Սեղմել Esc փակելու համար:
{11.07.2020 - 09.04.2021} ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.07.2020 - 09.04.2021} ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

23.10.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.07.2020  -ից մինչեւ   09.04.2021  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

11.07.2020 - 09.04.2021

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին

 

i

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է հատուկ քննչական ծառայության` որպես քննչական մարմնի, կազմավորման, գործունեության, դրանում ինքնավար պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները:

(1-ին հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 2. Հատուկ քննչական ծառայությունը
ԻՐՏԵԿ 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն սույն օրենքի 2-րդ հոդվածը պետք է շարադրվի նոր խմբագրությամբ` առանց վերնագրի: ԻՐՏԵԿ-ի կողմից պահպանվել է նախորդ խմբագրության վերնագիրը:

1. Հատուկ քննչական ծառայությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին, 154.2-րդ, 154.9-րդ, 310.1-ին, 314.2-րդ, 314.3-րդ հոդվածներով նախաքննություն:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք չեն առնչվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով սույն մասի առաջին պարբերությունում թվարկված անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ, կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը:

(2-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), խմբ. 21.01.20 ՀՕ-23-Ն, 18.06.20 ՀՕ-338-Ն օրենքներ)

 

Հոդված 3. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը

 

1. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

i

Հատուկ քննչական ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատողները և գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը:

2. Օրենքով նախատեսված դեպքերում հատուկ քննչական ծառայության պետն ընդունում է ծառայության կազմակերպման ու գործունեության վերաբերյալ ներքին կամ անհատական իրավական ակտեր:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(3-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 4. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ` հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալները, հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները, հատուկ քննչական ծառայության վարչությունների պետերը, նրանց տեղակալները, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները և հատկապես կարևոր գործերի քննիչները.

2) օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ` Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, դատարանների դատավորները, նախարարները, նրանց տեղակալները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Ոստիկանության պետը և նրա տեղակալները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, մարզպետները, նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հաշվեքննիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Վիճակագրական կոմիտեի ղեկավարը և անդամները.

3) սույն օրենքի իմաստով պետական ծառայություն իրականացնող անձ` դատախազները, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի և զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային մարմինների, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարար ծառայությունների պաշտոնատար անձինք.

i

4) ընտրական գործընթացների հետ կապված հանցագործություններ` հանցագործություններ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-րդ և 154.2-րդ հոդվածներով:

(4-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 16.01.18 ՀՕ-65-Ն, 17.01.18 ՀՕ-47-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(2-րդ գլխի վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 5. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնների համակարգը

 

Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) հատուկ քննչական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

- հատուկ քննչական ծառայության պետ,

- հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներ.

2) հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

- հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ.

- վարչության պետեր և նրանց տեղակալներ.

- հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ.

3) հատուկ քննչական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

- հատկապես կարևոր գործերի քննիչներ:

(5-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 6. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերած, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.

2) տիրապետում է գրական հայերենին.

3) բավարարում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

i

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնի նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

3. Հատուկ քննչական ծառայության պաշտոնի կարող են նշանակվել նաև սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ 13-րդ հոդվածի համաձայն` մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձինք:

4. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.

4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.

5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

5. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո հատուկ քննչական ծառայության պետը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել պաշտոնավարման ժամկետը: Հատուկ քննչական ծառայության պետի և պետի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը համարվում է 65 տարեկանը, որը համապատասխանաբար Կառավարության և վարչապետի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով:

(6-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 7. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

 

1. Հատուկ քննչական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայությունում բարձրագույն խմբի կամ վերջին հինգ տարին գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին յոթ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 10 տարվա ստաժ:

2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով մինչև նշանակումը վերջին չորս տարին զբաղեցրել է հատուկ քննչական ծառայությունում գլխավոր խմբի կամ վերջին հինգ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 8 տարվա ստաժ:

2.1. Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ և հատուկ քննչական ծառայության վարչության պետ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայությունում գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 6 տարվա ստաժ:

2.2. Հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայությունում գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 5 տարվա ստաժ:

3. Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը վերջին 2 տարին զբաղեցրել է հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 4 տարվա ստաժ:

4. Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումն ունի դատախազի կամ քննիչի առնվազն 3 տարվա ստաժ:

5. Հատուկ քննչական ծառայությունում գլխավոր և առաջատար խմբի պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

6. Հատուկ քննչական ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

(7-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 8. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Մրցույթի հիման վրա նշանակումներ կատարվում են միայն գլխավոր և առաջատար խմբի պաշտոններում:

2. Հատուկ քննչական ծառայությունում գլխավոր և առաջատար խմբի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հատուկ քննչական ծառայության պետը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

3. Թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելու մասին տրվում է հայտարարություն մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով: Մրցույթի հայտարարության ձևը հաստատում է հատուկ քննչական ծառայության պետը:

4. Մրցութային հանձնաժողովն անձին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է մրցութային հանձնաժողովի կողմից հարցազրույցի ձևով` մասնակցի գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

7. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

8. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր հավաքել են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը:

10. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մասնակիցը` իր արդյունքների մասով, կամ մրցութային հանձնաժողովի անդամը մեկ ժամվա ընթացքում այդ արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հատուկ քննչական ծառայության պետին:

11. Մրցույթի արդյունքների հրապարակումից մեկ ժամ հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում հատուկ քննչական ծառայության պետին, որը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

12. Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:

13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմողները չեն բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում և անցկացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

i

14. Մրցութային հանձնաժողովը կազմավորում է հատուկ քննչական ծառայության պետը, իսկ դրա աշխատակարգը հաստատում է Կառավարությունը: Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան-գիտնականներ են, իսկ 4-ը` պետական պաշտոն զբաղեցնող անձինք:

15. Մրցութային հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որին հանձնաժողովի անդամների թվից նշանակում է հատուկ քննչական ծառայության պետը:

(8-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը

 

1. Հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է Կառավարությունը` վարչապետի ներկայացմամբ` վեց տարի ժամկետով:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում:

3. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը` անկախ վերանշանակման հանգամանքից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներին հատուկ քննչական ծառայության պետի ներկայացմամբ նշանակում է վարչապետը:

5. Հատուկ քննչական ծառայությունում մյուս պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հատուկ քննչական ծառայության պետը:

(9-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 10. Հատուկ քննչական ծառայության ծառայողի երդումը

 

1. Հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք հատուկ քննչական ծառայության պետի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), հատուկ քննչական ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ`

հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը երդում տալիս է մեկ անգամ` անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

(10-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն օրենք)

 

Հոդված 11. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

(11-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 12. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելը

 

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից ազատվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) հաստիքների կրճատման, հատուկ քննչական ծառայության լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

5) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ինքնավար պաշտոն զբաղեցնելու համար ոչ պիտանի լինելու դեպքում.

6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

7) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում երկու անգամ նրա նկատմամբ կիրառվել է սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը.

8) սույն օրենքով հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները խախտելու դեպքում.

9) հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքով.

10) հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր աշխատանքի չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.

12) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

13) ատեստավորման արդյունքների հիման վրա, եթե համապատասխան թափուր պաշտոնի բացակայության պատճառով ավելի ցածր պաշտոնի նշանակելն անհնարին է.

14) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երկու անգամ չներկայանալու դեպքում:

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:

(12-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն օրենք)

 

i
Հոդված 13. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները

 

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:

i

2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Հատուկ քննչական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:

4. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

5. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է զրկվել հատուկ քննչական ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

(13-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 14. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

 

1. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի:

2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության առաջին դասի խորհրդականի:

3. Հատուկ քննչական ծառայությունում գլխավոր խմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:

4. Հատուկ քննչական ծառայությունում առաջատար խմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

5. Այլ պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելիս երեք ամսվա ընթացքում շնորհվում է զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան դասային աստիճան:

6. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:

i

(14-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 15. Դասային աստիճանների շնորհման ժամկետները

 

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի: Հատուկ քննչական ծառայությունում մյուս պաշտոններում նշանակվելիս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին շնորհվում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:

2. Եթե սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է հատուկ քննչական ծառայությունում տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:

3. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում պաշտոն զբաղեցնելու սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու հետևյալ ժամկետները.

