124.0009.190907
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 09 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12407338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
24 օգոստոսի 2007 թվականի N 9-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 03/17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի հունիսի 23-ի «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/17-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
Հավելված
Համաձայնեցված է ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի հարկային պետական
նախարարի հետ ծառայության պետի
թիվ 677-Ա հրաման 24 օգոստոսի 2007 թ.
3 սեպտեմբերի 2007 թ. N 9-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 03/17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի հունիսի 23-ի «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/17-Ն հրամանով հաստատված «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում.
i
1. Հրահանգը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.
«2.1. Անկախ սույն հրահանգի 1-ին կետում նշված սեփականության իրավունքի առկայությունից` գույքահարկ հաշվարկվում և վճարվում է նաև.
1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների համար.
2) բազմաբնակարան բնակելի շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառուցված` շենքում գտնվող օրինական մաս կազմող միավորի հետ անմիջական կապ ունեցող ինքնակամ կցակառույց շինությունների համար:
Օրինակ 4.1. Ֆիզիկական անձը 2001 թվականին Երևան քաղաքում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցել է բնակելի նշանակության շինություն (անհատական բնակելի տուն), իսկ 2002 թվականին իր հողամասին կից պետական սեփականություն համարվող հողամասի վրա ինքնակամ կառուցել է ավտոտնակ: «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-510-Ն օրենքի գործողության ժամկետում ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով դիմել է միայն ինքնակամ կառուցված ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար: Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է ինքնակամ կառուցված ավտոտնակի օրինականացման մերժման մասին համապատասխան որոշում (շինությունը չի բավարարել օրենքով սահմանված` սեփականության իրավունքի ճանաչման հիմքերին):
Տվյալ դեպքում, անկախ սեփականության իրավունքի (սեփականության իրավունքը վկայող` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի) առկայությունից, ֆիզիկական անձի համար բնակելի նշանակության շինության մասով օրենքով սահմանված կարգով առաջանում են գույքահարկի պարտավորություններ, իսկ ավտոտնակը գույքահարկով հարկվող օբյեկտ չի համարվում:»:
i
2. Հրահանգի 7-րդ կետում «սույն հրահանգի 2-րդ կետում» բառերը փոխարինել «սույն հրահանգի 2-րդ և 2.1-րդ կետերում» բառերով:
3. Հրահանգի 10-րդ կետում.
i
1) «ա» ենթակետը «Սեփականության իրավունքով չգրանցվելու» բառերից հետո լրացնել (բացառությամբ սույն հրահանգի 2.1-րդ կետում նշված դեպքի) բառերով,
2) «ե» ենթակետում «2005 և 2006 թվականների ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով, իսկ «տեխնիկական զննություն իրականացնող» բառերը` «հաշվառում վարող» բառերով,
3) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` «զ» ենթակետով.
«զ) ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող, հին նմուշի պետական համարանիշները նորերով չփոխանակված և չշահագործվող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցները, դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում այդ փոխադրամիջոցների համար ֆիզիկական անձանց գույքահարկի պարտավորությունները դադարում են փոխադրամիջոցի վերջին (նախորդ) տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած:
Սույն ենթակետում նշված դեպքերում գույքահարկի պարտավորությունների դադարեցման (գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների հաշվառում (գրանցում) վարող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացրած տեղեկությունները կամ գույքահարկ վճարողին տրված` հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմնավորող փաստաթուղթը (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը):
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավորապես հանված փոխադրամիջոցները ֆիզիկական անձի դիմումի համաձայն լիազոր մարմնում վերահաշվառվում են գույքահարկ վճարող ֆիզիկական անձին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցը լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում այդ փոխադրամիջոցի համար դադարած գույքահարկի պարտավորությունները հակադարձվում են և ենթակա են կատարման օրենքով սահմանված կարգով և չափով:
Օրինակ 14.3. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող, 1978 թվականի արտադրության, մինչև 10 նստատեղ ունեցող (մարդատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը վերջին անգամ տարեկան տեխնիկական զննություն է անցել 1991 թվականին: Անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը շահագործելու հանգամանքից` ֆիզիկական անձն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով կատարել է գույքահարկի գծով իր պարտավորությունները 1995-2000 թվականների համար, բայց 2001 թվականի և հետագա տարիների համար գույքահարկի գումարները չի վճարել, որի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկվել են տույժեր:
Ֆիզիկական անձին պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը 2007 թվականի նոյեմբերի 15-ին այն հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավորապես հանվել է:
Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառում (գրանցում) վարող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացրած տեղեկությունների կամ գույքահարկ վճարողին տրված` հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմնավորող փաստաթղթի (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը) հիման վրա ֆիզիկական անձին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 1992 թվականի և հետագա տարիների համար գույքահարկի առկա պարտավորությունների (տվյալ դեպքում` 2001- 2007 թվականների համար հաշվարկված գույքահարկի և օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարների) վերահաշվարկ և գույքահարկի առկա պարտավորությունները համարվում են վերացած: Տվյալ դեպքում 1995-2000 թվականների համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի կատարված պարտավորությունները շրջադարձման, իսկ գույքահարկի վճարված գումարները վերադարձման ենթակա չեն:
2009 թվականի ընթացքում ֆիզիկական անձը դիմում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառում (գրանցում) վարող լիազոր մարմնին` հաշվառումից ժամանակավորապես հանված փոխադրամիջոցը սահմանված կարգով վերահաշվառելու համար: Լիազոր մարմնում տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը ենթակա է վերահաշվառման գույքահարկ վճարող ֆիզիկական անձին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար դադարած գույքահարկի պարտավորությունները գույքահարկ վճարող ֆիզիկական անձին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հակադարձվում են և ենթակա են վերահաշվարկման: Տվյալ դեպքում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2001 -2007 թվականների համար գույքահարկի պարտավորությունները ենթակա են կատարման օրենքով սահմանված կարգով ու չափերով:»:
i
4. Հրահանգը 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1 և 29.2-րդ կետերով.
«29.1. 2007 թվականի հունվարի 1-ից գույքահարկից ազատվում են կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող, մինչև 1991 թվականը կառուցված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շենքերի և շինությունների ըստ նպատակային նշանակության դասակարգմամբ սահմանված հասարակական նշանակության շենքերի և շինությունների գործառնական նշանակությանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինությունները: Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների դասակարգումն ըստ գործառնական նշանակության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որոշվում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից և արտացոլվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում:
Կրոնական կազմակերպություններն ազատվում են նաև իրենց սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաև գույքահարկի գումարներն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից:
29.2. 2007 թվականի ապրիլի 1-ից գույքահարկից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով:»: