի տունը, այգետնակը և պարիսպը կառուցվել են Գրիշա Պողոսյանի կողմից, հետևաբար Համլետ Հարությունյանը Գրիշա Պողոսյանի իրավահաջորդ Սվետա Մարտիրոսյանին պետք է հատուցի իր խնայածը, որն ըստ փորձագիտական եզրակացության կազմում է 6.100.000 ՀՀ դրամ:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով անհիմն հարստացման պահանջի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի վերլուծության հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ համակցության մեջ չի գնահատել գործում եղած ապացույցները, մասնավորապես` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, Համլետ Հարությունյանի անվամբ վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և վկաների ցուցմունքները: Վերաքննիչ դատարանն անհիմն հարստացման արդյունքում առաջացած գումարի վերադարձման պահանջը հիմնավորել է միայն վկաների ցուցմունքներով և դատական ակտում չկա որևէ այլ պատճառաբանություն և հիմնավորում` անհիմն հարստացման առկայության մասին: Մինչդեռ միայն վկաների ցուցմունքներով հնարավոր չէ հաստատված համարել անհիմն հարստացման հետևանքով պարտավորության առաջացման համար անհրաժեշտ երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անհիմն հարստացման առկայության մասին հիմնավորում չի պարունակում նաև Դատարանի վճիռը: Հետևաբար սույն գործով ստորադաս դատարանները չեն բացահայտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները և առանց անհիմն հարստացման առկայությունը պարզելու` բավարարել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածի 1-ին կետի ուժով անհիմն հարստացման արդյունքում առաջացած գումարի վերադարձման պահանջը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննությամբ վերոնշյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների առկայությունը պարզելուց հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ անհիմն հարստացման արդյունքում առաջացած գումարը վերադարձնելու հարցին:

i

Այս հարցերի պարզման համար դատարանն օժտված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան լիազորություններով, որոնց լիարժեք իրացման պայմաններում միայն կարելի է դատողություն անել անհիմն հարստացման առկայության կամ բացակայության վերաբերյալ: Մասնավորապես` առաջին ատյանի դատարանում գործի քննության պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Համանման դրույթներ է բովանդակում նաև Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի քննության պահին գործող` 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

 

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն հիմքին, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Համլետ Հարությունյանի կողմից փաստաբանին վճարված գումարի մասով դատական ծախսի բաշխմանը, Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն`

1. Փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում նաև փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները:

(...) 4. Սույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է` ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից (...):

i

Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

Նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն`

1. Վերաքննիչ (...) դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

(...)

3. Բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ (...) դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներում անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրության` որպես դատական ծախս լինելու հանգամանքին, նշել է, որ որպես դատական ծախս թե՛ հայցվորը, թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե՛ս Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի համաձայն` Համլետ Հարությունյանի ներկայացուցիչ Յուրի Դոլուխանյանը 18.09.2019 թվականին Դատարան է ներկայացրել փաստաբանական ծառայության մատուցման մասին 10.01.2019 թվականի պայմանագրով նշված 800.000 ՀՀ դրամ վճարը դատական ծախսերի կազմում ներառելու մասին դիմում` կցելով պայմանագրի օրինակը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս չի անդրադարձել վերոնշյալ փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսը դրանց կազմում ներառելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոնշյալ կարգավորումների հիման վրա փաստաբանի ծախսը փոխհատուցելու հարցին:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսի առնչությամբ վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր է, և գործի նոր քննության ընթացքում դատարանը պետք է անդրադառնա նաև այս հարցին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` ապացուցման վերաբերյալ կարգավորումներով, գործի նոր քննության ընթացքում համադրելով գործում առկա ապացույցները, դատարանը պետք է պարզի, թե արդյոք սույն գործով առկա է անհիմն հարստացում, թե` ոչ, որից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ անհիմն հարստացման արդյունքում առաջացած գումարի վերադարձման հարցին: Միաժամանակ, դատարանը պետք է անդրադառնա նաև Համլետ Հարությունյանի կողմից փաստաբանին վճարված դատական ծախսի փոխհատուցման հարցին:

 

Վճռաբեկ դատարանը Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն` անհիմն հարստացման գումարի վերադարձման պահանջի մասով Դատարանի 28.10.2019 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասը, բեկանելու և գործն այդ պահանջի, դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, ինչպես նաև Համլետ Հարությունյանի կողմից փաստաբանին վճարված գումարի բաշխման մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2020 թվականի որոշումը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2019 թվականի վճիռը` Համլետ Հարությունյանից հօգուտ Գրիշա Պողոսյանի իրավահաջորդ Սվետա Մարտիրոսյանի 6.100.000 ՀՀ դրամ գումար` որպես անհիմն հարստացում վերադարձնելու պահանջի մասով անփոփոխ թողնելու և այդ մասով դատական ծախսերը բաշխելու մասով, և գործն այդ, ինչպես նաև Համլետ Հարությունյանի կողմից փաստաբանին վճարված գումարի բաշխման մասերով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2020 թվականի որոշումը մնացած մասերով թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 28 հուլիսի 2022 թվական:

 

 

Միասնական կայք` 14.11.22-27.11.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.07.2022
N ԵԷԴ/1439/02/16
Որոշում