Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-623 (ՎԴ)

    դատարանի որոշում                                              2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1568

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Բղդոյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Սինկրիստալ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Գագիկ Բղդոյանի, Եվգինյա Բղդոյանի, երրորդ անձ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա ԻԿԿ-ի` Ընկերության լիազորված անձ Ռոստոմ Կուրղինյանի և Գագիկ Բղդոյանի միջև 23.07.2002 թվականին կնքված «Սինկրիստալ-ԱՌ» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) բաժնետոմսերի առուվաճառքի` որպես առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքները կիրառելու և Գագիկ Բղդոյանի և Եվգինյա Բղդոյանի միջև 22.07.2005 թվականին կնքված Կազմակերպության բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է կիրառել Ընկերության լիազորված անձ Ռոստոմ Կուրղինյանի և Գագիկ Բղդոյանի միջև 23.07.2002 թվականին կնքված Կազմակերպության բաժնետոմսերի առուվաճառքի` որպես առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքները և անվավեր ճանաչել Գագիկ Բղդոյանի և Եվգինյա Բղդոյանի միջև 22.07.2005 թվականին կնքված Կազմակերպության բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը:

ՀՀ տնտեսական դատարանի 02.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.04.2008 թվականի որոշմամբ Գագիկ Բղդոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` ՀՀ տնտեսական դատարանի 02.11.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Բղդոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, ինչպես նաև խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ տնտեսական դատարանը Ընկերության լիազորված անձ Ռոստոմ Կուրղինյանի և Գագիկ Բղդոյանի միջև 23.07.2002 թվականին կնքված Կազմակերպություն բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը համարել է շինծու գործարք, ինչը Վերաքննիչ դատարանը համարել է իրավաչափ:

Մինչդեռ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Կազմակերպության 1.032.139 հատ հասարակ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է մի կողմից այդ բաժնետոմսերի սեփականատեր Ընկերության, մյուս կողմից` Գագիկ Բղդոյանի միջև: Այդ գործարքը որպես Ընկերության 19 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը քողարկող գործարք դիտվել չէր կարող, քանի որ տվյալ բաժնեմասի սեփականատերը Ընկերությունը չէ:

Սույն գործում տարբեր են ինչպես այսպես կոչված քողարկված պայմանագրի կողմերը, այնպես էլ այդ պայմանագրերի առարկաները:

Դատարանը խախտել է նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածը: Այսպես` հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը 17.05.2005 թվականին չի կայացրել և չէր կարող կայացնել Կազմակերպության 1.032.139 հատ սովորական բաժնետոմսերի վրա արգելանք դնելու մասին որոշում, քանի որ այդ օրվա դրությամբ դրանք Գագիկ Բղդոյանի անվամբ գրանցված չեն եղել, ինչը հիմնավորվում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԻԿԿ-ի 23.08.2005 թվականի գրությամբ, համաձայն որի` Գագիկ Բղդոյանի սեփականության իրավունքը Կազմակերպության բաժնետոմսերի նկատմամբ գրանցվել է միայն 21.07.2005 թվականին:

Մինչդեռ ՀՀ տնտեսական դատարանը նշել է, որ Գագիկ Բղդոյանը, տեղյակ լինելով գույքի նկատմամբ գործարքներ կատարելու սահմանափակումների մասին որոշմանը, այնուամենայնիվ նվիրատվության պայմանագրի միջոցով օտարել է դրանք` առանց պարզելու այն հանգամանքը, թե արդյո՞ք հարկադիր կատարողի որոշմամբ արգելանք է դրվել նաև բաժնետոմսերի վրա, թե` ոչ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2008 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության բաժնետերերի 25.06.2001 թվականի արտահերթ ժողովում Ընկերության լիազորված անձին հանձնարարվել է պայմանագիր կնքել Գագիկ Բղդոյանի հետ իր 19 տոկոս բաժնետոմսերը փոխանցելու վերաբերյալ` նրա կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց հետո:

Նույն ժողովի արձանագրության 4-րդ կետի համաձայն` Գագիկ Բղդոյանը և Տ. Մաքսիմովան համատեղ պարտավորվել են մինչև 30.05.2002 թվականը որպես բաժնեմասային ավանդ Ընկերության սեփականությանը փոխանցել Լանգասիտ բյուրեղի տեխնիկական փաստաթղթերը, աճեցման և մեխանիկական մշակման տեխնոլոգիաները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արտոնագրային բյուրոյում գրանցված արտոնագրի իրավունքի` նոտարական վավերացում ունեցող պատճենը:

Բացի այդ, Գագիկ Բղդոյանի վրա դրվել են մի շարք դրամական և այլ բնույթի պարտավորություններ:

2) Բաժնետոմսերի առուվաճառքի 23.07.2002 թվականի պայմանագրի համաձայն` Ընկերությունը, ի դեմս Ռոստոմ Կուրղինյանի, որը գործել է լիազորագրի հիման վրա, պարտավորվել է Գագիկ Բղդոյանին որպես սեփականություն հանձնել Կազմակերպության 1.032.139 հատ սովորական բաժնետոմս, իսկ վերջինս պարտավորվել է պայմանագիրը ստորագրելուց հետո երկու ամսվա ընթացքում Ընկերությանը վճարել պայմանագրի գինը` 2.064.278 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար:

3) 17.05.2005 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 1402/05 կատարողական վարույթը` Գագիկ Բղդոյանին պատկանող դրամական միջոցների և այլ գույքի վրա հայցագնի` 84.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնելու մասին: Նույն վարույթի շրջանակներում 17.05.2005 թվականին կայացվել է 2 որոշում` Գագիկ Բղդոյանին պատկանող` Երևանի Պարոնյանի 2-րդ շենքի 1-ին և 5-րդ բնակարանների վրա արգելանք դնելու և Գագիկ Բղդոյանին պատկանող Էյջ-Էս-Բի-Սի բանկում ունեցած բանկային թիվ 001-111129-160 հաշվեհամարի վրա արգելանք դնելու մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կնքված գործարքի շինծու լինելու հանգամանքը և գործարքներն անվավեր ճանաչելն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինիչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց:

23.07.2002 թվականի պայմանագրի` շինծու գործարք ճանաչելու պահանջի բավարարման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ կողմերն իրականում պետք է կնքեին Ընկերության 19 տոկոս բաժնետոմսերի, այլ ոչ թե Կազմակերպության 1.032.139 հատ սովորական բաժնետոմսերի առուվաճառքի գործարք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-2504 (ՏԴ) գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թ. որոշումը):

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843 (ՎԴ)):

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչպես է գործում առկա ապացույցներով, մասնավորապես` վերը նշված արձանագրությամբ և պայմանագրով հիմնավորվում, որ կողմերը առուվաճառքի պայմանագիրը կնքել են մեկ այլ գործարք` Ընկերության 19 տոկոս բաժնետոմսերի վաճառքի պայմանագիրը քողարկելու նպատակով: Մասնավորապես, վերը նշված արձանագրությամբ սահմանված պարտավորությունները վերաբերել են Ընկերության հանդեպ որոշակի պարտավորություններ կատարելուց հետո Ընկերության բաժնետոմսերի փոխանցմանը: Այսինքն` այստեղ հստակ է եղել կողմերի միջև առկա պարտավորության բնույթը: Մինչդեռ, բաժնետոմսերի առուվաճառքի 23.07.2002 թվականի պայմանագրի առարկան Կազմակերպության 1.032.139 հատ սովորական բաժնետոմսերի փոխանցումն էր:

Ինչ վերաբերում է 22.07.2005 թվականի նվիրատվության պայմանագրին, ապա գործում առկա փաստերից հետևում է, որ Գագիկ Բղդոյանին պատկանող Կազմակերպության 1.032.139 հատ սովորական բաժնետոմսերի վրա արգելանք չի դրվել, ուստի Գագիկ Բղդոյանը, դրանք նվիրելով, չի խախտել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի պահանջները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. «Սինկրիստալ» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N 3-623(ՎԴ)
Որոշում