040.0246.210499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի 1999 թվականի թիվ 246
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հայեցակարգային ծրագիրն և միջոցառումների ժամանակացույցին (կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 21-ից:
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր
լեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման
1. Հայեցակարգային ծրագրի էությունն ու նպատակը
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ (ՍՄ) և բարձր լեռնային (ԲԼ) բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հայեցակարգային ծրագիրը (այսուհետև` հայեցակարգային ծրագիր) որոշակի սկզբունքների, միջոցառումների և մեխանիզմների ամբողջական համակարգ է, որի նպատակը նշված բնակավայրերի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմքերի ստեղծումն է, ինչպես նաև համալիր միջոցառումների իրականացման միջոցով սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի ամրապնդումն ու կայուն զարգացման ապահովումը:
2. Սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի
i
համառոտ բնութագիրը
Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի` Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը մինչև 5 կմ լայնությամբ ծավալվող տարածքը կոչվում է սահմանային գոտի: Իսկ սահմանային գոտու մի մասը, որը հարում է պետական սահմանային մինչև 1 կմ լայնությամբ, կոչվում է սահմանային շերտ:
«Սահմանամերձ բնակավայր» տերմինն օրենքում ամրագրված չէ, սակայն լայն կիրառություն ունի:
Սահմանամերձ բնակավայրերի ցանկերը հաստատելիս հիմք են ընդունվել հետևյալ չափանիշները`
ա) Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանային գոտում գտնվելը.
բ) Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում գտնվելը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993-1995 թվականների որոշումներով հաստատված ցանկերում ընդգրկված լինելը:
Նշված չափանիշներին համապատասխանող սահմանամերձ բնակավայրերը 200-ն են, որոնք ընդգրկված են 173 համայնքում:
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշման` բարձր լեռնային բնակավայրերի շարքն են դասվում ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը:
3. Սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի
հիմնախնդիրները
Նշված բնակավայրերի հիմնախնդիրներն են`
- տնտեսական ներուժի անկումը,
- օգտագործվող ցանքատարածությունների կրճատումը,
- ֆինանսական միջոցների բացակայությունը կամ սակավությունը,
- մարտական գործողությունների և տարերային աղետների հետևանքով շարքից դուրս եկած կամ խիստ վնասված ենթակառուցվածքները (բնակարանային ֆոնդ, շինություններ, ճանապարհներ, խմելու ջրագծեր, ոռոգման ցանցեր և կոյուղագծեր),
- տարիներով չնորոգված դպրոցական շենքերը, բուժկետերի, մշակույթի օջախների բացակայությունը կամ քայքայված վիճակը,
բնակչության թվի զգալի նվազումը,
- երիտասարդության արտահոսք ու ծնելիության մակարդակի անկումը և այլն:
4. Սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի
զարգացման խնդիրներն ըստ առաջնահերթության
և դրանց լուծման ուղիները
Նշված խնդիրներն են`
ա) մարտական գործողություններից և տարերային աղետներից ավերված ու վնասված բնակարանների վերականգնումը, բնակչության արտահոսքի կանխարգելումը, լքված ու սակավ բնակեցված բնակավայրերի վերաբնակեցումը: Այդ նպատակով`
- միջազգային ծրագրերի միջոցով անտոկոս երկարաժամկետ վարկերի տրամադրում` ավերածության հետևանքները վերացնելու, վերաբնակիչների համար նոր բնակարաններ կառուցելու նպատակով,
- սահմանված չափով տնամերձ հողամասերի անհատույց հատկացում,
- Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի` սեփականության իրավունքով անհատույց տրամադրում.
բ) տնտեսական և ֆինանսական պայմանների բարելավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը: Այդ նպատակով`
- մինչև 5 տարի ժամկետով հողի հարկից ազատում, համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարների հատկացում,
- ազատ ձեռներեցությամբ զբաղվելու համար համայնքի անդամներին ու վերաբնակիչներին արտոնյալ պայմաններով վարկերի հատկացում, միջազգային տարբեր ծրագրերով ստացված ֆինանսական միջոցներից որոշակի մասի նպատակաուղղում արտադրության կազմակերպմանը,
- օժանդակություն համայնքներին` գյուղատնտեսական, արդյունաբերական, վառելիքաէներգետիկ համակարգի, սննդի և վերամշակող ձեռնարկությունների վերագործարկման, նոր աշխատատեղերի ստեղծման գործում,
- կապի և գազամատակարարման խնդիրների լուծում` տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու միջոցով.
գ) բնակավայրերի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնումը`
- խմելու ջրի հիմնախնդրի լուծում,
- դպրոցական շենքերի վերականգնում կամ նորերի հիմնում,
- բուժկետերի վերականգնում կամ հիմնում,
- ոռոգման ցանցի վերակառուցում,
- ճանապարհների, հաղորդակցուղիների վերականգնում կամ հիմնում,
- հեռախոսակապի ապահովում,
- էլեկտրամատակարարման ապահովում,
- հեռուստակապի ապահովում:
Այս ոլորտների ֆինանսավորման աղբյուր կարող են ծառայել ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները, այլև միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկերն ու գրանտները, այդ թվում` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) միջոցները:
5. Սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի զարգացման
հայեցակարգային ծրագրի իրականացման հիմնական սկզբունքները
Նշված հիմնական սկզբունքներն են`
ա) հայեցակարգային ծրագրով նախատեսվող միջոցառումների կենսագործման և արտոնությունների տրամադրման նկատմամբ տարբերակված մոտեցումը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի ու կոնկրետ բնակավայրերի ռազմավարական նշանակությունը.
բ) սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի` արտակարգ իրավիճակներում պաշտպանության ապահովման, տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական և բնապահպանական խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցումը: Այդ նպատակով`
- սակավաբնակ բնակավայրերի ամրապնդում,
- սահմանային գոտու թույլ զարգացած տարածքներում քաղաքաշինական- տնտեսական առաջնահերթ զարգացման ռեժիմի սահմանում,
- տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների կրկնակված ցանցի, տեղական նշանակության ճանապարհների ցանցի տեղաբաշխում,
- սահմանամերձ գոտու արդյունաբերական ներուժի պահպանման նպատակով ռեսուրսաօգտագործման հատուկ ռեժիմի սահմանում,
- սահմանային գոտում գտնվող` ռազմավարական նշանակության աղբյուրների և արտեզյան ջրերի պահպանության ապահովում:
6. Սահմանամերձ ու բարձր լեռնային բնակավայրերի զարգացման
հայեցակարգային ծրագրի կենսագործումը
Սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի հիմնախնդիրների համալիր լուծումները նախատեսվում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ամենամյա ծրագրերով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով, ինչպես նաև համապատասխան համայնքների բյուջեներով, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ծրագրերով: Այդ նպատակով`
- համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծում,
- սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի զարգացման համալիր միջոցառումների ծրագրերի մշակում` ըստ մարզերի ու առանձին բնակավայրերի, ձեռնարկվող միջոցառումների առաջնահերթության ճշգրտում,
- միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի նկատմամբ մշտական վերահսկողության ապահովում:
---------------------------------------
հեղինակների կողմից - միջոցառումների ժամանակացանկը չի բերվում