040.1081.290812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 օգոստոսի 2012 թվականի N 1081-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` միջոցներ ձեռնարկել` մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը`
1) բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններում (մանկատուն, ծերանոց) բնակվող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգ ներդնելու և համապատասխան տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական պետական ծառայությանը տրամադրելն ապահովելու համար.
2) 1992-2004 թվականներին գործատուների կատարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու և այդ ժամանակահատվածում վարձու աշխատողի համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ կատարած լինելու մասին տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով ճշտելն ապահովող ծրագրային ապահովում ստեղծելու համար:
(2-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 23-ի
N 1081-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ` շտեմարան) վարելու հետ կապված հարաբերությունները:
2. Շտեմարանը վարելը ներառում է`
1) կենսաթոշակ, պատվովճար, ամենամսյա պարգևավճար, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, վնասի փոխհատուցման գումարներ (այսուհետ` կենսաթոշակ) նշանակելու մասին դիմումի հիման վրա կամ սույն կարգով սահմանված դեպքերում կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելը.
2) կենսաթոշակ նշանակելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարանում ներառելը (ըստ անհրաժեշտության` շտեմարանում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը).
3) շտեմարանում ներառված` կենսաթոշակառուին վերաբերող տվյալների հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը և վերսկսելը:
(2-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
3. Շտեմարանը վարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալակ պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն):
(3-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)
II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՈՐԾ ԿԱԶՄԵԼԸ
4. Կենսաթոշակի էլեկտրոնային գործը շտեմարանում ներառված` անձի կենսաթոշակային ապահովության իրավունքի իրականացումն ապահովող տեղեկատվության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լուսապատճենների ամբողջություն է:
(4-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
5. Կենսաթոշակի էլեկտրոնային գործը կազմվում է կենսաթոշակ նշանակելու մասին դիմումի հիման վրա` անձին կենսաթոշակ նշանակելու դեպքում:
6. Եթե անձին կենսաթոշակ է նշանակվել մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը, ապա կենսաթոշակի էլեկտրոնային գործը կազմվում է նաև`
1) դիմումի հիման վրա կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դեպքում.
2) կենսաթոշակի գործը կենսաթոշակառուի հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում տեղափոխելու կամ միջազգային պայմանագրի հիման վրա այլ պետություն ուղարկելու դեպքում.
3) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո կենսաթոշակի թղթային գործերը ոչնչացնելու դեպքում:
7. Կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելիս`
1) փաստաթղթերի լուսապատճենները շտեմարան են մուտքագրվում`
ա. սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում` դիմումին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները տեսաներածելու (սկանավորելու) միջոցով,
բ. սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում` դիմումին կից ներկայացված կամ կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերի բնօրինակները, իսկ կենսաթոշակի թղթային գործում բնօրինակի բացակայության դեպքում` փաստաթղթի «իսկականի հետ ճիշտ է» գրառումը պարունակող և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կնիքով կնքված պատճենը տեսաներածելու (սկանավորելու) միջոցով,
գ. սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում` կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերի բնօրինակները, իսկ բնօրինակի բացակայության դեպքում` փաստաթղթի «իսկականի հետ ճիշտ է» գրառումը պարունակող և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կնիքով կնքված պատճենը տեսաներածելու (սկանավորելու) միջոցով.
2) ինքնաշխատ եղանակով շտեմարան են մուտքագրվում`
ա. կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, բնակության վայրի հասցեն` բնակչության պետական ռեգիստրի համակարգից,
բ. կենսաթոշակի իրավունք ունեցող անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը (հաշմանդամության խումբը), աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշմանդամության ժամկետը և կրկնակի գնահատման (վերափորձաքննության) ժամկետը` անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանից,
գ. գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը` գործազուրկների հաշվառման տեղեկատվական համակարգից.
3) շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա ինքնաշխատ եղանակով ճշտվում են`
ա. 1992-2004 թվականներն ընկած ժամանակահատվածում վարձու աշխատողի համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ կատարած լինելու մասին տեղեկատվությունը,
բ. կենսաթոշակի իրավունք ունեցող անձի` 2005 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժի մասին տեղեկատվությունը:
(7-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի լուսապատճենները պետք է տեսաներածված լինեն PDF ֆորմատի ֆայլերով, իսկ փաստաթղթերի բնօրինակները` գունավոր, առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի փաստաթուղթն ամբողջությամբ (մեկ փաստաթուղթը, անկախ էջերի թվից, տեսաներածվում է որպես առանձին ֆայլ):
(8-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԱԾ` ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԵԼԸ
9. Կենսաթոշակ նշանակելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարանում ներառվում է`
1) կենսաթոշակառուի կամ այլ անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված վարչական ակտի (այսուհետ` վարչական ակտ) հիման վրա.
3) ինքնաշխատ եղանակով:
10. Կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը դիմումի, վարչական ակտի հիման վրա և ինքնաշխատ եղանակով շտեմարանում ներառելու ընթացակարգը սահմանում է ծառայությունը:
11. Կենսաթոշակառուի կամ այլ անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարան ներառվելու դեպքում`
1) դիմումին կից ներկայացված փաստաթղթերի լուսապատճենները, փաստաթղթերի բնօրինակները կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելու համար սահմանված կանոններով տեսաներածելու (սկանավորելու) միջոցով կցվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործին.
2) շտեմարանում արձանագրվում են տվյալները մուտքագրող մասնագետի «օգտվողի անունը», տվյալները մուտքագրելու ժամը, օրը, ամիսը, տարեթիվը:
(11-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
12. Դիմումի հիման վրա կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարանում ներառվելու դեպքում տեղեկատվությունը համադրվում է ծառայության տնօրինության տակ գտնվող (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման և այլ մարմիններից ինքնաշխատ եղանակով ստացված) տվյալների հետ: Ընդ որում, անճշտությունների (անհամապատասխանությունների) առկայության դեպքում`
1) հիմք է ընդունվում (շտեմարան է մուտքագրվում) դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա ներկայացված տեղեկատվությունը.
2) ծառայությունը, տեղեկատվության հավաստիության համար պատասխանատու պետական կառավարման մարմնի հետ համատեղ, փոխհամաձայնեցված կարգով, միջոցներ է ձեռնարկում անճշտությունները (անհամապատասխանությունները) շտկելու ուղղությամբ:
(12-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
13. Վարչական ակտի հիման վրա կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարանում ներառվելու դեպքում վարչական ակտի բնօրինակը տեսաներածելու (սկանավորելու) միջոցով կցվում է կենսաթոշակի էլեկտրոնային գործին, իսկ շտեմարանում արձանագրվում են վարչական ակտի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, վարչական ակտը մուտքագրող մասնագետի «օգտվողի անունը», տվյալները մուտքագրելու ժամը, օրը, ամիսը, տարեթիվը: Տեսաներածումը (սկանավորումը) կատարվում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելու համար սահմանված կանոններով:
(13-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
14. Վարչական ակտի հիման վրա շտեմարանում ներառվում է հետևյալ տեղեկատվությունը (եթե դիմումի հիման վրա այդ տեղեկատվությունը չի մուտքագրվել շտեմարան)`
1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) մարմիններից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված` կենսաթոշակառուի, անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի` մահվան օրը, ամիսը, տարեթիվը.
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացված`
ա. կենսաթոշակառուի, անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը,
բ. կենսաթոշակառուի, անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը,
գ. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի կամ օտարերկրյա քաղաքացի կենսաթոշակառուի` օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը,
դ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-ին կետերի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի կամ նշված կետերով սահմանված` 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հաշվառման հասցեն փոխվելու (կենսաթոշակառուի` մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելը դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.
3) 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին», 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» և 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետության իրավասու մարմնից ստացված` կենսաթոշակառուին այդ պետությունում կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը.
4) օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված` օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կենսաթոշակառուին այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը.
5) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանից կամ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված`
ա. կենսաթոշակառուին առաջնակի գնահատման կամ կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը (հաշմանդամության խումբը), աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամության պատճառական կապը, հաշմանդամության ժամկետը և կրկնակի գնահատման (հերթական վերափորձաքննության) ժամկետը,
բ. կենսաթոշակառուին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ մինչև կրկնակի գնահատման (վերափորձաքննության) ժամկետը լրանալը, վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու դեպքում` վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը,
գ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուին կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը,
դ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի ծնողներին կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում` կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը (հաշմանդամության խումբը), աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամության ժամկետը և կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) ժամկետը,
ե. կենսաթոշակառուի ծնողներին կամ զավակներին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը,
զ. կենսաթոշակառուի ծնողներին կամ զավակներին, մինչև կրկնակի գնահատման (վերափորձաքննության) ժամկետը լրանալը, վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և վերագնահատման (վերափորձաքննության) արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու դեպքում` վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը,
է. կենսաթոշակառուի` մինչև կրկնակի գնահատման (վերափորձաքննության) ժամկետը լրանալը, վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և վերագնահատման (վերափորձաքննության) արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը.
6) բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններում (մանկատուն, ծերանոց) բնակվող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգից կամ բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունից ստացված` բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունվելու (կազմակերպությունից դուրս գալու) օրը, ամիսը, տարեթիվը.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակառուի աշխատանքի անցնելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակը նշանակվել է չաշխատելու պայմանի առկայությամբ` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 5.1-ին կետերի հիման վրա).
