Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1028-ՐԴ, 10...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1028-ՐԴ, 1031 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Տնտեսական դատարանի վճիռ               Քաղաքացիական գործ թիվ 3-82 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ4-266/2007 թ.                          2008 թ.

Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Ս. Սարգսյանի  

                                              Դ. Ավետիսյանի      

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի   

 

2008 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ՍԻՄԲԱԲ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «ԻՓՍԻԼՈՆ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «ՍԻՄԲԱԲ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Կազմակերպության ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

i

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 31.945 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված 8.807 եվրոյին համարժեք դրամ տոկոսներ, տոկոսների բռնագանձումը շարունակել մինչև վճռի փաստացի կատարումը և վճարված պետական տուրքի գումարը:

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 18.156.080 ՀՀ դրամ:

Տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1028-րդ, 1031 հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հակընդդեմ հայցը մերժելիս դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Մինչդեռ, դատաքննության ընթացքում Ընկերության ներկայացուցիչն ընդունել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ գործունեության իրականացման վերաբերյալ:

Դատարանը մերժել է սերմերի որակն անպատշաճ լինելու վերաբերյալ ապացույցները` հիմք ընդունելով միայն Ընկերության կողմից ներկայացված բուսաառողջապահության վկայականները, որոնք սերմերի որակի և ծլունակության մասին ոչ մի տեղեկություն չեն պարունակում, այլ վերաբերում են միայն սերմերի` մանրէներով վարակված չլինելուն:

i

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի, 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հայցադիմումը ստորագրել է Ընկերության ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը, որը ներկայացված լիազորագրի համաձայն` հայցադիմում ստորագրելու, հայցային պահանջն ավելացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու լիազորություն չունի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Կազմակերպության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ գործունեության վերաբերյալ:

2) 28.03.2005 թվականի, 07.09.2005 թվականի, 07.09.2005 թվականի, 30.09.2005 թվականի, համապատասխանաբար, թիվ 5/05, թիվ 19/05, թիվ 20/05, թիվ 21/05 հաշիվ-ապրանքագրերով Կազմակերպությունն Ընկերությունից ստացել է «MATHIAS», «VANESSA», «TIGRE R2», «PIETRAFITTA R2», «MEXA R2» տեսակի 110.000 կգ գարու և կարծր ցորենի տեսականի, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 32.945 եվրո:

3) Կազմակերպությունն Ընկերության ներկայացուցչին վերադարձրել է 5.000 կգ ցորեն` 1.000 եվրո ընդհանուր արժեքով:

4) Գարու և կարծր ցորենի սերմնացուի փոխաբեռնման, փոխադրման և բեռնաթափման, ցանքի, հողի վարձակալության ծախսերը կատարվել են Կազմակերպության կողմից:

i

5) 16.07.2007 թվականին Հայկ Սարգսյանին տրված լիազորագրով վերջինս Ընկերության կողմից լիազորվել է «հանձնարարել փաստաբանական գրասենյակին իր հայեցողությամբ դատական կամ ցանկացած այլ օրինական միջոցով, այն պահանջի վարումը, որն ունի Ընկերությունը «ՍԻՄԲԱԲ» ՍՊԸ-ի հանդեպ, հանդես գալ ՀՀ դատական մարմիններում, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված լիազորություններից, ԴԱՀԿ ծառայություններում, Կադաստրի պետական կոմիտեում»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1026-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համատեղ գործունեության պայմանագրով երկու կամ ավելի անձինք /մասնակիցները/ պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ` շահույթ ստանալու կամ օրենքին չհակասող այլ նպատակի հասնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1028-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակիցների ներդրած գույքը, որի նկատմամբ մինչև ներդրումը նրանք ունեին սեփականության իրավունք, ինչպես նաև համատեղ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը և այդպիսի գործունեությունից ստացված պտուղներն ու եկամուտները համարվում են նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը:

Նույն օրենսգրքի 1027-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնակիցների ավանդները, ըստ դրանց արժեքի, ենթադրվում են հավասար, եթե այլ բան չի բխում համատեղ գործունեության պայմանագրից կամ փաստացի հանգամանքներից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1031-րդ հոդվածի համաձայն` մասնակիցների համատեղ գործունեության հետ կապված ծախսերը և վնասները ծածկելու կարգը որոշվում է նրանց համաձայնությամբ: Նման համաձայնության բացակայության դեպքում յուրաքանչյուր մասնակից ծախսերը և վնասները կրում է ընդհանուր գործում իր ավանդի արժեքին համամասնորեն:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության և Կազմակերպության կողմից դատաքննության ընթացքում արված հայտարարություններով հաստատվել է համատեղ գործունեություն իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության և Կազմակերպության` համատեղ գործունեության մեջ ներդրված գույքը դարձել է նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը: Միաժամանակ, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ կողմերը չեն որոշել իրենցից յուրաքանչյուրի կողմից ներդրման ենթակա գույքային ավանդների չափը և արժեքը, ինչպես նաև համատեղ գործունեության հետ կապված ծախսերը և վնասները ծածկելու կարգը, հետևաբար Ընկերության և Կազմակերպության ավանդները ենթադրվում են հավասար, իսկ համատեղ գործունեության արդյունքում կրած ծախսերը և վնասները նրանցից յուրաքանչյուրը պետք է կրի իր ավանդի արժեքին համամասնորեն (հավասարապես):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճել իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843 (ՎԴ)):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով, Տնտեսական դատարանը, հայցի բավարարման և հակընդդեմ հայցի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքվել է ապրանքի առուվաճառքի պայմանագիր, իսկ Կազմակերպությունը չի հիմնավորել անպատշաճ որակի ապրանք մատակարարելու հանգամանքը, չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձել դատաքննության ընթացքում կողմերի արված հայտարարությունները համատեղ գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ` 1/ ստորագրելու հայցադիմումը, 2/ գործը հանձնելու արբիտրաժային տրիբունալին, 3/ ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից և ընդունելու հայցը, 4/ փոփոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը, 5/ փոխելու հայցային պահանջների չափը, 6/ կնքելու հաշտության համաձայնություն, 7/ այլ անձի փոխանցելու լիազորությունները, 8/ բողոքարկելու դատական ակտը, 9/ դիմելու իրավասու անձանց` վճռաբեկ բողոք բերելու խնդրանքով: Սույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

Նույն օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե հայցադիմումն ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ:

Վերոնշյալից հետևում է, որ.

1. ներկայացվողն իրավունք ունի ներկայացուցչին լիազորել, կատարելու վերոնշյալ բոլոր դատավարական գործողությունները կամ դրանց մի մասը.

2. լիազորագրում պետք է հատուկ նշված լինի, որ ներկայացուցիչն իրավունք ունի կատարելու վերոնշյալ դատավարական գործողություններից յուրաքանչյուրը:

Սույն քաղաքացիական գործում առկա է 16.07.2007 թվականին Ընկերության կողմից Հայկ Սարգսյանին տրված լիազորագիրը, որում հստակ նշված է Հայկ Սարգսյանի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված բոլոր լիազորություններից օգտվելու իրավունքը, այսինքն` Ընկերությունը Հայկ Սարգսյանին լիազորել է կատարելու 42-րդ հոդվածով սահմանված բոլոր դատավարական գործողությունները:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 42-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի առաջին հիմքի հիմնավոր լինելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Կազմակերպությունից 31.945 եվրոյին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու Ընկերության հայցի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտը փոփոխելու`Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ինչ վերաբերում է հակընդդեմ հայցին, ապա հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Տնտեսական դատարանը չի անդրադարձել ներկայացված հայցապահանջի չափի հիմնավորվածության հարցին, Վճռաբեկ դատարանը գնում է, որ գործն այդ մասով ենթակա է նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը և այն մասնակիորեն փոփոխել:

2. «ԻՓՍԻԼՈՆ» ԲԲԸ-ի հայցը բավարարել մասնակիորեն` 15.972,5 եվրոյին համարժեք ՀՀ դրամ չափով:

3. «ՍԻՄԲԱԲ» ՍՊԸ-ի հայցի մասով գործն ուղարկել Հարավային քաղաքացիական դատարան` նոր քննության:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2008
N 3-82 (ՏԴ)
Որոշում