Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ4/0197/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ4/0197/05/08                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ծատուրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ժորա Քոչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Յուրիկ և Հովհաննես Քոչարյանների ընդդեմ Ժորա Քոչարյանի, Վաղարշապատի նոտարական տարածքի նոտար Ալեք Ավետյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Յուրիկ և Հովհաննես Քոչարյանները պահանջել են անվավեր ճանաչել Էջմիածնի Չարենցի փողոցի 13-րդ շենքի թիվ 18 բնակարանի նկատմամբ Ժորա Քոչարյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեփականության իրավունքի գրանցման վկայականը և ճանաչել ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգներ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժորա Քոչարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը բերվել է դատավարական իրավունքի խախտման հիմքով:

i

Բողոքում պատճառաբանվել է, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Դատարանը 16.06.2009 թվականի դատական նիստի ծանուցագիրը Ժորա Քոչարյանի անվամբ ուղարկել է Էջմիածնի Հ.Հակոբյան 15 ա հասցեով այն դեպքում, երբ Ժորա Քոչարյանի փաստացի բնակության վայրն է` Էջմիածնի Լերմոնտով փողոցի 35 հասցեն, որով էլ վերջինս ստացել է նախնական դատական նիստերի մասին ծանուցումները: Այսինքն` Դատարանը պատշաճ չի ծանուցել Ժորա Քոչարյանին: Վճռաբեկ դատարանը նշված իրավական խնդրին անդրադարձել է 26.06.2007 թվականի 3-24 (Ա) որոշմամբ:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայցադիմումում որպես Ժորա Քոչարյանի հասցե նշվել է Էջմիածնի Լերմոնտով 35 տունը (գ.թ. 1):

2) Դատարանը 16.06.2009 թվականի դատական նիստի ծանուցագիրը Ժորա Քոչարյանի անվամբ ուղարկել է Էջմիածին քաղաքի Հ.Հակոբյան 15 հասցեով (գ.թ. 144-146):

3) Գործը քննվել է Ժորա Քոչարյանի բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների և պարտականությունների, որոնք իրենց էությամբ տարածելի չեն երրորդ անձանց վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն` դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով: Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները: Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը` փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը` նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` եթե որպես հասցեատեր հանդես է գալիս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա առաքման փաթեթը պետք է հանձնվի ընդհանուր բաժնին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու այլ ստորաբաժանմանը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տես` «Արմենմոտոր» ՓԲԸ ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարան, երրորդ անձ Նախարարություն` «Արմենմոտոր» ՓԲԸ-ի Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի` ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.11.2009 թվականի թիվ ՎԴ/1043/05/09 որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ժորա Քոչարյանի 16.06.2009 թվականի դատական նիստի մասին ծանուցումը Էջմիածին քաղաքի Լերմոնտով փողոցի 35 հասցեով ուղարկվելու փոխարեն ուղարկվել է Էջմիածին քաղաքի Հ.Հակոբյան 15ա հասցեով: Այսինքն` Դատարանը դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը բողոք բերած անձին ուղարկել է սխալ հասցեով, որի հետևանքով նա պատշաճ չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, զրկվելով սույն գործով դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացվելու և գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու իրավունքներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի 30.06.2009 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ՎԴ4/0197/05/08
Որոշում