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 2 տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 4 տարի.

5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար` 5 տարի:

5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում:

6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

7. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե`

1) ատեստավորումից հետո նրա նկատմամբ որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու և վերապատրաստման գործուղելու մասին.

2) նա ունի կարգապահական տույժ.

3) նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում կամ կատարվում է ծառայողական քննություն:

8. Հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգելու դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի հերթական դասային աստիճանը շնորհվում է սույն հոդվածի 7-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:

(15-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

(3-րդ գլխի վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն օրենք)

 

Հոդված 16. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության նկատմամբ վերահսկողությունը և լիազորությունները

 

1. Հատուկ քննչական ծառայության պետը սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում, վերահսկում և ղեկավարում է հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործունեությունը:

2. Հատուկ քննչական ծառայության պետը`

1) ղեկավարում և վերահսկողություն է իրականացնում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության նկատմամբ.

2) ընդունում է հատուկ քննչական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված որոշումներ, տալիս է հրամաններ, հանձնարարականներ և ցուցումներ.

3) նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, փոխում է ծառայողական քննություն կատարողին.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է ժամանակավորապես դադարեցնել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները.

5) հաստատում է հատուկ քննչական ծառայության կառուցվածքը, հաստիքացուցակը և կանոնադրությունը.

6) (6-րդ կետն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-312-Ն օրենք)

7) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, քննում է հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դեմ բերված բողոքները և դիմումները.

8) կազմակերպում է հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.

9) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշվի միջոցները.

10) կազմակերպում է հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մասնագիտական և հատուկ ուսուցումը.

11) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ.

12) առաջարկություններ է ներկայացնում հատուկ քննչական ծառայության կազմավորման ու գործունեության մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

13) ապահովում է հատուկ քննչական ծառայության համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ.

14) իրականացնում է օրենքներով ու իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

3. Հատուկ քննչական ծառայության պետը պատասխանատվություն է կրում հատուկ քննչական ծառայության գործունեության համար:

4. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը փոխարինում է հատուկ քննչական ծառայության պետին վերջինիս բացակայության ժամանակահատվածում, ինչպես նաև պետի հանձնարարությամբ ապահովում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունների իրականացումը:

5. Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները ծառայության պետի հանձնարարությամբ կազմակերպում և իրականացնում են նախաքննություն առանձնակի բարդություն ունեցող գործերով:

6. Հատուկ քննչական ծառայության վարչության պետը ղեկավարում է վարչության աշխատանքները: Հատուկ քննչական ծառայության վարչության պետը կարող է ունենալ տեղակալներ, որոնք փոխարինում են հատուկ քննչական ծառայության վարչության պետին վերջինիս բացակայության ժամանակահատվածում, ինչպես նաև վարչության պետի հանձնարարությամբ ապահովում են նրա լիազորությունների իրականացումը:

(16-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 17. Հատուկ քննչական ծառայության գործունեության իրավական երաշխիքները

 

1. Հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 28.06.2014 թվականից` 19.05.14 ՀՕ-31-Ն օրենք)

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 03.07.2010 թվականից` 20.05.10 ՀՕ-83-Ն օրենք)

(17-րդ հոդ. փոփ. 20.05.10 ՀՕ-83-Ն, 19.05.14 ՀՕ-31-Ն օրենքներ)

 

Հոդված 18. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի իրավունքները

 

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի`

1) ծանոթանալու զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) ծանոթանալու անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերին, ներկայացնելու բացատրություններ.

3) ստանալու ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

4) իր իրավասության սահմաններում ընդունելու որոշումներ.

5) ստանալու կատարած աշխատանքի համար համարժեք վարձատրություն.

6) ունենալու սոցիալական պաշտպանություն և ապահովություն.

7) օգտվելու իրավական պաշտպանությունից.

8) դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացման.

9) բողոքարկելու ատեստավորման և ծառայողական քննության արդյունքները.

10) ներկայացնելու առաջարկություններ աշխատանքի կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ:

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է ունենալ սույն օրենքով և իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

(18-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 12.12.13 ՀՕ-176-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 19. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականությունները

 

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականություններն են`

1) Սահմանադրության, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և գործնական անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) աշխատանքային կարգապահությունը պահպանելը.

4) հաշվետվություն ներկայացնելը.

5) սահմանված կարգով տրված հանձնարարականները, հրամանները, ցուցումները և ընդունված որոշումները կատարելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.

8) օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:

(19-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 20. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները

 

1. Երկարամյա պաշտոնավարման, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.

5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.

6) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում.

7) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում:

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, որպես խրախուսանք, կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցներ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ աշխատանքի ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսման միջոցները հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը, բացառությամբ սույն հոդվածի 5-6-րդ մասերով նախատեսված դեպքերի:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքի միջոցը հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառում է հատուկ քննչական ծառայության պետը:

6. Եթե արտահերթ շնորհվող դասային աստիճանը կամ օրենքով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հանրապետության նախագահը` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած մարմինը կամ պաշտոնատար անձը:

8. Հատուկ քննչական ծառայությունում գլխավոր և առաջատար պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող անձանց խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է հատուկ քննչական ծառայության պետը:

(20-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 21. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) զգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ չի կիրառվում:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-312-Ն օրենք)

(21-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 22. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:

2. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված:

Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:

5. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

6. Ծառայողական քննության ժամանակահատվածում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրությունը պահպանվում է:

7. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել մինչև քրեական հետապնդման դադարեցումը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

(22-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն օրենք)

 

Հոդված 23. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ատեստավորման կարգն ու պայմանները

 

1. Հատուկ քննչական ծառայության յուրաքանչյուր ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ 3 տարին մեկ ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Ատեստավորումն անցկացվում է հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անմիջական մասնակցությամբ:

3. Ատեստավորման ենթակա չեն`

1) հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալը.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ տվյալ տարում պաշտոնից ազատվողները:

4. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

5. Հատուկ քննչական ծառայության` ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ աշխատողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` երկամսյա ժամկետում:

6. Հատուկ քննչական ծառայության` ատեստավորման ենթակա աշխատողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

7. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անմիջական ղեկավարը ներկայացնում է հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ծառայողական բնութագիրը:

8. Ծառայողական բնութագիրը պետք է պարունակի տվյալներ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, նրա գործնական, անձնական հատկանիշների մասին, ինչպես նաև ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատագիրը, որը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվության հիման վրա վերջինիս կազմած եզրակացության վրա:

9. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

10. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ատեստավորման արդյունքների վրա:

11. Ատեստավորման հանձնաժողովի գործառույթներն իրականացնում է սույն օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովը:

12. Ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

3) կարող է ներկայացվել խրախուսման.

4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին գործուղելու վերապատրաստման.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

13. Ատեստավորման հանձնաժողովը ատեստավորման օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ատեստավորման արդյունքները և կայացրած որոշումները ներկայացնում է հատուկ քննչական ծառայության պետին, որը տասնօրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում:

14. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին ու հանձնաժողովի կայացրած որոշմանը և դրանք 7 օրվա ընթացքում բողոքարկելու հատուկ քննչական ծառայության պետին:

15. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

16. Ատեստավորման արդյունքները պահվում են հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական գործում:

(23-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն օրենք)

 

Հոդված 24. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը

 

1. Հատուկ քննչական ծառայությունում գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող անձինք առնվազն 3 տարին մեկ ենթակա են պարտադիր վերապատրաստման:

2. Պարտադիր վերապատրաստման ժամկետը կարող է տևել մինչև 1 ամիս:

3. Ատեստավորումը հետաձգելու և հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին գործուղելու դեպքում անձը անցնում է եռամսյա վերապատրաստում:

4. Հատուկ ուսուցում անցնելուց հետո հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք իրավունք են ստանում սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու հրազեն ու օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:

5. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրան համապատասխան ընդունված հատուկ քննչական ծառայության պետի որոշումներով:

(24-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

(4-րդ գլխի վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն օրենք)

 

Հոդված 25. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրությունը

 

i

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-176-Ն օրենք)

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-176-Ն օրենք)

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-176-Ն օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-176-Ն օրենք)

6. (6-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-176-Ն օրենք)

(25-րդ հոդ. փոփ. 13.11.12 ՀՕ-195-Ն, 19.05.14 ՀՕ-31-Ն, 12.12.13 ՀՕ-176-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 26. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի արձակուրդը

 

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ, և լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանում է Կառավարությունը:

(26-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 27. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը

 

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունը, պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու կամ զոհվելու դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունը իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած կարգով:

(27-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-201-Ն, 12.12.13 ՀՕ-198-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 28. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի գործունեության այլ սոցիալական երաշխիքները

 

Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց երաշխավորվում են նաև`

1) աշխատանքի համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) ծառայողական պարտականությունները կատարելիս նրանց և ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասի հատուցում պետության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 11.06.14 ՀՕ-65-Ն օրենք)

(28-րդ հոդ. փոփ. 11.06.14 ՀՕ-65-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 29. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

 

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Կառավարության լիազորած մարմինը:

2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանվում է հատուկ քննչական ծառայության պետի հրամանով:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 28.06.2014 թվականից` 19.05.14 ՀՕ-31-Ն օրենք)

4. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, նրա ընտանիքի անդամների, զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

(29-րդ հոդ. փոփ 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

Հոդված 30. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի համազգեստը, վկայականը և կնիքը

 

i

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ: Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հատուկ քննչական ծառայության պետի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ հատուկ քննչական ծառայությունում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:

(30-րդ հոդ. փոփ. 30.04.13 ՀՕ-24-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-23-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Հոդված 31. Հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումը և նյութատեխնիկական ապահովումը

 

1. Հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում:

i

2. Հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

3. Հատուկ քննչական ծառայության արդյունավետ գործունեության ապահովման, աշխատակիցների նպատակային խրախուսման, չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեով նախատեսվում է հատուկ քննչական ծառայության պահուստային ֆոնդ` տվյալ տարվա պետական բյուջեով հատուկ քննչական ծառայության պահպանման ծախսերի երկու տոկոսի չափով:

4. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են հատուկ քննչական ծառայության պետի որոշման հիման վրա:

(31-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 32. Քաղաքացիական ծառայությունը և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք

 

1. Հատուկ քննչական ծառայությունում աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող անձինք քաղաքացիական ծառայողներ են:

2. Հատուկ քննչական ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(32-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 33. Հատուկ քննչական ծառայության ծառայողների առաջին ատեստավորումը

 

Հատուկ քննչական ծառայության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

 

Հոդված 34. Նախկինում շնորհված կոչումները, ծառայության և աշխատանքի ժամկետները

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին այլ պետական մարմիններում նախկինում շնորհված կոչումները և կոչումները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:

i

2. Պաշտոնի նշանակվելիս հատուկ քննչական ծառայության` տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի կոչումներ ունեցող անձանց համապատասխանեցված կոչումները պահպանվում են:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից քննիչի կամ դատախազի պաշտոն զբաղեցրած անձանց վրա չեն տարածվում 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

(34-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն օրենք)

 

Հոդված 35. Հատուկ քննչական ծառայությունում պետական ծառայության իրականացման կարգը

 

1. Հատուկ քննչական ծառայության աշխատակազմը ձևավորվում է մինչև 2008 թվականի ապրիլի 1-ը:

2. Մինչև հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ձևավորումը հատուկ քննչական ծառայությունում աշխատակազմի գործառույթներն իրականացվում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի համապատասխան առանձնացված ստորաբաժանման միջոցով: Այդ ստորաբաժանման ծառայողները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում` «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությանը համապատասխան:

3. Մինչև մրցութային հանձնաժողովի կազմավորումը և աշխատակարգի հաստատումը հատուկ քննչական ծառայության ծառայողները նշանակվում են հատուկ քննչական ծառայության պետի կողմից և սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում անցնում ատեստավորում:

 

Հոդված 36. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. նոյեմբերի 30
Երևան
ՀՕ-255-Ն

 

pin
ՀՀ 28.11.2007
N ՀՕ-255-Ն օրենք