(ուժը կորցրել է 16.09.04 թիվ 111-Ն որոշում)
i
600.0089.161202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60002351
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 2002 թվականի N 89-Ն
i
ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի զ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.42 կետը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը (հավելված):
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան կնքված հատուկ հաշվի և երաշխիքային գումարի հաշվի սպասարկման ու գրավի պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հինգօրյա ժամկետում:
3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի կիրարկումն ապահովելու նպատակով համապատասխան հանձնարարականներ պետք է ներկայացնել հատուկ հաշիվը և երաշխիքային գումարի հաշիվը սպասարկող բանկերին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի
կարգավորող հանձնաժողովի
2002 թվականի դեկտեմբերի 10-ի
N 89-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ
i
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հուլիսի 31-ի N 54-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բաշխման լիցենզիայի պայմանների 4.22, 4.39, 4.40 և 4.41 կետերի, արտադրողներին և շուկային ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված վճարումներ ապահովելու համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացում է հատուկ հաշիվ և գրավադրում երաշխիքային գումար` և (կամ) ներկայացնում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված բանկային երաշխիք` անհրաժեշտ երաշխիքային գումարի չափով (այսուհետ` երաշխիքային գումար) որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու լրացուցիչ միջոց: Երաշխիքային գումարը 2003 թվականի համար կազմում է 600.0 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2004 թվականից սկսած` նախորդ տարվա միջին ամսական գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների ընդհանուր գումարի տաս տոկոսիի չափով: Հատուկ հաշիվը և երաշխիքային գումարի հաշիվը սպասարկող բանկերի ընտրությունը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ:
(1-ին կետը փոփ. 17.06.03 թիվ 213-Ն որոշում)
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվի և երաշխիքային գումարի հաշվի սպասարկման պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ:
3. Հատուկ հաշվի միջոցները և գրավադրված երաշխիքային գումարը կառավարվում են սույն կարգին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված լիցենզիայի պայմաններին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան:
4. Ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողների կատարած բոլոր դրամական վճարումները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բացած տարանցիկ հաշիվներին: Այդ հաշիվներում սպառողներից մուտքագրված գումարները, համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և բանկերի միջև կնքված պայմանագրերի, մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են հատուկ հաշվին: Տարանցիկ հաշվից հատուկ հաշվին փոխանցումից բացի այլ վճարում չի կարող իրականացվել, ինչը ամրագրվում է տարանցիկ հաշիվների սպասարկման պայմանագրերում: Կնքված պայմանագրերը, բացված տարանցիկ հաշիվների ցանկը և հետագայում դրանցում կատարվող բոլոր փոփոխությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով:
5. Գնված էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դրամային վճարումները կարող են իրականացվել միայն հատուկ հաշվի միջոցով` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության վճարման հանձնարարագրերի հիման վրա:
6. Վճարման պահին, բայց ոչ ուշ, քան պայմանագրով սահմանված ժամկետը, հատուկ հաշվում միջոցների անբավարար լինելու դեպքում, այդ հաշիվն սպասարկող բանկը, առանց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համաձայնության, պակասը լրացնում է երաշխիքային գումարից` սույն կարգին և պայմանագրին համապատասխան: Այն դեպքում, երբ երաշխիքային գումարը չի բավարարում վճարումներն ապահովելու համար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է մինչև վճարման պահը հատուկ հաշվին փոխանցել պակասող գումարը: Նշված երաշխիքային գումարի սպառման կամ մասնակի օգտագործման դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է եռօրյա ժամկետում լրացնել սահմանված չափաքանակը:
i
7. Յուրաքանչյուր ամսվա հինգից հատուկ հաշվին մուտքագրված գումարները համարվում են գրավադրված էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների օգտին` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու միջոց: Այդ նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվում է գրավի պայմանագիր, որը, ինչպես նաև նրանում կատարվող փոփոխությունները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ: Գրավադրումը դադարում է, և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա դրամական պարտավորությունների ամբողջական կատարումից հետո միայն կարող է տնօրինել հատուկ հաշվի գումարները և փոխանցել իր ընթացիկ հաշվին:
(7-րդ կետը փոփ. 17.06.03 թիվ 213-Ն որոշում)
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 17.06.03 թիվ 213-Ն որոշում)
i
9. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր ամիս, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած ձևերին համապատասխան, հատուկ հաշվի գումարների շարժի մասին հաշվետվություն է ներկայացնում հանձնաժողով: