ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-1772(ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2006թ.
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Դ. Խաչատրյան
Քաղաքացիական գործ թիվ 06-2296/2006թ.
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
2006թ. սեպտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.06.2006 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի ընդդեմ Ենոք Ղազարյանի` գույքահարկը բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է բռնագանձել պատասխանողից 1999-2005 թվականների համար 3.322.501 ՀՀ դրամ գույքահարկը` հօգուտ թաղային համայնքի:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 02.05.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 28.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` 1.452.190 ՀՀ դրամի մասով:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կենտրոն թաղային համայնքի ղեկավարը:
Պատասխանողի կողմից վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`
1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և չի կիրառել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 10-րդ և 14-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Ե. Ղազարյանը Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական տարածքի Չկալովի 71 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերն է և գույքահարկ վճարող: Վերաքննիչ դատարանը սխալ է կատարել գույքահարկի հաշվարկը, մասնավորապես չի հաշվարկել երկրորդ անշարժ գույքի գծով պարտավորությունները, և այդ մասին ընդհանրապես վճիռ չի կայացրել.
2) Վերաքննիչ դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1 հոդվածը, որը չպետք է կիրառվեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը կիրառելի է միայն հարկային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով անցկացվող ստուգումների արդյունքում հայտնաբերված հարկային պարտավորությունների նկատմամբ և սույն գործով կիրառելի չէ:
Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.06.2006 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ե. Ղազարյանը Երևանի Չկալովի փողոցի թիվ 71 հասցեի անշարժ գույքի սեփականատերն է և գույքահարկ վճարող:
2) Ե. Ղազարյանի նկատմամբ հաշվարկվել է Երևանի Չկալովի փողոցի թիվ 71 հասցեում գտնվող շինության 1999-2005 թվականների համար 3.322.501 ՀՀ դրամ գույքահարկի պարտք:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածով սահմանված են գույքահարկով հարկվող օբյեկտները: Գույքահարկով հարկվող օբյեկտներ են նաև շինությունները: Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն և տարեկան հաշվարկները կարող են մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնել` հարկվող օբյեկտ համարվող շինության համար` շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին, իսկ 3-րդ մասով ամրագրված է, որ հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման վերաբերյալ ներկայացված տեղեկությունները` հաշվառող մարմինները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա երեք տարիների գույքահարկի գումարները:
Տվյալ դեպքում «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է գույքահարկի հաշվարկման երկու սուբյեկտ` ֆիզիկական անձ և հաշվառող մարմին: Այդ իսկ պատճառով, նշված հոդվածի համաձայն, օրենսդիրը սահմանել է գույքահարկ հաշվառող մարմնի պարտականությունը` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնելու սահմանված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա հաստատված ձևի գույքահարկի վճարման ծանուցագրեր:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` որպես պետության պատվիրակած լիազորություն գույքահարկի գանձումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը:
Հայցադիմումում գույքահարկի հաշվարկը տույժերի հետ միասին ներկայացվել է 1999-2005 թվականների ժամանակաշրջանի համար 3.322.501 ՀՀ դրամի չափով, իսկ Վերաքննիչ դատարանը հայցը մասնակի բավարարելիս դրա հաշվարկը կատարել է հայցադիմումում ներկայացված ընդհանուր գումարից, անկախ գույքահարկով հարկման ենթակա օբյեկտների քանակից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս հիմք է ընդունել հայցադիմումում ներկայացված գույքահարկի գծով պարտավորությունների ընդհանուր ծավալը, հաշվարկներն իրականացրել է այդ գումարից ելնելով, և այդ մասով օրենքի որևէ խախտում առկա չէ:
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հարկերի տեսակները, որոնցից մեկն էլ գույքահարկն է:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն` «Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո»:
Հայցվորը Ե.Ղազարյանի գույքահարկի պարտքի հաշվարկը դատարանին է ներկայացրել 01.01.2006 թվականի դրությամբ` 1999-2005 թվականների համար:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացրել է հարկային տեսչությունը, իսկ հետագայում` 21.06.2002 թվականից «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` համայնքի ղեկավարը: Գույքահարկի պարտքի առկայությունը 1999-2002 թվականների ժամանակաշրջանի համար օրենքի ուժով պարտավորության գոյացման ժամանակ պարտավոր էին հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում` տեղական ինքնակառավարման մարմինը: Հետևաբար, սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որի ուժով 1999-2002 թվականների գույքահարկի համար Ե. Ղազարյանի մոտ հարկային պարտավորություններ չէր կարող առաջանալ:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը: Բողոք բերած անձի պատճառաբանությունն այն մասին, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը կիրառել է միայն հարկային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով անցկացվող ստուգումների արդյունքում հայտնաբերված հարկային պարտավորությունների նկատմամբ, անհիմն է, քանի որ օրենքի նշված դրույթը կիրառման որևէ բացառություն չի նախատեսում ելնելով պարտավորության հայտնաբերման եղանակից: Հետևաբար, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դրույթը վերաբերում է հարկային պարտավորություններ հայտնաբերելու բոլոր դեպքերին` առանց բացառության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.06.2006 թվականի վճիռը թողնել անփոփոխ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