ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0358/02/08
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0358/02/08
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Տ. Սահակյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ե. Խունդկարյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի նոյեմբերի 28-ին
քննարկելով Ռաֆայել Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բորիս Հովհաննիսյանի ընդդեմ Ռաֆայել Հովհաննիսյանի և Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նարինե Սարգսյանի` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և փաստացի տիրապետման ու կառավարման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ և սեփականատեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը.
Դիմելով դատարան` Բորիս Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ռաֆայել Հովհաննիսյանի անվամբ տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և փաստացի տիրապետման ու կառավարման ուժով իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ և սեփականատեր:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 11.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2008 թվականի որոշմամբ Դատարանի 11.04.2008 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆայել Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բորիս Հովհաննիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ, 1227-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ կտակի մասին Ռաֆայել Հովհաննիսյանն իմացել է միայն 2006 թվականի հունվարին, որպիսի հանգամանքը հիմնավորվել է հարևանների հայտարարությամբ:
Մինչդեռ, միայն հայցվորի բանավոր բացատրությունների հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ կտակի մասին բոլորը, այդ թվում` Ռաֆայել Հովհաննիսյանն իմացել են դեռևս 2000 թվականից` անմիջապես Արեքնազ Հովհաննիսյանի մահից հետո, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Ռաֆայել Հովհաննիսյանը բաց է թողել ժառանգությունն ընդունելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետը:
Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա բոլոր ապացույցների, այդ թվում` հարևաններ Էլզա Սառաջյանի, Սվետա Ամյանի և Հասմիկ Ավետիսյանի հայտարարության, օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.06.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը, կատարելով գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հանգել է ճիշտ հետևության, քանի որ գործի քննությամբ հիմնավորվել է, որ Ռաֆայել Հովհաննիսյանն իմացել է կտակի մասին ավելի վաղ, մինչդեռ կտակի հիման վրա իրավունքների գրանցման համար դիմել է միայն 2006 թվականին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
Վեճի առարկա հասցեի հարևաններ Էլզա Սառաջյանի, Սվետա Ամյանի և Հասմիկ Ավետիսյանի հայտարարության համաձայն` Ռաֆայել Հովհաննիսյանին կտակի մասին հայտնի է դարձել 2006 թվականի հունվարին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843 (ՎԴ)):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը միայն հայցվորի բանավոր բացատրությունների հիման վրա հաստատված համարելով, որ Ռաֆայել Հովհաննիսյանը կտակի մասին իմացել է դեռևս 2000 թվականին, հետևաբար բաց է թողել ժառանգությունն ընդունելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածով սահմանված 6-ամսյա ժամկետը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել վիճելի հասցեի հարևաններ Էլզա Սառաջյանի, Սվետա Ամյանի և Հասմիկ Ավետիսյանի հայտարարությունը:
Մասնավորապես, նշված հայտարարության համաձայն` Ռաֆայել Հովհաննիսյանին կտակի մասին հայտնի է դարձել 2006 թվականի հունվարին, ինչից հետո էլ վերջինս իրականացրել է անհրաժեշտ գործողություններ կտակի հիման վրա ժառանգությունն ընդունելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերը միմյանց ներկայացրեցին գրավոր հաշտության համաձայնության տարբերակներ, սակայն հաշտության համաձայնություն չկայացավ:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-240.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան