Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԴ/12257/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12257/02/18    2021 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Լ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 7-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրայր Հակոբյանի ընդդեմ Բանկի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հրայր Հակոբյանը պահանջել է Բանկից հօգուտ իրեն բռնագանձել 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ հաշվարկվող տուժանքների գումարները` կետանցված յուրաքանչյուր օրվա 0.15 տոկոսի` 2.384,25 ՀՀ դրամի չափով, բայց ոչ ավել, քան վճարման ենթակա գումարի չափը: Բանկից հօգուտ Հրայր Հակոբյանի բռնագանձել 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների գումարները:

i

Հստակեցնելով հայցադիմումը հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ կատարված հաշվարկների արդյունքում պարզվել է հետևյալը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա Բանկից հօգուտ Հրայր Հակոբյանի բռնագանձման է ենթակա ընդհանուր` 14.164.000 ՀՀ դրամ, ինչպես նաև` 06.05.2015-17.01.2017 թվականների ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների գումարները:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 06.12.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Բանկից հօգուտ Հրայր Հակոբյանի բռնագանձվել է 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա աշխատավարձի գումարների նկատմամբ հաշվարկվող տուժանքների գումարները` կետանցված յուրաքանչյուր օրվա 0.15 տոկոսի` 2.384,25 ՀՀ դրամի չափով` ընդհանուր 14.164.000 ՀՀ դրամ: Բանկից հօգուտ Հրայր Հակոբյանի բռնագանձվել է 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.12.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչներ Սեդրակ Ասատրյան, Ժաննա Սիմոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախքան գործատուի անհատական իրավական ակտը թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործի շրջանակներում անվավեր ճանաչվելն այդ ակտն առաջացրել է դրանում նշված իրավական հետևանքները, այսինքն` այդ ակտի հիման վրա դադարել են կողմերի միջև առկա աշխատանքային հարաբերությունները, հետևաբար գործատուի մոտ էլ բացակայել է աշխատողին աշխատավարձ վճարելու պարտականությունը, իսկ գործատուի անհատական իրավական ակտն օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա անվավեր ճանաչվելու պահից էլ գործատուի մոտ ծագել է աշխատողին ոչ թե աշխատավարձ, այլ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հատուցումը տրամադրելու պարտականություն, որպիսի պարտականությունը պատասխանողի կողմից պատշաճ կատարվել է: Ընդ որում, հարկ է շեշտել, որ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ լուծված լինելու պատճառով առաջացած հարկադիր պարապուրդի համար աշխատողին վճարման ենթակա միակ հատուցումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հատուցումն է, որպիսի նորմը չի սահմանում այդ հոդվածում նշվածից բացի, աշխատողին այլ հատուցում վճարելու պարտականություն: Հետևաբար, անկախ որևէ օրենքի հիման վրա հարկադիր պարապուրդի դիմաց հատուցումն աշխատավարձին հավասարեցված վճար համարվելու կամ չհամարվելու փաստից, աշխատողին աշխատանքից ազատելու կապակցությամբ ծագած պարապուրդի դեպքում աշխատողին վճարման ենթակա միակ հատուցումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հատուցումն է և այդ առնչությամբ օրենսդրի կողմից որևէ բացառություն նախատեսված չէ: Նման պայմաններում անհիմն է դատարանների եզրահանգումը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի հիման վրա աշխատողին հատուցման ենթակա գումարին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը հաշվեգրման և աշխատողի օգտին բռնագանձման ենթակա լինելու մասին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Համաձայն թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2016 թվականի որոշման` դատարանը որոշել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործով կայացրած վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ.

«Հայցը բավարարել:

Անվավեր ճանաչել «Անելիք բանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահի 2015 թվականի մայիսի 5-ի` Հրայր Հակոբյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 548-Ա հրամանը:

Հայցվոր Հրայր Հակոբյանին վերականգնել «Անելիք բանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահի խորհրդականի պաշտոնին:

«Անելիք բանկ» ՓԲ ընկերությունից հօգուտ հայցվոր Հրայր Հակոբյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի միջին աշխատավարձը` սկսած 06.05.2015 թվականից` մինչև աշխատանքում վերականգնման օրը» (հատոր 1-ին գ.թ. 51-62):

2. Համաձայն 18.02.2019 թվականի բանկային հաշվից քաղվածքի` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից Հրայր Հակոբյանին վճարվել է 22.076.000 ՀՀ դրամ, որի նպատակը դաշտում նշված է` աշխատավարձ (հատոր 1-ին գ.թ. 44):

3. Համաձայն 14.02.2018 թվականի «Անելիք բանկ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ա. Խաչատրյանի կողմից տրված թիվ 02 482 տեղեկանքի` Հրայր Հակոբյանը` համաձայն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2019 թվականի թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի, 17.01.2017 թվականին վերականգնվել է Բանկի վարչության նախագահի խորհրդականի պաշտոնին: Բանկը 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ընկած ժամանակաշրջանի համար Հրայր Հակոբյանին վճարել է վերջինիս միջին աշխատավարձը` 20.859.318 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 74-75):

4. 10.03.2017 թվականի Հրայր Հակոբյանի կողմից Ն. Կարամանուկյանին ուղղված դիմումի համաձայն` վերջինս խնդրել է ազատել իրեն աշխատանքից (հատոր 1-ին գ.թ. 46):

5. Համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Ն. Կարամանուկյանի` 14.03.2017 թվականի թիվ 365-Ա հրամանի` Հրայր Հակոբյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն (հատոր 1-ին գ.թ. 47):

6. Համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ և Հրայր Հակոբյանի միջև 16.10.2013 թվականին կնքված թիվ 732 անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրի 4.1 կետի` աշխատանքի վարձատրության ձևը սահմանվում է գործավարձային: Աշխատավարձի վարձատրության ամսական չափը սահմանվում է 1.500.000 ՀՀ դրամ, որը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը (հատոր 1-ին գ.թ. 48-49):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` կարո՞ղ է արդյոք դատարանի վճռով իր նախկին աշխատանքում վերականգնված աշխատողը պահանջել հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումարը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Նույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում (...):

Հիմք ընդունելով վկայակոչված նորմերը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այն դեպքում, երբ գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրն առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, և հետագայում աշխատողը դատարանի վճռով վերականգնվում է աշխատանքում, օրենսդիրն աշխատողին հնարավորություն է տվել ստանալու դրա հետևանքով առաջացած հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձի չափով հատուցում: Ընդ որում, սահմանելով միջին աշխատավարձի հաշվարկման միասնական կարգ` օրենսդիրը որպես հաշվարկի հիմք դիտարկել է պարապուրդի գումարները վճարելու պահանջն առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների հանրագումարը: Ուստի, վարձատրության նշված տեսակների ամբողջության հիման վրա գործատուն հաշվարկում է միջին աշխատավարձ և այն հիմք ընդունելով` աշխատողին վճարում ամբողջ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա գտնվել է հարկադիր պարապուրդում:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է նույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Տվյալ դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմը մեկնաբանելով վերոհիշյալ օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոններին համապատասխան, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը: Նախ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածն ընդգրկված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի «Աշխատավարձ» վերտառությամբ 19-րդ գլխում, որով կարգավորվում են աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցման` աշխատավարձի սահմանումը, աշխատանքի վարձատրության կազմակերպումը տարբեր պայմաններում, աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը, աշխատավարձի ժամկետանց վճարման հետևանքները և այլն, այսինքն` նշված գլխի նորմերը կարգավորում են կատարված աշխատանքի դիմաց աշխատողին վարձատրելու իրավահարաբերությունները: Բացառություն են կազմում միայն նշված գլխում ընդգրկված 186-րդ հոդվածով սահմանված նորմերը, որոնցով կարգավորվում են պարապուրդի ժամանակ աշխատողի վճարման հարցերը, սակայն այդ նորմերի ուսումնասիրությունը ևս հանգեցնում է այն հետևության, որ նշված կարգավորումները վերաբերում են այնպիսի իրավիճակների, որոնք բնականոն աշխատանքային հարաբերությունների առկայության պայմաններում կրում են ժամանակավոր բնույթ: Ընդ որում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի նշված նորմերով սահմանված են որոշակի կանոններ, թե ինչպես պետք է գործատուն կատարի վճարում կա՛մ կատարված աշխատանքի դիմաց, կա՛մ թեկուզև չկատարված, սակայն այնպիսի աշխատանքի դիմաց, որն աշխատողը պատրաստ է եղել կատարել գործատուի կողմից համապատասխան պայմանների ապահովման դեպքում (ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ): Նշված բոլոր իրավակարգավորումների համար էական է այն ելակետային հանգամանքը, որ գործատուն հաստատապես գիտի, որ որոշակի պայմաններում, անկախ աշխատանքը կատարվելու հանգամանքից, պարտավոր է ապահովել աշխատանքի վարձատրությունն օրենքով սահմանված որոշակի կարգով և չափով:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված նորմը նպատակաուղղված է տուժանքով ապահովելու գործատուի կողմից աշխատավարձը ժամանակին վճարելու պարտականության կատարումը, այսինքն` եթե գործատուն այդ պարտականությունը չի կատարում, նրա համար ակնհայտ է, որ խախտում է աշխատանքի դիմաց վարձատրելու օրենքով սահմանված իր նվազագույն պարտականությունները, այն է` ակնհայտ առկա է լինում գործատուի մեղքը: Մինչդեռ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային վեճ ծագելիս հարկադիր պարապուրդի առաջացման հարցում գործատուի մեղքն ակնհայտ չէ, իսկ աշխատանքային վեճի լուծումն էլ պայմանավորված չէ գործատուի համար կանխատեսելի ժամկետներով: Նման պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ նույն չափերով տուժանքների կիրառումը, ինչ չափով որ կիրառման է ենթակա գործատուի կողմից օրենքով հստակ սահմանված և իրեն նախապես հայտնի իր պարտականությունը չկատարելու համար, չի կարող իրավաչափ համարվել: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հենց այդ հանգամանքի հաշվառմամբ է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին աշխատանքային վեճն աշխատողի օգտին լուծվելու դեպքում գործատուի համար սահմանել է միայն հարկադիր պարապուրդի գումար վճարելու պարտականություն և որևէ այլ տուժանք վճարելու պարտականություն չի նախատեսել: Այսպիսով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը նույն օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ կիրառելի չէ. այդ գումարի նկատմամբ, համապատասխան պայմանների առկայության դեպքում, մասնավորապես` գործատուին վճարման իր պարտականությունը հաստատապես հայտնի լինելու և չկատարվելու դեպքում, կարող են հաշվարկվել դրամական պարտավորությունը չկատարելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ (տե՛ս, Ռադիկ Սարուխանյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0521/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2020 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով Դատարան` Հրայր Հակոբյանը պահանջել է Բանկից հօգուտ իրեն բռնագանձել 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ հաշվարկվող տուժանքների գումարները` կետանցված յուրաքանչյուր օրվա 0.15 տոկոսի` 2.384,25 ՀՀ դրամի չափով, բայց ոչ ավել, քան վճարման ենթակա գումարի չափը: Ինչպես նաև, Բանկից հօգուտ Հրայր Հակոբյանի բռնագանձել 06.05.2015 թվականի մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների գումարները:

i

Դատարանն ամբողջությամբ բավարարելով հայցվորի պահանջը, պատճառաբանել է, որ ՀՀ կառավարության «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» 08.08.2013 թվականի թիվ 853-Ն որոշման հավելվածով սահմանված «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների» ցանկի 1-ին կետի համաձայն` աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում կատարվող հետևյալ վճարումները (վարձատրությունը)`

1) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն)` ներառյալ (...) զ. պարապուրդի ժամանակ վճարումը, այդ թվում նաև` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը (...):

Այսինքն` նույն ցանկի «զ» կետը սահմանում է, որ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում նաև պարապուրդի ժամանակ վճարումը, այդ թվում նաև` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը: ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումն ուժի մեջ է մտել 31.08.2013 թվականին և գործել է մինչև 29.09.2018 թվականը:

Հայցվորն աշխատանքից ազատվել է պատասխանողի` 05.06.2015 թվականի որոշման հիման վրա և վերականգնվել նախկինում աշխատանքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման հիման վրա` 17.01.2017 թվականին, այսինքն` իրավահարաբերությունը ծագել և ավարտվել է վերոնշյալ որոշումը գործելու ժամանակ:

Համադրելով շարադրված իրավական և փաստական հիմքերը` Դատարանը գտել է, որ պատասխանողը զրկվել է իրեն հասանելիք աշխատավարձից (դրան հավասարեցված գումարից) գործատուի մեղքով, այն է` գործատուի` ոչ իրավաչափ հրամանի պատճառով հայցվորի չաշխատելու հիմքով, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումարը բռնագանձելու մասով հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը, մերժել է Բանկի վերաքննիչ բողոքը և Դատարանի 06.12.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Վկայակոչված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը, ըստ էության, ներառում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրն առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով լուծման օրվանից մինչև աշխատողին աշխատանքի վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածը:

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2016 թվականի որոշմամբ` դատարանը որոշել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործով կայացրած վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ.

«Հայցը բավարարել:

Անվավեր ճանաչել «Անելիք բանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահի 2015 թվականի մայիսի 5-ի` Հրայր Հակոբյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 548-Ա հրամանը:

Հայցվոր Հրայր Հակոբյանին վերականգնել «Անելիք բանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահի խորհրդականի պաշտոնին:

«Անելիք բանկ» ՓԲ ընկերությունից հօգուտ հայցվոր Հրայր Հակոբյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի միջին աշխատավարձը` սկսած 06.05.2015 թվականից` մինչև աշխատանքում վերականգնման օրը»:

Համաձայն 14.02.2018 թվականի «Անելիք բանկ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ա. Խաչատրյանի կողմից տրված թիվ 02 482 տեղեկանքի` Հրայր Հակոբյանը` համաձայն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2019 թվականի թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի, 17.01.2017 թվականին վերականգնվել է Բանկի վարչության նախագահի խորհրդականի պաշտոնին: Բանկը 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ընկած ժամանակաշրջանի համար Հրայր Հակոբյանին վճարել է վերջինիս միջին աշխատավարձը` 20.859.318 ՀՀ դրամ:

Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված տուժանքի բռնագանձման մասին հայցվորի պահանջի մասին Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0521/02/15 քաղաքացիական գործով արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև սույն գործի նկատմամբ: Այսպես` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չէ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձված գումարի նկատմամբ, քանի որ նշված նորմը նպատակաուղղված է գործատուի կողմից աշխատավարձը ժամանակին վճարելու պարտականությունը չկատարելու պարագայում աշխատողի աշխատավարձի, այդ թվում` օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետներում այն ստանալու իրավունքը երաշխավորելու համար: Իսկ սույն պարագայում գործատուի և աշխատողի միջև դադարած աշխատանքային իրավահարաբերությունների և այդ առիթով ծագած աշխատանքային վեճի և հարկադիր պարապուրդի առաջացման հարցում գործատուի մեղքն ակնհայտ չէ:

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա վճարված հարկադիր պարապուրդի գումարների վրա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումար հաշվարկվել և բռնագանձվել չի կարող:

Միաժամանակ Դատարանը փաստել է, որ վիճելի իրավահարաբերությունն առաջացել է այն պահին, երբ պարապուրդի ժամանակահատվածում վճարումը, այդ թվում նաև` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը հանդիսացել են աշխատավարձ (դրան հավասարեցված վճար) և դրա նկատմամբ կիրառվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի նախատեսված տուժանքը, որպիսի պայմաններում նույն պարտավորության համար կրկնակի տուժանքի բռնագանձումը պետք է բացառել: Մասնավորապես` Դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները սույն գործով կիրառելի չեն, քանի որ օրենքով նախատեսված է տոկոսի, տվյալ պարագայում` տուժանքի այլ չափ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն` նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը` որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով` որպես հատուկ կանոն:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ դատական ակտով բռնագանձման ենթակա, չվճարված աշխատավարձի գումարի նկատմամբ կետանցի պահից մինչև պարտավորության փաստացի կատարումը ենթակա են վճարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները (տե՛ս, Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի սխալ մեկնաբանման հետևանքով գտել է, որ Հրայր Հակոբյանի` 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն, քանի որ օրենքով նախատեսված է տոկոսի, տվյալ պարագայում` տուժանքի այլ չափ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված), հետևաբար հաշվի առնելով սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, վերոնշյալ ժամանակահատվածի աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տուժանքի բռնագանձման վերաբերյալ պահանջի մասով գործը ենթակա է նոր քննության:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/12257/02/18 քաղաքացիական գործով 07.12.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ

 

07.12.2021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի դեկտեմբերի 7-ին գրավոր ընթացակարգով քննելով «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրայր Հակոբյանի ընդդեմ Բանկի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս, Հ. Բեդևյանս, Ս. Միքայելյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Հրայր Հակոբյանը պահանջել է Բանկից հօգուտ իրեն բռնագանձել 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ հաշվարկվող տուժանքների գումարները` կետանցված յուրաքանչյուր օրվա 0.15 տոկոսի` 2.384,25 ՀՀ դրամի չափով, բայց ոչ ավել, քան վճարման ենթակա գումարի չափը: Բանկից հօգուտ Հրայր Հակոբյանի բռնագանձել 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների գումարները:

Հստակեցնելով հայցադիմումը հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ կատարված հաշվարկների արդյունքում պարզվել է հետևյալը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա Բանկից հօգուտ Հրայր Հակոբյանի բռնագանձման է ենթակա ընդհանուր` 14.164.000 ՀՀ դրամ, ինչպես նաև` 06.05.2015-17.01.2017 թվականների ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների գումարները:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 06.12.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Բանկից հօգուտ Հրայր Հակոբյանի բռնագանձվել է 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա աշխատավարձի գումարների նկատմամբ հաշվարկվող տուժանքների գումարները` կետանցված յուրաքանչյուր օրվա 0.15 տոկոսի` 2.384,25 ՀՀ դրամի չափով` ընդհանուր 14.164.000 ՀՀ դրամ: Բանկից հօգուտ Հրայր Հակոբյանի բռնագանձվել է 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.12.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչներ Սեդրակ Ասատրյան, Ժաննա Սիմոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, փաստարկներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախքան գործատուի անհատական իրավական ակտը թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործի շրջանակներում անվավեր ճանաչվելն այդ ակտն առաջացրել է դրանում նշված իրավական հետևանքները, այսինքն` այդ ակտի հիման վրա դադարել են կողմերի միջև առկա աշխատանքային հարաբերությունները, հետևաբար գործատուի մոտ էլ բացակայել է աշխատողին աշխատավարձ վճարելու պարտականությունը, իսկ գործատուի անհատական իրավական ակտն օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա անվավեր ճանաչվելու պահից էլ գործատուի մոտ ծագել է աշխատողին ոչ թե աշխատավարձ, այլ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հատուցումը տրամադրելու պարտականություն, որպիսի պարտականությունը պատասխանողի կողմից պատշաճ կատարվել է: Ընդ որում, հարկ է շեշտել, որ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ լուծված լինելու պատճառով առաջացած հարկադիր պարապուրդի համար աշխատողին վճարման ենթակա միակ հատուցումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հատուցումն է, որպիսի նորմը չի սահմանում այդ հոդվածում նշվածից բացի, աշխատողին այլ հատուցում վճարելու պարտականություն: Հետևաբար, անկախ որևէ օրենքի հիման վրա հարկադիր պարապուրդի դիմաց հատուցումն աշխատավարձին հավասարեցված վճար համարվելու կամ չհամարվելու փաստից, աշխատողին աշխատանքից ազատելու կապակցությամբ ծագած պարապուրդի դեպքում աշխատողին վճարման ենթակա միակ հատուցումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հատուցումն է և այդ առնչությամբ օրենսդրի կողմից որևէ բացառություն նախատեսված չէ: Նման պայմաններում անհիմն է դատարանների եզրահանգումը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի հիման վրա աշխատողին հատուցման ենթակա գումարին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը հաշվեգրման և աշխատողի օգտին բռնագանձման ենթակա լինելու մասին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Համաձայն թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2016 թվականի որոշման` դատարանը որոշել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործով կայացրած վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ.

«Հայցը բավարարել:

Անվավեր ճանաչել «Անելիք բանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահի 2015 թվականի մայիսի 5-ի` Հրայր Հակոբյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 548-Ա հրամանը:

Հայցվոր Հրայր Հակոբյանին վերականգնել «Անելիք բանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահի խորհրդականի պաշտոնին:

«Անելիք բանկ» ՓԲ ընկերությունից հօգուտ հայցվոր Հրայր Հակոբյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի միջին աշխատավարձը` սկսած 06.05.2015 թվականից` մինչև աշխատանքում վերականգնման օրը» (հատոր 1-ին գ.թ. 51-62):

2. Համաձայն 18.02.2019 թվականի բանկային հաշվից քաղվածքի` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից Հրայր Հակոբյանին վճարվել է 22.076.000 ՀՀ դրամ, որի նպատակը դաշտում նշված է` աշխատավարձ (հատոր 1-ին գ.թ. 44):

3. Համաձայն 14.02.2018 թվականի «Անելիք բանկ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ա. Խաչատրյանի կողմից տրված թիվ 02 482 տեղեկանքի` Հրայր Հակոբյանը` համաձայն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2019 թվականի թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի, 17.01.2017 թվականին վերականգնվել է Բանկի վարչության նախագահի խորհրդականի պաշտոնին: Բանկը 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ընկած ժամանակաշրջանի համար Հրայր Հակոբյանին վճարել է վերջինիս միջին աշխատավարձը` 20.859.318 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 74-75):

4. 10.03.2017 թվականի Հրայր Հակոբյանի կողմից Ն. Կարամանուկյանին ուղղված դիմումի համաձայն` վերջինս խնդրել է ազատել իրեն աշխատանքից (հատոր 1-ին գ.թ. 46):

5. Համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Ն. Կարամանուկյանի` 14.03.2017 թվականի թիվ 365-Ա հրամանի` Հրայր Հակոբյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն (հատոր 1-ին գ.թ. 47):

6. Համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ և Հրայր Հակոբյանի միջև 16.10.2013 թվականին կնքված թիվ 732 անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրի 4.1 կետի` աշխատանքի վարձատրության ձևը սահմանվում է գործավարձային: Աշխատավարձի վարձատրության ամսական չափը սահմանվում է 1.500.000 ՀՀ դրամ, որը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը (հատոր 1-ին գ.թ. 48-49)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` կարո՞ղ է արդյոք դատարանի վճռով իր նախկին աշխատանքում վերականգնված աշխատողը պահանջել հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումարը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Նույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում (...):

Հիմք ընդունելով վկայակոչված նորմերը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այն դեպքում, երբ գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրն առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, և հետագայում աշխատողը դատարանի վճռով վերականգնվում է աշխատանքում, օրենսդիրն աշխատողին հնարավորություն է տվել ստանալու դրա հետևանքով առաջացած հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձի չափով հատուցում: Ընդ որում, սահմանելով միջին աշխատավարձի հաշվարկման միասնական կարգ` օրենսդիրը որպես հաշվարկի հիմք դիտարկել է պարապուրդի գումարները վճարելու պահանջն առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների հանրագումարը: Ուստի, վարձատրության նշված տեսակների ամբողջության հիման վրա գործատուն հաշվարկում է միջին աշխատավարձ և այն հիմք ընդունելով` աշխատողին վճարում ամբողջ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա գտնվել է հարկադիր պարապուրդում:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի` համաձայն` եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է նույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Տվյալ դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմը մեկնաբանելով վերոհիշյալ օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոններին համապատասխան, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը: Նախ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածն ընդգրկված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի «Աշխատավարձ» վերտառությամբ 19-րդ գլխում, որով կարգավորվում են աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցման` աշխատավարձի սահմանումը, աշխատանքի վարձատրության կազմակերպումը տարբեր պայմաններում, աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը, աշխատավարձի ժամկետանց վճարման հետևանքները և այլն, այսինքն` նշված գլխի նորմերը կարգավորում են կատարված աշխատանքի դիմաց աշխատողին վարձատրելու իրավահարաբերությունները: Բացառություն են կազմում միայն նշված գլխում ընդգրկված 186-րդ հոդվածով սահմանված նորմերը, որոնցով կարգավորվում են պարապուրդի ժամանակ աշխատողի վճարման հարցերը, սակայն այդ նորմերի ուսումնասիրությունը ևս հանգեցնում է այն հետևության, որ նշված կարգավորումները վերաբերում են այնպիսի իրավիճակների, որոնք բնականոն աշխատանքային հարաբերությունների առկայության պայմաններում կրում են ժամանակավոր բնույթ: Ընդ որում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի նշված նորմերով սահմանված են որոշակի կանոններ, թե ինչպես պետք է գործատուն կատարի վճարում կա՛մ կատարված աշխատանքի դիմաց, կա՛մ թեկուզև չկատարված, սակայն այնպիսի աշխատանքի դիմաց, որն աշխատողը պատրաստ է եղել կատարել գործատուի կողմից համապատասխան պայմանների ապահովման դեպքում (ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ): Նշված բոլոր իրավակարգավորումների համար էական է այն ելակետային հանգամանքը, որ գործատուն հաստատապես գիտի, որ որոշակի պայմաններում, անկախ աշխատանքը կատարվելու հանգամանքից, պարտավոր է ապահովել աշխատանքի վարձատրությունն օրենքով սահմանված որոշակի կարգով և չափով:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված նորմը նպատակաուղղված է տուժանքով ապահովելու գործատուի կողմից աշխատավարձը ժամանակին վճարելու պարտականության կատարումը, այսինքն` եթե գործատուն այդ պարտականությունը չի կատարում, նրա համար ակնհայտ է, որ խախտում է աշխատանքի դիմաց վարձատրելու օրենքով սահմանված իր նվազագույն պարտականությունները, այն է` ակնհայտ առկա է լինում գործատուի մեղքը: Մինչդեռ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային վեճ ծագելիս հարկադիր պարապուրդի առաջացման հարցում գործատուի մեղքն ակնհայտ չէ, իսկ աշխատանքային վեճի լուծումն էլ պայմանավորված չէ գործատուի համար կանխատեսելի ժամկետներով: Նման պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ նույն չափերով տուժանքների կիրառումը, ինչ չափով որ կիրառման է ենթակա գործատուի կողմից օրենքով հստակ սահմանված և իրեն նախապես հայտնի իր պարտականությունը չկատարելու համար, չի կարող իրավաչափ համարվել: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հենց այդ հանգամանքի հաշվառմամբ է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին աշխատանքային վեճն աշխատողի օգտին լուծվելու դեպքում գործատուի համար սահմանել է միայն հարկադիր պարապուրդի գումար վճարելու պարտականություն և որևէ այլ տուժանք վճարելու պարտականություն չի նախատեսել: Այսպիսով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը նույն օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ կիրառելի չէ. այդ գումարի նկատմամբ, համապատասխան պայմանների առկայության դեպքում, մասնավորապես` գործատուին վճարման իր պարտականությունը հաստատապես հայտնի լինելու և չկատարվելու դեպքում, կարող են հաշվարկվել դրամական պարտավորությունը չկատարելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ (տե՛ս, Ռադիկ Սարուխանյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0521/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2020 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով Դատարան` Հրայր Հակոբյանը պահանջել է Բանկից հօգուտ իրեն բռնագանձել 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ հաշվարկվող տուժանքների գումարները` կետանցված յուրաքանչյուր օրվա 0.15 տոկոսի` 2.384,25 ՀՀ դրամի չափով, բայց ոչ ավել, քան վճարման ենթակա գումարի չափը: Ինչպես նաև, Բանկից հօգուտ Հրայր Հակոբյանի բռնագանձել 06.05.2015 թվականի մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների գումարները:

Դատարանն ամբողջությամբ բավարարելով հայցվորի պահանջը, պատճառաբանել է, որ ՀՀ կառավարության «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» 08.08.2013 թվականի թիվ 853-Ն որոշման հավելվածով սահմանված «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների» ցանկի 1-ին կետի համաձայն` աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում կատարվող հետևյալ վճարումները (վարձատրությունը)`

1) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն)` ներառյալ (...) զ. պարապուրդի ժամանակ վճարումը, այդ թվում նաև` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը (...):

