ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-417 (ՎԴ)
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-414
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Լ. Սոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հուլիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ավետիս Սորսումատյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ավետիս Սորսումատյանի ընդդեմ Ռիմա Կարապետյանի և Վալերի Հովսեփյանի` առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան հայցվորը պահանջել է վավեր ճանաչել իր և Ռիմա Կարապետյանի ու Վալերի Հովսեփյանի միջև կնքված` Սարկավագի 147/1 փողոցի թիվ 12 բնակարանի առուվաճառքի գործարքը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 14.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.03.2008 թվականի որոշմամբ բեկանվել է վերոհիշյալ վճիռը և գործն ուղարկվել է Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիս Սորսումատյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ, 300-րդ, 447-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն քաղաքացիական գործում առկա «Ստացական» վերնագրված երկու փաստաթղթով հնարավոր է պարզել անշարժ գույքի առուվաճառքի անհրաժեշտ և բավարար երեք տարրերը` կողմերը, առարկան և գինը: Ստացականների վերլուծությունից հստակ երևում է, որ գործարքի կողմեր են Ավետիս Պետրոսի Սորսումատյանը (գնորդ) և Ռիմա Կարապետյանն ու Վալերի Հովսեփյանը (վաճառողներ): Գործարքի առարկան է Սարկավագի փողոց 147/1 համար 12 բնակարանը: Պայմանագրի գինը կազմել է 40.000 ԱՄՆ դոլար: Այդ մասին կարելի է եզրակացնել վերջին «ստացականում» նշված հետևյալ տեքստից. «Ընդհանուր Ավետիս Սորսումատյանից ստացա 23 000 ԱՄՆ դոլար (քսաներեք հազար ԱՄՆ դոլար): Մնացած 17 000 ԱՄՆ դոլարը (տասնյոթ հազար ԱՄՆ դոլարը) առք ու վաճառքից հետո: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել վերոհիշյալ ապացույցները:
«Ստացական» վերնագրված փաստաթղթերի «Սարկավագի փողոց 147/1 բն. 12, տուն վաճառելու համար ստացա կանխավճար» ձևակերպումը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որպես հիշատակված հասցեի անշարժ գույքը վաճառելու` կողմի կամքը հիմնավորող ձևակերպում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև կողմերի հետագա գործողությունները, մասնավորապես այն հանգամանքը, որ Ռիմա Կարապետյանը և Վալերի Հովսեփյանը 02.05.2007 թվականին մարել են «Արֆին» վարկային կազմակերպության հանդեպ ունեցած 4.213.811 ՀՀ դրամ գումարի պարտքը և նույն օրը վերոհիշյալ բնակարանը գրավից հանելու մասին վերցվել է թիվ 184 տեղեկանքը: Նշված երկու փաստաթղթերի ամսաթվերն ու գումարի չափը վկայում են այն մասին, որ նախատեսված էր վաճառելու վեճի առարկա բնակարանը և կանխավճարն էլ վերցվել է հենց այդ բնակարանի համար, այն չափով, որպեսզի հնարավոր լինի մարել տվյալ բնակարանի գրավով ապահովված պարտքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.12.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 02.05.2007 թվականին Ռիմա Կարապետյանը ստորագրել է «Ստացական» վերնագրված փաստաթուղթ, հետևյալ բովանդակությամբ. «Ես` Ռիմա Հակոբի Կարապետյանս անձնագիր AF0244875 տրված 019 կողմից, բնակվող Սարկավագի փողոց 147/1 բն. 12 տուն վաճառելու համար ստացա կանխավճար 1 000 ԱՄՆ դոլար (հազար ԱՄՆ դոլար): Ստացա Ավետիս Պետրոսի Սորսումատյանից, որի համար ստորագրում եմ»:
2. 03.05.2007 թվականին Ռիմա Կարապետյանը ստորագրել է «Ստացական» վերնագրված փաստաթուղթ հետևյալ բովանդակությամբ. «Ես` Ռիմա Հակոբի Կարապետյանս անձնագիր AF0244875 տրված 019 կողմից, բնակվող Սարկավագի փողոց 147/1 բն. 12, տուն վաճառելու համար ստացա կանխավճար 22 000 ԱՄՆ դոլար (քսաներկու հազար ԱՄՆ դոլար): Ստացա Ավետիս Պետրոսի Սորսումատյանից, որի համար ստորագրում եմ:
Ընդհանուր Ավետիս Սորսումատյանից ստացա 23 000 ԱՄՆ դոլար (քսաներեք հազար ԱՄՆ դոլար): Մնացած 17 000 դոլարը (տասնյոթ հազար ԱՄՆ դոլարը) առք ու վաճառքից հետո: Ստորագրություն, Կարապետյան»:
3. Ռիմա Կարապետյանը և Վալերի Հովսեփյանը 03.05.2007 թվականին մարել են «Արֆին» վարկային կազմակերպության հանդեպ ունեցած 4.213.811 ՀՀ դրամ գումարի պարտքը և նույն օրը ք. Երևան, Սարկավագի փողոց 147/1 բնակարանի համար 12 (այսուհետ` Բնակարան) գրավից հանելու մասին վերցրել թիվ 184 տեղեկանքը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:
Նույն օրենսգրքի 298-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:
i
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843 (ՎԴ)):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել «Ստացական» վերնագրված երկու գրավոր փաստաթղթերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ փաստաթղթերը ստորագրելուց հետո Ռիմա Կարապետյանը և Վալերի Հովսեփյանը 03.05.2007 թվականին մարել են «Արֆին» վարկային կազմակերպության հանդեպ ունեցած 4.213.811 ՀՀ դրամ գումարի պարտքը:
Մասնավորապես, «Ստացական» վերնագրված երկու գրավոր փաստաթղթերում նշված են գործարքի առարկան` բնակարանը, կողմերը, գործարքի գինը և վճարման կարգը: Բացի այդ, վաճառողները նույն օրը գործողություններ են կատարել բնակարանը գրավից հանելու համար, սակայն հետագայում խուսափել են առուվաճառքի գործարքն ավարտին հասցնելուց, այն դեպքում, երբ գնորդը իր կողմից կատարել է մինչ այդ պահը գործարքն ավարտին հասցնելու բոլոր հնարավոր գործողությունները:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ավետիս Սորսումատյանի կողմից լրիվ կատարվել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ վաճառողները` սույն գործով պատասխանողները խուսափել են գործարքի նոտարական վավերացումից, հետևաբար, առուվաճառքի գործարքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, ենթակա է վավեր ճանաչման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշումը և օրինական ուժի տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.12.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան