ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-1890 (ՏԴ)
տնտեսական դատարանի վճիռ 2006
Քաղաքացիական գործ թիվ Տ2-178/2006 թ.
Նախագահող դատավոր` Վ. ԱՍԼԱՆՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/
Նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2006 թ. սեպտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վանաձորի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 08.08.2006 թ. վճռի դեմ` ըստ Վանաձորի քաղաքապետարանի հայցի ընդդեմ «Հայփոստ» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով ՀՀ տնտեսական դատարան` հայցվորը պահանջել է պատասխանողից հօգուտ տեղական բյուջեի բռնագանձել 1.490.303 ՀՀ դրամ գույքահարկի և հողի հարկի ու դրանց վրա հաշվարկված տույժի գումար:
ՀՀ տնտեսական դատարանի 08.08.2006թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի` «Հայփոստ» ՓԲԸ-ից բռնագանձվել է 163.502 ՀՀ դրամ հօգուտ Վանաձորի քաղաքապետարանի որպես գույքահարկի տույժի գումար, իսկ հայցը մնացած մասով մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վանաձորի քաղաքապետը:
Պատասխանող «Հայփոստ» ՓԲԸ-ն ներկայացված վճռաբեկ բողոքին ներկայացրել է պատասխան:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`
i
1) Դատարանը սխալ է կիրառել «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի հինգերորդ մասը, որի իմաստով տեղական հարկ է համարել գույքահարկը, և «Հայփոստ» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառել այդ հոդվածով սահմանված արտոնությունը: Արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինը զրկվել է հասանելիք հարկերի գումարները ստանալու իրավունքից:
i
Բողոք բերող անձը իր պնդումը հիմնավորել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածներով, որոնք սահմանում են գործող հարկատեսակները և դրանց անուններն ու հասկացությունները` սահմանելով նաև գույքահարկը` որպես Հայաստանի Հանրապետությունում գանձվող հարկ:
Գույքահարկը չի կարող դիտվել տեղական հարկ նաև այն պատճառով, որ տեղական հարկերի հասկացությունը չի սահմանվում նաև «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի հիշյալ 17-րդ հոդվածի հինգերորդ մասով:
2) Դատարանը թույլ է տվել սխալ` ապացուցված չի համարել հարկային պարտավորությունների առկայությունը` գտնելով, որ հայցվորը չի կարողացել ապացուցել մինչև 2003 թվականի հունվարը առաջացած պարտավորությունների հիմնավորվածությունը` ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների (բողոք բերող անձը համապատասխան հոդվածները բողոքում չի հիշատակել):
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանում է նախ նրանով, որ դատարանը մերժել է պարտքի առաջացման վերաբերյալ մանրամասն բացատրություններ տալու նպատակով հարկային ծառայությանը գործին մասնակից դարձնելու միջնորդությունը, ինչպես նաև վկայակոչում է այն հանգամանքը, որ պատասխանողը ներկայացված հաշվարկին գրավոր կամ բանավոր կերպով չի առարկել, ինչպես նաև չի ապացուցել, որ հետագա` 2003-2005 թթ. կատարված վճարումները չեն վերաբերվել մինչև 2003 թ. գոյացած պարտքերին:
Ի վերջո, բողոք բերող անձը գտնում է. քանի որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` իրավաբանական անձինք գույքահարկի և հողի հարկի գումարների հաշվարկները «կատարել են» ինքնուրույն, ապա դրանից հետևում է, որ մինչև 2003 թ. հայցվորի կողմից ներկայացված պարտքի հիմքը հենց «պատասխանողի կողմից ներկայացված վճարման ենթակա» հարկերի գումարներն են:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերող անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի վճիռն ամբողջությամբ և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
i
ա/ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ, 23-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածների համաձայն` հայցվորը հանդիսանում է ֆիզիկական անձանց և կազմակերպությունների մասով գույքահարկ հաշվառող և գանձող մարմին.
բ/ Պատասխանող «Հայփոստ» ՓԲԸ-ի հարկային պարտավորությունը գույքահարկի գծով կազմում է 163502 ՀՀ դրամ.
գ/ համաձայն ՀՀ կառավարության 10.03.2005 թ. թիվ 292-Ն որոշման 2-րդ կետի` «Հայփոստ»ՓԲԸ-ն ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1.բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
Բողոք բերող անձի կողմից բողոքում հիշատակված օրենքները չեն սահմանում տեղական հարկի հասկացությունը: Սակայն ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի չորրորդ մասը տեղական հարկեր սահմանելու իրավասությունը վերապահել է համայնքներին: Հետևաբար, տեղական հարկ կհամարվի այն հարկը, որը սահմանվել է համայնքի կողմից` իր իրավասության սահմաններում: Սոսկ այն հանգամանքը, որ գույքահարկը վճարվում է համայնքներին, ինքնին չի նշանակում, որ այն տեղական հարկ է: Գույքահարկը` որպես հարկատեսակ, սահմանված է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այսինքն` այն սահմանված է Հայաստանի Հանրապետության կողմից, այլ ոչ թե որևէ համայնքի կողմից: Հետևաբար, գույքահարկը տեղական հարկ համարելով` դատարանը սխալ է մեկնաբանել «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի հինգերորդ մասը, որի արդյունքում վեճի նկատմամբ կիրառել է այն օրենքը, որը չպետք է կիրառեր:
2.բողոքն երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Այն հանգամանքը, որ պատասխանողը ներկայացված հաշվարկին գրավոր կամ բանավոր կերպով չի առարկել, դեռևս բավարար փաստարկ չէ հայցվորի պահանջների հիմքում ընկած հանգամանքները ապացուցված համարելու համար: Բացի այդ, բողոք բերող անձը չի մատնանշել, թե որ դատավարական օրենքն է խախտել դատարանը հարկային պարտավորության առաջացման վերաբերյալ մանրամասն բացատրություններ տալու նպատակով հարկային ծառայությանը գործին մասնակից դարձնելու միջնորդությունը մերժելիս: Ընդհակառակը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Իսկ ապացույց պահանջելու միջնորդությամբ, նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, գործին մասնակցող անձը դատարանին իրավունք ունի դիմել այն ժամանակ, երբ հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել այլ անձանցից: Հայցվորն իր միջնորդության մեջ նման հնարավորության բացակայության մասին դատարանին հիմնավորումներ չի ներկայացրել: Հետևաբար, դատարանի կողմից միջնորդության մերժումը հիմնավոր է, և բողոք բերող անձի դատավարական իրավունքների խախտումներ չկան:
i
Այսպիսով, սույն բողոքի առաջին հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի երկրորդ ենթակետի համաձայն, ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու հիմք է: Սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է բավարարվի մասնակիորեն` միայն «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի հինգերորդ մասի հիման վրա 2005 թ. երկրորդ եռամսյակից մինչև 2006 թ. առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածի համար հայցի մերժման մասով, քանի որ չնայած բողոք բերող անձը պահանջել է բեկանել վճիռն ամբողջությամբ, սակայն վերջինիս բերած հիմքերը չեն վերաբերում վճռի` «163.502 ՀՀ դրամ հօգուտ Վանաձորի քաղաքապետարանի որպես գույքահարկի տույժի գումար բռնագանձելու» մասին:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վանաձորի քաղաքապետի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն` բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 08.08.2006 թ. վճիռը` 2005 թվականի երկրորդ եռամսյակից մինչև 2006 թ. առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածի համար հայցի մերժման մասով, և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