ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6418/05/21
դատարանի որոշում 2022 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6418/05/21
Նախագահող դատավոր` Է. Նահապետյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2022 թվականի ապրիլի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Հայկանուշ Մանուկյանի ընդդեմ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ նոտարական պալատի, ՀՀ կադաստրի կոմիտեի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի` Երևանի քաղաքապետարանի 30.04.2001 թվականի թիվ 419 որոշման 1-ին, 3-րդ և 5-րդ կետերը և նշված որոշման թիվ 1 հավելվածի 23-րդ կետը` Հայկանուշ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող «ք. Երևան, Ներքին Շենգավիթ 4 փողոց 38 տուն» հասցեին վերաբերող մասով անվավեր ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ` Երևանի քաղաքապետարանի և «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի միջև 07.09.2001 թվականին նոտարական կարգով կնքված թիվ 3-9137 հողի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա նշված վարձակալության պայմանագրի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին Հայկանուշ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող «ք. Երևան, Ներքին Շենգավիթ 4 փողոց 38 տուն» հասցեում գտնվող հողամասը նախկին տեսքի բերելու` էլեկտրական ենթակայանն իր պատկանելիքներով ապամոնտաժել պարտավորեցնելու և դրանով ծանրաբեռնված հողամասը Հայկանուշ Մանուկյանին վերադարձնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Հայկանուշ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հայկանուշ Մանուկյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 30.04.2001 թվականի թիվ 419-րդ որոշման 1-ին, 3-րդ և 5-րդ կետերը և նշված որոշման թիվ 1 հավելվածի 23-րդ կետը` Հայկանուշ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող «ք. Երևան, Ներքին Շենգավիթ 4 փողոց 38 տուն» հասցեին վերաբերող մասով, որպես ածանցյալ պահանջ` անվավեր ճանաչել դրա հիման վրա Երևանի քաղաքապետարանի և «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի միջև 07.09.2001 թվականին նոտարական կարգով կնքված թիվ 3-9137 հողի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա նշված վարձակալության պայմանագրի պետական գրանցումը, պարտավորեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին Հայկանուշ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող «ք. Երևան, Ներքին Շենգավիթ 4 փողոց 38 տուն» հասցեում գտնվող հողամասը բերել նախկին տեսքի` էլեկտրական ենթակայանն իր պատկանելիքներով ապամոնտաժել և դրանով ծանրաբեռնված հողամասը վերադարձնել հայցվորին:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 11.06.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.08.2021 թվականի որոշմամբ Հայկանուշ Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 11.06.2021 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկանուշ Մանուկյանը (ներկայացուցիչ` Արտավազդ Պետրոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 11-րդ հոդվածի 3-րդ մասը, 70-րդ, 73-րդ հոդվածները, 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 79-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-2-րդ մասերը, 121-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ստորադաս դատարանները պատշաճ կերպով չեն ուսումնասիրել գործին կցված փաստաթղթերը և ակնհայտ անհիմն կերպով կիրառել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջը (ինքնակամ կառույց), մինչդեռ էլեկտրական ենթակայանը ոչ թե ինքնակամ կառույց է, այլ սեփականության իրավունքով գրանցված է «Երևանի Էլեկտրացանց» ՓԲԸ-ի անվամբ (իրավահաջորդ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ):
Բացի այդ, ստորադաս դատարաններն անտեսել են, որ Հայկանուշ Մանուկյանի ներկայացրած հիմնական պահանջը ենթակա է ՀՀ վարչական դատարանին, իսկ ածանցյալ պահանջները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, ուստի ածանցյալ պահանջների վարույթ ընդունման և քննության մասով ենթակա են կիրառման բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքերի պահանջները:
