Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 417-ՐԴ, 105...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 417-ՐԴ, 1058-ՐԴ, 1072-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-533 (ՎԴ)

    դատարանի որոշում                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1217

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի              

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչյա Մանուչարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրաչյա Մանուչարյանի ընդդեմ «ՍՏԱՖ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Նորայր Գրիգորյանի` վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Հրաչյա Մանուչարյանը պահանջել է պատասխանողներից բռնագանձել 1.642.000 ՀՀ դրամ` որպես առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի հատուցում:

Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 13.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.04.2008 թվականի որոշմամբ Դատարանի 13.11.2007 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Հրաչյա Մանուչարյանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրաչյա Մանուչարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ, 1072-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել նույն օրենսգրքի 417-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատճառված վնասը հասցվել է առավել վտանգի աղբյուրի շահագործման արդյունքում, ուստի սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջով պայմանավորված ապացուցման առարկան պետք է կազմեր միայն առավել վտանգի աղբյուրի շահագործման արդյունքում վնաս պատճառելու փաստը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հիմնվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի առաջին մասին` մերժել է հայցը` դա հիմնավորելով վնաս պատճառողի գործողություններում մեղքի բացակայությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 13.11.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

03.05.2006 թվականին Երևանի Մյասնիկյանի պողոտայում Ընկերությանը պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է առջևից ընթացող Հրաչյա Մանուչարյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային` պատճառելով նյութական վնաս:

Վթարի պահին «Գազել» մակնիշի ավտոմեքենան վարել է Նորայր Գրիգորյանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Իրավահարաբերության պահին գործող ՀՀ կառավարության 23.05.2002 թվականի թիվ 924-Ն որոշմամբ հաստատված «Ճանապարհային երթևեկության կանոնների» (այսուհետ` Կանոններ) 9.1 կետի համաձայն` երթևեկության համար վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար:

Կանոնների 8.8 կետի համաձայն` վարորդը պետք է իր և առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև պահպանի այնպիսի տարածություն, իսկ կողքով ընթացողներից` այնպիսի կողային միջտարածություն, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել դրանց հետ բախումից: Նկատի ունենալով, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենան ընթացել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից հետո, ապա ըստ Կանոնների 8.8 կետի պահանջների` «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորայր Գրիգորյանը պարտավոր էր իր և առջևից ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի միջև պահպանել անհրաժեշտ տարածություն, որպեսզի հնարավորություն ունենար կանխելու բախումը: Մինչդեռ, նույնիսկ արգելակման պայմաններում վերջինս չի կարողացել խուսափել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետ բախումից:

Այսպիսով, Նորայր Գրիգորյանն իրեն վստահված «Գազել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Հրաչյա Մանուչարյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային` Հրաչյա Մանուչարյանի գույքին պատճառելով վնաս:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածով սահմանված են վնասի հատուցման համար պատասխանատվության ընդհանուր հիմքերը, մասնավորապես` նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

i

Վնասի հատուցման պատասխանատվության և դրանից ազատվելու հնարավորության ընդհանուր հիմունքները` կախված վնաս պատճառելու եղանակից, ձևից, միջոցից և այլն, սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1060-1073 հոդվածներում, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջի շրջանակներում ապացուցման առարկա միակ փաստը դա պատասխանողի` շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեությամբ հայցվորին նյութական վնաս պատճառելն է: Իսկ վնաս պատճառած անձը կարող է ազատվել հասցված վնասը հատուցելու պարտականությունից միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ հասցված վնասի մեջ պատասխանողի մեղքի առկայությունը օրենքով թույլատրելի ոչ մի ապացույցով չի ապացուցվում, ոչ միայն ընդլայնել է առավել վտանգի աղբյուրով հասցված վնասի հատուցման պարտավորության բացակայության օրենքով սպառիչ կերպով սահմանված դեպքերը, այլ նաև պատասխանողի մեղքի առկայության ապացուցման պարտականությունը դրել է հայցվորի վրա:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 13.11.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.09.2008
N 3-533(ՎԴ)
Որոշում