ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-1880 (ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2006 թ.
Քաղաքացիական գործ թիվ 06-2636/2006 թ.
Նախագահող դատավոր` Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
դատավորներ` Կ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԽԱՌԱՏՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
դատավորներ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2006 թ. հոկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՀՁ ՓԲ ընկերության (այսուհետ` նաև Ընկերություն) վճռաբեկ բողոքն ըստ Անդրանիկ Ղուկասյանի հայցի ընդդեմ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲ ընկերության` աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.08.2006 թվականի վճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանն իրեն վերականգնել աշխատանքում և վճարելու միջին աշխատավարձը` 23.11.2005 թվականից մինչև 17.03.2006 թվականի հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.08.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ընկերությունը:
Հայցվոր կողմը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով`
1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկով.
Ընկերությունը չի խախտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը, քանի որ ընկերությունում ազատ աշխատատեղեր չեն եղել, իսկ նշված հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:
2) Դատարանը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 218-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա ապացույցները, չի նշել այն հանգամանքները, ապացույցները և փաստարկները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, ինչպես նաև այն փաստարկները, որոնցով դատարանը մերժել է այս կամ այն ապացույցը:
Մասնավորապես, դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ընկերությունում եղել են թափուր աշխատատեղեր և հայցվորին նրա մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան այլ աշխատանք չի առաջարկվել, մինչդեռ վճռում չի նշվել, թե մասնավորապես որ պաշտոնն է եղել թափուր, որը և կհամապատասխաներ հայցվորի մասնագիտական պատրաստվածությանն ու որակավորմանը:
Դատարանը ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի` վճռում չի նշել գործի հանգամանքները, ապացույցները և փաստարկները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին և փաստարկները, որոնցով դատարանը մերժում է այս կամ այն ապացույցը:
Վճռաբեկ բողոք բերած անձը վերը նշված հիմքերով պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.08.2006 թվականի վճիռն ամբողջությամբ և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը խախտելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը հիմնավոր չէ, քանի որ դատական նիստում պատասխանողը չի կարողացել հիմնավորել շուրջ հինգ ամիս առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում վերը նշված տեղեկանքի ներկայացման անհնարինությունը: Կոլեկտիվ պայմանագրի 4.5 կետը հստակ սահմանել է գործատուի պարտականությունը մինչև կրճատվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագրի լուծումը հարցը նախապես քննարկել արհկոմի հետ: Պատասխանողը նույնացրել է «տեղյակ լինել» բառակապակցության և «քննարկել» բառի իմաստները, անտեսելով Ընկերության արհկոմի կանոնադրության 7.7 կետը, ըստ որի արհկոմն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով և 7.8 կետը, ըստ որի արհկոմի նիստերը համարվում են կայացած, եթե նիստին մասնակցում են անդամների 51 տոկոսը: Հետևաբար, դատարանը ճիշտ է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 6-րդ կետը:
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը խախտելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկը նույնպես հիմնավոր չէ, քանի որ դատարանը վճռի պատճառաբանական մասում հիմք է ընդունել ոչ միայն պատասխանողի բացատրությունն այն մասին, որ ընկերության տնօրենների խորհրդի 22.07.2005 թվականի թիվ 06/05 որոշմամբ Ընկերությունում հաստատվել է նոր կառուցվածք` թափուր և նոր ստեղծած աշխատատեղերով և նոր թվաքանակով, այլև գործում առկա մյուս ապացույցները;
ա) Ընկերության 27.01.2005 թվականի թիվ 017-Կ հրամանով հիմնավորված է, որ Ա. Ղուկասյանը մինչև 27.01.2005 թվականը զբաղեցրել է բաժնի պետի պաշտոն, որը 21.11.2005 թվականի ծանուցման տրման օրը եղել է թափուր, սակայն նրան չի առաջարկվել:
բ) Ընկերության 01.12.2005 թվականի թիվ 696 հրամանով հիմնավորված է, որ համակարգչային սարքավորումների և ցանցի սպասարկման վարչությունը, ինչպես նաև այդ վարչության համակարգերի կառավարման բաժինը շարունակել է գոյություն ունենալ:
գ) Գ. Կուլագիանոսի` համակարգերի շահագործման բաժնի պետի պաշտոնում նշանակվելը շնորհավորելու կապակցությամբ 21.11.2005 թվականի գրությունը` ուղղված Ս. Վրակասին, վկայում է, որ բաժնի աշխատողների թվաքանակն ըստ էության պահպանվել է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) հայցվորը 1997 թվականի հուլիսի 1-ից աշխատել է Ընկերությունում:
21.11.2005 թվականին ծանուցվել է այն մասին, որ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակը կրճատելու պատճառով 23.11.2005 թվականին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով լուծվելու է նրա հետ 27.01.2005 թվականին կնքված թիվ 10103 աշխատանքային պայմանագիրը և նա ազատվելու է աշխատանքից:
2) Ընկերությունը հայցվորին այլ` մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան աշխատանք չի առաջարկել` այդպիսին չլինելու պատճառաբանությամբ:
3) 22.11.2006 թվականի թիվ 455-Կ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանով հայցվորն ազատվել է աշխատանքից և իր հետ կնքված թիվ 10103 աշխատանքային պայմանագիրը լուծվել է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:
Գործի նյութերով հիմնավորված է այն փաստը, որ հայցվորին աշխատանքից ազատելիս, պատասխանող ընկերությունում եղել են թափուր աշխատատեղեր, սակայն հայցվորին նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը համապատասխան այլ աշխատանք չի առաջարկվել:
Չնայած այն հանգամանքին, որ Ընկերության տնօրենների խորհրդի 22.07.2005 թվականի թիվ 06/05 որոշմամբ 03.10.2005 թվականից ուժը կորցրած է ճանաչվել համակարգչային սարքավորումների և ցանցի սպասարկման վարչությունը, ինչպես նաև այդ վարչության համակարգերի կառավարման բաժինը, սակայն այդ վարչությունը փաստացի շարունակել է գործել: Այս փաստը հաստատվում է Ընկերության 01.12.2005 թվականի թիվ 696 հրամանով, որով Ընկերության մի շարք աշխատակիցներին, այդ թվում նաև` վերը նշված վարչության աշխատակիցներին հայտարարվել է նկատողություն` 2005 թ. նոյեմբերի 18-ին 1,5 աշխատանքային ժամ տևողությամբ աշխատանքից բացակայելու համար (գ.թ.28,65):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, Ընկերությունը պարտավոր էր հայցվորին առաջարկել նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, ինչը չի արել: Հետևաբար, դատարանը ճիշտ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը:
2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր չէ:
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 և 218 հոդվածների պահանջներին համապատասխան բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատել է գործում առկա բոլոր ապացույցները, վճռում նշված են դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները և այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այն օրենքները, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս (գ.թ.103-105):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը անհիմն է և ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.08.2006 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