i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 3-589 (ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 08-1401 |
2008թ. |
Նախագահող դատավոր` Վ. Թորոսյան |
|
Դատավորներ` Ն. Հովսեփյան |
|
Ռ. Հակոբյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի |
|
Վ. Աբելյանի |
|
Ե. Խունդկարյանի |
|
Դ. Ավետիսյանի |
|
Հ. Ղուկասյանի |
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մամիկոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մամիկոն Մանուկյանի ընդդեմ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն), Ընկերության արհմիութենական կոմիտեի` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված պայմանագիր համարելու, Ընկերության գլխավոր տնօրենի 02.10.2002 թ. թիվ 287 հրամանը, 14.06.2007 թ. ծանուցումը, 26.06.2007 թ. թիվ 110-03 հրամանը, 09.07.2007 թ. թիվ 255 հրամանն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելու և այդ գումարի նկատմամբ տուժանք վճարելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Մամիկոն Մանուկյանը պահանջել է Ընկերության հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը համարել անորոշ ժամկետով կնքված պայմանագիր, անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի 02.10.2002 թ. թիվ 287 հրամանը, 14.06.2007 թ. ծանուցումը, 26.06.2007 թ. թիվ 110-03 հրամանը, 09.07.2007 թ. թիվ 255 հրամանը, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար և այդ գումարի նկատմամբ տուժանքի գումարը:
Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 28.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.04.2008 թվականի որոշմամբ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 28.12.2007 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մամիկոն Մանուկյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Մամիկոն Մանուկյանի կողմից կատարված աշխատանքը չի կրել ժամանակավոր բնույթ, ուստի նրա հետ չէր կարող կնքվել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
Այսպես, Մամիկոն Մանուկյանը Ընկերությունում աշխատել է 2001 թվականից որպես Ընկերության իրավաբանական վարչության պետ, կատարելով նույն աշխատանքը, որի պայմաններում նրա հետ աշխատանքային իրավահարաբերությունները չէին կարող կարգավորվել որոշակի ժամկետով կնքված պայմանագրով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.04.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 28.12.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ընկերության և Մամիկոն Մանուկյանի միջև 25.07.2006 թվականին կնքվել է թիվ 362 աշխատանքային պայմանագիրը մինչև 31.12.2006 թվականը, որով Մամիկոն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի Ընկերության իրավաբանական վարչության պետ:
Վերոհիշյալ պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո 01.01.2007 թվականին կնքվել է նոր ժամկետային թիվ 329 աշխատանքային պայմանագիրը մինչև 30.06.2007 թվականը:
2. Ընկերության գլխավոր տնօրենի 26.06.2007 թվականի թիվ 110-13 հրամանով պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով Մամիկոն Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է`
1. անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.
2. որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցերին.
1) արդյո՞ք կարող է կնքվել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր` անկախ կատարվելիք աշխատանքի բնույթից կամ կատարման պայմաններից,
2) որո՞նք են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար նախատեսված պայմանների բացակայությամբ կնքված պայմանագրի իրավական հետևանքները:
1) Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման օրինականության մասին:
i
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե նույն օրենսգրքով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` ընտրովի պաշտոններում աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է ընտրված ժամանակահատվածով. աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կարող է կնքվել նաև, եթե աշխատողը գործատուին մատուցում է անձնական բնույթի ծառայություններ, աշխատանքը կատարում են տնաշխատները, կատարվում է համատեղությամբ աշխատանք, կատարվում են սեզոնային աշխատանքներ, կատարվում է ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանք:
i
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն, որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով պայմանագրով և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը: Այսինքն, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքերում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում են ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված նախապայմանները (տես օրինակ` Սուրեն Մկրտումյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` աշխատանքային պայմանագրի մասը, ազատման հրամանը, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի թիվ 3-321 որոշումը):
i
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, առանց անդրադառնալու և գնահատման առարկա դարձնելու սույն քաղաքացիական գործով առկա աշխատանքային իրավահարաբերության բնույթը և նման իրավահարաբերության առկայության պայմաններում` ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման օրինաչափության հարցը, հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Մամիկոն Մանուկյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի պահանջներին համապատասխան (որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով)` գնահատելով հայցվորին աշխատանքից ազատելու գործընթացի իրավաչափության հարցը:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել հայցվորի և Ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագրի 2.1 և 2.2 կետերով սահմանված` աշխատողի իրավունքների և պարտականությունների ցանկը, որով հիմնավորվում է, որ հայցվորի աշխատանքը կրել է մշտական բնույթ:
2) Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար նախատեսված պայմանների բացակայությամբ կնքված պայմանագրի իրավական հետևանքների մասին:
«Եվրոպական սոցիալական խարտիայի» 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` աշխատանքից ազատվելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել` աշխատանքից միայն այնպիսի հիմնավոր պատճառներով ազատվելու աշխատողի իրավունքը, որոնք կապված են նրա ընդունակությունների կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է` 1) կողմերի համաձայնությամբ, 2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, 3) աշխատողի նախաձեռնությամբ, 4) գործատուի նախաձեռնությամբ, 5) նույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Մամիկոն Մանուկյանի և Ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` հայցվորի ընդունակության կամ վարքի, ինչպես նաև ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների հետ առնչություն չունեցող հիմքով:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերը չեն կարող բովանդակել այնպիսի պայմաններ, որոնք աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային պայմանների համեմատ վատթարացնում են աշխատողի դրությունը: Եթե կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված պայմանները հակասում են նույն օրենսգրքին, օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, ապա այդ պայմաններն իրավաբանական ուժ չունեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ հիմքերի բացակայության պայմաններում կնքված պայմանագիրը առաջացնում է գործատուի կողմից աշխատողի աշխատանքային իրավունքների և երաշխիքների սահմանափակում, հետևաբար, նման պայմանագիրը պետք է համարվի անորոշ ժամկետով կնքված և դրա նկատմամբ պետք է կիրառվեն անորոշ ժամկետով պայմանագրի նկատմամբ կիրառելի նորմերը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 28.12.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
|
Վ. Աբելյան |
|
Ե. Խունդկարյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |