Սեղմել Esc փակելու համար:
«ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/2434/05/08
2009թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2434/05/08
Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
 Մ. Դրմեյանի
  Ե. Խունդկարյանի
 Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 23.12.2008 թվականի վճռի դեմ` ըստ Գևորգ Գևորգյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-204-Ա հրամանը և Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 25.08.2006 թվականի թիվ 1369-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Գևորգյանը պահանջել է անվավեր ճանաչել Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-204-Ա հրամանը և Քաղաքապետի 25.08.2006 թվականի թիվ 1369-Ա որոշումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2008 թվականի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կադաստրը և Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 8-րդ հոդվածներից հետևում է, որ օրինականացված շինությունների ու հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պարտադիր պայման է օրինականացված անշարժ գույքի համար համապատասխան վճարումների կատարումը, մինչդեռ, գործի քննությամբ չի հիմնավորվել, որ Գևորգ Գևորգյանը կատարել է այդ վճարումները:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.09.2006 թվականի վճռով Քաղաքապետարանի հայցի հիման վրա անվավեր է ճանաչվել Գևորգ Գևորգյանի անվամբ 08.12.2005 թվականին տրված թիվ 2095495 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը: ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1435-ՎԴ որոշման ուժով սեփականության իրավունքի գրանցման վկայականը վիճարկելով` տվյալ դեպքում ենթադրվել է, որ ըստ էության վիճարկվում է սեփականության իրավունքի պետական գրանցումը: Նշվածից հետևում է, որ Գևորգ Գևորգյանը սեփականությունից զրկվել է օրենքով սահմանված կարգով` սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսացող սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչվելու հետևանքով: Հետևաբար, անհիմն է Դատարանի այն եզրահանգումը, թե Գևորգ Գևորգյանը սեփականությունից զրկվել է ոչ դատական կարգով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.09.2006 թվականի վճռով հաստատված հանգամանք է, որ ներկայացված անդորրագրերով վճարման ենթակա գումարներն իրականում Քաղաքապետարանի արտաբյուջետային և պետական բյուջեի համապատասխան հաշվին չեն մուտքագրվել, իսկ Գևորգ Գևորգյանն այդ հանգամանքը չի հերքել և հետագայում միջոցների չի ձեռնարկել օրենքով նախատեսված վճարումները կատարելու ուղղությամբ: Հետևաբար, Քաղաքապետն իրավասու էր «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի հիմքով անվավեր ճանաչել իր իսկ որոշումը` Գևորգ Գևորգյանի մասով:

Վերոգրյալի հիման վրա Կադաստրը պահանջել է բեկանել Դատարանի 23.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության, իսկ Քաղաքապետը պահանջել է վճիռը բեկանել և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» Քաղաքապետի 20.04.2005 թվականի հ. 839-Ա որոշման 1-ին հավելվածի 361-րդ կետով ճանաչվել է Գևորգ Գևորգյանի սեփականության իրավունքը Քանաքեռ ՀԷԿ-ի ձորում գտնվող 196 քմ մակերեսով շինության նկատմամբ, ինչպես նաև 1221 քմ մակերեսով հողամասի նկատմամբ` հողի օտարման պայմանով (հ. 1, գ.թ. 6):

2) 08.12.2005 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2095495 վկայականի համաձայն` գրանցվել է Գևորգ Գևորգյանի սեփականության իրավունքը Քանաքեռ ՀԷԿ-ի ձորում գտնվող 131,2 քմ մակերեսով շինության, ինչպես նաև 1221 քմ մակերեսով հողամասի նկատմամբ (հ. 1, գ.թ. 7-9):

3) Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-240-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Գևորգ Գևորգյանի անվամբ 08.12.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա տրամադրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2094595 վկայականը (հ. 1, գ.թ. 10-13):

4) Քաղաքապետի 25.08.2006 թվականի հ. 1369-Ա որոշմամբ չեղյալ է ճանաչվել Քաղաքապետի 20.04.2005 թվականի հ. 839-Ա որոշման 1-ին հավելվածի` Գևորգ Գևորգյանին վերաբերող 361-րդ կետը (հ. 1, գ.թ. 68-69):

5) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.09.2006 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Գևորգ Գևորգյանի անվամբ 08.12.2005 թվականին տրված թիվ 2095495 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը:

Վճռով հաստատվել է, որ «... Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-240-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Կադաստրի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից 08.12.2005 թվականին Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի ձոր հասցեի նկատմամբ Գևորգ Գևորգյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-012-4-44 մատյանի 000178 թերթիկում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման գրառումը և դրա հիման վրա 08.12.2005 թվականին տրամադրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2095495 վկայականը, սակայն օրենքով սահմանված կարգով գործարքը պետք է անվավեր ճանաչել դատական կարգով» (հ. 1, գ.թ. 14-15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք ոչ իրավաչափ են վիճարկվող վարչական ակտերը:

i

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից` բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Սահմանադրությունը, հռչակելով սեփականության իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, երաշխավորում է յուրաքանչյուրի` սեփականություն ունենալու բացարձակ իրավունքը` միաժամանակ ամրագրելով օրենքով նախատեսված դեպքերում այդ իրավունքից զրկելու հնարավորությունը միայն դատական կարգով:

Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետի 20.04.2005 թվականի հ. 839-Ա որոշման 1-ին հավելվածի 361-րդ կետով ճանաչվել է Գևորգ Գևորգյանի սեփականության իրավունքը Քանաքեռ ՀԷԿ-ի ձորում գտնվող 196 քմ մակերեսով շինության և 1221 քմ մակերեսով հողամասի նկատմամբ` հողի օտարման պայմանով, 08.12.2005 թվականին նրա սեփականության իրավունքը գրանցվել է, Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-240-Ա հրամանով անվավեր է ճանաչել Գևորգ Գևորգյանի անվամբ 08.12.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2095495 վկայականը, իսկ Քաղաքապետի 25.08.2006 թվականի հ. 1369-Ա որոշմամբ չեղյալ է ճանաչել Գևորգ Գևորգյանին սեփականության իրավունք տրամադրելու վերաբերյալ իր իսկ 20.04.2005 թվականի հ. 839-Ա որոշման 1-ին հավելվածի 361-րդ կետը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 15.09.2006 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Գևորգ Գևորգյանի անվամբ 08.12.2005 թվականին տրված թիվ 2095495 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-240-Ա հրամանը և Քաղաքապետի 25.08.2006 թվականի հ. 1369-Ա որոշումն ընդունվել են վերը նշված սահմանադրական նորմերի խախտմամբ, որի հետևանքով Գևորգ Գևորգյանը ոչ դատական կարգով զրկվել է սեփականության իրավունքից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-240-Ա հրամանը և Քաղաքապետի 25.08.2006 թվականի հ. 1369-Ա որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի ուժով ոչ իրավաչափ են:

i

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Սույն գործում առկա Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 15.09.2006 թվականի վճռի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ վճռով հաստատվել է Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-240-Ա հրամանով Գևորգ Գևորգյանի Քանաքեռ ՀԷԿ-ի ձորում գտնվող 131,2 քմ մակերեսով շինության և 1221 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից ոչ դատական կարգով զրկելու փաստը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի այն պատճառաբանությունը, որ վիճարկվող ակտերի գործողության արդյունքում Գևորգ Գևորգյանը զրկվել է պատշաճ ընթացակարգով ճանաչված և գրանցված սեփականությունից, ինչը տվյալ դեպքում կատարվել է ոչ դատական կարգով:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 23.12.2008 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2009
N ՎԴ/2434/05/08
Որոշում