Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ 3-505 (ՎԴ)

    դատարանի որոշում                                            2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-899

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ` Վ. Թորոսյան

Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի              

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի  

                                              

2008 թվականի սեպտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Նարինե Եղյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ Նարինե Եղյանի հայցի ընդդեմ Կարեն և Արմեն Գասպարյանների` բնակարանի բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ինչպես նաև ըստ Բաբկեն Հարությունյանի հայցի ընդդեմ Կարեն Գասպարյանի` բնակարանի բաժինն առանձնացնելու և հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Նարինե Եղյանը պահանջել է ճանաչել Էջմիածին քաղաքի Բաղրամյան 20 շենքի թիվ 47 բնակարանի 1/5-ական բաժինների նկատմամբ իր և անչափահաս դստեր` Անի Գասպարյանի, սեփականության իրավունքը:

Դիմելով դատարան` Բաբկեն Հարությունյանը պահանջել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 20 շենքի թիվ 47 բնակարանի բաժինն առանձնացնել և այն վաճառել հրապարակային սակարկություններով:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 21.11.2007 թվականի վճռով Նարինե Եղյանի հայցը բավարարվել է, իսկ Բաբկեն Հարությունյանի հայցը` մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.04.2008 թվականի որոշմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 21.11.2007 թվականի վճռի` Նարինե Եղյանի հայցը բավարարելու մասը բեկանվել է և այն փոփոխվել` հայցը մերժվել է, իսկ Բաբկեն Հարությունյանի հայցը մերժելու մասով դատական ակտը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարինե Եղյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել նախկին ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածը, 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա Էջմիածին քաղաքի Մարշալ Բաղրամյան համատիրության կողմից տրված 30.10.2007 թվականի տեղեկանքը, որի համաձայն` Նարինե Եղյանը և նրա դուստր Անի Գասպարյանը, 1988 թվականից մինչ օրս բնակվում են Էջմիածին քաղաքի Բաղրամյան 20 շենքի թիվ 47 բնակարանում, «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի կողմից տրված 01.11.2007 թվականի գրությունը, որի համաձայն` Անի Գասպարյանը գտնվում է հաշվառման մեջ «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ում և հաշվառվել է Բաղրամյան 20 շենքի թիվ 47 բնակարանում 1992 թվականից: Հետևաբար, բնակարանի սեփականաշնորհման ժամանակ Անի Գասպարյանը և Նարինե Եղյանը, որպես վարձակալի ընտանիքի անդամներ, բնակվելով Էջմիածին քաղաքի Բաղրամյան 20 շենքի թիվ 47 բնակարանում, ձեռք են բերել վեճի առարկա բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.04.2008 թվականի որոշումը մասնակիորեն` Նարինե Եղյանի հայցը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործադիր կոմիտեի 06.06.1995 թվականի որոշմամբ թույլատրվել է Էջմիածնի Բաղրամյան 20 շենքի թիվ 47 բնակարանը սեփականաշնորհել Վոլոդյա, Կարեն և Արմեն Գասպարյաններին:

2. Արմավիրի մարզի «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի ժ/պ` Բ. Կարապետյանի 01.11.2007 թվականի գրությամբ Անի Կարենի Գասպարյանը` ծնված 05.01.1990 թվականին գտնվում է հաշվառման մեջ «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ում և հաշվառվել է Բաղրամյան 20 շենքի 47 բնակարանում 1992 թվականից:

3. Նարինե Եղյանը 19.01.1988 թվականից հաշվառված է Էջմիածնի շրջանի Արտիմետ գյուղում:

4. Անի Գասպարյանը Կարեն Գասպարյանի դուստրն է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժ մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնային սեփականություն: Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն` վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող իրավունքներից:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք 3 պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը, ինչպես նաև բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ լինելը:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` ՀՀ պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործադիր կոմիտեի 06.06.1995 թվականի որոշմամբ թույլատրվել է Էջմիածնի Բաղրամյան 20 շենքի թիվ 47 բնակարանը սեփականաշնորհել Վոլոդյա, Կարեն և Արմեն Գասպարյաններին: Անի Գասպարյանը` ծնված 05.01.1990 թվականին, Կարեն Գասպարյանի դուստրն է և 1992 թվականից գտնվում է հաշվառման մեջ «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ում և հաշվառվել է Բաղրամյան 20 շենքի 47 բնակարանում:

Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էջմիածնի Բաղրամյան 20 շենքի 47 բնակարանի սեփականաշնորհման պահին այնտեղ հաշվառված էր նաև Կարեն Գասպարյանի դուստր, անչափահաս Անի Գասպարյանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն սեփականաշնորհելիս դրա նկատմամբ ծագել է Վոլոդյա, Կարեն և Արմեն Գասպարյանների և նրանց ընտանիքի անդամ, սեփականաշնորհման պահին անչափահաս Անի Կարենի Գասպարյանի սեփականության իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ վիճելի բնակարանի սեփականաշնորհման ժամանակ Նարինե Եղյանի կողմից չի ներկայացվել սեփականաշնորհման պահին իր դուստր Անի Գասպարյանի` վարձակալի ընտանիքի անդամ լինելու փաստը հիմնավորող և վարձակալի քարտ ունենալու վերաբերյալ պատշաճ ապացույց:

i

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով` Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությանը, որ Նարինե Եղյանը 1988 թվականից բնակվելով Էջմիածին քաղաքի Բաղրամյան 20 շենքի թիվ 47 բնակարանում, նույնպես ձեռք է բերել վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Նարինե Եղյանը 19.01.1988 թվականից հաշվառված էր Էջմիածնի շրջանի Արտիմետ գյուղում:

Այսինքն, Նարինե Եղյանի մոտ բացակայում է սեփականաշնորհման սուբյեկտի պարտադիր վավերապայմանը` տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նարինե Եղյանի վիճելի բնակարանի նկատմամբ ձեռք չի բերել սեփականության իրավունք:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Նարինե Եղյանի հայցը բավարարել մասնակիորեն` ճանաչել Անի Գասպարյանի սեփականության իրավունքն Էջմիածին քաղաքի Բաղրամյան 20 շենքի թիվ 47 բնակարանի 1/4 մասի նկատմամբ: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.09.2008
N 3-505(ՎԴ)
Որոշում