Ավելին` ստորադաս դատարանները հաշվի չեն առել նաև, որ պատասխանողների հստակեցումը և Երևանի քաղաքապետարանի 30.04.2001 թվականի թիվ 419-րդ որոշման անընթեռնելիության հարցը կարող էր պարզվել գործի քննության ընթացքում, ուստի նշված հանգամանքները ևս չէին կարող հայցադիմումը վերադարձնելու հիմք հանդիսանալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 30.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Դատարանի 11.06.2021 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը»:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և 70-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Բացի այդ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի, 70-րդ հոդվածի, 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջների ներկայացման դեպքում պատասխանողի ներգրավվման առանձնահատկություններին` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ և 70-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումների համատեքստում:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյոք հայցադիմումին կից ներկայացված վիճարկվող վարչական ակտի կամ դրա պատճենի անընթեռնելի լինելը կարող է հիմք հանդիսանալ հայցադիմումը վերադարձնելու համար:
i
1. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում:
Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը, օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով: Այսինքն` դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի` այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից` տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը:
i
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:
i
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում են քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորները:
i
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`
1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը:
Փաստորեն, օրենսդիրը հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ընդդատյա են կոնկրետ դատարանների քննությանը:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ դեպքերում դատարան ներկայացվող հայցադիմումները կարող են պարունակել միմյանց հետ փոխկապակցված վարչաիրավական և քաղաքացիաիրավական բնույթի պահանջներ` օրենսդիրը թե՛ ՀՀ վարչական դատավարության և թե՛ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ամրագրել է միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործերի ընդդատության կանոնները:
i
Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է առաջին ատյանի դատարանին, իսկ մյուսը` վարչական դատարանին, քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծումը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը:
i
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջ քննելիս դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում վարչական դատավարության` նույն օրենսգրքով ամրագրված սկզբունքներին:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մի քանի փոխկապակցված հայցապահանջների հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության որոշման խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա գործը պետք է քննվի այն դատարանում, որին ընդդատյա է ներկայացված հիմնական պահանջը (տե՛ս, Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի և մյուսների թիվ ՎԴ/0476/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ բացահայտելով հիմնական պահանջի հասկացությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միմյանց հետ փոխկապակցված մի քանի հայցապահանջներից հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը (տե՛ս, Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նախ և առաջ եզրահանգում է, որ թե՛ ՀՀ վարչական դատավարության, և՛ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերը բովանդակում են կարգավորումներ, որոնք տարանջատում են դնում հիմնական և ածանցյալ պահանջների միջև: Ընդ որում, վկայակոչված երկու օրենսգրքերն էլ հիմնական են համարում հայցվորի կողմից ներկայացված այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծումը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից դատավարական օրենսգրքերում նման կարգավորում նախատեսելն ինքնանպատակ չէ, քանի որ այն միտված է արդարադատության իրականացման արդյունավետության ապահովմանը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրարից տարբերվող, մասնավորապես քաղաքացիաիրավական և վարչաիրավական բնույթ ունեցող, սակայն միմյանց հետ փոխկապակցված պահանջների քննությունը միևնույն դատարանի կողմից իրականացնելն առավել արդյունավետ կարող է լինել տվյալ գործի լուծման համար, քանի որ հենց հիմնական պահանջի լուծումով է կանխորոշվում ածանցյալ պահանջի լուծումը: Այլ կերպ ասած, գործի ըստ էության ճիշտ լուծումը պայմանավորված է հիմնական պահանջի (պահանջների) ճիշտ լուծմամբ, որն ինքնին կանխորոշելու է նաև ածանցյալ պահանջի (պահանջների) լուծումը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տարաբնույթ, սակայն միմյանց հետ փոխկապակցված պահանջների համատեղ քննության հնարավորությունը սահմանելու հետ միաժամանակ օրենսդիրն ամրագրել է նաև նման պահանջների համատեղ քննության առանձնահատկությունները:
