040.1440.111208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 2008 թվականի N 1440-Ն
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` վեցամսյա ժամկետում`
1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել`
ա. Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական կադաստրի զարգացման 2010-2015 թվականների համալիր ծրագիրը,
բ. բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը.
2) հաստատել բուսական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի նոյեմբերի 13-ի
N 1440-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը:
2. Բուսական աշխարհի պետական կադաստրը (այսուհետ` պետական կադաստր) բուսական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի քանակական ու որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, հանրապետական ու մարզային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ է:
3. Պետական կադաստրի վարումը նպատակ ունի բացահայտելու բուսական տեսակների և համակեցությունների, դրանց աճելավայրերի քանակական և որակական փոփոխությունները:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
5. Պետական կադաստրի վարման համար կարող են օգտագործվել գիտական ուսումնասիրությունների, պետական հաշվառման և մոնիթորինգի, բուսական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի և այլ տվյալներ:
6. Պետական կադաստրը վարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
7. Պետական կադաստրը կազմված է հետևյալ բաժիններից`
1) Հայաստանի Հանրապետության տարածքի վայրի բույսերի տեսակային բազմազանություն (ստորակարգ, բարձրակարգ բույսեր և սնկեր).
2) բուսական աշխարհի օգտագործում.
3) բուսական աշխարհի պահպանություն, վերարտադրություն:
8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված պետական կադաստրի բաժինները ներառում են բուսական տեսակի մասին հետևյալ տեղեկատվությունը`
1) կարգաբանական պատկանելությունը և գիտական անվանումը (հայերեն, լատիներեն), կարգավիճակը` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) դասակարգումը.
2) բուսատեսակի տարածվածությունը` աշխարհագրական և վարչատարածքային.
3) աճելավայրը` տվյալ բուսատեսակի աճելավայրի էկոհամակարգային նկարագիրը և բնորոշ ուղեկցող բուսատեսակները.
4) արժեքները` բուսատեսակի բնապահպանական, գիտական, մշակութային և տնտեսական արժեքները.
5) պաշարը` աշխարհագրական որոշակի տարածքում օգտագործման ենթակա քանակությունը.
6) քաղաքացիներին և իրավաբանական անձանց օգտագործման տրված վայրի բույսերը (օգտագործման իրավունքի և տեսակի, թույլատրված ու փաստացի).
7) պոպուլյացիայի վիճակը, սպառնալիքները.
8) տեսակի պահպանության ու կայուն օգտագործման միջոցառումները` առկա և նախատեսվող.
9) տեղեկատվության սկզբնաղբյուրը:
II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Պետական կադաստրի վարման տարեկան ծրագրերն օրենքով սահմանված կարգով մշակում է լիազոր մարմինը:
10. Պետական կադաստրի տվյալները գրանցվում են գրանցամատյանում, որի օրինակելի ձևը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:
11. Պետական կադաստրում տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:
12. Պետական կադաստրի վարման գրանցամատյաններում ներառվում են նաև բուսական աշխարհի պետական հաշվառման տվյալները: Բուսական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է պարբերաբար` ոչ ուշ, քան յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ:
13. Պետական կադաստրի վարման գրանցամատյանները վարվում են ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով, որոնց վարման ժամանակ պետք է ապահովվի դրանց համադրելիությունը: Փաստաթղթային և էլեկտրոնային կրիչների միջև տվյալների տարբերության դեպքում հիմք է ընդունվում փաստաթղթային տարբերակը:
14. Պետական կադաստրի վարման գրանցամատյաններում տվյալների մուտքագրումը և փոփոխությունն իրականացվում են դրանք ներկայացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
15. Պետական կադաստր վարող լիազոր մարմինը ճշգրիտ մուտքագրում է բուսական աշխարհի հաշվառում և ուսումնասիրություններ իրականացնողների ներկայացրած փաստաթղթային և էլեկտրոնային տվյալները:
16. Սույն կարգի 8-րդ կետում նշված պետական կադաստրի ամփոփ տվյալները համարվում են պաշտոնական և կարող են հիմք հանդիսանալ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների համար` իրենց լիազորությունների սահմաններում որոշումներ ընդունելիս:
17. Պետական կադաստրի տվյալները կարող են տրամադրվել տեղեկանքների, հաշվետվությունների, գրաֆիկական և այլ նյութերի տեսքով:
18. Իրավաբանական անձինք և քաղաքացիները պետական կադաստրի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում են լիազոր մարմին:
?