Այսինքն` նույն ցանկի «զ» կետը սահմանում է, որ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում նաև պարապուրդի ժամանակ վճարումը, այդ թվում նաև` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը: ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումն ուժի մեջ է մտել 31.08.2013 թվականին և գործել է մինչև 29.09.2018 թվականը:

Հայցվորն աշխատանքից ազատվել է պատասխանողի` 05.06.2015 թվականի որոշման հիման վրա և վերականգնվել նախկինում աշխատանքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման հիման վրա` 17.01.2017 թվականին, այսինքն` իրավահարաբերությունը ծագել և ավարտվել է վերոնշյալ որոշումը գործելու ժամանակ:

Համադրելով շարադրված իրավական և փաստական հիմքերը` Դատարանը գտել է, որ պատասխանողը զրկվել է իրեն հասանելիք աշխատավարձից (դրան հավասարեցված գումարից) գործատուի մեղքով, այն է` գործատուի` ոչ իրավաչափ հրամանի պատճառով հայցվորի չաշխատելու հիմքով, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումարը բռնագանձելու մասով հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը, մերժել է Բանկի վերաքննիչ բողոքը և Դատարանի 06.12.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Վկայակոչված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը, ըստ էության, ներառում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրն առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով լուծման օրվանից մինչև աշխատողին աշխատանքի վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածը:

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2016 թվականի որոշմամբ` դատարանը որոշել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործով կայացրած վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ.

«Հայցը բավարարել:

Անվավեր ճանաչել «Անելիք բանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահի 2015 թվականի մայիսի 5-ի` Հրայր Հակոբյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 548-Ա հրամանը:

Հայցվոր Հրայր Հակոբյանին վերականգնել «Անելիք բանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահի խորհրդականի պաշտոնին:

«Անելիք բանկ» ՓԲ ընկերությունից հօգուտ հայցվոր Հրայր Հակոբյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի միջին աշխատավարձը` սկսած 06.05.2015 թվականից` մինչև աշխատանքում վերականգնման օրը»:

Համաձայն 14.02.2018 թվականի «Անելիք բանկ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ա. Խաչատրյանի կողմից տրված թիվ 02 482 տեղեկանքի` Հրայր Հակոբյանը` համաձայն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2019 թվականի թիվ ԵԿԴ/2784/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի, 17.01.2017 թվականին վերականգնվել է Բանկի վարչության նախագահի խորհրդականի պաշտոնին: Բանկը 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ընկած ժամանակաշրջանի համար Հրայր Հակոբյանին վճարել է վերջինիս միջին աշխատավարձը` 20.859.318 ՀՀ դրամ:

Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված տուժանքի բռնագանձման մասին հայցվորի պահանջի մասին Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0521/02/15 քաղաքացիական գործով արտահայտված իրավական դիրքորոշումը, կիրառելի է նաև սույն գործի նկատմամբ: Այսպես` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չէ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձված գումարի նկատմամբ, քանի որ նշված նորմը նպատակաուղղված է գործատուի կողմից աշխատավարձը ժամանակին վճարելու պարտականությունը չկատարելու պարագայում աշխատողի աշխատավարձի, այդ թվում` օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետներում այն ստանալու իրավունքը երաշխավորելու համար: Իսկ սույն պարագայում գործատուի և աշխատողի միջև դադարած աշխատանքային իրավահարաբերությունների և այդ առիթով ծագած աշխատանքային վեճի և հարկադիր պարապուրդի առաջացման հարցում գործատուի մեղքն ակնհայտ չէ:

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա վճարված հարկադիր պարապուրդի գումարների վրա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումար հաշվարկվել և բռնագանձվել չի կարող:

Միաժամանակ Դատարանը փաստել է, որ վիճելի իրավահարաբերությունն առաջացել է այն պահին, երբ պարապուրդի ժամանակահատվածում վճարումը, այդ թվում նաև` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը հանդիսացել են աշխատավարձ (դրան հավասարեցված վճար) և դրա նկատմամբ կիրառվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի նախատեսված տուժանքը, որպիսի պայմաններում նույն պարտավորության համար կրկնակի տուժանքի բռնագանձումը պետք է բացառել: Մասնավորապես` Դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները սույն գործով կիրառելի չեն, քանի որ օրենքով նախատեսված է տոկոսի, տվյալ պարագայում` տուժանքի այլ չափ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն` նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը` որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով` որպես հատուկ կանոն:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ դատական ակտով բռնագանձման ենթակա, չվճարված աշխատավարձի գումարի նկատմամբ կետանցի պահից մինչև պարտավորության փաստացի կատարումը ենթակա են վճարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները (տե՛ս, Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի սխալ մեկնաբանման հետևանքով գտել է, որ Հրայր Հակոբյանի` 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն, քանի որ օրենքով նախատեսված է տոկոսի, տվյալ պարագայում` տուժանքի այլ չափ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված), հետևաբար հաշվի առնելով սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը վերոնշյալ ժամանակահատվածի աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տուժանքի բռնագանձման վերաբերյալ պահանջի մասով գործը ենթակա է նոր քննության:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս, Հ. Բեդևյանս, Ս. Միքայելյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Վճռաբեկ բողոքի քննությամբ Վճռաբեկ դատարանը, հաստատված համարելով Վերաքննիչ դատարանի կողմից արդարադատության բուն էությունը խաթարող նյութական իրավունքի նորմի` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի խախտում թույլ տալը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասով Վերաքննիչ դատարանի 14.05.2020 թվականի որոշումը բեկանել է, և գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:

Համաձայնվելով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված այն շարժառիթների հետ, որոնք հիմք են հանդիսացել Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ չհամաձայնվելու` վերջինիս արդարադատության բուն էությունը խաթարող` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի խախտում թույլ տալը վերագրելու համար` միաժամանակ հայտնում ենք մեր անհամաձայնությունը գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գործը նոր քննության ուղարկելու համար եզրահանգումը պայմանավորել է այն շարժառիթով, որ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի սխալ մեկնաբանման հետևանքով գտել է, որ Հրայր Հակոբյանի` 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն, քանի որ օրենքով նախատեսված է տոկոսի, տվյալ պարագայում` տուժանքի այլ չափ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված), հետևաբար հաշվի առնելով սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը վերոնշյալ ժամանակահատվածի աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տուժանքի բռնագանձման վերաբերյալ պահանջի մասով գործը ենթակա է նոր քննության»:

Կարծում ենք, որ վերը նշված շարժառիթը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, դիմելով դատարան` Հրայր Հակոբյանը նաև պահանջել է Բանկից հօգուտ իրեն բռնագանձել ինչպես ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ 06.05.2015 թվականից մինչև 17.01.2017 թվականն ընկած ժամանակահատվածի համար կետանցված յուրաքանչյուր օրվա դիմաց հաշվարկվող տուժանքների գումարները 0.15 տոկոսի չափով, այնպես էլ` նույն գումարի նկատմամբ նույն ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների գումարները: Այսինքն` տվյալ դեպքում նշված պահանջները ներկայացվել են որպես առանձին հիմնական պահանջներ` չկապված միմյանց հետ: Նշված պահանջներից առաջինը Դատարանի 06.12.2019 թվականի վճռով բավարարվել է, իսկ երկրորդը` մերժվել:

Հրայր Հակոբյանը, ունենալով Դատարանի վճռով մերժված վերը նշված պահանջի մասով որպես մասնակիորեն անբարենպաստ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք, որի դեպքում զրկված էր վերադաս դատարանին խնդրելու կամ մերժված այդ մասով բեկանել Դատարանի 06.12.2019 թվականի վճիռը և փոփոխել այն` այդ մասով ևս հայցը բավարարել, կամ այդ մասը բեկանել և գործն ուղարկել նոր քննության, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված տնօրինչականության սկզբունքի բաղկացուցիչ մաս կազմող` իր դատավարական իրավունքներն իրականացնելու, դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից, վերաքննիչ բողոք չի ներկայացրել` համաձայնվելով Դատարանի կողմից իր պահանջների վերաբերյալ նման լուծման հետ. վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն Բանկը, որի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 14.05.2020 թվականին որոշում է կայացրել Բանկի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 06.12.2020 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:

Ավելին` Վերաքննիչ դատարանի 14.05.2020 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք կրկին ներկայացրել է Բանկը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ունենալով գործով կայացված դատական ակտը միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավասություն (տվյալ դեպքում նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերը բացակայում են), իրավասու էր Վերաքննիչ դատարանի 14.05.2020 թվականի որոշումը վերանայել բացառապես Բանկի կողմից բերված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, որոնք տվյալ դեպքում իրենց մեջ չեն ներառում վերը նշված շարժառիթով գործը նոր քննության ուղարկելու նշում, և չէին էլ կարող ներառել, քանի որ նման պահանջի ներկայացումը Բանկի համար կլիներ անբարենպաստ:

Դրանից ելնելով, գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի որոշումը` կապված գործը 06.05.2015-17.01.2017 թվականների ամսական վճարման ենթակա 1.589.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների գումարները Բանկից հօգուտ Հրայր Հակոբյանի բռնագանձելու պահանջի մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու հետ, չի բխում ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված տնօրինչականության սկզբունքից, այնպես էլ նույն օրենսգրքի 404-րդ հոդվածով Վճռաբեկ դատարանի համար նախատեսված` Վճռաբեկ դատարանում գործի քննության կարգից` վճռաբեկության սահմաններից:

 

Դատավորներ Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 7 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.12.2021
N ԵԴ/12257/02/18
Որոշում