Մասնավորապես` ՀՀ վարչական դատարանին ընդդատյա հիմնական պահանջի (պահանջների) հետ միասին ներկայացված քաղաքացիաիրավական բնույթի պահանջի (պահանջների) քննությունը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով, պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով, եթե դրանց կիրառումը չի հակասում վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված սկզբունքներին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը հնարավոր է համարել միմյանց հետ փոխկապակցված վարչաիրավական և քաղաքացիաիրավական պահանջների համատեղ քննությունը, սակայն միաժամանակ մատնանշել է, թե դրանցից յուրաքանչյուրի քննության համար դատավարական որ կանոնները պետք է կիրառվեն:
Հաշվի առնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից դատավարական կանոնների ընտրության վերոգրյալ առանձնահատուկ կանոններ նախատեսելն ինքնանպատակ չէ, քանի որ թեև հայցվորի կողմից դատարան ներկայացված միմյանց հետ փոխկապակցված տարաբնույթ պահանջները քննվում են համատեղ, այնուամենայնիվ դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ յուրահատուկ հատկանիշներ:
Ի հիմնավորումն վերոգրյալի` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում հայցվորի կողմից դատարան ներկայացվող տարաբնույթ պահանջները վերաբերում են այս կամ այն իրավահարաբերությանը, որոնցից յուրաքանչյուրն ունի օրենսդրի կողմից ամրագրված հատուկ կարգավորումներ` հաշվի առնելով կոնկրետ իրավահարաբերության առանձնահատկությունները: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միմյանց հետ փոխկապակցված վարչական և քաղաքացիաիրավական մի քանի պահանջների համատեղ քննության հնարավորություն նախատեսելով` օրենսդիրը միաժամանակ հաշվի է առել այդ պահանջների լուծման արդյունքում կարգավորվող հարաբերությունների բնույթն ու առանձնահատկությունները, որոնցով պայմանավորված էլ սահմանել է դրանցից յուրաքանչյուրը համապատասխան դատավարական նորմերով քննելու պահանջը:
Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքում, երբ վարչական դատարան ներկայացվում են միմյանց հետ փոխկապակցված վարչաիրավական և քաղաքացիաիրավական պահանջներ, որոնցից հիմնականն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանի քննությանը, ՀՀ վարչական դատարանը քաղաքացիաիրավական բնույթի պահանջի (պահանջների) քննությունը պետք է իրականացնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով, եթե դրանց կիրառումը չի հակասում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված սկզբունքներին:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադարձ կատարել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Հայցերի միացումը» վերտառությունը կրող 70-րդ հոդվածի կարգավորումներին` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սույն գործով ներկայացված հայցադիմումը վերադարձնելիս Դատարանը, ի թիվ այլնի, կիրառելի է համարել հենց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածով ամրագրված կարգավորումը, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է դիտարկել նշված հոդվածի կիրառումը:
i
Այսպես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի վերլուծությանը, նշել է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովել անձանց դատական պաշտպանության իրավունքի գործնականում արդյունավետ երաշխավորումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հայցվորի համար նախատեսել է մեկից ավելի պահանջներ մեկ հայցում միավորելու իրավական հնարավորությունը` սահմանելով, որ մեկից ավելի պահանջները կարող են միավորվել մեկ հայցում` հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում. առաջին` դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ, երկրորդ` եթե այդ պահանջները փոխկապակցված են:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգավորումը մյուս կողմից բխում է նաև դատական խնայողության սկզբունքից` հնարավորություն տալով դատարանին` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմած անձի` մեկից ավելի փոխկապակցված պահանջներից բաղկացած գործը քննել ավելի սեղմ ժամկետներում` վատնելով ավելի քիչ ռեսուրսներ, քան անհրաժեշտ կլիներ, եթե պահանջները ներկայացված լինեին առանձին-առանձին:
Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր դեպքերում, երբ անձը, օգտվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հնարավորությունից, մեկ պատասխանողի դեմ մեկ հայցով ներկայացնում է մի քանի պահանջ, դատարանն առաջին հերթին պետք է պարզի, արդյո՞ք նշված պահանջները փոխկապակցված են, թե` ոչ: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նկատել, որ յուրաքանչյուր դեպքում պահանջների փոխկապակցվածության հարցը լուծելը պետք է հիմնվի դատարանի ներքին համոզման վրա, որը, սակայն, չպետք է լինի կամայական, այլ պետք է ուղղված լինի վարչական դատավարության նպատակների իրականացմանը, որոնցից ամենահիմնականն իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է (տե՛ս, Համլետ Պապոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4767/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Հայցերի միացումը» վերտառությունը կրող 70-րդ հոդվածը իրավական հնարավորություն է ընձեռում հայցվորին միևնույն պատասխանողի դեմ ուղղված և միմյանց հետ փոխկապակցված մեկից ավելի ինքնուրույն պահանջները միավորել մեկ հայցում` ապահովել անձանց դատական պաշտպանության իրավունքի գործնականում արդյունավետ երաշխավորումը:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ և 11-րդ հոդվածներով ամրագրված կարգավորումները թեև ունեն որոշակի ընդհանրություններ, այդուհանդերձ դրանք էապես տարբերվում են միմյանցից: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ երկու հոդվածներով ամրագրված կարգավորումների դեպքում էլ անհրաժեշտ է մեկից ավելի պահանջների առկայություն, որոնք փոխկապակցված են միմյանց հետ, և որոնք ներկայացվում են դատարան մեկ հայցադիմումի շրջանակում: Միևնույն ժամանակ, ի տարբերություն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածով ամրագրված կարգավորումը կիրառելի չէ այն պարագայում, երբ մեկից ավելի պահանջներն ունեն ածանցյալ բնույթ և ուղղված են երկու և ավելի պատասխանողի դեմ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործերի ընդդատության դեպքում հայցվորի կողմից ներկայացված մեկից ավելի տարաբնույթ պահանջները կարող են ուղղված լինել թե՛ նույն և թե՛ մի քանի պատասխանողների դեմ: Մինչդեռ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված հայցերի միացման դեպքում պահանջները պետք է ուղղված լինեն բացառապես միևնույն պատասխանողի դեմ: Այլ կերպ ասած` միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներ դատարան ներկայացված լինելու պարագայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ կամ 70-րդ հոդվածի կիրառելիության համար հարկ է պարզել հետևյալ հանգամանքները`
ա) արդյո՞ք պահանջների փոխկապակցվածությունը պայմանավորված է դրանց հիմնական և ածանցյալ բնույթով: Եթե պահանջների միջև առկա կապի հիմքում ընկած է նշված հանգամանքը, ապա կիրառման ենթակա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի կարգավորումը, որպիսի պարագայում հիմնական և ածանցյալ բնույթի պահանջներով պատասխանողի կարգավիճակում կարող են հանդես գալ ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր սուբյեկտներ` ընդ որում նաև քաղաքացիադատավարական օրենսդրության իմաստով:
բ) արդյո՞ք պահանջների փոխկապակցվածությունը ենթադրում է նույն հայցադիմումում այնպիսի հիմնական պահանջների մեկտեղում, որոնք չեն կանխորոշում միմյանց լուծման ելքը: Եթե պահանջների միջև առկա կապի հիմքում ընկած է նշված հանգամանքը, ապա կիրառման ենթակա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգավորումը, որպիսի պարագայում փոխկապակցված պահանջներով պատասխանողի կարգավիճակում կարող է հանդես գալ բացառապես միևնույն սուբյեկտը:
i
2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` հայցադիմումին կցվում են վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները, ինչպես նաև նույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջը, եթե համապատասխան վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հնարավոր է ներկայացնել:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:
i
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:
i
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից, պետական և տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար:
i
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանի պահանջները պարտադիր են կատարման համար նրա սահմանած ժամկետում: Այդ ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները: Դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել նոր ժամկետ կամ վերացնել նախկինում ընդունած որոշումը:
i
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ապացույց պահանջելու մասին դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Դատարանի որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկով նշել է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է ապացույցներ ներկայացնելու ընդհանուր կանոն, համաձայն որի` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման համաձայն` վարչական մարմինը բոլոր դեպքերում, անկախ ապացուցման բեռը կրելու կամ չկրելու հանգամանքից, ունի իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած ապացույց ներկայացնելու պարտականություն, ինչը, սակայն, չի նշանակում, որ այդպիսիք ներկայացնելու անհնարինության դեպքում վարչական մարմինը պետք է կրի չապացուցված փաստով պայմանավորված բացասական իրավական հետևանքներ (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մանուկ Նազարյանի թիվ ՎԴ/9439/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
