Սեղմել Esc փակելու համար:
«ԽԱՐԻՍԽ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԽԱՐԻՍԽ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ...

 

 

020.0714.110907

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԽԱՐԻՍԽ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 17.12.1997 Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ

(ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 13 ՀՈԴՎԱԾԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 11 սեպտեմբերի 2007թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42.1. հոդվածի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Խարիսխ գրուպ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել «Խարիսխ գրուպ» ՍՊԸ-ի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 08.06.2007թ.:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի գրավոր բացատրությունները, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմող` «Խարիսխ գրուպ» ՍՊԸ-ն, ի դեմս Ա. Մարտիրոսյանի, վիճարկում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 5 հոդվածին:

2. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից 17.12.1997 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 13.01.1998 թվականին, ուժի մեջ է մտել 10.02.1998 թվականից:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 13 հոդվածը փոփոխվել է ՀՀ ԱԺ կողմից 08.10.2002թ. ընդունված` «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-423-Ն օրենքով: Դիմողի նկատմամբ տնտեսական դատարանի կողմից կիրառվել է և նրա կողմից վիճարկվում է վերոհիշյալ օրենքի 13 հոդվածը` 08.10.2002թ. խմբագրությամբ, որը սահմանում է մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները:

Իսկ ՀՀ Սահմանադրության 5 հոդվածը (2-րդ մաս) ամրագրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

3. Դիմողը վիճարկելով հիշյալ օրենքի 13 հոդվածը` իր իրավունքների խախտման հիմնական պատճառ է համարում օրենքում մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, լիազորությունների սպառիչ թվարկումը, ինչը, ըստ դիմողի, խոչընդոտում է Պետական գույքի կառավարման վարչությանը դիմողի հետ մտնելու հոդվածում չհիշատակված քաղաքացիաիրավական բնույթի հարաբերությունների մեջ:

4. Դիմողը վկայակոչում է ՀՀ քաղ. օր.-ի 128 և 129 հոդվածները` նշելով, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (որպես ՀՀ անունից հանդես եկող և ՀՀ անունից մասնավորեցման պայմանագիր կնքող) իրավունք պետք է ունենա նաև փոփոխություններ և լրացումներ կատարելու պայմանագրում, ինչպես նաև լուծելու պայմանագիրը: Ըստ դիմողի` «Գնի նվազեցումն ըստ էության հանդիսանում է պայմանագրի փոփոխություն և լրացում...»:

5. Պատասխանող կողմը դիմողի կողմից վիճարկվող օրենքի վերաբերյալ նշում է. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթը, որը կիրառվել է հաշտության համաձայնագրում, ունեցել է գործողության հստակ ժամկետ` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը: Այսինքն` հաշտության համաձայնագրի ստորագրման պահին արդեն իսկ այդ դրույթը չի գործել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 79 հոդվածի 1-ին մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետն անսահմանափակ է, եթե տվյալ իրավական ակտում կամ դրա գործողության մեջ դնելու մասին իրավական ակտում ուղղակի ժամկետ նախատեսված չէ»: Մինչդեռ օրենսդիրն այս դեպքում իրավական ակտի գործողության համար սահմանել է հստակ ժամկետ, որի ավարտից հետո այն չէր կարող գործադրվել:

Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կարող են կատարվել միայն օրենքների տեսքով` դրանք ընդունած մարմնի կողմից, հետևաբար, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու համապատասխան իրավասություն չէր կարող ունենալ:

Պատասխանող կողմը համաձայն չէ դիմողի այն եզրահանգմանը, որ պայմանագրի գործողության դեպքում պայմանագրի կողմերը կարող են ցանկացած պահի փոփոխել, լրացնել կամ լուծել պայմանագիրը, այդ թվում` նվազեցնել պայմանագրով սահմանված գինը: Մասնավորապես, շեշտվում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437 հոդվածի 4-րդ կետով և 438 հոդվածի 1-ին կետով առկա են սահմանափակումներ, համաձայն որոնց` պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր պայմաններին:

Պատասխանող կողմը վկայակոչելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 440 հոդվածի 2-րդ մասը` նշում է, որ պայմանագրի կնքումից հետո դրա գինը թույլատրվում է փոփոխել պայմանագրով կամ օրենքով նախատեսված դեպքերում և պայմաններով: Իսկ պետական գույքի սեփականաշնորհման մասին պայմանագրով դրա գինը փոփոխելու իրավունք կողմերին չի վերապահվել:

Ըստ պատասխանող կողմի` դիմող կողմի բերած հիմնավորումները և եզրահանգումները բավարար հիմք չեն «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածը ՀՀ Սահմանադրության 5 հոդվածին հակասող ճանաչելու համար:

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով իշխանական լիազորություններով օժտված հանրային իրավունքի սուբյեկտ` այլ սուբյեկտներին համահավասար իրավասություններով մասնակցում է մասնավոր իրավական հարաբերություններին: Պետությունը քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցում է անմիջականորեն, այսինքն` որպես մեկ միասնական ամբողջություն, բայց որպես այդպիսին /որպես պետական կառույցների ամբողջություն/ այն ի վիճակի չէ անմիջական գործողություններով ձեռք բերել և իրականացնել քաղաքացիական իրավունքներ, ինչպես նաև ստեղծել և կատարել պարտականություններ: Նրա լիազորությամբ գործում են իրավաբանական անձ հանդիսացող կամ այդպիսիք չհանդիսացող կազմակերպությունները:

Իսկ այն դեպքերում, երբ պետական մարմինը հանդես է գալիս ՀՀ անունից, այդ մարմնի ներկայացմամբ իրավահարաբերություններին մասնակցում է Հայաստանի Հանրապետությունը, և իրավունքներ ու պարտականություններ են առաջանում ոչ թե տվյալ մարմնի համար, այլ պետության համար:

Փաստորեն, դիմողի այն պնդումը, որ Պետական գույքի կառավարման վարչությունը հանդես գալով ՀՀ անունից` ունի քաղաքացիական իրավունքի այլ սուբյեկտների հետ համահավասար իրավունքներ և պարտականություններ, հիմնավոր է: Սա համահունչ է նաև ՀՀ Սահմանադրության 89 հոդվածի այն դրույթին, համաձայն որի` ՀՀ կառավարությունն է կառավարում պետական սեփականությունը: Սակայն դիմողը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը որոշակի իմպերատիվ բնույթի սահմանափակումներ է նախատեսում քաղաքացիական իրավունքի բոլոր սուբյեկտների, այդ թվում` նաև պետական մարմինների համար:

Այսպես, ՀՀ քաղ. օր.-ի 438 հոդվածի համաձայն` պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին: Քաղ. օր.-ի 440 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ. «1. Պայմանագրի կատարումը վճարվում է կողմերի համաձայնությամբ սահմանված գնով:

Օրենքով նախատեսված դեպքերում կիրառվում են լիազորված պետական մարմինների կողմից սահմանված կամ կարգավորված գները...»:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 24.1. հոդվածի համաձայն` պետական գույքի մասնավորեցման մասին որոշումն ընդունում է ՀՀ կառավարությունը, իսկ նույն օրենքի 12 հոդվածի համաձայն, ի թիվս այլոց, հաստատում է «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը, նրա հաշվարկման ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը: Իսկ Պետական գույքի կառավարման վարչությանը գնային քաղաքականության ոլորտում վերապահված է միայն «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցների հաստատման լիազորությունը` ելնելով ՀՀ կառավարության հաստատած մեկ քառակուսի մետրի արժեքից և այդ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերից:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս ոլորտում պայմանագրի գնի որոշման հարցը կարգավորվում է ՀՀ քաղ. օր.-ի 440 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կանոններով:

Իսկ պայմանագրի կնքումից հետո դրա գինը թույլատրվում է փոփոխել պայմանագրով կամ օրենքով նախատեսված դեպքերում և պայմաններով (համաձայն քաղ. օր.-ի 440 հոդվածի 2-րդ մասի), և եթե ՀՀ քաղ. օր.-ով կամ որևէ այլ իրավական ակտով կողմերին հնարավորություն ընձեռվեր փոփոխել կամ նվազեցնել պայմանագրի գինը, ապա կողմերն այդ հնարավորությունից կարող էին օգտվել մինչև դատական ակտի ընդունումը` հաշվի առնելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի «Հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության հիման վրա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վարույթը» վերտառությամբ 36 գլխի 204 հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` «դատարանը վերանայում է միայն կայացրած վճռի այն մասը, որը վերաբերում է կողմերի հաշտության համաձայնությամբ սահմանված կատարման եղանակին, ժամկետին և կարգին»:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածը բովանդակում է մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի հիմնական իրավասությունների ցանկը, որոնք իրենց բովանդակությամբ չեն բացառում կամ սահմանափակում ՀՀ Սահմանադրությամբ կամ այլ օրենքներով սահմանված այլ լիազորությունների իրականացման հնարավորությունը, չեն հակասում Սահմանադրությամբ նախատեսված իշխանությունների բաժանման, ինչպես նաև պետական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները միայն Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրելու սկզբունքներին, չեն առաջացնում օրենսդրական բաց, և այդ լիազորություններն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 5 հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտով` օրենքով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածի առաջին մասով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.12.1997 թ. ընդունված` «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11 սեպտեմբերի 2007 թվականի

ՍԴՈ-714

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
11.09.2007
N ՍԴՈ-714
Որոշում