i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վարչական վերաքննիչ Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/21995/02/18
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21995/02/18 2021 թ.
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2021 թվականի հուլիսի 2-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Հունան Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Հունան Ղազարյանից բռնագանձել 95.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար, ինչպես նաև 1.900 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 28.500 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 25.01.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.01.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով Ընկերությունը ներկայացնելով հայցադիմում և վերաքննիչ բողոք, հստակ տարանջատել է գտնվելու վայրի և ծանուցման հասցեները, մինչդեռ դատարանը ծանուցումն ուղարկել է կողմի հասցեով, այլ ոչ թե կողմի նշած ծանուցման հասցեով և այն ժամանակը, որն անհրաժեշտ է եղել կողմին իր համար անսպասելի վայրում ստացված ծանուցումը ներկայացուցչին փոխանցելու համար, այնքան քիչ է եղել, որ ներկայացուցիչը դատական նիստին մասնակցելու հնարավորություն չի ունեցել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դատական նիստը նշանակվել է 18.03.2019 թվականին, իսկ ծանուցումն Ընկերության հասցեով ստացվել է 14.03.2019 թվականին` հինգշաբթի օրը, այսինքն` հայցվորն ունեցել է մեկ աշխատանքային օր` 15.03.2019 թվականը, որին հաջորդել են ոչ աշխատանքային օրեր: Մինչդեռ օրենսդիրը 09.04.2018 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել է նոր կարգավորում այն է` դատարանների վրա է դրել իմպերատիվ պարտականություն ծանուցելու կողմերին այն հաշվարկով, որ դատավարության մասնակիցներն ունենան առնվազն 3 աշխատանքային օր մինչև կայանալիք դատական նիստը:
Այսպիսով դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում հայցվորը զրկվել է դատական նիստին պատշաճ ներկայություն ապահովելու իրավունքից: Տվյալ դեպքում ստորադաս դատարանը պարտավոր էր դատական նիստը հետաձգել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի ապահովվել ծանուցումը դատական նիստից առնվազն երեք օր առաջ ստանալու օրենսդրի պահանջը:
i
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է. «Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/21995/02/18 քաղաքացիական գործով 20.03.2019թ. որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության ամբողջ ծավալով»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերությունը Դատարանի 25.01.2019 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում որպես ծանուցման հասցե նշել է. «ք. Երևան, Արգիշտի 11/3 շ., 207 տ.» (գ.թ. 55-58):
2) Վերաքննիչ դատարանի 01.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, գործի քննությունը նշանակվել է 18.03.2019 թվականին: Դատական նիստ նշանակելու մասին որոշումն Ընկերությանն ուղարկվել է 07.03.2019 թվականին` ք. Երևան, Հանրապետության 51, 53 տարածք 47, 48, 50 հասցեով (գ.թ. 64-65, 67):
3) Վերաքննիչ դատարանի 01.03.2019 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և 18.03.2019 թվականին դատական նիստ նշանակելու մասին որոշումն Ընկերության հասցեում ստացվել է 14.03.2019 թվականին (օրը` հինգշաբթի) (գ.թ. 68):
i
4) Ընկերության վճռաբեկ բողոքում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին վերաբերող բողոքի հիմք:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, որը դրսևորվել է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասը խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորման առանձնահատկություններին` վերահաստատելով և զարգացնելով դատական ծանուցման վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
i
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե չի կարող իրականացվել տվյալ նիստում` դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու պատճառով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
i
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների գործով կայացրած որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
i
Վերահաստատելով նախկինում արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված` դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման հարցին, արձանագրել է, որ դատարանների վրա դրվել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված կարգավորումներով ևս, ըստ էության սահմանվել է, որ անկախ ծանուցման եղանակից` ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված պահանջները հավասարապես վերաբերում են նաև վերաքննիչ դատարանին, ուստի վերջինս ևս, վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում, կրում է բողոք բերած անձին և գործին մասնակցող մյուս անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն (տե՛ս, «Գարանտ Ըքաունթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մանջիարե» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/4088/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2020 թվականի որոշումը):
i
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը` ծանուցումն իրականացնելու այնպես, որ դրա հասցեատերն առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիք է: Նշված կանոնն ամրագրելով` օրենսդիրը նպատակ է հետապնդել սահմանելու այնպիսի կառուցակարգ, որը դատավարության մասնակիցներին հնարավորություն կտա մինչև դատական նիստը առավելագույնս պատրաստվել իրենց իրավունքների պաշտպանությանը: Միաժամանակ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարաններում գործին մասնակցող անձանց ծանուցումը պետք է իրականացվի այնպես, որ հասցեատերը դատական նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցված լինի կայացվելիք դատական նիստի մասին: Հակառակ պարագայում, եթե ծանուցման ժամկետը պակաս է երեք աշխատանքային օրից, անձը չի կարող համարվել պատշաճ ծանուցված:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը Դատարանի 25.01.2019 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում որպես ծանուցման հասցե նշել է ք. Երևան, Արգիշտի 11/3 շենք, տուն 207 հասցեն:
Վերաքննիչ դատարանի 01.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, գործի քննությունը նշանակվել է 18.03.2019 թվականին: Դատական նիստ նշանակելու մասին որոշումն Ընկերությանն ուղարկվել է 07.03.2019 թվականին` ք. Երևան, Հանրապետության 51, 53 տարածք 47, 48, 50 հասցեով:
Ընկերության հասցեով (ք. Երևան, Արգիշտի 11/3 շենք, տուն 207 հասցե) Վերաքննիչ դատարանի 01.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը ստացվել է 14.03.2019 թվականին:
Ընկերության վճռաբեկ բողոքում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին վերաբերող բողոքի հիմք:
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի դատավարական գործողությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում խախտվել է բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը, քանի որ նախ` ծանուցում չի կատարվել իրավաբանական անձի ծանուցման հասցեում, ինչպես նաև բողոք բերած անձը առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցված չի եղել կայացվելիք դատական նիստի մասին: Ուստի գործի վերաքննության փուլում գործին մասնակցող անձի պատշաճ ծանուցումն ապահովված չլինելու պայմաններում գործի քննությունը չէր կարող իրականացվել տվյալ նիստում, հետևաբար առկա է եղել դատական նիստը հետաձգելու հիմք, իսկ այդ պարագայում դատական նիստ անցկացնելը խախտել է բողոք բերած անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոքաբերի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Վճռաբեկ դատարանը, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջների խախտման պայմաններում, վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին հնարավոր չի համարում անդրադառնալ:
Նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջների խախտումը թույլ է տրվել Վերաքննիչ դատարանի կողմից, ուստի սույն գործի նոր քննությունը պետք է իրականացվի վերաքննիչ դատարանում:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու համար:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 2 հուլիսի 2021 թվական: