ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-1670 (ՎԴ)
քաղաքացիական գործերով 2006 թ.
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 06-2186
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
դատավորներ` Ա. Խառատյան
Ա. Թումանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
2006 թվականի հոկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով գործին մասնակից չդարձած Անժիկ Խաչատրյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.06.2006 թվականի թիվ 06-2186 վճռի դեմ` ըստ Գուրգեն Գևորգյանի հայցի ընդդեմ Հմայակ Խաչատրյանի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու և գնորդին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է կողմերի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը լուծել և անվավեր ճանաչել գնորդին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի ապրիլի 7-ի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 28-ի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված Անժիկ Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, և դրա արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
i
Գործը քննող դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բողոքաբերը, վիճահարույց գործարքի կնքման պահին գրանցված ամուսնության մեջ գտնվելով գործով պատասխանող Հմայակ Խաչատրյանի հետ, հանդիսանում է վիճարկվող պայմանագրով օտարված գույքի համասեփականատեր: Հետևաբար, տվյալ պայմանագիրը լուծելը և սեփականության իրավունքի գրանցման համապատասխան վկայականն անվավեր ճանաչելը առանց բողոքաբերին դատավարության մասնակից դարձնելու խախտում են ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով երաշխավորված իր` սեփականության իրավունքը:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 28-ի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) գործով հայցվորը և պատասխանողը կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Դրանից ծագող իրավունքների պետական գրանցում է կատարվել:
2) պատասխանողի կինը` Անժիկ Խաչատրյանը, առաջին ատյանի դատարանում հանդես է եկել որպես իր ամուսնու` Հմայակ Խաչատրյանի ներկայացուցիչ:
3) Անժիկ Խաչատրյանը դատարանում պատասխանողի անունից հանդես գալու իր լիազորությունները լիազորագրով փոխանցել է այլ անձի:
4) վերաքննիչ դատարանում գործի քննությանը Անժիկ Խաչատրյանը ոչ մի կարգավիճակով չի մասնակցել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը հանդիսանում է նրանց համատեղ սեփականությունը:
Սույն գործով կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի լուծումը առաջացնում է հետևանքներ համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համար, այդ թվում` բողոք բերած անձի համար: Հետևաբար առկա է դեպք, երբ վճիռ է կայացվել գործին մասնակից չդարձած անձի իրավունքների վերաբերյալ:
i
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը զրկված է եղել դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից: Արդյունքում խախտվել է անձի` Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված «հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը» (արդար դատաքննության իրավունք):
Այն հանգամանքը, որ պատասխանողի կինը` Անժիկ Խաչատրյանը, առաջին ատյանի դատարանում հանդես է եկել որպես իր ամուսնու` Հմայակ Խաչատրյանի ներկայացուցիչ, Վճռաբեկ դատարանը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ չի դիտում, քանի որ բողոք բերած անձը չի ունեցել դատավարական ինքնուրույն սուբյեկտի կարգավիճակ և եղել է ընդամենը կողմի ներկայացուցիչ:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է վճռի` բոլոր դեպքերում բեկանման ենթակա լինելու մասին դրույթ այն դեպքերի համար, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Վերաքննիչ դատարանի կողմից վերը հիշատակված նորմի խախտման մասով վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ այդ նորմը կիրառվում է միայն Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկության կարգով դատական ակտերի վերանայման ժամանակ, և հետևաբար այն վերաքննիչ դատարանի կողմից կիրառման ենթակա չէ:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Անժիկ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 28-ի թիվ 06-2186 վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