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատավորի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնի (քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնի) կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնի նշանակվելու օրը, ամիսը, տարեթիվը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ սահմանված կարգով բանկերից ստացված` կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի` օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով բանկ ներկայանալու կամ նոտարի հաստատած փաստաթուղթը բանկ ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:
(14-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
15. Ինքնաշխատ եղանակով շտեմարանում ներառվում է հետևյալ տեղեկատվությունը`
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացված`
ա. կենսաթոշակառուի, իսկ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը փոխվելու մասին տեղեկատվությունը (նոր տվյալը),
բ. 16 տարին չլրացած կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հատկացնելու դեպքում` անձնագրի սերիան և համարը.
2) ՔԿԱԳ-ի մարմիններից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված` 16 տարին չլրացած կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը փոխվելու մասին տեղեկատվությունը (նոր տվյալը).
3) հարկային մարմնից ստացված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները:
(15-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
16. Կենսաթոշակառուի` տարեցների համար նախատեսված սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն (ծերանոց) ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը շտեմարան մուտքագրվելու դեպքում ինքնաշխատ եղանակով հաշվարկվում է ծերանոց ընդունվելուն հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարը`
1) եթե կենսաթոշակառուն ստանում է զինվորական կենսաթոշակ` հաշվարկված զինվորական կենսաթոշակի 50 տոկոսը.
2) եթե կենսաթոշակառուն ստանում է աշխատանքային կենսաթոշակ` հաշվարկված կենսաթոշակի աշխատանքային մասը.
3) եթե կենսաթոշակառուն ստանում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակ` հաշվարկված կենսաթոշակի 50 տոկոսը.
4) եթե կենսաթոշակառուն ստանում է պարգևավճար` նշանակված պարգևավճարի ամբողջ գումարը:
(16-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
17. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անչափահաս կենսաթոշակառուի` սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն (մանկատուն) ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը շտեմարան մուտքագրվելու դեպքում` ընդունվելուն հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակի վճարման ցուցակով կենսաթոշակի գումար չի վճարվում: Սույն կետով սահմանված դեպքում, ընդունվելուն հաջորդող ամսվա 1-ից, շտեմարանում կենսաթոշակառուի անվամբ հաշվեգրվում է (կուտակվում է) հաշվարկված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի գումարի 50 տոկոսը:
18. Կենսաթոշակառուի` տարեցների համար նախատեսված սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունից (ծերանոցից) դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը շտեմարան մուտքագրվելու դեպքում ինքնաշխատ եղանակով վերահաշվարկվում է ծերանոցից դուրս գալուն հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարը` հաշվարկված կենսաթոշակի չափով:
IV. ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ` ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԿԱՄ ՎԵՐՍԿՍԵԼԸ
19. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում և վերսկսվում է օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով:
20. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում:
21. Կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարեցվում է, եթե դիմումի կամ վարչական ակտի հիման վրա շտեմարան են մուտքագրվել`
1) կենսաթոշակառուի մահվան, մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը.
2) կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.
3) կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը.
4) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի կամ օտարերկրյա քաղաքացի կենսաթոշակառուի` օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը.
5) օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կենսաթոշակառուի կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը.
6) կենսաթոշակառուին 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին», 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» և 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետությունում կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը.
7) օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կենսաթոշակառուին այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը.
8) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած` մահացած կերակրողի 63 տարին չլրացած (հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված) ծնողին, ամուսնուն հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև կրկնակի գնահատման (վերափորձաքննության) ժամկետը լրանալը, վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու դեպքում` վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը.
9) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի ծնողներին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև կրկնակի գնահատման (վերափորձաքննության) ժամկետը լրանալը, վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և վերագնահատման (վերափորձաքննության) արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը.
10) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև կրկնակի գնահատման ժամկետը լրանալը, վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և վերագնահատման (վերափորձաքննության) արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը.
11) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-ին կետերի հիման վրա` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի կամ նույն կետով սահմանված` 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հաշվառման հասցեն փոխվելու (կենսաթոշակառուի` մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելը դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.
12) ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի` տարեցների համար նախատեսված սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն (ծերանոց) ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը.
13) կենսաթոշակառուի աշխատանքի (զինվորական ծառայության) անցնելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու (գործունեությունը դադարեցրած լինելու դեպքում` գործունեությունը վերսկսելու) օրը, ամիսը, տարեթիվը, եթե կենսաթոշակը նշանակվել է չաշխատելու պայմանի առկայությամբ` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 5.1-ին կետերի և այդ կետերում նշված անձանց` օրենքի 22-րդ հոդվածի հիման վրա.
14) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատավորի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնի (քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնի) կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնի նշանակվելու օրը, ամիսը, տարեթիվը:
(21-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
22. Կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարեցվում է նաև հետևյալ դեպքերում`
1) լրացել է հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի հաշմանդամության ժամկետը.
2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի 18 տարին չլրացած երեխային (եղբորը, քրոջը, թոռանը), և լրացել է նրա 18 տարին.
3) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի 18 տարին չլրացած եղբորը, քրոջը, թոռանը, և լրացել է նրանց ծնողների հաշմանդամության ժամկետը.
4) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի ցերեկային ուսուցմամբ սովորող զավակին (եղբորը, քրոջը, թոռանը), և լրացել է նրա 26 տարին.
5) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող զավակին, և լրացել է նրա հաշմանդամության ժամկետը.
6) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնողներին, ամուսնուն և լրացել է կենսաթոշակառուի հաշմանդամության ժամկետը` բացառությամբ 63 տարին լրացած լինելու դեպքի.
7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.05.2023 թիվ 816-Ն որոշում)
8) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած (կենսաթոշակի իրավունք ունեցող) երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված անձին, և լրացել է մահացած (զոհված) կերակրողի երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան 14 տարին.
9) լրացել է կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը.
10) կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ չի վճարվել կենսաթոշակ, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակ վճարելը դադարեցվել է անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու պատճառով:
11) (11-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.05.2023 թիվ 816-Ն որոշում)
(22-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
23. Մահացած կերակրողի` ցերեկային ուսուցմամբ սովորող զավակին (եղբորը, քրոջը, թոռանը) նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարեցվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ից:
24. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելիս` շտեմարանում ինքնաշխատ եղանակով արձանագրվում են կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, ամիսը տարեթիվը և կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու պատճառը` ըստ ծառայության սահմանած դասակարգման:
25. Կենսաթոշակը վճարելն ինքնաշխատ եղանակով դադարեցվում է`
1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում.
2) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի` մահվան օրը, ամիսը, տարեթիվը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը` դիմումի կամ վարչական ակտի հիման վրա շտեմարան մուտքագրվելու դեպքում.
3) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու դեպքում.
4) կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.
5) օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով փաստաթուղթ չներկայացնելու կամ հայտարարություն չտալու (բանկ չայցելելու) դեպքում.
6) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի` տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու (կենսաթոշակը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին վճարվելու) դեպքում:
(25-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
26. Կենսաթոշակ վճարելը դադարեցնելիս` շտեմարանում ինքնաշխատ եղանակով արձանագրվում են կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրը, ամիսը տարեթիվը և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու պատճառը` ըստ ծառայության սահմանած դասակարգման:
27. Կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնաշխատ եղանակով վերականգնվում է, եթե`
1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է հաշմանդամության ժամկետը լրանալու պատճառով, և վարչական ակտի հիման վրա շտեմարան են մուտքագրվել անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանից կամ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված`
ա. հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը,
բ. մահացած կերակրողի` 18 տարին չլրացած (կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող) եղբոր, քրոջ, թոռան` ծնողների հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում կրկին աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը,
գ. մահացած կերակրողի` 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող զավակի հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում կրկին աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը,
դ. կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող` մահացած կերակրողի հաշմանդամ ճանաչված ծնողների, ամուսնու հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը.
ե. (ե պարբերությունն ուժը կորցրել է 25.05.2023 թիվ 816-Ն որոշում)
2) դիմումի հիման վրա շտեմարան են մուտքագրվել`
ա. կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը,
բ. օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի` աշխատանքից ազատվելու կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու պետական հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է աշխատանքի անցնելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պատճառով),
գ. զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված անձի` զինվորական ծառայությունից արձակվելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատավորի պաշտոնից, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից (քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնից) կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատվելու օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատավորի պաշտոնի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնի (քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնի) կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնի նշանակվելու պատճառով),
դ. օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալուց հետո, երեք ամսվա ընթացքում, կրկին բնակվելու իրավունք ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու պատճառով).
3) լրացել է օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է աշխատանքի անցնելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու պատճառով):
(27-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 816-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
28. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում շտեմարանում ինքնաշխատ եղանակով արձանագրվում են կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու օրը, ամիսը, տարեթիվը, պատճառը` ըստ ծառայության սահմանած դասակարգման, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը շտեմարան մուտքագրելու հիմքը (դիմում կամ վարչական ակտ):
29. Կենսաթոշակ վճարելն ինքնաշխատ եղանակով վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելուն հաջորդող ամսվա 1-ից`
1) վարչական ակտի (շտեմարան մուտքագրված տեղեկատվության) հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դեպքում.
2) դիմումի (շտեմարան մուտքագրված տեղեկատվության) հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դեպքում, եթե դիմումը ներկայացրել է անձամբ կենսաթոշակառուն կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի` շտեմարանում հաշվառված օրինական ներկայացուցիչը.
3) օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում:
V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
30. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքի հիման վրա ձևավորված անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում առկա` 2005-2012 թվականներն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժի մասին տվյալներն ամբողջացվում են (այդ թվում` 2012 թվականի տվյալները լիազոր մարմին են ներկայացվում), և դրանք շտեմարանում ներառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: