Սեղմել Esc փակելու համար:
«ԳԵՂԵՑԻԿ ՔՆԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԵՂԵՑԻԿ ՔՆԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱ ...

 

 

020.0817.210709

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԳԵՂԵՑԻԿ ՔՆԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 233 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` «ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ» ԴՐՈՒՅԹԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան 21 հուլիսի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող կողմի ներկայացուցիչ Կ. Մեժլումյանի և պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19, 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Գեղեցիկ քնար» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված» դրույթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Գեղեցիկ քնար» արտադրական կոոպերատիվի` ՀՀ սահմանադրական դատարանում 02.04.2009թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի ներկայացրած նյութերը և պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի ապրիլի 21-ի ՍԴԱՈ-35 աշխատակարգային որոշմամբ «Գեղեցիկ քնար» ԱԿ-ի` ՀՀ սահմանադրական դատարանում 02.04.2009թ. մուտքագրված դիմումն ընդունել է քննության:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի դրույթները փոփոխվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հուլիսի 7-ին, 2007 թվականի նոյեմբերի 28-ին և 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված` համապատասխանաբար` ՀՕ-153-Ն, ՀՕ-277-Ն, ՀՕ-233-Ն օրենքներով:

Քննության առարկա դիմումով վիճարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի խմբագրությամբ 233 հոդվածի 2-րդ մասի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված» դրույթը:

3. Ըստ դիմողի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված» դրույթը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 18, 19 և 92 հոդվածների պահանջներին:

Որպես հակասական իրավակիրառական պրակտիկայի առկայության ապացույց` դիմողը սահմանադրական դատարան է ներկայացրել նմանատիպ գործով նույն փաստաբանի կողմից կազմված և նույն օրը վճռաբեկ դատարան ներկայացված նույնաբովանդակ վճռաբեկ բողոքի և դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի 29.09.2008թ. և 26.12.2008թ. որոշումների պատճենները:

i

Դիմողը` վկայակոչելով վճռաբեկ դատարանի վերոհիշյալ 29.09.2008թ. և 26.12.2008թ. որոշումները, հղում կատարելով սահմանադրական դատարանի 09.04.2007թ. ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, գտնում է, որ հակասական իրավակիրառական պրակտիկան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի իրավական անորոշության արդյունք է, որը դրսևորվում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը չի սահմանել վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության չափանիշները: Ըստ դիմողի` որպես վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության չափանիշներ պետք է հանդես գան վճռաբեկ դատարանի պարտականություններին ուղղված այնպիսի օրենսդրական պահանջներ, ինչպիսիք են` ա) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ այն նյութական և դատավարական նորմերի նշումը, որոնց խախտման հիմքով բերվել է վճռաբեկ բողոքը, բ) առերևույթ դատական սխալի բացակայության հիմնավորումը, գ) ծանր հետևանքի բացակայության հիմնավորումը, դ) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն չունենալու հիմնավորումը, ե) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին չհակասելու հիմնավորումը, զ) «թերություններ», «էական նշանակություն», «ծանր հետևանք» և «վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտ» հասկացությունների հստակեցումը:

4. Պատասխանող կողմը վկայակոչելով սահմանադրական դատարանի` իր 2007թ. ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները` նշում է, որ նշված որոշման մեջ տեղ գտած իրավական երաշխիքները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության մեջ հետագայում կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում, լիարժեքորեն իրենց ամրագրումն են ստացել:

Ըստ պատասխանողի` ինչպես սահմանադրական դատարանի վերոհիշյալ ՍԴՈ-690 որոշման, այնպես էլ 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակում` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանված լինելու անհրաժեշտության վերաբերյալ նորմի առկայությունը ոչ թե հակասում է ՀՀ Սահմանադրությանը, այլ կառուցված է վճռաբեկ դատարանի կողմից սահմանադրական առաքելությունն իրականացնելու դրական կանխավարկածի վրա, այն է` ՀՀ վճռաբեկ դատարանը չի կարող շրջանցել այն հարցերը, որոնք կարող են ունենալ էական նշանակություն օրենքի միատեսակ կիրառության համար:

Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթը սահմանադրականության խնդիր չի առաջացնում հետևյալ հիմնավորմամբ. «ա) օրենսդիրը վճռաբեկ բողոքների վերաբերյալ որոշումների ընդունման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելիս առաջնորդվել է Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի օրենսդրական ապահովման և նրա հայեցողական լիազորությունների իրացման երաշխավորման անհրաժեշտությամբ, բ) օրենսդիրը հստակորեն սահմանել է այն պայմանը, այն է` որոշման պատճառաբանված լինելը, որի պարագայում Վճռաբեկ դատարանը կարող է միայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնել, գ) վիճարկվող դրույթի բովանդակությունից բխում է, որ պատճառաբանված որոշումը պարտավորեցնում է Վճռաբեկ դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, ապահովելու վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման ընդունման հայեցողական լիազորության իրավաչափ իրականացումը»:

5. ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2007թ. ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ, ի թիվս այլոց, լուծել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 231.1. հոդվածի (2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) սահմանադրականության հարցը` նշված հոդվածի 2-րդ կետը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար, նաև` արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով ճանաչելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին և 2-րդ մասեր), 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 231.1. հոդվածը «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007թ. նոյեմբերի 28-ի օրենքի հիման վրա նոր խմբագրությամբ շարադրվել է օրենսգրքի 233 հոդվածում: Օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ կետում` նշված օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում ամրագրվեց. «... Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, բացառությամբ սույն օրենuգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի»: Սահմանադրական դատարանը, նշված դրույթի` 2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ տեքստի սահմանադրականության հարցին անդրադառնալով 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշմամբ, 233 հոդվածի 2-րդ մասը` «բացառությամբ սույն օրենuգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի» բառակապակցության մասով, ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ի կատարումն սահմանադրական դատարանի նշված որոշման և հաշվի առնելով այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2008թ. դեկտեմբերի 26-ի օրենքի 17 հոդվածի համաձայն` օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասում խնդրո առարկա դրույթը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված»: Այսինքն` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 և ՍԴՈ-765 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ օրենսդրորեն ամրագրվել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը` առանց որևէ բացառության, պատճառաբանելու պահանջը` որպես դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիք:

6. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի համաձայն` սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե օրենքի 68-75-րդ և 77-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 1-ին կետի համաձայն. «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը ... գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Այս դրույթի առնչությամբ սահմանադրական դատարանն իր` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ ամրագրել է, որ «Այս դրույթը վկայում է, որ հնարավոր են այդպիսի դեպքեր, և սահմանադրական դատարանը կարող է տվյալ հարցին անդրադառնալ գործի քննության ցանկացած փուլում` հաշվի առնելով գրավոր ընթացակարգով գործի քննության առանձնահատկությունները»:

ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասի համաձայն` սահմանադրական դատարան ներկայացված դիմումում անձը կարող է վիճարկել միայն կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականությունը: Նշված իրավակարգավորմանը համապատասխան դիմողը կարող է վիճարկել տվյալ օրինադրույթի տեքստն այն խմբագրությամբ, որն առկա է եղել իր նկատմամբ կիրառվելու պահին: Տվյալ դեպքում, նշված պահանջին համապատասխան` դիմողը վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասի` 2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ տեքստի սահմանադրականությունը:

Հաշվի առնելով, որ սահմանադրական դատարանն իր 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշմամբ քննության է առել և լուծել վիճարկվող նորմի միևնույն, 2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ տեքստի սահմանադրականության հարցը, սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ արդեն իսկ առկա է սահմանադրական դատարանի ՍԴՈ-765 որոշումը:

7. Սահմանադրական դատարանը դիմումի ուսումնասիրության արդյունքներով արձանագրում է նաև, որ դիմողի հիմնական փաստարկները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին: Մասնավորապես, այդ մասին են վկայում դիմողի հետևյալ փաստարկները. «Երկու նույնական փաստական հիմքերով և իրավական հիմնավորումներով վճիռների դեմ նույն փաստաբանի կողմից բառացիորեն նույն տեքստով կազմված վճռաբեկ բողոքներից մեկն ընդունվում է վարույթ, պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը համապատասխանում է ՀՀ քաղ. դատ. օր-ի 231 և 234 հոդվածների պահանջներին, ինչպես նաև բողոքը բավարարվում է, ... իսկ մյուսը վերադարձվում է: ...վիճարկվող դրույթի պրակտիկայում կիրառմամբ գործ ունենք նաև ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով երաշխավորված` օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի, ինչպես նաև օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի ֆունկցիայի խախտման հետ»: Բացի դրանից, դիմողն իրավամբ ընդունելով, որ վիճարկվող դրույթում վճռաբեկ բողոքը պատճառաբանված որոշմամբ վերադարձնելու օրենսդրական պահանջի ամրագրումը սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշման արդյունք է, միաժամանակ նշում է, որ «վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները բովանդակային առումով չեն տարբերվում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 09.04.2007 թվականի ՍԴՈ-690 որոշման ընդունման ժամանակ հետազոտված որոշումներից»:

Վերոհիշյալի արդյունքում, սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը սահմանադրական դատարանին ներկայացնելով վիճարկվող դրույթը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը հակասող ճանաչելու խնդրանք` միայն ձևականորեն է բարձրացնում օրենքի սահմանադրականության հարց` ըստ էության բարձրացնելով այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել իր` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ ամրագրված այն իրավական դիրքորոշումը, որ. «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի, 32 հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ կետերի, 60 հոդվածի 1-ին կետի, 69 հոդվածի 1-ին մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Գեղեցիկ քնար» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված» դրույթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել` դիմողին տրամադրելով սահմանադրական դատարանի 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշումը:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61 հոդվածի 4-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 հուլիսի 2009 թվականի

ՍԴՈ-817

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.07.2009
N ՍԴՈ-817
Որոշում