i
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով 17.04.2009 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերը վկայակոչված իրավական նորմերը և շարադրված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը նախ և առաջ նշում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը որպես հայցադիմումը վերադարձնելու հիմք դիտարկել է հայցադիմումի ձևին և բովանդակությանը օրենքով ներկայացվող պահանջների չպահպանումը և հայցադիմումին կցվող որոշ փաստաթղթերի բացակայությունը, ներառյալ` վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հայցադիմումին չկցելը, եթե համապատասխան վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հնարավոր է ներկայացնել: Այսինքն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը որպես հայցադիմումը վերադարձնելու հիմք, ի թիվս այլ հիմքերի, սահմանել է ոչ թե վիճարկվող ակտը կամ դրա պատճենը ոչ ընթեռնելի վիճակում վարչական դատարան ներկայացնելը, այլ վիճարկվող ակտի կամ դրա պատճենի բացակայությունն առհասարակ: Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի տարբերություն հայցադիմումին կցված, սակայն մասնակի ընթեռնելի կամ դժվար ընթեռնելի ակտի կամ դրա պատճենի առկայության դեպքի, վիճարկվող ակտի կամ դրա պատճենի` հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի շարքում առհասարակ բացակայությունը (բացառությամբ դրանցից որևէ մեկի` դատարան ներկայացնելու անհնարինության դեպքի) կարող է դատարանի մոտ ձևավորել կարծիք վիճարկվող ակտի` իրականության մեջ առհասարակ գոյություն չունենալու վերաբերյալ: Այսինքն` հայցադիմումին կից վիճարկվող ակտի կամ դրա պատճենը կցելու օրենսդրական պահանջի նպատակը դատարանին նշված ակտի` իրականության մեջ գոյություն ունենալու մասին հավաստիացնելն է: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ հայցվորը ներկայացնում է վիճարկվող ակտի` իր տիրապետության տակ եղած պատճենը, սակայն մասնակի ընթեռնելի կամ դժվար ընթեռնելի վիճակում, ապա դատարանը չպետք է սահմանափակի անձի դատական պաշտպանության իրավունքը և դրա մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքը:
Վճռաբեկ դատարանն այնուամենայնիվ չի բացառում այնպիսի իրավիճակը, երբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կարգավորումը կարող է առավել լայն մեկնաբանվել: Մասնավորապես, այն դեպքում, երբ թեև վիճարկվող ակտը կամ դրա պատճենը նյութապես կցված են հայցադիմումին, սակայն կցված փաստաթուղթն առհասարակ հնարավոր չէ ընթերցել, ապա դատարանը կարող է նման իրավիճակը դիտարկել որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջի խախտում և վերադարձնել հայցադիմումը, եթե կցված վիճարկվող ակտի կամ դրա պատճենի անընթեռնելիությունը դատարանի մոտ կասկած է հարուցում վիճարկվող նման ակտի` իրականության մեջ առհասարակ գոյություն ունենալու վերաբերյալ: Այլ կերպ ասած, այն դեպքում, երբ հայցադիմումին կցված վիճարկվող ակտը կամ դրա պատճենն այն վիճակում են, որ հնարավորություն են տալիս առնվազն եզրահանգելու վիճարկվող ակտի` իրականության մեջ գոյության մասին, ապա դատարանը նման ակտի ընթեռնելի տարբերակի ձեռքբերմանը կարող է ձեռնամուխ լինել նաև դատավարության հետագա փուլերում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ հայցվորն իր տիրապետման տակ ունեցած մասնակի ընթեռնելի վիճարկվող ակտը կամ դրա պատճենը ներկայացրել է դատարան, և բացակայում է Վճռաբեկ դատարանի կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կարգավորումը լայն մեկնաբանելու վերը բացահայտված անհրաժեշտությունը, ապա դատարանն օժտված է անհրաժեշտ ամբողջ գործիքակազմով դատավարության հետագա փուլերում ստանալու համապատասխան անհրաժեշտ ապացույցի ընթեռնելի տարբերակը: Նման դիրքորոշումը բխում է նախ և առաջ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքից (ex officio): Այլ կերպ ասած, նկարագրված իրավիճակում, դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակցի ներկայացրած ապացույցով և իր նախաձեռնությամբ կարող է ձեռնարկել համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
Ի հիմնավորումն վերը շարադրված դիրքորոշման` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վկայակոչել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումն առ այն, որ վարչական մարմինը պարտավոր է ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները: Հիմք ընդունելով նշված կարգավորումը` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ գալիս է այն եզրահանգման, որ հայցադիմումին կցված մասնակի ընթեռնելի կամ դժվար ընթեռնելի վիճարկվող ակտը կամ դրա պատճենը դատավարության հետագա փուլերում կարող է փոխարինվել ընթեռնելի ապացույցով:
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հայկանուշ Մանուկյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է.
1. անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 30.04.2001 թվականի թիվ 419 որոշման 1-ին, 3-րդ և 5-րդ կետերը և նշված որոշման թիվ 1 հավելվածի 23-րդ կետը հայցվորին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ներքին Շենգավիթ 4 փողոց 38 տուն հասցեին վերաբերող մասով (ինքնուրույն պահանջ),
2. անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի և «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի միջև 07.09.2001 թվականի նոտարական կարգով կնքված թիվ 3-9137 հողի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա նշված վարձակալության պայմանագրի պետական գրանցումը /03.10.2001 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 481085 վկայական/ (ածանցյալ պահանջներ),
3. պարտավորեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով հայցվորին պատկանող ք. Երևան, Ներքին Շենգավիթ 4 փողոց 38 տուն հասցեում գտնվող հողամասը բերել նախկին տեսքին` ապամոնտաժել էլեկտրական ենթակայանն իր պատկանելիքներով, քանդել շինությունը և դրանով ծանրաբեռնված հողամասը վերադարձնել հայցվորին (ածանցյալ պահանջներ):
Դատարանի 11.06.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) 30.04.2001 թվականի թիվ 419 որոշման և դրա հավելվածի պատճեններն ընթեռնելի չեն (...), հայցվորի կողմից չեն ներկայացվել հիմնավորումներ և ապացույցներ` 30.04.2001 թվականի թիվ 419 վարչական ակտի և դրա հավելվածի ընթեռնելի պատճենները ձեռք բերելու և դրանք դատարան ներկայացնելու անհնարինության մասին:
i
(...) ինքնակամ կառույցի քանդման հետ կապված հարաբերությունները կարգավորված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով (...), ինքնակամ կառույցը քանդելու վերաբերյալ պահանջը չի կարող ածանցվել վիճարկման հայցից` վերջինս չի կողմնորոշում կառույցը քանդելու պահանջի լուծման ելք:
i
(...) ներկայացված հայցը չի համապատասխանում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներին, որի համաձայն` հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են, մինչդեռ հայցադիմումում նշվել են հինգ պատասխանողներ:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ և 7-րդ կետերի համաձայն` հայցադիմումը բովանդակում է պատասխանողի անվանումը, (...) հայցվորի պահանջը:
i
Նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` պատասխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:
Տվյալ պարագայում հայցվորը, որպես հիմնական պահանջ, խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի որոշումը, որպիսի պահանջն ուղղված է Երևանի քաղաքապետարանի դեմ: Դատարանն արձանագրում է, որ հայցադիմումում որպես պատասխանող նշված ՀՀ կառավարության դեմ որևէ պահանջ չի ներկայացվել, իսկ ՀՀ նոտարական պալատի, Կադաստրի կոմիտեի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության մասնակցությունը սույն գործին կարող է սահմանափակվել երրորդ անձի կարգավիճակով»:
Վերաքննիչ դատարանը 30.08.2021 թվականի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը` իրավաչափ համարելով հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումները:
Մինչդեռ, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է հետևյալը.
Սույն գործով հայցվորը մեկից ավելի պատասխանողների դեմ ներկայացրել է իրար հետ փոխկապակցված մի քանի պահանջ, որոնցից առաջինը` Երևանի քաղաքապետարանի 30.04.2001 թվականի թիվ 419 որոշման 1-ին, 3-րդ և 5-րդ կետերը և նշված որոշման թիվ 1 հավելվածի 23-րդ կետը հայցվորին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ներքին Շենգավիթ 4 փողոց 38 տուն հասցեին վերաբերող մասով անվավեր ճանաչելու մասին, ըստ հայցվորի հիմնական է և ընդդատյա է վարչական դատարանին: Մյուս պահանջները, այն է` Երևանի քաղաքապետարանի և «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի միջև 07.09.2001 թվականի նոտարական կարգով կնքված թիվ 3-9137 հողի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա նշված վարձակալության պայմանագրի պետական գրանցումն անվավեր ճանաչելը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին պարտավորեցնելը սեփականության իրավունքով հայցվորին պատկանող ք. Երևան, Ներքին Շենգավիթ 4 փողոց 38 տուն հասցեում գտնվող հողամասը բերել նախկին տեսքին` ապամոնտաժել էլեկտրական ենթակայանն իր պատկանելիքներով, քանդել շինությունը և դրանով ծանրաբեռնված հողամասը վերադարձնել հայցվորին, ըստ հայցվորի ածանցյալ են:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը, իրացնելով դատական պաշտպանության իր իրավունքը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներին համապատասխան դատարան է ներկայացրել միմյանց հետ փոխկապակցված մեկից ավելի պահանջներ: Հայցվորի կողմից ներկայացված պահանջներից հիմնականն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանի քննությանը, ուստի, քաղաքացիաիրավական բնույթ կրող ածանցյալ պահանջները ևս ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից: Ինչպես արդեն նշվեց, ածանցյալ պահանջների քննության մասով կիրառման են ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված սկզբունքներին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու հիմքով վերադարձնելը իրավաչափ չէ, քանի որ տվյալ իրավակարգավորումը նշված դեպքում կիրառելի չէ, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Բացի այդ, Դատարանը, հիմնվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կանոնների վրա, անդրադարձ է կատարել հայցվորի կողմից ներկայացված հայցում մատնանշված պատասխանողների դատավարական կարգավիճակին` գտնելով, որ ՀՀ նոտարական պալատի, Կադաստրի կոմիտեի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնակցությունը սույն գործին կարող է սահմանափակվել երրորդ անձի կարգավիճակով: Մինչդեռ, վերոշարադրյալ վերլուծությունները հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիաիրավական պահանջներով հայցվորի կողմից մատնանշված պատասխանողների վերաբերյալ Դատարանի նման եզրահանգումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումներով կառուցելը, և Վերաքննիչ դատարանի կողմից Դատարանի նման եզրահանգումը հիմնավոր դիտարկելը ոչ իրավաչափ է: Մասնավորեցնելով նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված քաղաքացիաիրավական պահանջների և այդ պահանջներով պատասխանողների ընտրության և դատավարական կարգավիճակի վերաբերյալ Դատարանը կարող էր գնահատական տալ առաջնորդվելով վերաբերելի դատավարական կանոններով, այն է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումներով: Վերոգրյալից ևս հետևում է, որ սույն գործով կիրառելի չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածը:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով հայցադիմումը վերադարձնելու հաջորդ հիմքի վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորի կողմից ներկայացված վիճարկվող վարչական ակտի և դրա հավելվածի պատճենները հնարավորություն են տվել Դատարանին արձանագրելու, որ իրականության մեջ առկա է Երևանի Քաղաքապետարանի 30.04.2001 թվականի թիվ 419 որոշումը` ««Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի տրանսֆորմատորային ենթակայանների զբաղեցրած հողատարածքների սահմանների ճշտման և կարգավիճակի որոշման մասին», որի հավելված 1-ում ներկայացված են վարձակալության հանձնված հողամասի հասցեները: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստորեն Դատարանը, արձանագրած լինելով հայցվորի կողմից ներկայացված վիճարկվող ակտի` իրականության մեջ գոյություն ունենալու հանգամանքը, վերադարձրել է հայցը` պահանջելով Դատարան ներկայացնել դրա և կից հավելվածի ընթեռնելի տարբերակը, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել Դատարանի նման դիրքորոշումը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող ակտի` իրականության մեջ գոյություն ունենալու վերաբերյալ բավարար ապացույցներ ունենալու պայմաններում` անընթեռնելի վարչական ակտ ներկայացված լինելու պատճառաբանությամբ հայցը վերադարձնելու մասին Դատարանի եզրահանգումը Վերաքննիչ դատարանի կողմից հիմնավոր համարվելն իրավաչափ չէ: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները եկել են սխալ եզրահանգման` հայցադիմումին կից վիճարկվող ակտը կամ դրա պատճենը կցելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջի խախտված լինելու վերաբերյալ, ինչի հետևանքով սահմանափակել են հայցվորի դատական պաշտպանության իրավունքը և դրա մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 11.06.2021 թվականի որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 29 ապրիլի 2022 թվական:
Միասնական կայք` 22.08.22-04.09.22