ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-192 (ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-2112/2007 թ.
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Տ. Սահակյան
Ա. Թումանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ընդդեմ Հենրիկ Սիմոյանի` պահանջի իրավունքի զիջման պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պահանջել է անվավեր ճանաչել «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) լուծարային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Սիմոնյանի և քաղաքացի Հենրիկ Սիմոնյանի միջև 20.09.2005 թվականին կնքված պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 06.04.2007 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.06.2007 թվականի վճռով հայցը մերժել է:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318 հոդվածի 3-րդ մասը:
Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ Ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Սիմոնյանը Ընկերության պահանջի իրավունքը զիջել է Ընկերության բաժնետեր Հենրիկ Սիմոնյանին, որը նույն ֆիզիկական անձն է, այսինքն` ներկայացուցիչը ներկայացվողի անունից գործարք է կնքել անձամբ իր նկատմամբ:
i
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը 26.10.2006 թվականի թիվ 3-2091/ՏԴ որոշմամբ արտահայտել է իր դիրքորոշումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318 հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջը խախտված լինելու հանգամանքի կապակցությամբ:
Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճիռը և հայցը բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Պահանջի իրավունքի զիջման 20.09.2005 թվականի պայմանագրով Հենրիկ Սիմոնյանը որպես Ընկերության լուծարային հանձնաժողովի ներկայացուցիչ հանդես չի եկել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`
Ընկերության լուծարային հանձնաժողովն (ի դեմս հանձնաժողովի նախագահ Հ. Սիմոնյանի) Ընկերության պահանջի իրավունքը 20.09.2005 թվականի պայմանագրով զիջել է Ընկերության բաժնետեր Հ. Սիմոնյանին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318 հոդվածի 3-րդ մասի համաձայն` ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված իր որոշմամբ անդրադարձել է Ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Սիմոնյանի և Ընկերության բաժնետեր Հենրիկ Սիմոնյանի միջև 20.09.2005 թվականին կնքված պայմանագրին (տես` Հենրիկ Սիմոնյան ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկ` 5.215.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-2091/ՏԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշումը):
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահ Հ. Սիմոնյանը Ընկերության պահանջի իրավունքը 20.09.2005 թվականի պայմանագրով զիջել է Ընկերության բաժնետեր Հ. Սիմոնյանին, որը նույն անձն է, գտել է, որ տվյալ դեպքում առկա է դեպք, երբ ներկայացուցիչը ներկայացվողի անունից գործարք է կնքել անձամբ իր նկատմամբ, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում է:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքին հակասող գործարքներն անվավեր են, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է, կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության լուծարային հանձնաժողովի և Ընկերության բաժնետեր Հենրիկ Սիմոնյանի միջև 20.09.2005 թվականին կնքված պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը անվավեր է:
Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հայցը բավարարել` անվավեր ճանաչել 20.09.2005 թվականի պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան