ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 15.1.
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 213.2. Նյութական պահուստի օրենսդրության պահանջների խախտումը
1. Պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերումը պահպանող կազմակերպության համար`
առաջացնում է նախազգուշացում:
2. Պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերման պահից 30 օրվա ընթացքում պետական պահուստում պակասորդը չվերականգնելը պահպանող կազմակերպության համար`
առաջացնում է տուգանք` պակաս կամ ինքնակամ օգտագործված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում պետական պահուստում չվերականգնելը` 100 տոկոսի չափով:
3. Պահպանող կազմակերպության կողմից պետական պահուստի նյութական արժեքների փչացումը կազմակերպության համար`
առաջացնում է նախազգուշացում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո` 30 օրվա ընթացքում, փչացած նյութական արժեքների լրիվ փոխարինումը չկատարելը կազմակերպության համար`
առաջացնում է տուգանք` փչացած ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում փչացած նյութական արժեքների լրիվ փոխարինումը չկատարելը` փչացած ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով:
5. Զորահավաքային պահուստ ձևավորելու առաջադրանքը, ինչպես նաև ռազմավարական պաշարների պահուստի կուտակումը սահմանված ժամկետներում չկատարելը կազմակերպության համար`
առաջացնում է նախազգուշացում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո` 30 օրվա ընթացքում, առաջադրանքը չկատարելը կազմակերպության համար`
առաջացնում է տուգանք` չկուտակված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը` չկուտակված ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով:
7. Զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերումը կազմակերպության համար`
առաջացնում է նախազգուշացում:
8. Նյութական արժեքների ինքնակամ օգտագործման կամ պակասորդի համար ինքնակամ օգտագործման կամ պակասորդի հայտնաբերման օրվանից 30 օրվա ընթացքում դրանք պետական պահուստում չվերականգնելը կազմակերպության համար`
առաջացնում է տուգանք` ինքնակամ օգտագործված կամ պակաս ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում չվերականգնելը` 100 տոկոսի չափով:
9. Զորահավաքային պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին և սահմանված որակական հատկանիշներին չհամապատասխանող ապրանքներ ամբարելը և (կամ) պահելը, ինչպես նաև ապրանքների պահպանման ժամկետները գերազանցելը կազմակերպության համար`
առաջացնում է նախազգուշացում:
10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո` 30 օրվա ընթացքում, համապատասխան նյութական արժեքներ չամբարելը կազմակերպության համար`
առաջացնում է տուգանք` այն ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները, իսկ 60 օրվա ընթացքում համապատասխան նյութական արժեքներ չամբարելը` այն ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի «173.3-րդ հոդվածով» բառերը փոխարինել «173.3-րդ և 213.2-րդ հոդվածներով» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածի «և 188» բառերը փոխարինել «188-րդ և 213.2-րդ» բառերով:
i
Հոդված 4. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածում «և 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով» բառերը փոխարինել «, 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով և 213.2-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 20 Երևան ՀՕ-130-Ն
|
|