ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0272/02/08
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0272/02/08
Նախագահող դատավոր` Վ. Թորոսյան
Դատավորներ` Է. Մուրադյան
Ն. Հովսեփյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ե. Խունդկարյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրիտա Հակոբյանի ընդդեմ Հենրիկ Հովհաննեսի և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի` 17.12.2007 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 9038 և 01.12.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 9039 վկայագրերն անվավեր ճանաչելու, ինչպես նաև փաստացի տիրապետման ուժով Հրիտա Հակոբյանին Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Հասմիկ Հարությունյանին կտակով ու փաստացի տիրապետման ուժով Հրիտա Հակոբյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հրիտա Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանի անվամբ տրված ըստ կտակի, ինչպես նաև Հենրիկ Հովհաննեսի և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը:
Ավելացնելով հայցապահանջը` Հրիտա Հակոբյանի իրավահաջորդ Հասմիկ Հարությունյանը պահանջել է փաստացի տիրապետման ուժով Հրիտա Հակոբյանին ճանաչել Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և Հրիտա Հակոբյանի դուստր Հասմիկ Հարությունյանին կտակով և փաստացի տիրապետման հիմքով ճանաչել Հրիտա Հակոբյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2008 թվականի որոշմամբ Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրիտա Հակոբյանի իրավահաջորդ Հասմիկ Հարությունյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ, 1221-րդ և 1225-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի դրույթները, անտեսել է այն հանգամանքը, որ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին զրկել է լրացուցիչ հայցադիմումը ստանալու և դրա վերաբերյալ օրենքով նախատեսված երկշաբաթյա ժամկետում իր պատճառաբանությունները ներկայացնելու իրավունքից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ եթե նույնիսկ Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը բաց է թողել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամկետը, այնուամենայնիվ, ներկայացման իրավունքով փաստացի տիրապետմամբ ինչպես Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը, այնպես էլ Սյուզաննա Հարությունյանն ընդունել են Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգությունը:
Ավելին, Հասմիկ Հարությունյանին ճանաչելով ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ` դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հրիտա Հակոբյանի կողմից կատարված կտակն իրավական ուժ ունենալ չէր կարող, քանի որ ժառանգության բացման ժամանակ կտակում նշված գույքը չի պատկանել Հրիտա Հակոբյանին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության կամ հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը ներկայացել է դատական նիստին, դատարանին խնդրել է դատական նիստը հետաձգել մեկ օրով: Դատարանը բավարարել է միջնորդությունը, և այն հետաձգել է մեկ օրով: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի խախտում դատարանի կողմից թույլ չի տրվել:
Հենրիկ Հովհաննեսի և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները երբևիցե չեն տիրապետել իրենց հասանելիք ժառանգական գույքը, որի վերաբերյալ գործում առկա են ապացույցներ:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն դիրքորոշմանը, որ Հրիտա Հակոբյանի ժառանգության բացման պահին վերջինս գույք չի ունեցել, ապա այն անհիմն է, քանի որ ժառանգության բացման ժամանակ Հրիտա Հակոբյանն ունեցել է բնակելի տուն և հողամաս, մինչև մահանալը տիրապետել է Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգությունը, հետևաբար ժառանգության բացման պահին իր ամուսնուն պատկանող ամբողջ գույքը պատկանել է նրան:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2008 թվականի դատական նիստում հայցվորի իրավահաջորդ Հասմիկ Հարությունյանի ներկայացուցիչ Էդգար Բեդեմյանն ավելացրել է հայցապահանջը:
2) Սույն գործով Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը հրապարակվել է 27.02.2008 թվականին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասով սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտում է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը:
Սույն գործի փաստերի համաձայն` դատարանը հնարավորություն չի տվել Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին օգտվել օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու իր իրավունքից: Դրա արդյունքում վերջինս զրկվել է ոչ միայն փոփոխված հայցի վերաբերյալ պատասխան ներկայացնելու դատավարական հնարավորությունից, այլև ընդհանրապես դատաքննությանը մասնակցելու և օրենքով սահմանված դատավարական այլ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, քանի որ ունենալով փոփոխված հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանը երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնելու իրավական հնարավորություն` անձը ողջամտորեն կարող է դատարանից ակնկալել իր գործի քննության նշանակում առնվազն այդ երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո:
i
Ավելին, նույն հոդվածով սահմանված դրույթն անձին իրավունք է վերապահում ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ: Սա ևս հիմնավորում է այն եզրակացությունը, որ դատարանը պարտավոր է դատական նիստ նշանակել ոչ շուտ, քան այդ երկշաբաթյա ժամկետի լրանալը (տե՛ս, օրինակ` «Դավիթ առևտրի տուն» ՓԲԸ-ի ընդդեմ «Դվին կոնցեռն» ՓԲԸ` 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-59 (ՏԴ) գործով 01.02.2008 թվականի որոշումը):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր չեն և Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր երկշաբաթյա ժամկետ տրամադրել Հենրիկ Հարությունյանին փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար:
Վճռաբեկ բողոքի մյուս հոդվածների խախտումներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ անձին փոփոխված հայցադիմումին պատասխան ներկայացնելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետ չտրամադրելը հանգեցրել է անձի արդար դատաքննության իրավունքի խախտման, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական փաստարկները պատշաճ կերպով չեն ներկայացվել և չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա: Հետևաբար, դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան